> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Մհերից

Հարգելի Նիկոլ։
1. Արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի գաղութ դեռ չի դառել։
2. Արդյո՞ք Ռուսաստանը ամեն կերպ չի խոչնդոտի Հայաստանում իշխափոխությանն ու լեգիտիմ իշխանություններ ձևավորվելուն։ Չէ՞ որ Ռուսաստանը այդ դեպքում կկորցնի ընդմիշտ հավատարիմ գուբերնիա ունենալու երաշխիքները, ինչքան էլ որ Հայաստանի ընդդիմությունը առիթից առիթ փորձում է հավատարմություն ակնարկել Ռուսասատանին։ Չե՞ք կարծում, որ ծայրահեղ դեպքում Ռուսաստանը իր գուբերնիան պահելու համար կկիրառի բոլոր միջոցները սերժանտներին պահելու համար, ընդհուպ մինչև ընդդիմադիր խոշոր գործիչներին ֆիզիկապես վերացնելը։ Իսկապես կարո՞ղ ենք մենք՝ մեկ կամ մի քանի միլիոնս դիմակայել իմպերիալիստական Ռուսաստանի ազդեցությանը ու դառնալ ժողովրդավարական երկիր առանց Ռուսաստանի «եղբայությունից» ազատվելու։ Ուշ չի՞ արդյոք (ԻՄՀՈ Վրաստանը ժամանակին պահը լավ բռնացրեց ու հեշտ պրծավ)։ Խնդրում եմ պատասխանել։
Ձեզ կորով ու համբերություն։ Ես Ձեզ հետ եմ։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մհեր. նախ ուզում եմ ընդգծել, որ ընդդիմությունը չի փորձում Ռուսաստանին կամ Արեւմուտքին հավատարմություն ակնարկել: Աշխարհքաղաքական կենտրոնների ներկայացուցիչների հետ շփումներում ընդդիմությունը միայն սեփական դիրքորոշումները ավելի հասկանալի եւ ընկալելի դարձնելու խնդիր ունի, եւ այս հարցը մենք հետապնդում ենք ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԵՄ-ում, ԱՄՆ-ում եւ այլուր: Մյուս կողմից դուք ճիշտ եք` Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում սեփական սուվերենությունը պահպանելու եւ պաշտպանելու խնդիր ունի: Բայց կարծում եմ` իշխանության ռեալ հավակնություն ունեցող ցանկացած ուժ չի կարող իրեն հաշիվ չտալ, որ պետական սուվերենության պահպանության եւ պաշտպանության այն սցենարն ու ալգորիթմը, որ առաջարկում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որեւէ հեռանկար չունի: Չեմ կարծում, թե մենք բառիս քաղաքական իմաստով Ռուսաստանի եղբայրությունից ազատվելու խնդիր ունենք, ընդհակառակը` մեր խնդիրը այդ եղբայրությունը վերականգնելն է, նրան նոր` Հայաստանի` անկախ պետություն լինելու հանգամանքից բխող բովանդակություն հողորդելը: Այսօր հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե եղբայրական (եթե անգամ ընդունենք եղբայրներից մեկի ավագությունը), այլ սյուզերենի եւ վասալի հարաբերություններ են, ու սա բնականորեն, չի կարող ընդունելի լինել մեզ համար: Ռուսաստանին, այո` ձեռնտու է Հայաստանում ունենալ կոմպրոմատների մեջ խրված, մաֆիոզ հակումներով իշխանություն, որը հեշտ կառավարելի է: Բայց Ռուսաստանը պետք է հաշվի նստի այն փաստի հետ, որ ապօրինի իշխանությանը գուրգուրելով, վաստակում է Հայաստանի ժողովրդի հակակրանքը: Գուցե թե մի փոքր ժողովրդի ատելությունը կարող է վտանգավոր չհամարվել մեծ Ռուսաստանի համար, բայց հենց հարցը սրանում է` ի վերջո Ռուսաստանը հարգու՞մ է Հայաստանի ժողովրդին, թե ոչ: Ռուսական քաղաքական կուրսի շարունակության պարագայում այս հարցը միանշանակ բացասական պատասխան կստանա, իսկ դա չի կարող չունենալ կոնկրետ քաղաքական հետեւանքներ: Կարծում եմ, սակայն, որ Ռուսաստանը ռեալ հեղափոխական գործընթացների ծավալման պարագայում անթույլատրելի միջոցներ չի գործադրի, հասկանալով, որ հայ-ռուսական հարաբերությունների գործող համակարգը տանում է դեպի փակուղի եւ ուրեմն վերափոխումների կարիք ունի: Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ մենք հակառուսական շարժում չենք, ինչպես ուզում են ներկայացնել ոմանք, եւ պրոռուսական շարժում էլ չենք, ինչպես ուզում են տեսնել ոմանք: Նույնը վերաբերում է նաեւ աշխարհաքաղաքական մյուս բեւեռներին` մենք պրոամերիկյան չենք, եւ հակաամերիկյան չենք, մենք պրոեվրոպական էլ չենք, հակաեվրոպական էլ չենք: Չնայած` արժեքային համակարգի իմաստով` մենք Հայաստանի ապագան տեսնում ենք Եվրոպական ընտանիքի կազմում, որպես նրա լիիրավ եւ լիարժեք անդամ: Բայց ի վերջո, եկեք չմոռանանք, որ չնայած Ռուսաստանը եվրասիական տերություն է, բայց նա նույնպես իրեն չի պատկերացնում Եվրոպայից դուրս: Այս պնդմանը հակասող տեսություններն ու ձգտումները առայժմ միայն էքսպերիմենտալ բնույթ ունեն, եւ իմ համոզմամբ չեն հաղթահարելու այս կարգավիճակը: Ռուսաստանը դեպի արեւելք ձգտում է ոչ ավել, քան դեպի Արեւելք ձգտում է Արեւմուտքը, Եվրոպան: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.