> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ

Նամակ Հերմինե Նավասարդյանից

Ողջույն, Նիկոլ

Հրանտ Մաթեւոսյան (c) Samvel SevadaՄի քանի օր ես Ազատության հրապարակ էի գալիս Հրանտ Մաթևոսյանի «Սպիտակ թղթի առջև» գիրքը ձեռքիս: Կարծում էի` այնտեղ հարկ է, որ նրա «Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս»-ը իբրև աղոթք հնչի: Ազատության հրապարակում խոսքի պակաս կար, ոչ թե մի հոգուց բխող, այլ բոլորի` ամենքի և յուրաքանչյուրի հոգուց ու շուրթերից: Չտեսա մի օր քեզ, մյուս օրը թերահավատ էի. կլսի՞ հրապարակում փոթորկված մարդկային ծովը բառերը: Երրորդ օրը Ազատության հրապարակը շղթայված էր, Ազատությունը` արյունոտված: Փողոցե-փողոց ես էլ ոստիկանական շղթաներն անցնելով Մյասնիկյանի արձանի մոտ հասա: Երբ քայլում էի ծառուղիով ու ինձ էին նայում մեր մեծերի աչքերը, Հրանտ Մաթևոսյանին նայելիս ձեռքիս գիրքը հիշեցի, նրա աղոթքը: Բայց այդ օրը առավել քան երբևէ տեսնողը չէր տեսնելու, լսողը չէր լսելու: Երբ քեզ զգում ես իրադարձությունների կիզակետում, հանկարծ հասկանում ես պահի կարևորությունն ու անկրկնելիությունը, զգում, որ հաջորդ պահը բոլորովին այլ է լինելու, ինչպես նախորդն էր բոլորովին այլ: Արևի նման` մի պահ է միայն զենիթում. մինչ այդ բարձրանում է, հաջորդ պահին` իջնում: Այդ ողջ օրը - փոթորկված մարդկային ծովի մեջ - չզգացի, թե ասվածը լսվելու է. այնտեղ անհանգիստ սպասում էր, հետզհետե պաշարող - խեղդող շղթա, ուժգնացող փոթորիկ: Հետզհետե ամենն ավելի էր ահագնանում: Ամեն պահի ես հրաշագործության էի սպասում, պահին, որ կիզակետ պիտի լիներ, ու որից ծնված ազատության արևը երկրի վրա լույս պիտի սփռեր: Բայց ոչ մի հրաշք էլ չեղավ, հակառակը, եղբայրասպան սպանդ եղավ, Լուսավորչի ճամփին` արյան հեղեղ, ոչ մի մարդկային ուժ` օրհասի դեմ զորեղ չեղավ: Ու արդարի փոխարեն սպանողը հաղթեց, ազատության արևի փոխարեն խավարը սփռվեց: Երևի թե բոլոր կիզակետերից հետո արևն իջնում է:

Երբ մութ էր ու ես տուն էի գնում, հայացքս հանդիպեց Հրանտ Մաթևոսյանի աչքերին: Չկարողացա ուղիղ նայել: Ես ուղիղ, շիտակ եմ սիրում մարդկանց աչքերին նայել: Չգիտեմ ինչի չկարողացա: Գու՞ցե ձեռքիս չբացված նրա գրքի համար, գու՞ցե իմ անվճռականության համար կամ ուրիշների, մեր կամքից անկախ մեզ այնտեղ պարտության դատապարտածների համար, սպասված առաջնորդի համար, պարսպե-պարիսպ զարնվող անպաշտպան ժողովրդի համար, սուտ երդմամբ «Աստվածաշունչ»-ը պղծածի համար, անդեմ ու անհայացք ոստիկանների համար, սպանողների համար, սպանված ու սպանվելիք արդարների համար, հեղափոխության համար չիրականացած, պատերազմի դեմ իմ ու բոլորի սարսռազդու միայնակության համար, արյան մեջ խեղդված ազատության արևի համար, աղոթքի համար` անխուսափելիությունը չկանխած, Հայրենիքի համար ավելի փոքրացած … հայության համար ու մարդկության, ընդհանրապես…

Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանի ծնունդն է: Ամենքս և յուրաքանչյուրս, բոլոր հայերս, ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս ու մեր հայրենիին շիտակ է պետք նայենք: Ազատության հրապարակը հիմա քարուքանդված, բայց հոգիներում մեր ապրում է, ու եթե հիմա նրա ծփանքը եթերային տարածքներում է, ապա այնտեղ հարկ է, որ հոգիները մաքրող խոսք հնչի: Գու՞ցե թե ,«Ունկն լսէ և ակն Տեսանէ»: Որպեսզի Ազատության արևը մի օր ծագի, նրա համար աղոթել է պետք … ազգովի… Որպեսզի նոր մի, հոգևոր, ազատ Հայաստան ծնվի:

* * *

Հրանտ Մաթևոսյան

ԱՄԵՆՔԻՍ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ,

ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՍ

որ հայրենի երկրում ենք և բախտի ծանր պարտադրանքով հայրենի երկրում չենք

որ մայրենի բարբառով ենք ղողանջում մեր կյանքը և ղողանջում ենք ոչ մայրենիով

որ հայրենյայց հավատո բարձր գմբեթների ներքո ենք և` հալածական` ապաստանել ենք այլ դավանանքների ու աղանդների թևերի տակ

որ ենք հայրենի եզերք հանող ճանապարհներին և ենք հայրենի եզերքից հեռացող ճանապարհներին

որ հայրենին կործանող ենք տեսնում և հայրենին փրկություն ենք տեսնում

Բոլորիս

թույլերիս և ուժեղներիս, վհատներիս և վստահներիս հորենավոր մեր մեկ և նույն տան առակավոր և անառակ որդիներիս ազգային մեր գոյով հպարտներիս և մարդու ազգային մեր իսկ գոյին անգետներիս և անգիտացողներիս մեր անձնական հաջողությունների փառքով պարուրվածներիս և կյանքի մացառուտներից մորե ի մերկ ելածներիս իշխողներիս և խոնարհներիս` ում ներկայությունն այս արևի տակ արդեն հայրենի գոյությունն ու զորությունն է:

Ամենքիս և յուրաքանչյուրիս

ազգերի և ժողովուրդների հրապարակ ենք իջել, թերահավատների ու չկամների ծանր հայացքների տակ Հայաստան անուն տուն ենք բարձրացնում. և ամենքիս ու յուրաքանչյուրիս ջանքի անկեղծությունը պատկառանքի սարսուռ է ցողելու մեր չկամների զանգվածների վրա և բարեկամների փաղանգներ է զատելու նրանցից ու կանգնեցնելու ինքնիշխան մարդկանց մեր կողքին, և հակառակը` մեր ջանքի պռատությունը, մեր գործի առջև մեր հավատի ու նվիրումի թերին լցվելու և մեր չկամների ու անգամ մեր բարեկամների քամահրանքով, սերնդե-սերունդ հավիտենական խարան է լինելու բոլորիս ու յուրաքանչյուրիս վրա` ինչ երկնքի տակ էլ լինենք և քաղաքացիական ու դավանանքային ինչ զգեստի մեջ էլ լինենք. և մինչև իսկ մեր պատմության փառավոր դեպքերն ու պսակյալ դեմքերն են մեզնից երես դարձնելու, որովհետև այդպես և միայն այդպես - մարդկային կյանքի մեր ժամանակը ամեն ժամի ու պահի հաստատումը կամ ժխտումն է անցյալի. բոլորս և յուրաքանչյուրս մեր ժամին մերաբար նորոգ ու վավերակետ դարձնենք մեր պսակյալ նախնու պատկանելությունը մեզ, այլապես` «Դավիթն այստեղ չի կռվել», այլապես «Նարեկն այստեղ չի գրվել», այլապես անհուշ - անտուն թափառական ցեղի ծվեններ ենք:

Թե՞ մենք ունակ չենք նվիրումի:

Թե՞ մենր տված արյունը բազում աշխարհամարտերի` մեր տված արյունը չէր - տուրք էր կեսարներին:

Թե՞ մեր - ցմրուրս զոհողությունները հպատակի մեր տուրքերն էին օտար տիրակալներին:

Թե՞ մարդկային մեր շքեզ շնորհներհների բացարձակուները այլ ժամանակների ու երկրների ապարանքներում - շնորհի բացահայտումն էին ի տես մեզ իշխողների:

Հիմա մենք ենք մեր և՛ իշխողը, և՛ հպատակը. Ոչ ոք, խեղճ անվանյալ մեր Աստծո առաջ ուրիշ ոչ ոք չի վայելելու մեր Ազնվությունն ու Պատիվը, ոչ ոք չի տիտղոսավորելու մեր յուրաքանչյուրի բարձրությունը, չի նշանակելու մեր նվաստությունը, շքանշանով չի դրոշմելու մեր նվիրումը մեր գործին - մեծ վկան ու պարգևը ինքը հայոց մեր տունն է լինելու մեծ մեղադրողը մեզ` այդ տան թերին:

Տուն ենք բարձրացնում, որ երևալու է աշխարհի բոլոր ծագերից և բոլորիս հպարտությունն է լինելու, և նրա վառ կերոնները լույս են խփելու աշխարհի բոլոր անկյուններում ու ստվերների մեջ հայորդի են փնտրելու, ազգային դեմք ու հպարտություն են շնորհելու նրանց: Նրա գոյությունը բարձրերիս վեհացնելու, ընկածներիս բարձրացնելու, խոնարհներիս շտկելու է, անվանիներիս նա ազգանուն է շնորհելու, անանուններիս` ինքնություն և անտերներիս տիրություն:

Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում, և նրա մեր կարեկից ողորմությունը չի խնդրում,- կարեկցել ուզում և կարողանում են նաև օտարները, քանզի կարեկցանքը պարտատիրոջ վերաբերմունք է առ ողորմելին,- Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը: Նրա նվաստությունը վաղվա օրով - այս պահին մեր ստույգ դավաճանությունն է: Հիմնովին ցնցված մեր երկրում Հայրենիք ենք բարձրացնում և նրա պարիսպները քարորեն համր են մնալու այսօրվա մեր թերահավատների առջև, և նրա բարձր կամարները բարի հուշեր են ղողանջելու մեզանից նրանց մասին, ովքեր իրենց շատից շատը և քչից քիչը դրեցին նույն այդ կամարների հիմքում: Բարին ընդ բոլորիս և ամեն մեկիս:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Հերմինե, ձեր մեջբերածին դժվար է որեւէ բան ավելացնել: Վարպետը ամեն ինչ ասել է: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.