> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՈՐԻՑ ՓՈԽԵՔ ՔԴ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

ՆՈՐԻՑ ՓՈԽԵՔ ՔԴ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

"7"-ը` կանգնածՅոթ քաղբանտարկյալների վերաբերմունքը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում վերջերս իրականացված օրենսդրական աճպարարություններին ճշգրիտ է։ Իշխանությունը սողանցք ստեղծեց, որպեսզի դատական նիստերի մեկնարկին քաղբանտարկյալների ոտքի չկանգնելը դիտարկվի որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ ուրեմն` քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ դատն առանց նրանց անելու հնարավորություն տա։ Այս դիրքորոշումը ի սկզբանե հիմնված էր այն փաստարկի վրա, թե օրենքում գրված է, որ դատավորի` դահլիճ մուտք գործելու ժամանակ դատավարության կողմերը պետք է ոտքի կանգնեն։ Եւ ուրեմն` այն, որ քաղբանտարկյալները ոտքի չէին կանգնում, դիտարկվում էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ հիմնավորվում էր, որ կանգնելու պարտավորությունը սահմանվում է օրենքով։ Իշխանությունը, այսպիսով, «իրավական մոտեցում» էր ցուցաբերում։ Յոթ քաղբանտարկյալները, սակայն, հստակ ցուցադրեցին, որ իշխանության այսօրինակ մոտեցումը ընդամենը աբսուրդ է։ Դատական վերջին նիստի ժամանակ նրանք ընդհանրապես չնստեցին, բայց դատարանը սա նույնպես որակեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Մինչդեռ, ՀՀ որեւէ օրենքում գրված չէ, թե դատավարության ընթացքում կողմերը պարտավոր են նստել։ Այնպես որ, ՀՀ արդարադատության ուժեղ նախարար Տուառեգ Գեւորը թող օրենսդրական նոր փաթեթ տանի ԱԺ, որտեղ կամրագրվի, որ դատական նիստի ընթացքում դատավարության կողմերը պետք է նստած լինեն։ Թող նաեւ հայտարարի, թե այս փոփոխությունը որեւէ կապ չունի «7-ի գործով» դատավարության հետ։ Իսկ ընդհանրապես, եթե ոտքի չկանգնելը դեռ ինչ-որ կերպ կարելի է մեկնաբանել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, չնստելը նման մեկնաբանության չի տրվում ընդհանրապես։ Ընդհակառակը, սա սուպերհարգալից վերաբերմունք է, ուղղակի պատկառանքի մի աննախադեպ դրսեւորում։ Այնպես որ, Մացոն ցույց տվեց, որ իրեն ընդամենը պետք է դատերը հետաձգել, եւ մեծ հաշվով, իր համար կապ չունի` իր նկատմամբ հարգանքի՞, թե՞ արհամարհանքի նշաններ են ցուց տալիս։ Նույն այդ Մացոն ուղղակի ի ցույց դրեց սեփական անգրագիտությունը` հայտարարելով, թե դատավորի կարգադրությունները պարտադիր են դատավարության կողմերի համար։ Նման բան կարող է ասել միայն անգրագետը։ Ինքներդ պատկերացրեք. եթե դատավորը դատավարության կողմերից որեւէ մեկին հրահանգի երգել, ու այդ կողմը չերգի, մի՞թե դա կարելի է համարել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Կամ` եթե Մացոն հանկարծ Կորյուն Փիլոյանին կարգադրի էշի նման խռանչել, մի՞թե Փիլոյանը պարտավորված կլինի կատարել այդ կարգադրությունը։ Դուք կասեք, որ Մնացական Մարտիրոսյանը նման հրահանգ չի տա, որովհետեւ դա նախատեսված չէ օրենքով, եւ եթե անգամ տա նման հրահանգ, դատավարության կողմերը իրավունք ունեն արհամարհել այն, որովհետեւ կողմերը պետք է ենթարկվեն միայն դատարանի օրինական, ասել է թե` օրենքով նախատեսված հրահանգներին։ Շատ լավ, համաձայն ենք. բայց եթե Կորյուն Փիլոյանը իրավունք ունի արհամարհել էշի նման խռանչելու` դատավորի հրահանգը, քանի որ այն նախատեսված չէ օրենքով, նույնկերպ եւ քաղբանտարկյալները կարող են չկատարել նստելու մասին դատավորի հրահանգը, քանի որ դա նույնպես նախատեսված չէ օրենքով։ Եւ սա ամենեւին քաղաքական մոտեցում չէ, սա զուտ իրավական մոտեցում է, որը այդքան շատ են սիրում հայրենի իշխանավորները։ Եւ այդ իրավական մոտեցումը ստիպում է, որ նրանք կրկին համապատասխան փոփոխություններ իրականացնեն ՔԴ օրենսգրքում։ Եւ ի դեպ, վերջին զարգացումների ֆոնին` մի շարք սաստիկ խելոք իրավաբաններ ասում են, թե գործող Քրեական օրենսգիրքը չի սահմանում, թե ինչ ասել է զանգվածային անկարգություն, եւ ուրեմն` ՔՕ համապատասխան հոդվածներում այս բացը լրացնելու, «զանգվածային անկարգություններ» հասկացությունը հստակեցնելու անհրաժեշտություն կա։ Եթե այդպես է, թող, ուրեմն, նույն տրամաբանությամբ սահմանեն, թե ինչ ասել է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որը նույնպես մեր օրենսդրությամբ կոնկրետացված չէ։ Թող օրենքում գրեն, որ դատավորին ինքնահրկիզվելու կամ դամբուլի ծառից ընկնելու կոչով դիմելը համարվում է անհարգալից վերաբերմունք։ Թող գրեն, որ չի կարելի դատավորին ռետինե խողովակի կամ ռետինե` ավելի նուրբ եւ առաձգական մատերիալից պատրաստված պիտույքի հետ համեմատել։ Թող գրեն, որ չի կարելի դատարանում Աժ կոալիցիոն պատգամավորներին պուտանկա անվանել։ Համենայնդեպս, եթե մեր իշխանավորները լուրջ են վերաբերվում ՔՕ 225 եւ 300 հոդվածների փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկներին, պետք է նաեւ հստակ ասեն, թե ինչ ասել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, եւ որպիսի բառերի կիրառումն է համարվում անհարգալից, իսկ որպիսի բառերի կիրառումը չի համարվում անհարգալից` մեր համբալ դատավորների նկատմամբ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 14, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.