> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LILLI-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LILLI-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Lilli-ից

ՆիկոլAncyal sabat hamalsaranum kazmakerpvac Litvayic ekac patgamavori het handipman ei. Xosum einq Geopoliticayic. Na asac, vor jamanakin ir joxovurd@ vorosh arajadranqner er drel ir arjev, hima iragorcel e dranq, sakayn eli erjanik 4e. Hima ayspisi harc qez,Nikol jan. In4 es karcum’ hay joxovrdin in4 e anhrajest erjanik linelu hamar? in4 arajadranqner uni ir arjev hay joxovurd@? in4ic petq e sksi ev ur petq e hasni? Kanxav snorhakal em.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլի. Հայաստանը պատկերացնում եմ որպես մի երկիր, որտեղ յուրաքանչյուր ոք իր օբյեկտիվ ընդունակությունները զարգացնելու եւ իրացնելու հնարավորություն ունի: Ի՞նչ է սա նշանակում. ենթադրենք որեւէ մարդ տաղանդավոր բանաստեղծ է: Կարո՞ղ է նա Հայաստանում իր տաղանդը իրացնել, ապա եւ զարգացնել: Ավելի շուտ` ոչ: Որովհետեւ Հայաստանում հնարավոր չէ բանաստեղծի գործունեությամբ վաստակել օրվա հացը, որովհետեւ Հայաստանում գրահրատարակությունը եկամտաբեր գործ չէ, եւ ուրեմն բանաստեղծություն գրելը` նույնպես: Սա նշանակում է, որ տվյալ տաղանդավոր անձը զրկված է իր օբյեկտիվ ընդունակությունները իրացնելու, զարգացնելու հնարավորությունից: Նա ըստ էության զրկված է իր սիրած գործով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվելու հնարավորությունից: Կամ վերցնենք քաղաքականությունը, վերցնենք մեր հայրենի Ազգային ժողովը. քանի՞ պատգամավոր կա այնտեղ, որը պատգամավոր լինելու համար անհրաժեշտ մտավոր, ինտելեկտուալ ընդունակություններ ունի: Այդպիսի մարդկանց թիվը չեմ կարծում, թե անցնում է երեք տասնյակից: Իսկ սա նշանակում է, որ խորհրդարանի մնացած հարյուր պատգամավորները բոլորովին ուրիշ մարդկանց փոխարեն են հայտնվել ԱԺ-ում, սա էլ նշանակում է, որ ուրիշ հարյուր հոգի, որ պրոֆեսիոնալ մակարդակով հրապարակային քաղաքականությամբ զբաղվելու տաղանդ ունեն, զրկված է իր օբյեկտիվ ընդունակությունները իրացնելու, զարգացնելու հնարավորությունից: Բայց ի վերջո, այդ խորհրդարանում լուծվում են երկրի կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող կենսական հարցերը, եւ ստացվում է, որ այդ հարցերը լուծում են մարդիկ, ովքեր դրանց մասին չունեն գաղափար, չունեն անգամ գաղափար կազմելու ինտելեկտուալ հնարավորություններ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հանրությունը հնարավորություն չունի իր ունեցած ինտելեկտուալ ներուժը կիրառել իր իսկ կենսական հարցերի կարգավորման համար: Ասել է, թե հանրությունը նույնպես զրկված է իր օբյեկտիվ ընդունակությունները իրացնելու հնարավորությունից:

Ու որպեսզի անհանտը իր ընդունակությունները իրացնելու հնարավորություն ունենա, հանրությունն ինքը որպես ամբողջություն պետք է կարողանա ինքնարտահայտվել, ինքնադրսեւորվել, արտահայտել իր կամքը, սեփական ճակատագրի մասին որոշումներ կայացնել: Իսկ այսօրինակ կամարտահայտման լավագույն ձեւը ժողովրդավարությունն է, ժողովրդավարության պսակը` իշխանությունների ձեւավորումը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Եւ երբ մենք յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք անում նվիրվել հանուն ազատության եւ ժողովրդավարության պայքարին, ըստ էության կոչ ենք անում պայքարել ՍԵՓԱԿԱՆ իրավունքի, սեփական հեռանկարի, ինքնադրսեւորվելու, ինքնարտահայտվելու սեփական հնարավորության համար: Ինչ խոսք, ժողովրդավարական լիարժեք հաստատումը դեռեւս բոլոր պրոբլեմների լուծում չէ, բայց դա մի համակարգ է, որ մեզ հնարավորություն կտա հրապարակային եւ անկաշկանդ քննարկել մեր բոլոր պրոբլեմները, եւ ընտրել առաջարկվող լուծումներից լավագույնը: Այսպիսով` Հայաստանը պետք է յուրաքանչյուր քաղաքացու ինքնարտահայտման, ինքնահաստատաման համար անհրաժեշտ եւ համահավասար պայմանների ստեղծելու նպատակ ունենա: Ընդ որում` արտաքին, ներքին քաղաքականությունը նույնպես պետք է ծառայեն այս նպատակին, պետությունը պետք է ծառայի քաղաքացու անվտանգությանն ու բարեկեցությանը: Մեր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրներին նայում եմ հենց այս տեսակետից: Վերցնենք Ղարաբաղի հարցը. ոմանք այն համարում են պատմական արդարությունը վերականգնելու միջոց: Բայց ինձ համար Ղարաբաղի հարցը ունի ուրիշ իմաստ` Ղարաբաղում ապրող հայը` լինելով Սովետական Ադրբեջանի քաղաքացի` զրկված էր իր օբյեկտիվ ընդունակությունները իրացնելու հնարավորությունից եւ գտնվում էր երկրորդ սորտի մարդու կարգավիճակում, եւ Ադրբեջանը իր առաջ խնդիր էր դրել ոչնչացնել նրա ինքնությունը: Ահա այս պատճառով ծագեց Ղարաբաղի հարցը, որովհետեւ ղարաբաղցին ցանկացավ իր հայկական ինքնությունը զարգացնելու եւ իրացնելու հնարավորություն ունենալ: Հենց այս տեսակետից եմ դիտում նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումը. կարգավորումը պետք է լինի այնպիսին, որ Ղարաբաղցին իր ինքնությունը լիարժեք իրացնելու, այդ ինքնությունը զարգացնելու եւ հարստացնելու հնարավորություն ունենա: Մի բան, որ կարող է ապահովել անկախ Ղարաբաղը, կամ հայկական պետականության կազմում գտնվող Ղարաբաղը: Այս օրինակը բերեցի ցույց տալու համար, որ հարցերի քաղաքացիական ընկալումը ոչ միայն չի հակասում ազգային ընկալմանը, ինչպես ուզում են ներկայացնել ոմանք, այլեւ լրացնում է նրան, հարստացնում է ազգային ընկալումը, ազգայինը դարձնում ավելի կենդանի: Ամփոփելով, ուրեմն` արձանագրեմ. Հայաստանի խնդիրը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելն է, յուրաքանչյուր քաղաքացու օբյեկտիվ ընդունակությունների իրացման ու զարգացման համահավասար պայմաններ ստեղծելը, յուրաքանչյուր քաղաքացու օրենքի առաջ պատասխանատու եւ օրենքով պաշտպանված դարձնելը: Իսկ այս խնդրի լուծումը պետք է սկսել իշխանության ձեւավորման քաղաքացիական իրավունքի իրացումից: Իհարկե, այս ամենից հետո Հայաստանի առաջ նոր խնդիրներ կծագեն, բայց զարգացումը հենց պերմանենտ առաջացող խնդիրների լուծումն է: Բայց մենք չենք կարողանում ռեալ զարգանալ, որովհետեւ անընդհատ բախվում ենք նույն խնդրի չլուծվածության հետ: Եւ այդ խնսիրը այս պահին սահմանադրական իրականության հաստատումն է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.