> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

Օրերս «Եվրոնյուզով» ռեպորտաժ էին ցուցադրում, որը իրագործված մարգարեություն թվաց ինձ։ Մարգարեությունը վերաբերում է Հայաստանին, իսկ ռեպորտաժը աֆրիկյան մի երկրի` Կամերունի մասին էր։ Պատմությունը սկսվում էր նրանից, որ եգիպտացորենի բերքը պակասել է, իսկ գներն` աճել, ինչը ոչ ձեռնտու է դարձնում թռչնաբուծությունը, եւ տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես ֆերմերները ստիպված են վերացնել հավի ճտերի գլխաքանակը։ Այստեղից էլ սկսվում է էականը։ Լրագրողը հարց է տալիս. բայց չէ՞ որ ԵՄ-ն Կամերունում թռչնաբուծությանն աջակցելու համար բազմամիլիոն օգնություն է հատկացրել, որ պետք է տրամադրվեր ֆերմերներին։ Կամերունցի մի ֆերմեր, սակայն, խեղճացած պատմում է, որ ինքը ստանալիք օգնության միայն կեսն է ստացել։ Իսկ ո՞ւր է մնացած կեսը` հարցնում է լրագրողը։ Դե, ես ի՞նչ իմանամ` ասում է խեղճացած-ցնցոտիավոր ֆերմերը։ Հետո կադրում է հայտնվում գյուղնախարարության չինովնիկը` պարարտ դեմքով, թույն կոստյումով, ոսկե ժամացույցը ձեռքին կապած։ Ես անձամբ եմ, ասում է, այդ օգնությունը բաժանել` մինչեւ վերջին կոպեկը, ու ցույց է տալիս ցուցակ, որտեղ մարդիկ ստորագրել են, որ ստացել են ամբողջ օգնությունը ու այդ «փաստը» վավերացրել են ոչ միայն ստորագրությամբ, այլեւ մատնահետքով։ Գյուղնախարարության չինովնիկը վրա է տալիս, խոսում է հոխորտալից տոնով, իբր` այդ ո՞վ է համարձակվել կասկածի տակ առնել մեր իշխանության ազնվությունը։ Հետո ռեպորտաժը պատմում է այն մասին, որ վերջերս ֆերմերները բողոքի ակցիա են արել, ու հետո` ցույց են տալիս, թե ինչպես են ոստիկանները ցրում այդ խաղաղ ակցիան։ Հատկապես տիպիկ էր այն տեսարանը, երբ ոստիկանները խլում էին ցուցարարների պաստառները, ջարդում կամ պատռում դրանք։ Ձեռքի բարձրախոսն էլ խլում էին ճիշտ եւ ճիշտ այնպիսի ժեստերով ու շարժումներով, ինչպես Երեւանում։ Ցույցը, այդպիսով, ցրվել էր։ Հետո խոսեց այն հասարակական կազմակերպության ղեկավարը, որը կազմակերպել էր ցույցը, եւ որին բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ ավելի ուշ` բաց թողել։ Նա ասում էր, որ բողոքի այդ ակցիան հաղթանակ է իրենց համար, քանի որ ցույց տվեց, որ կամերունցիները կարող են իրենց իրավունքների համար պայքարել։ Բայց` հ/կ ղեկավարը ասում էր, որ իրենք պետք է լինեն ավելի հետեւողական եւ շարունակեն պայքարը։ Ռեպորտաժը այսպիսով ավարտվեց, եւ ես հիշեցի, թե ինչպես էին տարիներ առաջ մի տեսակ չափազանցություն դիտվում այն պնդումները, թե Հայաստանը վեր է ածվում աֆրիկյան պետության։ Բայց հիմա ուրիշ հարց է ծագում. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը այնպիսին է, ինչպիսին է։ Նրանք, ովքեր երկիրը դարձրե՞լ են այդպես, թե՞ մենք, որ նրանց թույլ ենք տվել դա անել։ Հարցը հռետորական է եւ հռետորական չէ։ Եւ ի դեպ, կա աֆրիկյան մի երկիր, որի անունը ամենեւին էլ այնպես չի հնչում, ինչպես հնչում են Կամերուն, Հայաստան, Զիմբաբվե անունները։ Այդ աֆրիկյան երկիրը, որի անունը հպարտ է հնչում, Հարավաֆրիկյան Հանրապետությունն է։ Բայց Հարավաֆրիկյան Հանրապետությունը Նելսոն Մանդելա ունի եւ ուրեմն` ունի հարգանք, պատիվ, հեղինակություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 26, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.