> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Hakob-ից

Պայքար հանուն ԱրցախիԻշխանափոխությունն անխուսափելի է

Բարև հարգելի Նիկոլ: Ուրախ եմ, որ քեզ հետ կապվելու, ինչպես նաև «փառապանծ իշխանություններին» և մեր ժողովրդին դիմելու հնարավորություն է ստեղծվել: Կցանկանայի ներկայացնել իմ մի քանի նկատառումները որոշ մարտավարական հարցերի շուրջ: Առաջին հերթին` միջազգային հարաբերություններում ժամանակն է ճշտել Արցախի հետ կապված մեր ընդհանուր դիրքորոշումը: Արցախի ժողովուրդը, ներքաշվելով պարտադրված կենաց և մահու կռվի մեջ, ի վերջո ազատություն է ձեռք բերել: Այդ ընթացքում եղել են և´ տարածքային կորուստներ, և´ ձեռքբերումներ: Պատերազմի առաջին շրջանում կորցրել է Մարտակերտի մի մասը, Շահումյանը, առավել ևս` գրավվել է Հայաստանին պատկանող Արծվաշենը: Չպետք է մոռանալ, որ հակառակորդը, հաջողություններից ոգևորված, լկտիաբար հայտարարեց, թե իրենց հզոր բանակը կանգ չի առնելու, հասնելու են ու լողալու Սևանում, անգամ քարտեզի երեսից վերացնելու են Հայաստան աշխարհը (սսկվեցին միայն պարտությունից հետո, իսկ միամիտ հայորդիների համար պարզաբանենք, որ դրանք լոկ խոսքեր չէին, այլ մինչև այսօր հարևանների մոտ արմատացած սկզբունք, որը պիտի մե´նք փոխենք և որն էլ հենց ապացուցում է մեր` հաղթողի կողմից նույնիսկ չնչին տարածքային զիջման գնալու անթույլատրելիությունը): Հետագայում հաջողությունն ուղեկցեց արցախյան բանակին, որի կողմից էլ ազատագրվեցին այլ տարածքներ, սակայն մեր կորուստներն անփոխարինելի են և քառակուսի կիլոմետրերով չեն հաշվարկվում կամ համեմատվում: Պատերազմն ավարտվել է, իսկ ժամանակին ֆիզիկական բնաջնջման եզրին կանգնած և միջազգային ոչ մի ուժի կողմից սատարում չստացած Արցախի ժողովուրդն էլ բազում զոհերի գնով անկախացել, և այժմ իր անվտանգության միակ երաշխիքը տեսնում է ներկայիս սահմաններում` վստահելով միայն սեփական ուժերին: Այս փաստի հետ պարտավոր են հաշվի նստել և´ մեր հարևանը, և´ մնացած պետություններն անխտիր: Հենց սա պետք է դրվի Արցախի հետ կապված արտաքին հարաբերությունների մարտավարության հիմքում և ոչ թե ինչ-ինչ ծիծաղելի «երկուստեք ընդունելի սկզբունքներ»: Իսկ դիմացինի կողմից պատերազմին վերաբերող հոխորտանքներին, վախից չորանալու փոխարեն, ընդամենը պիտի հանգիստ հակադարձվի, որ մենք չենք ցանկանում, բայց եթե դուք պատրաստ եք նոր զոհողությունների, ապա մենք միշտ պատրաստ ենք: Սա էլ կհանդիսանա այն միակ զսպիչ և սթափեցնող ուժը նրանց համար: Եթե անմիջականորեն երկրի անվտանգության հետ կապված այս մոտեցումները ոչընտիրը (սեփական ոչ լեգիտիմության պատճառով) և Հայաստանի անունը վարկաբեկող նախարարը չեն կարողանում ըստ արժանվույն ներկայացնել միջազգային ատյաններին, ապա նրանք անհապաղ պիտի հրաժարական տան: Հակառակ դեպքում` կորցնում ենք պետականությունը:

Ոչընտիրի վարած ներքին քաղաքականության մեջ պետական մարմինների և դրանք ղեկավարող պետական այրերի ձախողումները էլ ավելի արտառոց են: Խնդրում եմ կոալիցիոն ուժերում պահպանված գիտակից մասսայի ուշադրությունը: Մարդկության պատմության մեջ չտեսնված «ամենաուսյալ» խորհրդարանի ես կասեի «կրթվածագույն» նախագահը, որն ամենաքիչը, որ պիտի աներ` ստիպել խորհրդարանականներին գոնե «դասից չփախչել», դա էլ ձախողեց: Վկա` դատարկ, կամ լավագույն դեպքում` քնած դահլիճները: Սկզբում նույնիսկ խոստացել էր, որ կբարձրացնի խորհրդարանի դերը: Երևի նկատի էր ունեցել հասնել նրան, որ խորհրդարանը վերջապես սովորի օրենքներ մշակել և ընդունել: Բայց դա իսկապես ֆանտաստիկայի ժանրից է: Մեր խորհրդարանականներին խաբել չեք կարող: Նրանցից մեծ մասին այդտեղ բերելուց առաջ լավ էլ բացատրել են իրենց ֆունկցիաները` գլխաքանակ ապահովել և կոճակ սեղմել, ու չեն հասկանում, թե էդ ո՞վ մոգոնեց ինչ-որ օրենքներ գրելը: Նրանց լեզուն հասկանալու համար էլ, բնականաբար, նշանակվեց համապատասխան նախագահ… Մյուս ֆենոմենը` ամենագիտունը մեջ վարչապետաց, որոշեց տարբերվել մինչ այժմ պատմությանը հայտնի բոլոր մեծագույն տնտեսագետներից` աշխարհում միակը միջազգային աննախադեպ ճգնաժամի պայմաններում կիրառելով հարկային վարչարարություն: Ի՞նչ անվանես. երևի` խելքի ու իմաստնության շտեմարան: Արդյունքում կրկնապատկվեց առանց այն էլ ահագնացող չափերի հասնող գործազուրկների թիվը: Դատախազ կոչվածի ապօրինությունների թեմայով կարելի է չավարտվող սերիալներ նկարահանել: Չգիտես` որ մեկին հիշես. բոլորի մոտ էլ քաղաքական և բարոյական հասկացողությունների ընդհանուր որակներ: Լրիվ համապատասխան են իրար, մագնիսի նման ձգում, գտնում են միմյանց: «Ղումարի երկիր» Հայաստանիս լեզվով ասած` Բի´նգո: Այս ամենը, իհարկե, ես ցավով եմ նշում, ցավում նաև նրա համար, որ դուք լավ տեսնում ու գիտակցում եք, պարզապես տղամարդկություն չունեք արտահայտվելու: ԱՄՆ ընտրություններից շատ քիչ ժամանակ է անցել, բայց ամերիկյան ժողովուրդը հասցրել է վերլուծել և ամոթով է հիշում Բուշի ղեկավարության իսկապես անփառունակ տարիները: Նույնկերպ այսօր մեր ժողովուրդն է իրական պատասխանատուի փոխարեն ամաչում երկրի զրոյական վարկանիշի համար, իսկ վաղը դուք կրկնակի եք ամաչելու և չիմանաք` գլուխներդ ուր մտցնեք այս բարոյալքված ղեկավարներին մի ժամանակ կուրորեն ծառայած լինելու համար: Սթափվե´ք պարոնայք: Հայ ազգն ավելիին է արժանի: Բռնատիրական համակարգի ձեռքին գործիք դարձած սպայակույտին ու շարքային ոստիկաններին անդրադառնալով` նշեմ, որ նրանցից յուրաքանչյուր ոք պիտի գիտակցի` Բերիայի ժամանակները վաղուց անցել են, իսկ դա չհասկացողներին տեղեկացնենք, որ իշխանագողի գահի պաշտպանության համար սեփական ժողովրդի հանդեպ բռնություն կիրառելը կամ նրան գնդակահարելը պատժվում է օրենքով կամ ենթադրում է նմանատիպ արձագանք: Դրանում երևի արդեն չեք կասկածում: Ժամանակն է, որ ուշքի գաք: Նույնը վերաբերում է «դատական համակարգ» կոչվող ծաղրուծանակը սպասարկող մանկլավիկներին: Թեկուզ ուշացումով, բայց ուժ գտեք. դուրս եկեք այդ ողորմելի, ստրկական վիճակից: Դա հետագայում անպայման հաշվի կառնվի: Հիմա շարժման մասին: Մենք հանգիստ, բայց ավելի վճռական շարունակելու ենք մեր ծրագրերի իրականացումը: Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին, ապա, իմ կարծիքով, այն անհրաժեշտ է դարձնել շարունակական, որը հնարավորություն կտա երկու-երեք օրվա ընթացքում հավաքել ավելի մեծ բազմություն: Ելույթները պիտի լինեն կարճ և միտված կոնկրետ ակցիայի կամ գործողության: Մամուլում այժմ ժամանակը չէ վերացական թեմաներով վերլուծությունների: Հարկավոր է հիմնականում հրապարակել Արամ Մանուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի նման անձանց առողջ և գործունյա մտքերը` ներգրավելով առավել ակտիվ, առաջադեմ երիտասարդությանը, որոնք Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փորձի և իմաստնության ներքո կդառնան շարժիչ ուժը: Հարգելի Նիկոլ, կարիք չկա նկարագրելու այն սերը, որ ժողովուրդը տածում է քո հանդեպ: Դու լավ գիտակցում ես, թե ինչ ուժ կարող ես տալ շարժմանը: Եթե 1-ից 2-ի գիշերը ամենալարված պահերին և մինչև վերջ քո կողքից մի քայլ անգամ չհեռացան մոտ հազար նվիրյալներ, ապա այժմ, համոզված եմ, նրանց թիվը տասնապատկվել է, և դժվար թե իշխանությունները մինչ այժմ կատարած հիմարություններին ավելացնեն ևս մեկը: Իհարկե, պահի նպատակահարմարությունը միայն դու կարող ես ճիշտ գնահատել: Իմիջիայլոց, կարծես անտեսել ենք մի կարևոր հանգամանք. քաղբանտարկյալների հարցին զուգահեռ, բոլոր մակարդակներով պետք է պայքար մղվի նաև ընդհատակում գտնվող և անտեղի հալածվող մեր ընկերների համար: Փոքր ինչ պասիվ մեր կողմնակիցներին կոչ եմ անում նպատակասլացություն և կամք դրսևորել, որոնց առկայության դեպքում անպայման կգտնվե´ն մայրաքաղաք հասնելու ուղիներն ու հարմար օրը. վերջին օրվան սպասելը ինքնախաբեություն է (երևանցիները հյուրընկալ են): «Փակված ճանապարհների տեսությունը» անընդհատ շահարկելը մեզ պատիվ չի բերում: Հիշենք փետրվարի 26-ը, երբ միավորվելով, առանց որևէ ընդհարման ստեղծեցինք այն մթնոլորտը, որ օդում արդեն սավառնում էր հաղթանակի ոգին, պարզապես չկարողացանք այն որսալ: Ոչինչ: Կկրկնենք: Ընդամենը պահանջվում է մեզանից յուրաքանչյուրի ներկայությունը, եթե, իհարկե, թեկուզ մի քիչ ցավում ենք մեր երկրի, մեր երեխաների ապագայի համար:

Իսկ ընդհանուր առմամբ, մենք բոլորս, ազգովին վերջապես պիտի գիտակցենք, որ ոչ մի բռնատիրություն, նույնիսկ միջին դարերում, երկար չի պահպանվել: Առավել ևս այն չի կարող պահպանվել քսանմեկերորդ դարում, որտեղ իրադարձությունները զարգանում են գլխապտույտ արագությամբ (ի հեճուկս Հայաստանի երկու «մտքի գիգանտների» կողմից շրջանառության մեջ դրված «հայկական մենթալիտետ» կամ «զարգացման միակ հնարավոր հարյուրամյա ծրագիր» աշխարհացունց գաղափարների): Զարգացած երկրներն իրենք էլ արդեն չեն հանդուրժում հետամնաց, խանական միավորների գոյությունը իրենց շարքերում: Եվ որքան շուտ սա ընկալենք և բռնենք ժողովրդավարացման ճանապարհը, այնքան ավելի արագ ենք ստեղծելու առաջնակարգ, բարեկեցիկ հասարակություն ունեցող երկիր: Եվ հավատացած եղեք` դա տեղի կունենա հայի` բոլորին հայտնի մտավոր պոտենցիալի ու ճկունության շնորհիվ շատ ավելի շուտ, քան մենք կարծում ենք: Ամբողջ ազգին մաղթում եմ լուսավոր գարուն:

հարգանքներով`
Հակոբ Հակոբյան

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ. Ձեր ծավալուն վերլուծությունից անդրադառնամ միայն Արցախի հարցին: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ճշգրիտ ձեւակերպել է. մեզ համար ընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած լուծում, որ ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա ժողովրդի համար: Սա ուղղակի փայլուն բանաձեւ է այս հարցում Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձեւակերպելու տեսակետից եւ ըստ էության վերաձեւակերպումն է այն քաղաքականության, որ 90-ականներին ապահովեց հայկական կողմի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում: Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե հակամարտություն է Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, եւ այդ հարցի կարգավորումը պետք է փնտրել ոչ այնքան Հայաստանի, որքան Ղարաբաղի հետ բանակցությունների միջոցով: Իսկ Հայաստանը պետք է հանդես գա որպես Ղարաբաղի անվտանգության եւ իրավունքների երաշխավորի, միջազգային ավելի լայն շրջանակներում Ղարաբաղի դիրքորոշումներն ու շահերն արտահայտողի դերում: Հիմա ԼՂՀ-ն դուրս է մղված բանակցային գործընթացից, եւ հարցի կարգավորման առաջին քայլը պետք է լինի հակամարտության լիարժեք կողմի նրա կարգավիճակի վերադարձը, մի խնդիր, որի լուծման ուղղությամբ ոչ մի քայլ չի անում ՀՀ գործող վարչախումբը: Ավելին, Սերժ Սարգսյանը Մայնդորֆյան հռչակագրով վավերացրեց Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից: Իսկ Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակ ստացել էր 1994 թվականին` նախագահ Տեր-Պետրոսյանի վարած փայլուն արտաքին քաղաքականության շնորհիվ: Ինչ վերաբերում է պատերազմին, կարծում եմ այն չի ավարտվել: Եւ ի դեպ, ներքաղաքական ճգնաժամը կարող է ադրբեջանցիներին ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու ախորժակ ներշնչել: Եւ ահա, Ադրբեջանի հոտառությունը տեղը բերելու համար ես առաջարկել էի, որ Հայ ազգային կոնգրեսը ձեւավորի կամավորական խմբեր` իրենց հրամանատարներով, ստրուկտուրաներով, եւ այդ խմբերի անդամները հրապարակային պարտավորվեն Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում անհապաղ դադարեցնել ներքաղաքական պայքարը, եւ որպես կամավոր մեկնեն ռազմաճակատ: Սա անհրաժեշտ է նրա համար, որ Ադրբեջանը հասկանա, որ պատերազմի վերկսման դեպքում մենք Երեւանում ցույցեր չենք անելու, այլ մեկնելու ենք ռազմաճակատ, եւ Հայաստանում հաստատված ավազակապետության նկատմամբ մեր ունեցած ցասումը թափելու ենք հենց իրենց` ադրբեջանցիների գլխին: Ես վերահաստատում եմ որպես շարքային այդ կամավորական խմբերում ընդգրկվելու իմ որոշումը: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.