> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր ԱՐԵՎԻԿ-ից

Նիկոլ ջա՜ն, ողջու՛յն: Շնորհակալ եմ նախորդ հարցիս պատասխանելու համար: Ես ինքս էլ քաջ գիտակցում եմ, որ մեր երկրի ապագան կախված է մեկ մարդուց, եվ այդ մեկ մարդը ես եմ: Եվ հավատա՛, անում եմ ինձնից` հասարակ քաղաքացուցս, ուսանողիցս կախված ամեն բան, պայքարում եմ ամեն րոպե, ամեն քայլափոխի: Բայց ուրիշ հարց է ծագում: Արդյո՞ք բոլորն են սա գիտակցում: Միանշանակ՝ ոչ: 2008-ի «ընտրություններց» հետո կարծես թե մարդիկ սկսում էին հասկանալ հաղթանակի հասնելու իսկապես անփոխարինելի 1+ բանաձեվի նշանակությունը, բայց համաձայնի՚ր, որ մարտի 1-ին, երբ չստացվեց իշխանափոխության հասնել, ժողովրդի մի ստվար զանգված հիասթափվեց պայքարելուց: Հասկանում եմ, ինչպես ասում ես, սա թատրոն չէ, որ նայեն ու հիասթափվեն, բայց փաստն այն է, որ շատ-շատերը տեսնելով, որ անգամ փետրվարյան նստացույցն ու մարտիմեկյան բազմահազարանոց հանրահավաքն էլ ոչինչ չփոխեցին սրանց հեռացնելու հարցում, ու կարծելով, որ ավելին պարզապես հնարավոր չէ անել՝ որոշեցին իզուր իրենց «նեղություն չտալ»: Ես հոռետես չեմ, երազանքների գիրկն էլ չեմ ընկնում, բայց կարծում եմ, որ իրականությունը, սա է: Հիմա ձեվակերպեմ հարցերս.

1. Ի՞նչ ես կարծում, այս օր օրի ահագնացող տնտեսական ճգնաժամը, սպասվող սոցիալական ծանր վիճակը կբարձրացնի բողոքի այնպիսի ալիք, որը կնպաստի իշխանափոխությանը:

2. Ըստ քեզ, հնարավո՞ր է մարդկանց վերադարձնել այն օրերի ոգեվորությունը, հոգեվիճակը եվ պայքարի պատրաստակամությունը, թե՞ պետք է շարունակենք պայքարել՝ պարզապես ակնկալելով մարդկային եվ հոգեվոր նոր ռեսուրսներ:

Ու չնայած կան հուսահատվածներ, բայց շատերս էլ համոզված ենք, որ նոր դռներ են բացվելու, եվ մենք ապրելու ենք մեր երազած Հայաստանում ու լինելու ենք ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ: Ես հուսահատված չեմ ու երբեք չեմ էլ լինի: Իսկ իմ անկոտրում կամքի համար մշտապես պարտական կլինեմ քեզ, թանկագի՛ն Նիկոլ: Շնոհակալություն, որ օգնեցիր չընկրկել ու չհանձնվել, որ արթուն ես պահում պայքարի ոգին: Շնորհակալություն, որ դու կաս:

ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԵՎ ՈՒՐԵՄՆ՝ ՊԱՅՔԱ՜Ր, ՊԱՅՔԱ՜Ր ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ………..

Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ, թույլ տվեք այս պահին ոչ թե ուղիղ պատասխանել ձեր առաջադրած երկու հարցերին (դրանց ուղղակի կամ անուղղակի պատասխանները դուք կգտնեք մինչ այս հնչած իմ մյուս պատասխանների մեջ), այլ բարձրաձայնել այն, ինչ մտածեցի ձեր նամակը կարդալիս: Եկեք մի պահ ենթադրենք, ուղղակի ենթադրենք, որ հաղթելու ոչ մի հույս այլեւս չկա, ենթադրենք բոլորը հուսահատվել են ու համակերպվել, ենթադրենք` ավազակապետությունը հավերժ Հայաստանում տիրապետություն է հաստատելու եւ ավելի է ուժեղանալու, ենթադրենք` քոչարյանադոդասերժական կլանը դեռ 50 կամ 100 տարի էլ Հայաստանում իշխանություն է ունենալու: Եւ ենթադրենք` մենք սա գիտենք նախապես, հենց հիմա, հենց այս պահին հաստատ գիտենք: Պատկերացրիք չէ՞ իրավիճակը: Ուրեմն այս իրավիճակում մեր անելիքը ո՞րն է, ուրեմն որքանո՞վ է փոխվում մեր անելիքը: Լավ, չասեմ մեր անելիքը, ասեմ` իմ անելիքը:

Հանրահավաք. «Այլընտրանք» նախաձեռնություն. 2007 թ.Այդ իրավիճակում իմ անելիքը չի փոխվում, այդ իրավիճակը ավելի սուր եւ ավելի ակնհայտ է դարձնում պայքարելու անհրաժեշտությունը, ավելի հետեւողական եւ ավելի համառ պայքարելու անհրաժեշտությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր պայքարում ներգրավված շատ մարդիկ եկել են Ազատության հրապարակ եւ այնտեղ արդեն իսկ տեսել հարյուր հազարավոր համաքաղաքացիների, ոգեւորվել են դրանից ու միացել են պայքարին: Բայց, անկեղծ ասեմ, իմ ամենասիրելի հանրահավաքները նրանք են, որ մենք հրավիրում էինք 2007 թվականի ամռանը: Այդ հանրահավաքներին բացի մեր մերձավոր քաղաքական շրջապատի ներկայացուցիչներից մասնակցում էին մի տասը տասնհինգ պարապ տատիկ-պապիկներ, ովքեր անելիք չունենալու բերումով ուղղակի գտնվում էին Ազատության հրապարակում, եւ երբ բարձրախոսով սկսում էինք խոսել, շարժում էինք նրանց պարապ հետաքրքրությունը եւ նրանք մոտենում էին: Նրանք այնտեղ երեկոն էին անցկացնում: Դրանք 50 հոգանոց հանրահավաքներ էին, որ շատերին խելապակասություն էին թվում: Բայց ինչո՞ւ էինք մենք այդ հանրահավաքներն անում. որովհետեւ գիտեինք, որ մարդկության պատմության մեծագույն հաղթանակները` մարդկային ոգու հաղթանակներ են: Ոչ թե քաղաքական կուսակցության, ոչ թե քաղաքական թիմի, ոչ թե գաղափարի ու գաղափարախոսության, ոչ թե բռնության կամ ֆիզիկական ուժի, այլ` մարդկային ոգու հաղթանակները, որ ձեռք են բերվում հուսահատության, անելանելիության, դատապարտվածության դեմ մղվող պայքարում:

Գիտե՞ք, երբեմն երբ մարդիկ գրեթե հուսահատ ինձ հարցնում են «հաղթելու՞ ենք», «մի բան կլինի՞»` ուզում եմ պատասխանել. «Ոչ, չենք հաղթելու, ոչ մի բան էլ չի լինելու: Եւ ի՞նչ եզրակացություն ենք անում դրանից: Որ պետք է հանդուրժե՞նք այս իրականությունը, պիտի շտապենք քծնե՞լ Սերժ Սարգսյանին կամ որեւէ իշխանավորի, գնանք դառնանք Դոդի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՀՀԿ անդա՞մ: Գնանք ընտրակաշառք բաժանելո՞ւ, կամ վերցնելո՞ւ, ընդդիմության դեմ սուտ ցուցմունքներ տալո՞ւ, գնանք ավազակապետության ու ապօրինության առաջ ծնկելո՞ւ»:

Թանկագին Արեւիկ. ես ամեն օր նախ իմ մեջ սպանում եմ հաղթանակի հույսը, որովհետեւ չեմ ուզում պայքարել հաղթանակի փայլը ոսկեղեն փարոսի ու գայթակղության նման իմ աչքի առաջ ունենալով: Չեմ ուզում պայքարել հանուն սովորական, տրիվիալ, քաղաքական հաղթանակի: Ուզում եմ ոգու հաղթանակի հասնել, իսկ ոգու հաղթանակը այն է, որ դու պայքարում ես ոչ թե այն պատճառով, որ հաղթանակը հնարավոր է ու հավանական, այլ այն պատճառով, որ այդ հաղթանակը անհնար է ու անհավանական, եւ այդ անհավանականին հասնելու համար ոչ թե սովորական պայքար է հարկավոր, այլ մաքառում, եւ խնդիրը ոչ թե հաղթանակն է ինքնին, այլ այն արժեքները, որ քեզ մղել են ելնել պայքարի: Ի վերջո, մենք պայքարում ենք ոչ թե հանուն հաղթանակի, այլ հանուն արժեքների, հանուն սկզբունքների, հանուն իդեալների: Հաղթանակի անխուսափելիության գիտակցումը երբեմն վիրավորում է ինձ: Մի՞թե ես պայքարում եմ, որովհետեւ գիտեմ, որ հաղթելու եմ: Ես չեմ ուզում, որ այսպես լինի, որովհետեւ կստացվի, որ պայքարը վայելքի ու կարիերայի համար է, եւ ոչ արժեքների ու սկզբունքների, կստացվի, որ պայքարը հեշտ ճանապարհի ընտրություն է, իսկ հեշտ ճանապարհը, ինչպես հայտնի է, տանում է դեպի կործանում: Ես ուզում եմ, որ հաղթանակը անհնարին լինի, ուզում եմ հաղթել այդ անհնարին պայքարում, որտեղ ամեն ինչ խոսում է այն մասին, որ պետք է պարտվեմ: Բայց ի վերջո հաղթանակը կայանում է, եւ դա ոչ թե կրքերի, ցածր բնազդների, այլ մարդկային ոգու հաղթանակ է: Թանկագին Արեւիկ, թույլ տվեք այս պատասխանը հասցեագրել ոչ միայն ձեզ, այլեւ բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ պատրաստվում են ինձ հարցնել, թե արդյո՞ք հաղթելու ենք, եւ եթե այո` ե՞րբ: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Փետրվար 15th, 2009 at 14:20 | #1

    Անձամբ մասնակցել եմ գրեթե բոլոր 50 հոգանոց հանրահավաքներին ու կարող եմ պնդել, որ Նիկոլը իրավացի է:

  2. Սուրեն
    Փետրվար 15th, 2009 at 19:43 | #2

    Նիկոլի բոլոր պատասխանները կարդացել եմ, իր` թերթում գրած շատ հոդվածներ եմ կարդացել, և կարծում էի, թե “Ե՞րբ ենք հաղթելու” հարցին արդեն բոլոր պատասխանները տված են: Բայց այս պատասխանը կարդալուց հետո իմ մեջ նորից ինչ-որ բան շուռ եկավ, լավ իմաստով:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  1. No trackbacks yet.