> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐՏԻ 1-Ի ԴԻԼԵՄԱՆԵՐԸ - ՄԱՍ Ա

ՄԱՐՏԻ 1-Ի ԴԻԼԵՄԱՆԵՐԸ - ՄԱՍ Ա

Մարտի 1. բռունցքներ Մյասնիկյանի արձանի դիմացՄարտի 1-ին սպասվող հանրահավաքի մասին հրապարակային ելույթները ակնհայտ են դարձնում, որ այդ օրվա նկատմամբ ձեւավորվել է տեսական երկու մոտեցում։ Եւ չնայած դրանք հստակորեն ընդգծված եւ տարանջատված չեն, այսուհանդերձ բառերի խորքում թաքնված հոգեբանությունը խոսուն է եւ ակնհայտ է դարձնում, որ մեզնից ոմանք մարտի 1-ին վերաբերվում են որպես տարելիցի, իսկ ոմանք այն դիտում են որպես պայքարի վճռական փուլի մեկնարկ։ Տվյալ դեպքում, սակայն, խնդիրը ամենեւին էլ ձեւական չէ, պարփակված չէ միայն բառերի տեխնիկական ընտրության մեջ։ Այդ տարբերությունները, ծնունդ առնելով ենթագիտակցական, փիլիսոփայության մակարդակում, ի վերջո կոնկրետ վայրում եւ տեղում դառնում են կոնկրետ քաղաքական դրսեւորում, կոնկրետ քաղաքականության դրսեւորում։ Սույն հոդվածում կանգ կառնեմ այն դիլեմաների վրա, որ գոյություն ունեն առաջիկա մարտի 1-ի եւ դրանից հետո կայանալիք քաղաքական իրադարձությունների համատեքստում։ Սկսենք, սակայն, խնդրի փիլիսոփայական ընկալումից։

Եվ տարուց երկար ձգվում է օրը

Անձամբ ես չեմ կարող մարտի 1-ը տարելից համարել, որովհետեւ` տարելիցը ոչ միայն օրացուցային հանգրվան է, այլեւ տվյալ իրավիճակի, իրադարձության, անգամ` կոնկրետ անձանց մահվան փաստի որոշակի գնահատում, մարսում, լուծում։ Եւ եթե այս համատեքստում ենք փորձում ընկալել Հայաստանում առկա վիճակը, չենք կարող 2009 թվականի մարտի 1-ը տարելից համարել, որովհետեւ 2008 թվականի մարտի 1-ը հաղթահարված չէ։ Այսօր էլ 2008 թվականի մարտի 1-ն է, վաղն էլ է լինելու 2008 թվականի մարտի 1-ը, երեկ էլ էր 2008 թվականի մարտի 1-ը, երեք ամիս առաջ էլ էր 2008 թվականի մարտի 1-ը, 2009 թվականի մարտի 1-ին էլ է լինելու 2008 թվականի մարտի 1-ը։ Քավ լիցի, այսօրինակ ընկալումը ամենեւին էլ իմ այսօրվա կարգավիճակի արգասիքը չէ։ Ցանկացած ոք, ով հետեւում է հայաստանյան լրատվությանը, ով գիտի, թե ինչ է կատարվում մարդկանց ներսում, տեղյակ է, թե ինչ են մտածում եւ ինչ տրամաբանությամբ են գործում Հայաստանի իշխանությունները, ով զգում է, թե ինչ մթնոլորտ է կախված Հայաստանի վրա, չի կարող այս մտքի հետ չհամաձայնել։ Մարդկանց արտասանած ամեն նախադասության տակից դուրս է պրծնում 2008-ի մարտի 1-ը։ Էական չէ, թե ով է խոսողը` Կարինե Խոդիկյա՞նը, թե՞ Պերճ Զեյթունցյանը, Լեւոն Զուրաբյա՞նը, թե՞ Արմեն Ռուստամյանը, վերջերս գործազուրկ դարձած, հացի փողի կարոտ մի կապանցի՞, թե՞ որեւէ հայտնի գործարար։ Էական չէ, թե այդ մարդիկ ինչի մասին են խոսում` տնտեսությա՞ն, թե՞ իրենց նեղ անձնական, անգամ` ընտանեկան խնդիրների մասին. այդ ամենի տակից դուրս է պրծնում մարտի 1-ը, եւ այս է պատճառը, որ միջազգային կազմակերպությունները արձանագրում են, թե հայաստանցիներից ավելի դժբախտ իրենց զգում են միայն Զիմբաբվեի բնակիչները։ Սա չարագուշակ վերաձեւակերպումն է հայաստանյան տխուր անեկդոտ-երկխոսության. «Հը, վերջը ի՞նչ է լինելու».- «Բան չէ` մի քիչ էլ կվատանա ու էդպես կմնա»։ Այս պատկերը, որպես մարգարեություն, արձանագրված է նաեւ «Գտնված երազը» հայտնի հայկական մուլտֆիլմում, որի հերոս Ծերուկը Մհեր Մկրտչյանի, ասել է թե` հայաստանցու ձայնով աղիողորմ լաց է լինում` ինքն էլ չհասկանալով, թե ինչու. «Այստեղ ոչինչ չի փոխվում, այստեղ ինչ-որ բան սխալ է»,- ի վերջո իր վիճակը ձեւակերպելու փորձ է անում նա։ Եւ լուծումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ ցերեկային հավերժություն պատկերող նկարի մեջ մտած աղջիկը Ռուբեն Հախվերդյանի երգի ձայների ներքո Ծերուկին տանում է մի ուրիշ նկարի մեջ, որտեղ գիշեր է։ Եւ Ծերուկը գտնում է իր հանգիստը, որովհետեւ հայտնվելով գիշերվա մեջ` ի վերջո, քնում է։ Խնդիրը ամենեւին էլ գիշերվա ու ցերեկվա մեջ չէ, այլ նրանց հաջորդականության. ի վերջո, գիշերն ու ցերեկը ընդամենը խորհրդանշում են կամ իրագործում են օրվա փոփոխությունը, զարգացումը, ժամանակի ընթացքը, մի բան, որ մեզ մոտ կանգ է առել 2008 թվականի մարտի 1-ին։ Եւ եթե 2009 թվականի փետրվարի 18-ին դեռ 2008 թվականի մարտի 1-ն է, 2009 թվականի մարտի 1-ը չի կարող տարելից լինել 2008 թվականի մարտի 1-ի համար։

Մարտի 2-ին սպասելիս

Փիլիսոփայական խնդիրը, ըստ այդմ, ժամանակի բնականոն ընթացքը վերականգնելն է։ Սա նաեւ քաղաքական խնդիր է, եւ դա ընկալված է թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության կողմից։ Ժամանակի բնականոն ընթացքի վերականգնման` իշխանության եւ ընդդիմության տարբերակները, սակայն, ի սկզբանե հակադարձ էին իրար։ Իշխանությունը լուծումը տեսնում էր ընդդիմության վերնախավի եւ ակտիվի մի մասին բանտերում փակելու, մյուս մասին լռեցնելու եւ այս ամենը հանրությանը, այդ թվում եւ` միջազգային, «կերցնելու» մեջ։ Ըստ այդմ` տեղական եւ միջազգային հանրությունը պետք է ընդուներ մարտի 1-ի իշխանական վարկածը եւ խիստ բնական համարեր ընդդիմությանը բանտերը լցնելու եւ լռեցնելու` իշխանական գործելակերպը։ Իշխանությունը այս ծրագիրը ամբողջությամբ կարողացավ իրականացնել միայն արտակարգ դրության 20 օրերի ընթացքում։ Բավարար էր, որ արտակարգ դրությունը չեղյալ համարվի, սկսվեն քաղաքական զբոսանքները, լույս տեսնեն իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող թերթերը, եւ Հայաստանի հանրությունը, նրա մեծագույն մասը ուղղակի «ետ տվեց» արտակարգ դրության օրերին իրեն «կերցրածը»։ Այս պրոցեսը, մեծ հաշվով, շարունակվում է նաեւ մինչեւ օրս։ Բայց մյուս կողմից` ընդդիմության շուրջ 60 ակտիվիստներ եւ լիդերներ շարունակում են մնալ բանտերում, մինչդեռ նրանց անմեղության մասին հանրային գիտակցումը, նրանց ազատ արձակելու հանրային ներքին պահանջը գնալով ավելի ու ավելի է մեծանում։ Սա նշանակում է, որ իշխանությունը չի կարողանում իրագործել իր ծրագիրը, հանրությունը չի մարսում մարտի 1-ը` նաեւ այն պատճառով, որ, ի վերջո, պատասխան չի տրված իշխանական գործողությունների իրավաչափությանը, սպանությունների հեղինակները բացահայտված չեն, նախագահական ընտրությունների շրջանում, դրանից հետո, բուն մարտի 1-ին աղաղակող ապօրինություններ թույլ տված անձինք պատժված չեն։

Այս բարդությունների գիտակցմամբ` Սերժ Սարգսյանը որոշեց փոխել մարտի 1-ը հանրությանը «կերցնելու» մարտավարությունը, ինչպես փոքր երեխաներին կերակրելիս են նրա ուշադրությունը շեղում` չսիրած ճաշը ուտեցնելու համար։ Այդ շեղման գործիքը պետք է դառնար այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը կամ, ավելի ճիշտ, ոչ թե դիվանագիտությունը, այլ դրա արդյունքում հայ-թուրքական սահմանի բացումը, որը կմեծացներ մարտի 1-ի մարսման հավանականությունը։ Բայց դա նույնպես արդյունքներ չտվեց, որովհետեւ սահմանը այդպես էլ չի բացվում, իսկ մարտի 1-ի հետ կապված հարցերը հանրության շրջանում, նրա գիտակցության եւ ենթագիտակցության մեջ ավելի են ահագնանում։ Հայտնի էլ չէ, թե սահմանի բացումը այս իմաստով որեւէ «արդյունք» կտա՞։ Այսուհանդերձ, իշխանությունը այս հարցում իր մարտավարությունը չի փոխում։ Նրա մարտավարությունը մնում է ընդդիմությանը ծնկի բերելը, մարդկանց բանտերում պահելը, ֆուտբոլային դիվանագիտությամբ մարդկանց ուշադրությունը շեղելը։ Եւ այս ծխածածկույթի տակ տեղի են ունենում գործընթացներ, որ, մեծ հաշվով, աննկատ են մնում բոլորի կողմից։ Մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, չգիտես ինչու, վերաձեւակերպվել եւ մի տեսակ պարփակվել է «7-ի գործի» հանգուցալուծման տրամաբանության մեջ։ Այսինքն` երբ հետեւում ես քաղաքական քննարկումներին, երբեմն անգամ ընդդիմության ներկայացուցիչների խոսքից տպավորություն է ստեղծվում, թե այսօր բանտերում միայն 7 հոգի է նստած, եւ հարցը միայն այս 7 հոգուն ազատ արձակելու մեջ է։ Մինչդեռ, արդեն իսկ ուժի մեջ մտած դատավճիռներով, մոտ հինգ տասնյակ քաղբանտարկյալ է գտնվում բանտերում։ Մենք դե ֆակտո թույլ ենք տվել, որ այս մարդկանց հարցը մի տեսակ ետին պլան մղվի։ Սա նշանակում է, որ թույլ ենք տվել, որ «7-ի գործով» դատավոր Մացոն 15 տարվա դատավճիռ կարդա, ու հետո իշխանությունը ասի` դե ինչ եք ուզում, արդեն դատարանի վճիռ կա, էլ որեւէ բան անել հնարավոր չէ։ Քանի դեռ սերժանտական դատարանները վճիռ կայացնելու հնարավորություն ունեն, կայացնելու են այդ վճիռները։
Իսկ վերջին մեկ տարում հանրությունը ապրում է հետեւյալ տրամաբանությամբ. մայիսին տղերքին բաց են թողնելու։ Մայիսը անցնում է, առաջ է գալիս հետեւյալ տրամաբանությունը. հուլիսին տղերքին բաց են թողնելու։ Հետո` աշնանը տղերքին բաց են թողնելու, հետո` դեկտեմբերին տղերքին բաց են թողնելու, Նոր տարուն տղերքին բաց են թողնելու, հունվարի վերջին տղերքին բաց են թողնելու։ Եւ հիմա, բնականաբար, եկել է հերթական ցիկլիկ լավատեսության շրջանը։ Հանրությունը վիճում է, թե տղերքին գարնա՞նն են բաց թողնելու, թե՞ ամռանը։

Բարեկամներ` մինչեւ հիմա գլխի չե՞նք ընկել, որ տղերքին բաց չեն թողնելու։ Մինչեւ հիմա գլխի չե՞նք ընկել, որ օրենսդրական փոփոխությունները անում են ոչ թե տղերքին բաց թողնելու, այլ եվրոյոնջաներին ապացուցելու համար, որ նրանց օրենքի տառին համապատասխան են բանտերը լցրել։ Մինչեւ հիմա գլխի չե՞նք ընկել, որ եվրոյոնջաները այս կերը վաղուց կերել ու մարսել են։ Իշխանությունը տղերքին բաց կթողնի միայն մի դեպքում. եթե նրանց բանտերում պահելու տարբերակ չունենա։ Եթե ունեցավ` կպահի եւս 15 տարի։

Հրա-ժա-րա-կան

Այսպիսով` արձանագրեցինք, թե մարտի 1-ի հաղթահարման ինչ ճանապարհ էր նախատեսել իշխանությունը։ Այդ մարտավարությունը այսօր էլ կիրառվում է նրա կողմից։ Ու չնայած այն առայժմ չի կարող արդյունավետ համարվել, իշխանությունը չի հրաժարվում այդ ռազմավարությունից։ Չնայած մարտի 1-ը կանգնել է նրա կոկորդին, այնուամենայնիվ` նա շարունակում է այն կուլ տալու փորձեր ձեռնարկել` ելնելով այն հաշվարկից, որ այդ կուրսից հրաժարումը ավելի վտանգավոր է իր համար։ Իշխանությունը հաշվի է առնում, որ կոկորդին կանգնած պատառը միշտ չէ, որ սպանում է։
Արձանագրենք սա եւ անցում կատարենք դեպի ընդդիմություն ու տեսնենք, թե մարտի 1-ի հաղթահարման ինչպիսի ճանապարհ է տեսնում ընդդիմությունը։ Հայ ազգային կոնգրեսը, նրանից առաջ` Համաժողովրդական շարժումը մարտի 1-ի հաղթահարման մի բանաձեւ է հրապարակել։ Ըստ այդմ, մարտի 1-ը պետք է հաղթահարվի ՀՀ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումով։ Այս արձանագրումը շատ հստակ է արվել, անգամ` երբ խոսք է գնացել իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ընդգծել են, որ դա հնարավոր չէ առանց քաղբանտարկյալների ազատ արձակման, եւ հետո` երկխոսությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների մասին։ Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը հանրությանը ներկայացել է որպես քաղաքական այնպիսի մի ուժ, որը ստեղծված վիճակի հաղթահարումը տեսնում է արտահերթ նախագահական ընտրություններում։ Ու քանի որ քաղաքական այս նպատակը ոչ ոք չեղյալ չի համարել, նշանակում է` այն շարունակում է մնալ ուժի մեջ։ Սա էլ ինքնին նշանակում է, որ Հայ ազգային կոնգրեսի կարճաժամկետ գործունեությունը պետք է ուղղված լինի հենց այս քաղաքական նպատակի իրագործմանը, որովհետեւ նախագահական ընտրությունները, այնուամենայնիվ, որոշակի ժամանակը մեկ կրկնվող իրադարձություն են։ Եթե Սերժ Սարգսյանը ցմահ նախագահ նշանակված լիներ, արտահերթ նախագահական ընտրությունների պահանջի իրագործումը կարող էր համարվել անգամ առաջիկա 20-ամյակի ընթացքում լուծելիք խնդիր։ Բայց եթե 2013 թվականին կայանալիք հերթական նախագահական ընտրությունների անցկացմանը դե յուրե ոչինչ չի սպառնում, կնշանակի` արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ ծրագրի խնդիր է։ Կարծում եմ, որ Հայաստանի հանրությունը դրական տրամադրվածություն ունի քաղաքական այս խնդրի նկատմամբ. ոչ ոք չի հարցնում, թե ինչու է ՀԱԿ-ը ուզում Սերժ Սարգսյանի եւ նրա վարչակազմի հեռացումը։ Մարդկանց սա չի հետաքրքրում, որովհետեւ իրենք էլ են դա ուզում։ Մարդկանց հետաքրքրում է բոլորովին ուրիշ բան. ինչպե՞ս է ՀԱԿ-ը պատրաստվում իրագործել այս քաղաքական խնդիրը, երբ իշխանությունը բռնազավթված է, եւ երկրում տիրում է իշխանական բեսպրեդելը։ «Մեկ միլիոն մարդ Ազատության հրապարակում, 24 ժամ իշխանություններին` հեռացման համար» բանաձեւը հենց այս հարցի պատասխանն է։ Բայց վերջին շրջանի հրապարակային քննարկումները ինձ համար ակնհայտ դարձրին, որ ինձ համար շատ հարգելի մարդկանց շրջանում խնդիր կա այս բանաձեւի տրամաբանությունը ընկալելու իմաստով։ Իմ բարեկամ Հրանտ Տեր-Աբրահամյանը, գրեթե մի ամբողջ հոդված նվիրելով այս ձեւակերպմանը, այն մեջբերում է բոլորովին ուրիշ կերպ. հոդվածում, չգիտես ինչու, այն դարձել է «մեկ միլիոն մարդ հրապարակում` հավասար է իշխանափոխության»։

Այդ հոդվածում ասվում է, որ անգամ մեկ միլիոնանոց հանրահավաքը չի երաշխավորում իշխանափոխությունը։ Սրա հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Ավելին ասեմ` նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի երաշխավորում իշխանափոխությունը, որովհետեւ հնարավոր է` նրա հրաժարականից հետո իշխանությունը զավթի ինչ-որ զինվորական խունտա, կամ էլ նախագահական արտահերթ ընտրություններում 2008-ի սցենարով նախագահ դառնա Հովիկ Աբրահամյանը, էլ չեմ ասում` Ռոբերտ Քոչարյանը։ Հենց խնդիրը նրանում է, որ մենք, ի վերջո, գործենք որպես մի այնպիսի թիմ, որ կարողանում է իրավիճակները տեղավորել իր գաղափարական պայքարի տրամաբանության մեջ եւ դրանք ծառայեցնել առաջադրված քաղաքական խնդիրների լուծմանը։ Հայ ազգային կոնգրեսի գործունեության համատեքստում ուղղակի անհասկանալի է Հրանտի հոդվածի վերնագիրը` «Անժամկետ պայքար»։ Որպես անհատներ` սա մեր հավատամքն է ու սկզբունքը, եւ ինչպես Հրանտ Տեր-Աբրահամյանը, այնպես էլ տողերիս հեղինակը այդ սկզբունքի աներկբա կրողն է։ Այս հարցում քննարկում անգամ լինել չի կարող։ Եւ այս սկզբունքը կիսում են մեր հազարավոր ընկերներ, որոնք գիտեն, որ պայքարելու են մինչեւ սկզբունքների, նպատակների վերջնական իրագործում։ Բայց եթե խոսում ենք Հայ ազգային կոնգրեսի հետագա անելիքների մասին, երբ արձանագրում ենք, որ Հայ ազգային կոնգրեսը քաղաքական նպատակ է հայտարարել նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, անժամկետ քաղաքական պայքարի մասին խոսելով` մենք լղոզվածություն ենք առաջ բերում։ Իհարկե, Հայ ազգային կոնգրեսը «անժամկետ պայքարի» մասին չի հայտարարել, բայց եթե մեզնից որեւէ մեկը, խոսելով քաղաքական այս կառույցի հետագա գործունեության մասին, պետք է ընդգծի այսպիսի պայքարի անհրաժեշտությունը, նախ պետք է մարդկանց հստակ բացատրի, որ կա որոշում` հրաժարվել արտահերթ ընտրությունների պահանջից, եւ բացատրի, թե ինչու է կայացվում նման որոշում։

Ընթացիկ քաղաքական շրջափուլի կարեւորագույն խնդիրներից մեկը պայքարի տրամաբանությունը քաղաքացիներին հստակ հասկանալի դարձնելն է։ Անձամբ ինձ համար իրադարձությունների զարգացման որեւէ սցենար որեւէ բան չի փոխում։ Ճիշտ հասկանանք` ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր հրապարակ են գալիս ուրիշ սպասումներով եւ այնտեղ տեսնում բոլորովին ուրիշ բան։ Սա ջարդում է մարդկանց. ոչ թե այն պատճառով, որ իրենց ցանկացածը տեղի չի ունեցել, այլ այն պատճառով, որ իրենց նախապես ոչ ոք հստակ չի բացատրել տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը կամ քայլերի բացակայության հիմնավորումները։ Իմ ընկալմամբ, Հայ ազգային կոնգրեսը առաջին հերթին այն մարդիկ են, որ 2008-ի փետրվարին տասն օր են անցկացրել Ազատության հրապարակում, եւ ՀԱԿ-ը պարտավոր է հաշվետու լինել այդ մարդկանց, նրանց հետ լինել անկեղծ եւ ինստիտուցիոնալ։ Ինստիտուցիոնալ ասելով` նկատի ունեմ, որ պետք է մարդկանց հասկանալի լինեն պատճառները, հետեւանքները եւ դրանց կապը։

շարունակելի

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 18, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Սուրեն
    Փետրվար 18th, 2009 at 02:28 | #1

    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  2. Սուրեն
    Փետրվար 18th, 2009 at 17:34 | #2

    Այս երկխոսությունը Նիկոլի և Հրանտ Տեր-Աբրահամյանի միջև շատերը միգուցե կընկալեն իբրև վեճ: Բայց սա վեճ չէ: Սա շատ լավ երևույթ է: Շատ լավ է, որ երկու խելացի անձնավորությունների միջև մտքերի փոխանակում է տեղի ունենում: Այդպես է ծնվում ճշմարտությունը:

  1. No trackbacks yet.