> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 1.-5.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 1.-5.

1. Մեկնարկ` հանպատրաստից

2. Բարեւ, Վրաստան

3. Ների՛ր ինձ, որդի՛ս

4. Դեսանտ Սալոնիկում

5. Մահ կամ ազատություն

* * *

1. Մեկնարկ` հանպատրաստից

Չնայած որպես մեկնարկի օր նշեցի մարտի 3-ը, ճամփորդությունն իրականում սկսվեց հենց մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքը լքող վերջին խմբի մեջ էի: Մարտի 1-ի դեպքերի թատերաբեմը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական, ԱԱԾ, բանակային եւ անհայտ ծագման այլ ուժերի կողմից, եւ ինչպես հասկանում եք, այդ տարածքը լքելը հեշտ չէր, մանավանդ որ ԱԱԾ մի քանի օպերատիվ խմբեր հենց սկզբից հետապնդում էին ինձ: Հետապնդումը կրնկակոխ էր, բառիս բուն իմաստով. պատկերացրեք, մի պահ ինձ եւ ԱԱԾ աշխատակցին իրարից բաժանում էր մետրուկեսից էլ պակաս մի տարածք: Հենց այդ պահին էլ ինձ համակեց զգացողությունը, թե իմ կյանքի առաջիկա ամիսները լի են լինելու հրաշքներով, որովհետեւ ԱԱԾ աշխատակիցը, որ, ինչպես նշեցի, ինձնից մետրուկես հեռավորության վրա էր, նայում էր ինձ ու չէր տեսնում: Քիչ էր մնում` ձեռքս տանեի գլխիս` ստուգելու համար, թե արդյո՞ք «անտեսանելի գլխարկ» չեմ կրում, բայց որեւէ շարժում անելն այս վիճակում անպատեհ կլիներ, եւ շարունակեցի կանգնած մնալ` որպես հուշարձան: Բայց ի՞նչ թաքցնեմ, սիրտս բաբախում էր ոչ թե արձանի, այլ հենց նոր համաշխարհային ռեկորդ սահմանած արագավազորդի սրտի նման: ԱԱԾ-ական բարեկամս, սակայն, որ փնտրող հայացքով ուղիղ ինձ էր նայում մի սերժաբոյ հեռավորությունից, կարծես ոչ միայն տեսողությունն էր կորցրել ու լսողությունը (սրտիս չրխկթրխկոցը չէր լսում), այլեւ հոտառությունը. չէ՞ որ ինը գիշեր ազատության խարույկների շուրջ լուսացնելով` անտանելի ծխահոտ էի բուրում: Չնայած սրան` հրաշքը տեղի ունեցավ. իմ որսորդը նայեց, նայեց, ու թերեւս բաց թողնելով արտահերթ կոչում ստանալու հնարավորությունը` հեռացավ:

Հետապնդումը սրանով, իհարկե, չավարտվեց եւ դեռ շարունակվելու էր, բայց ԱԱԾ-ական հայրենակիցներս նորից ինձ այդքան մոտ գտնվելու էին միայն մեկ անգամ. ի տարբերություն նախորդի, այս դեպքում մեր միջեւ անթափանցիկ պատնեշ կար, եւ ինձ կարող էին հայտնաբերել, եթե բացեին դուռը, ինչը տեղի չունեցավ, իսկ դա նշանակում էր, որ իմ անհավանական ճանապարհորդությունը դեռ շարունակվելու էր: Առաջին դեպքի համեմատությամբ, այս երկրորդը ամենեւին էլ հրաշք չէր, չնայած` առաջինի չպատահելու դեպքում կարող էր նման հավակնություն ունենալ: Բայց առաջին դեպքը տեղի էր ունեցել եւ բավական բարձր նշաձող սահմանել, այնպես որ` նրա հետ համեմատվելը հեշտ չէր:

Այսպես, ուրեմն, որսորդը հեռացավ` ինձ թողնելով անորոշության մեջ, ու մինչ մտածում էի` կհայտնվե՞մ արդյոք Երեւանի ուղղիչ տանը, թե՞ ոչ, անակնկալ կերպով հանդիպեցի նրան, ով ինձ պետք է հասցներ Թիֆլիս: Այս մարդուն, որին պայմանականորեն կանվանեմ Իմաստուն Ծերուկ, վաղուցվանից գիտեի, բայց մոտիկից ծանոթացել եմ 2007 թվականի մայիսին Ազատության հրապարակում նստացույց անելիս, ակցիա, որ հանրությանը հայտնի է «1+» անունով: Այդ մարդը ամենեւին էլ ծերուկ չէ, բայց ինչպես բազմիցս համոզվեցի` իմաստուն է: Եւ եթե պիտի գրեմ, որ նա իմաստուն է, ստիպված եմ նաեւ Ծերուկ անվանել` ժանրի կանոններով: Ի վերջո, «երիտասարդ իմաստուն» ասել չի լինի. եթե իմաստուն է, ուրեմն պետք է նաեւ ծերուկ լինի: Ահա, ուրեմն` Իմաստուն Ծերուկի հետ իմ հանդիպումը շատ պատեհ էր, որովհետեւ նա իմ սակավաթիվ ծանոթներից էր, ով չէր գտնվում ձերբակալության ենթակա անձանց ցուցակում: Նա ոչ մի կերպ չի կարող զանգվածային անկարգություններ կազմակերպողի դերին հավակնել, նաեւ չէր կարող մեզ հետ յուրացնել իշխանությունը, որովհետեւ մարտի 1-ից առաջ էլ ուներ այդ իշխանությունը, հիմա էլ ունի: Կարճ ասած` Իմաստուն Ծերուկը այն մարդկանցից է, որոնց պաշտպանելու համար, ըստ իշխանությունների, իմ ընկերներին ու ինձ հարկավոր էր ձերբակալել:

Իմաստուն Ծերուկին, սակայն, մեր հանդիպումը չվախեցրեց. ընդհակառակը, որոշեց լրջորեն զբաղվել իմ անվտանգության հարցով: Նա գիտեր, որ ԱԱԾ-ն ինձ փնտրում է, գիտեր, որ փնտրտուքի ծավալները գնալով մեծանում են, եւ ես Երեւանում, ապա եւ Հայաստանում չձերբակալվելու շանս չունեմ: Ինչպես արդեն ասացի, նա ի վերջո ինձ տարավ Թիֆլիս, ըստ էության` առանց իմ կարծիքը հաշվի առնելու: Ես այնտեղ հայտնվեցի ակամա: Սա էլ հրաշք էր եւ կարող էր տեղի չունենալ, քանի որ ԱԱԾ-ն շարունակում էր ինձ, հիմա արդեն մեզ կրնկակոխ հետապնդել: Բայց նրանք իմ հետքը Դիլիջանում կորցրեցին. ԱԱԾ-ն այստեղից շարժվեց դեպի Հաղարծին գյուղ, որտեղ ապրում են մայրական կողմի իմ հարազատները, ապա եւ Իջեւան, ուր ապրում են ծնողներս, եղբայրս, ընկերներս: ԱԱԾ-ն հույս ուներ ինձ գտնել այդ կողմերում, բայց մենք այդ մասին իմանալով` Դիլիջանից թեքվեցինք դեպի Լոռվա մարզ: Միանգամից ասեմ` Իմաստուն Ծերուկը Լոռվա մարզում լուրջ կապեր եւ մոտակա անտառների, ձորերի մասին լավ պատկերացում ունեցող մեկը դուրս եկավ: Ուստի նրա համար առանձնապես դժվար չէր մեզ համար զարտուղի, այսինքն` անվտանգ ճանապարհների երթուղի նախագծել եւ տեղացիների օգնությամբ իրականացնել նախագիծը` դուրս գալ հայ-վրացական սահմանի մի ամայի հատված եւ անարգել հատել այդ սահմանը: Ի վերջո, մենք հայտնվեցինք Ջավախքում, եւ այս ճամփորդությունը ինձ ստիպեց մտածել, թե արդյոք Իմաստուն Ծերուկը իր իշխանական դիրքը օգտագործելով` մաքսանենգությամբ չի զբաղվում: Համենայնդեպս, եթե կարող է այդպես անարգել հետախուզվողին երկրից դուրս բերել, նույն հաջողությամբ կարող է ապրանքներ ներկրել եւ արտահանել: Այս կասկածներս ավելի խորացան Թիֆլիսում նրա տուն ունենալու հանգամանքով, բայց այս պահին այդ մարդը իմ բարերարն էր, եւ իրավապահ մարմինները փնտրում էին ինձ եւ ոչ թե իրեն:

Իսկ Փարվանա լիճը այդպես էլ չտեսա. երբ նրա ափին լինելու ցանկության մասին ասացի ուղեկցիս, նա հեգնեց. «Դու տուրի՞ստ ես, թե՞ հանցագործ»: Իմ այն փաստարկը, թե կարելի է հաճելին համատեղել օգտակարի հետ, ըմբռնում չգտավ, եւ մենք շուտով հայտնվեցինք Թիֆլիսում, եւ Ծերուկը ինձ հանձնելով նոր ուղեկցիս` հեռացավ: Ես այդ ժամանակ չգիտեի, որ Ծերուկի հետ էլի եմ հանդիպելու երկարատեւ ճանապարհորդության ընթացքում, ճանապարհորդություն, որ ինչպես սկսվել էր ակամա, այնպես էլ պետք է շուրջերկրյա դառնար ակամա:

2. Բարեւ, Վրաստան

Թիֆլիսում իմ ուղեկիցը լինելու էր Զուրաբ անունով մի տղա: Ճիշտն ասած` հայաստանյան կենցաղային նախապաշարման համաձայն, այս վրացի երիտասարդի հետ ծանոթությունից շատ բան չէի սպասում, բայց առաջ անցնելով` ասեմ, որ նա մի հարազատ ընկեր դարձավ ինձ համար, անուշ ախպեր: Զուրաբի հետ իմ ընկերության եզրակացությունը մեկն է. ափսոս, որ մենք, այսքան մոտ լինելով, այդքան վատ գիտենք վրացիներին, նրանց մշակույթը, նրանց զգացմունքներն ու ոգին: Նույնն էլ, ի դեպ, իրենք: Ու չնայած «մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է» ասացվածքը մենք մերն են համարում, վրացիք` իրենցը, ո՛չ մենք ենք բավարար չափով կիրառում, ո՛չ վրացիք. ընդհակառակը, շատ դեպքերում ուղիղ հակառակ կերպով ենք վարվում:

Զուրաբի եւ իմ մտերմանալը թերեւս նրանով էր պայմանավորված, որ մենք շատ բանով էինք իրար նման: Նա էլ ինձ նման դպրոցն ավարտել էր մայրաքաղաքից հեռու, հետո ուսանող դառնալու համար եկել էր մայրաքաղաք եւ ապաստանել հորաքրոջ տանը, ուսանող դառնալու ճանապարհին բարդությունների հանդիպել ու դրանք հաղթահարել, նրա կյանքում էլ էր տատիկը մեծ դեր խաղացել:

Գործնական առումով` ինձ Վրաստան բերած հանգամանքները «սպասարկելու» համար նա լուրջ կապեր ուներ, մասնավորապես` սահմանապահների շրջանում: Մենք չգիտեինք, թե արդյոք իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը միջազգային է դարձել, բայց չէինք կասկածում, որ այն Վրաստան հասել է: Ուստի համոզված էինք, որ եթե վրաց իրավապահների ձեռքն ընկնեմ, նրանք ինձ անպայման կհանձնեն ՀՀ իշխանություններին` առանց այն էլ փխրուն հայ-վրացական հարաբերությունները չփչացնելու կամ լարվածություն չստեղծելու նկատառումով: Այս է պատճառը, որ Զուրաբը ձեռնամուխ եղավ ինձ Վրաստանից հանելու գործին, որը հազար ու մի բարդության հետ էր կապված: Ու մինչ Զուրաբի ընկեր սահմանապահները մեր գործերի կարգավորմամբ էին զբաղված, մենք, համենայնդեպս, հեռացանք Թիֆլիսից, մանավանդ որ, այսպես թե այնպես, Բաթում պիտի հասնեինք: Մեզ տեղ հասցնելու գործը ստանձնեց Զուրաբի մանկության ընկեր, ազգությամբ քուրդ Ավոն, որը տաքսի էր քշում Թիֆլիսում: Նա համաձայնեց մեկ-երկու օր իր մեքենայով մեզ ծառայել, մանավանդ որ շատ էր ուզում, որ իր ընկերը պատշաճ մակարդակով ընդունի եւ ճանապարհի հյուրին:

Բայց մենք որոշ ժամանակ ունեինք, եւ Զուրաբը ինձ համար հետաքրքիր ժամանց կազմակերպեց. մենք եղանք վրացիների հպարտությունը հանդիսացող Ջվարիում, որը 6-րդ դարի ճարտարապետական համալիր է, մտանք Զուրաբի հայրենի գյուղ, որը մի չնաշխարհիկ լեռնային վայրում է. այստեղ տեսա շարքային վրացիների, կերա նրանց հացը` ճադին, լսեցի նրանց զարմանալի-զարմանալի պատմությունները, որոնք լացելու չափ ծիծաղելի էին եւ լացելու չափ տխուր: Ես սիրեցի վրացիներին, որովհետեւ նրանք շատ նման են մեզ` հայերիս, թե՛ իրենց թերությունների, թե՛ առավելությունների մեջ: Վրաստանում ոչ մի արտառոց բան չպատահեց, եթե արտառոց չհամարենք այն, որ ես ուժեղ տպավորություններ ստացա, ինչի մասին մանրամասն խոսելու առիթ, հուսով եմ, կունենամ:

Ի վերջո մենք հասանք Բաթում, որտեղ պարզվեց` Զուրաբի ընկեր սահմանապահները հարմար տարբերակ են գտել եւ պատրաստվում են ինձ ճանապարհել Հունաստան: Ճիշտն ասած, ես շատ ուրախացա, որ իմ հաջորդ կանգառը Հունաստանն էր դառնալու, որովհետեւ չէի ուզում Թուրքիա անցնել:

Հունաստան պետք է մեկնեի նավով, ուր ինձ պիտի տեղավորեր անձնակազմի մի անդամ` Անճոռնի Բիձուկը, որի պարտականությունը, ըստ էության, նավի վրա հավաքարարություն անելն էր: Սա մի աներեւակայելի անճոռնի արտաքինով երիտասարդ էր, որը աչքի էր ընկնում ոչ միայն արտաքին այլանդակությամբ, այլեւ զարմանալի խելքով եւ սրամտությամբ: Բայց սա արդեն մեր պատմության հունական հատվածին է վերաբերում. իսկ վրացական մասը ավարտելով ասեմ, որ այն ավարտվեց դժբախտությամբ: Հենց առաջին օրը մեզ հետ նավ նստած մի դպրոցահասակ տղա խեղդվեց ծովում: Նա բաց ծովում վայր էր ընկել նավից, ոմանք ասում էին` դիտավորյալ է թռել: Վրաստանում ծնված, մեծացած, բայց ազգությամբ հույն այդ տղայի ընտանիքը մեկնում էր Հունաստան` մշտական բնակության, եւ ահա` այսպիսի դժբախտության հանդիպեց:

Իսկ Զուրաբի հետ մենք բաժանվեցինք նորից հանդիպելու հաստատ վճռականությամբ. նա ինձ դեռ կպատմի իր կյանքի բազմաթիվ պատմություններից. մինչ հանդիպում, բատոնո:

3. Ների՛ր ինձ, որդի՛ս

Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Ինձ թվում էր, որ դա արտաքուստ եւ մի տեսակ արհեստական խաղաղություն է: Ի՞նչ է կատարվում ընդերքում, ի՞նչ է մտածում Ծովը եւ ի՞նչ է ուզում, ինչի՞ մասին է երազում: Բայց մի՞թե ես չեմ ճանաչում Ծովի երազանքը, մի՞թե չգիտեմ նրա մասին ամեն ինչ, համարյա ամեն ինչ: Մի՞թե ես այդ երազանքի իրագործմանը չեմ ծառայում:

Իսկ եթե այդ երազանքը անիրագործելի է, իսկ եթե սին է այդ երազանքը: Միեւնույնն է, ես պիտի ծառայեմ այդ երազանքին, պիտի անմնացորդ ծառայեմ, որովհետեւ խոստացել եմ որդուս…

Ես հիշում եմ այդ օրը: Տուն վերադարձա սովորականի նման ուշ: Նոփ-նոր ծառայողական մեքենաս ինձ հասցրեց մինչեւ մուտքի դուռը, նա ինձ վերցրել էր նոր նորոգված ու հարմարավետ աշխատավայրի մուտքի մոտից: Ես արդեն նաեւ տուն ունեմ, եւ այդ նոր նորոգված տանը ապրում են իմ սիրելիները, իմ ընտանիքը: Ես, որ գավառական իմ ծննդավայրը լքել եմ որպես չարքաշ ընտանիքիս համար ծանրացող մի բեռ, հիմա արդեն կարող եմ ուսերիս կրել ոչ միայն սեփական ընտանիքի բեռը: Իմ բախտը բերեց, ես ունեցա այդ շանսը, բայց մի՞թե դա ինչ-որ բան նշանակում է: Մի՞թե ես` իբր ազնիվ, իբր անկաշառ, իբր համարձակ, իբր հայտնի սուբյեկտս, ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, ում բախտը չի բերելու, որոնք շանս չեն ունենալու, որովհետեւ մենք` բոլորս, նրանց զրկել ենք շանսից, հանուն սեփական շանսի: Մի՞թե մենք չպիտի պայքարենք, որ նրանք նույնպես ունենան այդ շանսը: Չէ՞ որ կյանքը կարճ է, այնքան կարճ, որ կարելի է նաեւ չապրել, չէ՞ որ մեր կողքով անցնում են մարդիկ, որոնք չեն ապրել ու չեն ապրելու: Մի՞թե մենք պիտի թույլ տանք, որ նրանք ապրեն առանց կյանքի…

Ես շեմքից ներս մտա: Որդիս անվրդով քնած էր: Ես ուրախացա, բայց ոչ թե իմ հարկի տակ տիրող խաղաղության համար, այլ, որ որդիս քնած էր: Ես չէի ուզում, որ մեր հայացքները հանդիպեն, չէի ուզում, որ որդիս նայի աչքերիս մեջ, որովհետեւ ինձ թվում էր, որ նա ամեն ինչ կհասկանա ու չի վարանի ինձ հարցնել. «Հայրիկ, դու վախկո՞տ ես»:

- Բայց, որդիս, ես վախենում եմ քե՛զ կորցնել…

- Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին եւ այդպիսով` միայն այդպիսով փրկեց նրան:

- Քեզ դնել զոհասեղանի՞ն: Բայց մի՞թե ես դա չեմ անի ընդամենը հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:

- Հայրիկ, դու ստահա՞կ ես:

- Ես խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս: Ես խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին: Ների՛ր ինձ, որդի՛ս:

Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Այստեղ-այնտեղ հանդիպող ռազմանավերը կարծես հսկում էին ծովի հանդարտությունը: Նրանց կարծես թվում էր, թե այդ իրենք Ծովին թույլ չէին տալիս ալեկոծվել: Նրանք չէին հասկանում, որ եթե Ծովը ցանկանա, իրենց բոլորին կուլ կտա մի ակնթարթում: Բայց Ծովը տխուր էր, նա տխուր էր այն տղայի համար, որ նետվել կամ ընկել էր նավից: Ծովը սիրում էր իր զավակներին, Ծովը չէր ուզում խժռել իր զավակներին, Ծովը համբերատար էր:

Իսկ ե՞ս. արդյո՞ք ճիշտ եմ վարվում, արդյո՞ք իմ տեղը իմ ընկերների կողքին չէ, ովքեր մաքառում են զնդաններում, արդյո՞ք ես նրանց մենակ չեմ թողնում փորձության պահին: Բայց ինքնակամ այնտեղ գնալ, կնշանակի հանձնվել, իսկ հանձնվել չի կարելի: Հարկավոր է պայքարել, հարկավոր է հաղթել: Ես կպտտվեմ աշխարհի շուրջը, եւ դա կդառնա մի նոր հաղթանակ: Ես չեմ թաքնվի, ես կհայտարարեմ իմ երթուղին, բռնեք ինձ, եթե կարող եք:

4. Դեսանտ Սալոնիկում

Նավը ինձ հեռացնում էր Հայաստանից, բայց դա փախուստ չէր: Ես հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի Հայաստան: Չէ՞ որ Երկիրը կլոր է, եւ եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն քեզ սիրելի ու հարազատ տեղը: Ինչքան էլ գոռաս` առաջ, դեպի Հայաստան, միեւնույն է, դա հանգեցնելու է վերադարձի: Երկար ճանապարհ կտրելով` դու վերադառնալու ես այն կետին, որտեղ ընդհատվել է քո երազանքը:

Եվ ես ուրախ եմ, որ անցնում եմ այս ճանապարհը, չնայած` շատ տեղերում այնքան քիչ եմ մնում, որ ի վիճակի չեմ ընթերցողին ներկայացնել այս կամ այն երկրի բնապատկերներ: Երբեմն գիշերվա ընթացքում մենք հատում անցնում ենք մի ամբողջ երկիր, եւ ես ընդամենը տեսնում եմ հեռվում կամ ավելի մոտիկ վառվող լույսեր: Առայժմ իմ ճամփորդությունը լավ է ընթանում, բայց արդյո՞ք ինձ կհաջողվի հասնել նպատակակետին` վերադառնալ Հայաստան, վերադառնալ երկրի հակառակ կողմից: Չէ՞ որ ես այստեղ էլ հայրենի ոստիկանության տեսադաշտից հեռու` ամեն պահի կարող եմ ձերբակալվել: Ես չունեմ պատշաճ ձեւակերպված փաստաթղթեր, ինձ ուղեկցում են մարդիկ, որոնց ես չեմ ճանաչել: Բայց պարզվեց` այս ճամփորդությունը ավելի դժվար չէ, քան սովորական տուրիստական ուղեւորությունը: Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երեւան, Աստաֆյան փողոց, պիտի շատ ցանկանաս վերադառնալ` երկրի հակառակ կողմից:

Մեր նավը պետք է խարիսխ գցեր Սալոնիկում: Իմ հետագա երթուղին անորոշ էր, անելիքը` նույնպես: Բայց ահա, անսպասելի լուր ստացա, որ իմ Իմաստուն Ծերուկը ինձ սպասելու է Սալոնիկում: Սա ինձ շատ ոգեւորեց, որովհետեւ ես գաղափար չունեի, թե ինչպես եմ դուրս պրծնելու Հունաստանից: Ինչ վերաբերում է իմ այժմյան ուղեկցին` Անճոռնի Բիձուկին, նա, ինչպես ասացի, նավի անձնակազմի ամենացածր խավից էր: Նրա տեսքին նայելիս կարելի էր ասել, որ նա իր ողջ կյանքը կանցկացնի ետնախորշերում, բայց պարզվեց` սրիկան չափազանց խելացի է եւ հասցրել է աչքի ընկնել ղեկավարության առաջ: Մի անգամ նավապետը հարբած վիճակում գրազ էր եկել, թե ինքը կարող է խմել ծովի ջուրը` այնպես, որ ծովը դատարկվի: Որպես խաղադրույք նա դրել էր Սալոնիկի իր ճոխ առանձնատունը եւ նշանակել «ծովը դատարկելու» կոնկրետ օր եւ ժամ: Հաջորդ օրը սթափվել էր եւ ընկել հուսահատության գիրկը:

Լուրը շատ արագ տարածվել էր նավի վրա, իսկ գրազի մյուս սուբյեկտը` մի հարուստ գործարանատեր, հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարվել գրազից եւ զիջել մեծախոս նավապետին: Ու մինչ բոլորը համոզված էին, որ նավապետը խայտառակ կերպով տանուլ է տալու, Անճոռնի Բիձուկը նրան լուր է ուղարկել, թե գիտի ինչ անել` պարտությունից խուսափելու համար: Նավապետը ինքն էր եկել նրա կեղտոտ նավախուցը, ուշադիր լսել նրա խորհուրդները եւ իրոք կարողացել էր խուսափել պարտությունից: Իսկ դա տեղի էր ունեցել ահա թե ինչպես:

Գրազով նախանշված օրը եւ ժամին նավապետը դուրս էր եկել տախտակամած: Այստեղ արդեն նրան սպասում էին ոչ միայն հարուստ գործարարները, այլեւ գրեթե ողջ անձնակազմը եւ նավի ուղեւորները: Գործնականում ոչ ոք չէր էլ կասկածում, որ գործարանատերը կհաղթի, պարզապես մարդիկ ուզում էին տեսնել, թե դա ինչպես տեղի կունենա: Ու երբ դեպքի վայր հասած նավապետը անվրդով ձեռքի պայուսակի միջից հանել էր իր սիրած գավաթը, որով սովորաբար գարեջուր էր խմում, տախտակամածի վրա անզուսպ քրքիջ էր բարձրացել: Բայց նավապետը չէր էլ շփոթվել. հրահանգել էր իր համար բերել առաջին դույլ ծովի ջուրը: Նրա հրահանգը կատարվել էր, եւ նա ապշած ականատեսների հայացքի ներքո իր գավաթը մտցրել էր դույլի մեջ ու այն լցրել ծովի ջրով: Հետո գավաթը մոտեցրել էր շուրթերին` պատրաստվելով այն խմել, մեկ էլ հանկարծ ետ էր տարել ու դիմել գրազի տիրոջը` հարուստ գործարանատիրոջը.

- Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ ճշտել գրազի պայմանները. ես պետք է խմեմ ծովի ամբողջ ջուրը. ճի՞շտ է:

- Միանգամայն ճիշտ է,- ասել էր գործարանատերը:

- Այսինքն` միայն ծովի ջուրը եւ ընդամենը:

Այստեղ նորից անասելի քրքիջ էր բարձրացել, ինչի ներքո գործարանատերը պատասխանել էր.

- Միայն ու միայն ծովի ջուրը, ընդամենը ծովի ջուրը:

- Այդ դեպքում,- հաղթական ասել էր նավապետը,- խնդրում եմ փակեք գետերը, որպեսզի դրանք ծովը չլցվեն, թե չէ` ես մի կողմից կդատարկեմ ծովը, մյուս կողմից այն կլցվի գետերի ջրերով, իսկ գետերի ջուրը խմելը մեր գրազի պայմանների մեջ չի մտնում:

Այստեղ հնչել էին բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, հիացական բացականչություններ: Գործարանատերը համաձայնել էր ոչ-ոքիի:

Այս պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած վիճակից ելք կա: Իսկ երբ Անճոռնի Բիձուկը այս պատմությունը ինձ պատմեց, ես հասկացա, որ, եթե, իհարկե, չի խաբում, նա շատ չի մնա իր այսօրվա կարգավիճակում: Նրա խոսք ու զրույցից զգացվում էր, որ իսկապես խելացի է, բայց նրա խելքը ինձ դուր չեկավ, որովհետեւ նկատելի էր, որ նա անուղղելի շահամոլ է: Նա օձի, այսինքն` սողունի հոգեբանություն ուներ. համենայնդեպս, ինձ այդպես թվաց, եւ այս էր պատճառը, որ ես անհամբեր սպասում էի մեր` Սալոնիկ հասնելուն, ոչ այնքան Իմաստուն Ծերուկին հանդիպելու, որքան Անճոռնի Բիձուկից բաժանվելու համար: Վերջինս չնայած Հունաստանից էր, բայց կարծես թե հույն չէր. «Հիմա քարտեզի վրա շատ դժվար է գտնել այն վայրը, որտեղ ծնվել են իմ նախնիները»,- ասում էր նա:

Ինչքան եմ հոգնել այս խելոքի շաղակրատանքից, նրա տխմար խորհուրդներից, նրա այլանդակ դեմքից ու մեծամտությունից: Ահա, հորիզոնում երեւում է Սալոնիկը, ու չնայած Բիձուկը ինձ խնդրում է եւս մեկ օր մնալ, որպեսզի նա իր ողջ ասելիքն ինձ ասի, ես ուզում եմ փախչել նրանից, այդ կեղտոտ խոզի մռութից: Այո, նա ինձ մեծ ծառայություն մատուցեց, բայց ես չսիրեցի նրան, չնայած` հարգանքով կհիշեմ նրա մասին:

Ահա, մեր նավը հասավ նավահանգիստ: Բիձուկը ինչպես գաղտնի դռնով ինձ նավ էր բարձրացրել, այնպես էլ գաղտնի դռնով իջեցրեց` ստիպված լինելով կիսատ թողնել իր պատմությունները: Նա արդեն գիտեր, թե Ծերուկը մեզ որտեղ է սպասելու: Զուրաբի սահմանապահ ընկերները նրան հաղորդել էին հյուրանոցի անունն ու հասցեն: Իմաստուն Ծերուկի հետ հանդիպումը սրտառուչ ստացվեց: Նա վեհապանծ կեցվածքով նստած էր հյուրանոցի ֆոյեում: Ծերուկին տեսնելուն պես հիշեցի նրա` մաքսանենգ լինելու վարկածս: Ճիշտ է, նրա դեմքին նայելիս չէիր մտածի, թե մաքսանենգ է, բայց Բիձուկի դեմքն էլ ամենեւին չէր դավաճանում նրա` «փիլիսոփա» լինելը:

Ես Ծերուկին այդպես էլ չհարցրի, թե արդյո՞ք գործերով է Սալոնիկ եկել, թե՞ հատուկ ինձ համար: Բայց դա ինձ մինչեւ հիմա էլ հետաքրքրում է:

Մենք հրաժեշտ տվեցինք Անճոռնի Բիձուկին: Իմաստունն ինձ ասաց, որ ես կարող եմ իր համարում լոգանք ընդունել, ապա մենք կճաշենք ռեստորանում, ապա, եթե ուզում եմ, կարող եմ քնել ու երբ արթնանամ, պետք է շարժվենք: Իմաստուն Ծերուկը, սակայն, ինձ արթնացրեց ավելի վաղ, քան ինքս կարթնանայի: Նա ասաց, որ մենք պետք է նախ գնացք նստենք, ապա ավտոմեքենա եւ Մակեդոնիայով հասնենք Սերբիա: Ես ըստ էության գլխի էլ չընկա, թե մենք որտեղ հատեցինք հույն-մակեդոնական, ապա` Մակեդոնիա-Սերբիա սահմանը: Սահմանի հատման մասին կարելի էր կռահել միայն այն բանից, որ մենք դուրս էինք գալիս գլխավոր մայրուղուց եւ մտնում ինչ-որ անբարեկարգ, երբեմն` գոյություն չունեցող ճանապարհներ:

Սալոնիկից մենք գնացքով հասանք հույն-մակեդոնական սահմանի մոտ գտնվող մի կիսակայարան, որտեղ մեզ իր «Ռենջ-Ռովեր» ջիփով դիմավորեց ազգությամբ սերբ մի աժդահա` Մարկոն, որին, ինչպես պարզվեց հետո, փնտրում էր Հաագայի միջազգային դատարանը` Կոսովոյի գործով: Նա իր թիկնապահ վարորդի հետ էր:

5. Մահ կամ ազատություն

Մակեդոնիան ինձ համար մնաց որպես անհայտ երկիր: Մենք նախընտրում էինք գիշերը ճամփորդել, իսկ ցերեկները քնել ճանապարհամերձ մոթելներում: Ցերեկային ճամփորդությունը մի ավտոմեքենայով, որի ուղեւորներից երկուսը հետախուզվում են, չափազանց մեծ ռիսկ է: Եւ ահա, Մակեդոնիան մեզ համար դարձավ երեկոյան նախաճաշերի եւ առավոտյան ընթրիքների երկիր: Երբեմն, երբ լուսինը կամ այգը լուսավորում էր մեր ճանապարհը, ինձ թվում էր , թե մենք սլանում ենք Հայաստանի ճանապարհներով, ահա` կարծես Դիլիջանի ոլորաններում լինենք կամ էլ Արփայի հովտում: Բայց սա նմանություն է, ընդամենը նմանություն: Սա Հայաստանը չէ, այլ Մակեդոնիան, եւ որքան հասկացա, այս երկիրն առայժմ հպարտանալու շատ բան չունի: Առայժմ միայն անուն, բայց այն էլ ուզում են խլել նրանից: Դա ինձ չի զարմացնում, ինձ զարմացնում է Իմաստուն Ծերուկը, որը այսքան լայն գործունեություն է ծավալում: Նա հաստատ իր դիրքը օգտագործելով` զենքի ապօրինի առեւտուր է անում, եւ Մարկոյի հետ նրա հանդիպումը այդ գործերի հետ է կապված, ինձ էլ ձեռքի հետ են տանում, միեւնույն է, ինձնից վնաս չկա, համ էլ լավություն են անում:

Մարկոն, ժամանակակից լեզվով ասած, կարգին տղա է. լուսավոր, համարձակ, պատրաստ է հաղթահարել ուզածդ խոչընդոտ: Նա սիրում է իր ազգը, իր ժողովրդին, պատրաստ է կյանքը տալ նրա համար եւ ոչնչացնել ցանկացած մեկին, ով կվիրավորի իր ժողովրդին, իր հայրենիքը: Մարկոն առանձնապես խելացի չէ, բայց ազնիվ է եւ ուղղամիտ: Նա իր ազգի հերոսն է, չնայած սրան` հայհոյախոսի մեկն է եւ անընդհատ հիշոցներ է տեղում աջ ու ձախ: «Ես դրանց մերը…»,- ասում է նա ամերիկացիների մասին, «Ես դրանց կերածը…»,- ասում է նա եվրակառույցների մասին, «Ես դրանց ծնողը…»,- ասում է նա Հաագայի դատարանի մասին, որ փնտրում է իրեն եւ իր բազմաթիվ ընկերների:

- Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին (1): Գիրք է գրել, ես քո բերանը… Բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը:

- Ի՞նչը նկատի ունես,- հարցնում եմ:

- Ասեմ, ախպերս, պարզ ասեմ: Դու գիտես, թե նա մեզ ինչու չի կարողանում տանել, որովհետեւ մենք իրեն չենք շինել: Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրեն մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը ի վերջո առաջին անգամ կպրծնի իր շինված կյանքում: Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից եւ գիտի, որ միայն սերբական առնականությունը կարող է նրան ստիպել դոշակը ճանկռել: Բայց դու տեսել ես նրա դեմքը, դու կշինեի՞ր նրան,- անսպասելի հարցրեց նա ինձ:
Ես շփոթված նայեցի իմ կողքին նստած Իմաստուն Ծերուկին, իսկ նա մի այնպիսի հանդիմանանքով ինձ նայեց, կարծես այդ ես եմ մեղավոր, որ խոսակցությունը այսպիսի ընթացք ստացավ: Բայց Մարկոն, բարեբախտաբար, չպնդեց, որ ես պատասխանեմ, եւ շարունակեց զարգացնել իր դարակազմիկ միտքը, որով փորձում էր բացատրել իր հայրենիքի շուրջ տեղի ունեցող գլոբալ գործընթացները:

- Չէ, ախպերս. մենք` սերբ տղերքս, չենք կարող մեր մարմինը պղծել այդպիսի աղբով: Մեր աղջիկները, ես նրանց բոլորին սիրում եմ, մի քանիսին որպես կին, մյուսներին որպես քույր, հարազատ, արյունակից, ես նրանց բոլորի մաքուր հոգուն մեռնեմ, նրանք կթքեին մեր վրա, եթե մենք դա անեինք: Էդ դատախազ քածը հուսախաբ եղավ, բայց չհուսահատվեց եւ հիմա մեզ ուզում է քարշ տալ Հաագայի հարմարավետ խցերը, որ մեզ սրտի ուզածի չափ քշի, կերել ես, քո ծնողը:

Ես փորձեցի խոսակցությունը տեղափոխել ավելի քաղաքակիրթ բառապաշարի հուն.

- Բայց ճիշտը խոսենք. դուք լավ էլ կոտորել եք Կոսովոյի ալբանացիներին:

Մարկոն զարմացած հայացքով նայում է ինձ.

- Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է թողնեինք, որ իրենք մեզ կոտորե՞ն…

- Բայց դուք կոտորում էիք ոչ միայն ձեզ կոտորողներին, այլեւ խաղաղ բնակիչներին,- ասում եմ ես:

- Իսկ դու գնա ու տարբերիր. առավոտյան նա խաղաղ բնակիչ է, իսկ ճաշից հետո` շահիդ:

- Իսկ կանա՞յք, երեխանե՞րը…

-Լսիր, ախպերս, նրանց կանայք կին են, երեխաները` երեխա, իսկ մեր կանայք քո՞ւրջ են, երեխաները` առնե՞տ: Դու այնպես ես խոսում, կարծես ֆրանսիացի լինես: Հային ես ի՞նչ ունեմ բացատրելու: Քանի՞ թուրք է դատել քո քնձռոտ միջազգային դատարանը 15 թվի կոտորածի համար: Իսկ դու քեզ հարց չե՞ս տվել, թե ինչ գործ ունի թուրքը Բալկանյան թերակղզում, Կոսովոյում, ամենուր: Ի՞նչ է, հյուր ենք կանչել նրանց եւ հետո խնդրեցինք մնա՞լ` մեր առաջին հարսանեկան գիշերը վայելելու: Ճիշտ ես ասում` մենք ենք մեղավոր, մենք, որ մեր էսօրվա ճղճիմ կյանքը ավելի ենք սիրել, քան մեր ապագան, մեր արժանապատվությունը: Չենք ցանկացել մեզ զոհել, ու մեզ մորթել են ոչխարի նման, հա, ոչխարի նման:

Մարկոն լռեց: Ես էլ ոչինչ չասացի: Իմաստուն Ծերուկը մեր խոսակցությանը խառնվելու ոչ մի ցանկություն չէր ցուցաբերում: Երեւում է` այս թեմաների մասին նա տվել-առել էր Մարկոյի հետ: Ծերուկը փորձում էր ննջել, ինչքանով որ թույլ էր տալիս Մարկոյի բորբոքված ձայնը: Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանը ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եւ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի: Ի վերջո ես ընդհատում եմ լռությունը.

- Գիտե՞ս ինչ, Մարկո, ես քեզ հասկանում եմ, լավ եմ հասկանում, շատ լավ հասկանում եմ նաեւ իմ այն հայրենակիցներին, որոնց կարգախոսը համընկնում է սերբականի հետ. մահ կամ ազատություն: Հավատա, որ ես հարգում եմ այդ կարգախոսը, սիրում եմ այն: Բայց շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակի եւ տարածության մասին, մոռանում ենք, որ աշխարհը փոխվում է: Եթե 18 թվականին մենք Երեւանի մոտ` Սարդարապատում, եւ Բաշ Ապարանում չկռվեինք թուրքի դեմ, պետություն չէինք ունենա: Իսկ եթե 88 թվին մենք փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից, մենք էլի չէինք ունենա պետություն, որովհետեւ մենք չէինք կարող թուրքերի դեմ կռվել ե՛ւ Մասիսում, ե՛ւ Սիսիանում, ե՛ւ Վարդենիսում, ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Նախիջեւանում, ե՛ւ Հայաստանում սահմանի ողջ երկայնքով: Իսկ եթե 15 թվին կռվեինք թե՛ Ստամբուլում, թե՛ մնացած բոլոր տեղերում, գուցե թե փրկվեինք: Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքը նպատակ չէ, խաղաղությունը նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից եւ կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ` հաշտվում:

Մարկոն ոչինչ չասաց, ես շարունակեցի.

- Արի արդյունքներով նայենք. Կոսովոն դուք կորցրիք, Բոսնիան կորցրիք, Չեռնոգորիան կորցրիք: Սա հատուցումն է այն բանի, որ դուք կռվեցիք այն ժամանակ, երբ պետք էր սիրաշահել: Բայց սխալ չհասկանաս. դու զինվոր ես, դու անմնացորդ նվիրվել ես քո գործին, եւ դու հերոս ես, քո ազգի հերոսը: Քո գործը հրամաններ կատարելն է, եւ դու այդ անելու համար ոչինչ չես խնայել: Բայց քեզ հրաման տվողները պետք է մտածեին քեզ հրաման տալուց առաջ, որովհետեւ նրանց գործը հրաման տալուց առաջ մտածելն է: Նրանք չեն արել իրենց գործը, նրանք դավաճանել են իրենց ժողովրդին:

- Միեւնույն է, ամերիկացիք գանդոն են: Եվրոպացիք էլ,- դառնացած ասաց Մարկոն:

- Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես:

Իմաստուն Ծերուկը այդպես էլ ոչինչ չասաց:

Ծանոթագրություն
1. Մարկոն նկատի ունի Հաագայի դատարանի նախկին դատախազ Կառլա դել Պոնտեին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. MM
    Հունիս 27th, 2009 at 21:43 | #1

    Himnakanum bolor barcacrac harcerid het hamamit em. Bayc uzum em arandznacnel ayn , vor jamanakin bac enq toxel ev arjanin chenq hatucel Levon Ter-Petrosyanin, ir &isht qaxaqakanutyamb ,Hayastani adrbejancinerin anaxmuk , xaxax heracnelu hamar. Iskapes , mer ARACNORD@ shat gitun e ev herates!

  2. Մայիս 3rd, 2010 at 12:58 | #2

    Iharke menk chenk hatycel LEVON TER-PETROSYANIN. Menk aysorel teranymenk ayd anel…Bazmativ mijavayrerym aselem, vor or@ HAYASTANI NAXAGAH@ klini LEVON TER-PETROSYAN@ HAYASTAN@ ir dirgov khavasarvi gerpetytynerin. CHEM chapazancnym,havatacek. LEVON TER-PETROSYANI ansahman imastytyn@ tyule talis inz vor es aydpes mtacem. HARGELI NIKOL, kardalov ays amen@, chem karox noric y noric im shnorakalyutyun@ kez chhaytel. ES sirymem ays hayastan@ vortex aprymen LEVON TER-PETROSYAN@ EV NIKOL PASHINYAN@.Voronc nerkayutyun@ tyul chi ta Hayastanym ishxen avazakapeter@…..Cankacac mard ov kardacele ASTVACASHYNCH na ays patmyutyuner@ yurovi khaskana ev vochmi rope chi kaskaci vor haxtelyuenk. Isk im anznakan karcikov arden haxtelenk……

  1. No trackbacks yet.