> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵՐ ՀՈՒՆՁՆ ԱՌԱՏ Է ԱՐԴԵՆ

ՄԵՐ ՀՈՒՆՁՆ ԱՌԱՏ Է ԱՐԴԵՆ

Ակնկալիքները մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքից հանրության շրջանում գնալով աճում են, եւ սա հասկանալի է։ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին հայտարարված հանրահավաքային դադարի այս ընթացքում իշխանությունը հանրային կյանքը առողջացնող քայլերի վրա կենտրոնանալու հնարավորություն ուներ։ Հնարավորություն ուներ ինչ-որ միտումներ ուղենշելու, իր մտքերի ընթացքը ցուցադրելու։ Առողջացնող քայլեր այդպես էլ չձեռնարկվեցին, եւ հասկանալի դարձավ, որ Հայաստանը գնալով ավելի ու ավելի է թաղվում տեղապտույտի տիղմի մեջ` այն պարզ պատճառով, որ իշխանությունը իրեն չի պատկերացնում այն գործելակերպից դուրս, որ որդեգրել է մարտի 1-ին եւ դրանից հետո։ Իսկ այս պայմաններում, հասկանալիորեն, մեծանում է ակնկալիքը ընդդիմությունից եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, եւ մարդիկ հենց նրա հետ են կապում գորդյան այս հանգույցի լուծումը։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա մարտի 1-ին, թե ինչ ելույթներ կհնչեն հարթակից, հանրահավաքը կոնկրետ նշան է լինելու հանրության եւ ներքաղաքական կյանքի բոլոր մասնակիցների համար, այդ հանրահավաքից արվելու են եզրակացություններ։ Բնականաբար, իշխանությունը փորձելու է այնպես անել, որ հանրահավաքը իր համար բարենպաստ եզրակացությունների հիմք տա, ընդդիմությունը պետք է անի ուղիղ հակառակը։ Տվյալ դեպքում, սակայն, ճիշտ չի լինի ընդդիմություն ասելով` հասկանալ միայն Հայ ազգային կոնգրեսում ներգրավված ուժերին եւ Կոնգրեսի վերնախավին. ընդդիմություն պետք է համարել իրեն քաղաքացիական պայքարի մասնակից համարող յուրաքանչյուր անձի։ Եւ հանրահավաքային հոգեբանության տեսակետից` հարկավոր է նախապատրաստության այս շրջանում մի քանի մեթոդաբանական ճշգրտումներ անել։ Շատ դեպքերում, ընդդիմության համակիրները` նրանք, ովքեր ուզում են, որ մեծ թվով մարդիկ հավաքվեն, հանրահավաքներին վերաբերվում են սոսկ որպես ընդդիմության վերնախավի կողմից կազմակերպվող միջոցառման, որի կազմակերպման ամբողջ պատասխանատվությունը հենց այդ վերնախավի վրա է։ Սա, մեծ հաշվով, ճիշտ է, սրան հնարավոր չէ նույնիսկ առարկել։ Բայց քաղաքացիական պայքարի տրամաբանությունը հուշում է, որ մեզնից յուրաքանչյուրը մի փոքր վերանայի իր մոտեցումը։ Ըստ այդմ` մեզնից յուրաքանչյուրը մարտի 1-ի հանրահավաքի կազմակերպիչ պետք է համարի միայն ինքն իրեն, բացառապես իրեն, եւ սա ոչ միայն զգացողություն պետք է լինի, այլեւ որոշակի գործողությունների մղող տրամաբանություն։ Սա նշանակում է, որ կոնկրետ, ասենք, Պետրոս Պետրոսյան ազգանունով մարդը պետք է համարի, որ այդ հանրահավաքը կազմակերպում է անձամբ ինքը, միմիայն ինքը, եւ չկա այս հարցով զբաղվող ուրիշ որեւէ կազմակերպություն, կուսակցություն, խումբ, անհատ։ Եւ ուրեմն` ինչպիսի՞ գործողություններ կձեռնարկեր Պետրոս Պետրոսյանը` իր հրավիրած հանրահավաքին մարդկանց առավել մեծ թվի ներկայություն ապահովելու համար։

Բնականաբար, նա իր շրջապատում ոչ միայն կտարածեր հանրահավաքի տեղի եւ ժամի մասին տեղեկատվություն, այլեւ իր աշխատավայրում, բնակության վայրում, ծանոթների ու բարեկամների միջավայրում կտաներ համապատասխան քաղաքական աշխատանք` նրանց բացատրելու, թե ինչով եւ ինչու է կարեւոր տվյալ հանրահավաքը, ինչով եւ ինչու է կարեւոր այդ հանրահավաքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը։ Ընդհանրապես, այն կարծիքին եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը հակված է իր կարծիքը, դիրքորոշումը լսելի դարձնել, եւ այդ կարծիքը համահունչ է ընդդիմության քաղաքական նպատակներին։ Շատ դեպքերում, ընդամենը մի փոքր խթան, ստիմուլ է հարկավոր, որ մարդը, մարդկանց խմբեր հրապարակ ներկայանալու որոշում կայացնեն։ Եւ մեզնից յուրաքանչյուրը, եթե, իհարկե, քաղաքացիական պայքարի իրական մասնակից է, իրենից կախվածը պետք է անի` իր միջավայրի այդ խթանը դառնալու համար, հնարավորության դեպքում` այդ խթանի դերը կատարելով նաեւ իր միջավայրից դուրս։ Եւ ուրեմն` բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանում իրական փոփոխություններ տեղի ունենան, նախահանրահավաքային այս շրջանում պետք է սեփական գործունեության կազմակերպման մասին մտածեն եւ ամեն օրվա արդյունքում փորձեն ամփոփել, թե այդ օրը ինչպիսի գործողություններ ձեռնարկեցին մարդկանց պայքարի կոչելու, տվյալ դեպքում` մարտի 1-ի հանրահավաքին նրանց մասնակցությունը խթանելու համար։ Ու մեզնից յուրաքանչյուրը կարող է այս ընթացքում իր արածը ցուցակագրել, հաշվառել եւ արդեն մարտի 1-ի նախօրեին հստակ իմանալ, թե ինչպիսի հանրահավաք է տեղի ունենալու։ Այն, որ իշխանությունը փորձում է արգելքներ հարուցել հանրահավաք անցկացնելու` ընդդիմության որոշման առջեւ, ոչինչ չի նշանակում։ Բոլոր խոչընդոտները նրա համար են, որ մարդիկ, իրենց տներում նստած այդ արգելքների, որոշումների, սպառնալիքների մասին լսելով, զերծ մնան հանրահավաքի վայր ներկայանալուց։ Բայց եթե քաղաքացիները, այնուամենայնիվ, հաղթահարում են այդ որոշումները եւ ցուցադրում իրենց կամքը, իշխանական սպառնալիքները հօդս են ցնդում, ինչպես հօդս ցնդեցին 2008-ի հունիսի 20-ին, հուլիսի 4-ին, օգոստոսի մեկին եւ այլն։ Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի որդեգրելիք մարտավարությանը, ուզում եմ նորից ընդգծել, որ չափազանցված են այն կարծիքները, թե ընդդիմությունը «ինքնաբուխ» որոշումներ է կայացնում։ Որոշումների կայացմանը լրջորեն մասնակցում են նաեւ քաղաքացիները եւ ընդդիմության ղեկավարների շուրթերից լսում այնպիսի որոշումներ, որոնք իրենք են թելադրել` տվյալ պահի իրենց հոգեբանությամբ, մտածումներով, հոգեվիճակով, ակտիվությամբ կամ պասիվությամբ։ Երբեմն իրենք` քաղաքացիները, որոշումներից դժգոհ լինելով, չեն խոստովանում, որ ահա Տեր-Պետրոսյանի շուրթերից հնչեց այն որոշումը, որ իրենք են ուղղակիորեն կամ անուղղակի թելադրել։ Բայց սրանից իրողությունը չի փոխվում։ Ինչ խոսք, քաղաքական լիդերները էական ազդեցություն են ունենում որոշումների կայացման վրա։ Բայց նրանց ազդեցությունը երբեմն ավելին չէ, քան հանրահավաքային պրոցեսին մասնակից կամ դրան մասնակցելուց զերծ մնացած ամեն քաղաքացու ունեցած ազդեցությունը, մանավանդ, եթե խոսում ենք այնպիսի գործընթացների մասին, որոնք ենթադրում են քաղաքացիների ակտիվագույն մասնակցություն։ Այնպես որ, մեր հայացքները պետք է ուղղված լինեն ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի վերնախավին, այլ ինքներս մեզ։ Ի վերջո, Կոնգրեսի ղեկավարության որոշումները կախված են լինելու այն որոշումներից, որ մենք մեր ներսում ենք կայացնում։ Կախված է լինելու նրանից, թե մենք ինչքանով ենք պատրաստ ջանքեր ներդնել մեր կայացրած որոշումների իրագործման համար։ Այնպես որ, մարտի 1-ին ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենալու. մենք հնձելու ենք այն, ինչ ցանում ենք այսօր։

Հ.Գ. Այս ընթացքում, թերեւս, քննարկումների առարկա է նաեւ 2008 թվականի մարտի 1-ի սցենարի կրկնության հնարավորությունը։ Այսինքն` մարդիկ փորձում են հասկանալ, թե որքանով է հնարավոր «մարտի 1-ի» կրկնությունը։ Եթե 2008 թվականի մարտի 1-ից մեկ տարի անց իշխանությունը իր տիրապետությունը պահպանելու համար կրկին արյունահեղություն իրականացնելու անհրաժեշտության առջեւ կանգնի, դա ինքնին կնշանակի, որ արյունահեղությունը անիմաստ է։ Դա կնշանակի, որ «մարտի 1-ը» այլեւս բավարար չէ, եւ հարկավոր են ավելի լայնամասշտաբ բռնություններ։ Բայց, ի վերջո, 2008-ի մարտի 1-ի առանձնահատկությունն այն էր, որ ընդդիմությունը, ժողովուրդը այնուամենայնիվ չէր հավատում, որ իշխանությունը կգնա բացահայտ սպանդի. այն ժամանակ դա անհնար էր թվում։ Հիմա մենք գիտենք, որ դա հնարավոր է, ինչը նշանակում է, որ արած ունենք նաեւ համապատասխան եզրակացություններ։ Եւ այդ եզրակացությունը հետեւյալն է. մեր պայքարի մեջ մենք պետք է ավելի կամային ու հետեւողական գտնվենք։ Հակառակը դավաճանություն է Հայաստանի Հանրապետության եւ նրա ապագայի նկատմամբ։ Մեր հրապարակում, սակայն, դավաճան չկա, մեր հրապարակում կասկածող չկա, մեր հրապարակում` Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 17, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Anonymous
    Փետրվար 17th, 2009 at 01:55 | #1

    ՀԱՂ-ԹԱՆ-ԱԿ, ՀԱՂ-ԹԱՆ-ԱԿ, ՀԱՂ-ԹԱՆ-ԱԿ
    ՀԻ-ՄԱ, ՀԻ-ՄԱ, ՀԻ-ՄԱ

  2. Սուրեն
    Փետրվար 17th, 2009 at 13:17 | #2

    Ես մի բան գիտեմ: Նիկոլն ասում է, որ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելն իր կյանքի գործն է: Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ կանգնելու է մինչև վերջ: Այս երկու ուլտրա-սկզբունքային մարդիկ եթե այդպես են որոշել, ուրեմն կանեն: Դրան գումարենք նաև մեր ուլտրա-սկզբունքային քաղբանտարկյալներին, որ նույնպես կանգնած են մինչև վերջ: Գումարենք նաև ՀԱԿ մյուս ներկայացուցիչներին` թե ղեկավար, թե շարքային: Հիշենք Հյուսիսային պողոտայում հավաքվողներին, դատարանների բակերում հավաքվողներին և այլն:
    Չէ, այս ավազակապետությունը շանս չունի: ՀԱՂ-ԹԱՆ-ԱԿ:

  1. No trackbacks yet.