> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐ (ՎԻՇԱՊ)-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐ (ՎԻՇԱՊ)-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Մհեր (Վիշապ)-ից

Հարգելի Նիկոլ։ Ամբողջովին կիսում եմ Ձեր հայացքները, և խնդրում եմ պատասխանել. Հայաստանում իշխանափոխության և հետագա զարգացման Ձեր պատկերացրած մեխանիզմում երբևէ կասկածներ չե՞ք ունենում, որ Հայաստանում ներկա հասարակության մեջ այնուամենայնիվ առողջ քաղաքացիական մտածելակերպ ունեցողների բանակը մեծամասնություն չի, այսինքն ինչքան էլ պրոպագանդիստական պայքար մղվի հասարակությունը արթնացնելու ու կարճ ժամկետում բազմաքանակ հանրահավաք կազմակերպելու ուղղությամբ, այնուամենայնիվ ակտիվ քաղաքացիների թիվը չի գերազանցի իներտ զանգվածի ու սերժանտների բանակի թվին, և հանրահավաքի որոշիչ լինելու շանսերը քիչ են և մոտ ապագայում իսկապես իրատեսական կարելի է համարել միայն սոցիալական գործոնը, այսինքն մինչև շատերը, կոպիտ ասած՝ սեփական ստամոքսում դատարկություն չզգան, դուրս չեն գա և չեն միանա շարժմանը։ Իմ կարծիքով սոցիալական բունտի օգտագործումը քաղաքական իմաստով բոլորովին էլ անբարոյականություն չի, եթե երկարաժամկետ առումով այն հասցնելու է իր նպատակին՝ քաղաքացիական, օրինավոր հասարակության ստեղծման ու զարգացմանը։ Եվ երկրորդ. Չե՞ք կարծում, որ հավաքական, գլոբալ առումով Հայաստանի քաղաքացիներս դեռևս հետադեմ զանգված ենք մեզնից ներկայացնում, և ներկա իշխանություններն ու Սերժ Սարգսյանը արտացոլում են մեր իրական դեմքը, հակառակ պարագայում իշխանափոխություն հաստատ կլիներ, և կլիներ փետրվարի 19-ին, և մարտի մեկն էլ չէր լինի։ Շնորհակալություն։ Մաղթում եմ Ձեզ կորով և համբերություն։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մհեր, էլի եմ ուզում ընդգծել, որ ես չեմ ասում, թե սոցիալական դժգոհության էներգիան չպետք է օգտագործենք մեր պայքարում, ասում եմ, որ այդ էներգիան պետք է ճիշտ հունով, արարման հունով տանենք: Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե Սերժ Սարգսյանը կամ սերժանտական տիպի իշխանությունը արտացոլում է մեր հանրության իրական դեմքը, ճիշտն ասած, եթե չլիներ մարտի մեկը, ես այս տեսակետին գուցե թե կհամաձայնվեի: Բայց մարտի մեկը հենց հակառակի վկայությունն էր, որովհետեւ, եթե մեր հասարակությունը ինքը բնույթով սերժանտական լիներ, այդ իշխանությունը իր գոյատեւման համար ստիպված չէր լինի տանկեր եւ հրազեն օգտագործել` անզեն, քաղաքացիական պայքարի եկած քաղաքացիների դեմ: Եկեք ճիշտ գնահատենք իրավիճակը. տեղի է ունեցել իշխանության բռնի զավթում: Մեծ հաշվով` մարտի մեկից առաջ էլ այն կարծիքին չեմ եղել, թե քոչարյանադոդասերժական վարչախումբը մեր հանրության արտացոլանքն է: 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո մեր հանրությունը մշտապես այդ վարչակազմից ազատվելու ձգտումներ է ցուցադրել, բայց այդ ձգտումները իրագործելու համար հանրությանը անհրաժեշտ է եղել այլընտրանք, քաղաքական այլընտրանք` ի դեմս հանրային ձգտումները ուղղորդող քաղաքական թիմի, կազմակերպության, բայց նման թիմ ցավոք չի ձեւավորվել: Ոչ այն պատճառով, որ մենք արժանի ընդդիմադիր գործիչներ չենք ունեցել, պարզապես իշխանությունը դհոլների, ախքիկների, վազգենմանուկյանների եւ այսօրինակ ուրիշ կեղծ ընդդիմադիրների միջոցով կարողացել է ցրել հանրային, քաղաքացիական պոտենցիալը: Մարտի 1-ից առաջ մենք ունեցանք այդպիսի այլընտրանք` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժման, եւ իշխանությունը ստիպված էր բացել իր բոլոր «ընդդիմադիր» խաղաքարտերը, պայթեցնել ականները: Այսօր կա հստակ զատորոշված ընդդիմություն ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Եւ հիմա Կոնգրեսը, որի անդամն ու ակտիվիստն եմ ինքս, լուրջ փորձության առաջ է կանգնած: Այն պետք է ապացուցի, որ ի վիճակի է սպասարկել ՀՀ քաղաքացիների մղումներն ու շահերը, դառնալ նրա ձգտումների արտահայտողը: Կարծում եմ նաեւ, որ վերջին տասը տարվա ընթացքում, հատկապես վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում Հայաստանում ձեւավորվել է քաղաքացիական հասարակության մի այնպիսի կորիզ, մի այնպիսի միջուկ, որ ի վիճակի է` եւ արդեն իսկ դարձել է քաղաքացիական հանրության ողնաշարը: Ինչ խոսք, մեր հանրությունը զարգանալու, աճելու շատ տեղ ունի եւ երկար ճանապարհ ունի անցնելու: Բայց կարծում եմ արդեն ունենք այնպիսի հասարակություն, որը հետագա զարգացման լուրջ պոտենցիալ է կուտակել, ձեւավորել: Էլի եմ ասում` խնդիրը այդ հանրությանը դրսեւորվելու քաղաքական հնարավորություն տալն է, եւ սա միասնական ընդդիմության լուծելիք խնդիրն է: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.