> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱ ԱՍՏԾՈՒՆ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱ ԱՍՏԾՈՒՆ

Վերջին շրջանում մի շարք ընթերցողներ մեզ նախատում են մեր իսկ բարձրացրած հարցերը անպատասխան թողնելու մեջ՝ շեշտելով, որ այսպես վարվում ենք այն հարցերի հետ, որոնց կարծես թե հատուկ կարեւորություն ենք տալիս։

Իհարկե, ճիշտ է նկատված, եւ միանգամից ասենք, որ մտածված ենք այդպես վարվում, որովհետեւ մեր խնդիրը միայն ինչ-որ բաների մասին բարձրաձայնելը չէ, այլեւ խնդիրները մեր ընթերցողների հետ քննարկելը, նրանց հետ հեռակա եւ աներեւույթ զրույցի բռնվելը։ Իսկ զրույցի, քննարկման հաջողության կարեւոր գրավականն այն է, որ քննարկման կողմերը միանգամից չասեն իրենց ողջ ասելիքը եւ ժամանակ առ ժամանակ դադար տան դիմացինին լսելու կամ, ինչո՞ւ չէ, նրան մտածելու եւ խորհելու հնարավորություն տալու համար։ Եւ այս տրամաբանությամբ, հույս ունենք, նաեւ գիտենք, որ դուք մտածել եք, խորհել ՀՀ քաղաքացու էտալոնի մասին մեր առաջ քաշած հարցի շուրջ («ՀԺ», 2 փետրվարի, էջ 1)։ Այն, որ մեզնից շատ քչերը կարող են իրենց լիարժեք քաղաքացի համարել, թերեւս ակնհայտ է։ Մեզնից ոմանք ձմեռվա այս ցրտի շրջանում զարտուղի համաձայնության են գալիս էլեկտրիկի կամ գազի գրասենյակի աշխատակցի հետ՝ սպառածի դիմաց քիչ վճարելու համար, ոմանք ջրաչափի վրա մագնիս են դնում, ոմանք թաքցնում են իրենց եկամուտները` հարկերից խուսափելու համար, ոմանք իրենց երեխաներին դաստիարակում են նրանց հնարավորինս ագրեսիվ եւ լկտի դարձնելու հեռանկարով՝ մտածելով, որ սա է իրական ճանապարհը, ոմանք կարող են երթուղայինում հանգիստ նստել, այն դեպքում, երբ տարիքով մեծը կամ կինը կամ հղի կինը կողքին հինգ տակ ծալված է, ոմանք կարող են անտարբեր անցնել կռվի տեսարանների մոտով, երբ հինգը ինքնադատաստանի են ենթարկում մեկին, ոմանք նախընտրում են պետավտոտեսուչին հազար դրամ տալով ազատվել ավելորդ բանավեճից, ոմանք վերցնում են այդ հազար դրամը, ոմանք ավելի մեծ կաշառքներ են վերցնում, ոմանք ավելի մեծ կաշառքներ են տալիս, ոմանք ընտրություն են կեղծում, ոմանք չեն ընդվզում այդ կեղծիքի դեմ, ոմանք ընդվզում են միայն այնքան, մինչեւ տեսնում են, որ այդ ընդվզման մեջ «քյար» չկա, ոմանք հետապնդում են ընդվզողներին` հանուն նախապես հայտնի «քյարի», ոմանք սրանց նկատմամբ հարգանք են տածում եւ նրանց հետ սեղան նստելը պատիվ են համարում, ոմանք նախանձում են վերջիններիս, եւ սափրագլուխների շարքերում հայտնվելու գործուն ջանքեր են գործադրում։ Շարադրվածը եւ այդօրինակ մյուս երեւույթները, որոնց թվարկումը կարելի է անվերջ շարունակել, մի շղթայի տարբեր օղակներ են, իսկապես։ Իսկ դա այն շղթան է, որի մեջ սեղմված է մեր քաղաքացիական գիտակցությունը, այն գիտակցությունը, որը մեզ պիտի ստիպի չանել վերը թվարկվածը, պիտի ստիպի հասկանալ, որ այդ ամենը քափ-քրտինքի մեջ կյանքի կոչելով՝ ինքներս մեր ապագան ենք ոչնչացնում, երբեւէ մեզ լիարժեք մարդ զգալու մեր հնարավորությունը։ Մարդ-սովիետիկուսից մարդ-քաղաքացի վերակերպման պրոցեսը մինչեւ այժմ մեր շրջանում լուրջ ընթացք չի ստացել։ Իսկ մարդ-քաղաքացին մարդ-սովիետիկուսից տարբերվում է նախեւառաջ պատասխանատվության զգացումով։ Մարդ-քաղաքացին հասկանում է, որ իր երկրում տեղի ունեցող ամեն ինչի, բացարձակապես ամեն ինչի համար պատասխանատվություն է կրում նաեւ ինքը, եւ ինքն անձամբ իրավիճակը շտկելու, սխալը ուղղելու գործում դեր ունի, վճռական դեր։ Մարդ-սովիետիկուսին այս զգացումը խորթ է. նա ընդամենը սպառող է` պետության տված հանձնարարականի, պետության տված աշխատավարձի, թոշակի, սննդի, գիտակցության եւ կրթության։ Եւ այսօր դեռեւս կենդանի սովետական նոստալգիայի պատճառը ամենեւին էլ ցածր կենսամակարդակը չէ, այլ խորհրդային անհոգության մթնոլորտի վերացումը։

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծման օրից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա պատասխանատվություն է դրել, իսկ մենք` քաղաքացիներս, հրաժարվում ենք վերցնել այդ պատասխանատվությունը։ Այո, խորհրդային տարիներին էլ մենք գնում էինք ընտրությունների, բայց նախապես գիտեինք, թե ով է ընտրվելու։ Երրորդ հանրապետությունը մեր ուսերին պատասխանատվություն դրեց, ըստ որի մենք ոչ միայն պիտի որոշումներ կայացնենք, այլեւ երբեմն փողոցում, բարիկադների վրա, խրամատներում վտանգելով մեր կյանքն ու առողջությունը՝ պիտի պաշտպանենք այդ որոշումը։ Եւ մենք մերժեցինք այս պատասխանատվությունը։ Մենք մերժեցինք սա եւ պահանջեցինք, որ ընտրվողի անունը հայտնի լինի նախապես, եւ սովետական դեմոկրատական ցենտրալիզմին փոխարինելու եկավ իշխանական «դաբրոն»։ Եւ այսօր էլ մենք շարունակում ենք մեր ջանքերը` մեր պատասխանատվության կենդանի մնացած պատառիկները ոչնչացնելու ուղղությամբ։ Մենք կարծես սպասում ենք մի փրկիչի, որը կփրկի մեզ, կփրկի մեզ պատասխանատվությունից, ինչ-որ բան որոշելու պարտականությունից եւ մեր փոխարեն կորոշի ամեն ինչ։ Ամեն ինչ։ Բացարձակապես ամեն ինչ։ Եւ սրա արտահայտությունն է այն, որ Սերժ Սարգսյանը ընտրվում է ԵՊՀ խորհրդի նախագահ, իսկ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը նույն պաշտոնն է զբաղեցնում Երեւանի Բրյուսովի անվան համալսարանում։ Երկրիս պրոֆեսորադասախոսական կազմը, որին ընդունված է համարել մտավորականության սերուցք, ոչ միայն հրաժարվում է ստանձնել սեփական «կրթական օջախի» կառավարման պատասխանատվությունը, հրաժարվում է նաեւ կիսել այդ պատասխանատվությունը։ Կարճ ասած, հրաժարվում է որեւէ պատասխանատվությունից եւ Սերժ Սարգսյանին գրեթե ծնկաչոք խնդրում է, որ նա բոլոր համալսարանականներ հորջորջվողների փոխարեն որոշի ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, եւ իրենք լինեն ընդամենը հնազանդ կատարողի դերում, ինչպես, ըստ էության, եղել են միշտ։ Իսկ այս մտավորականության առաջնորդած քաղաքացին ընտրություններում հինգ հազար դրամով իր ձայնը վաճառելիս ամենեւին էլ սոցիալական դրդապատճառներով չի առաջնորդվում։ Նա հո լավ գիտի, որ հինգ հազար դրամը իր խնդիրներից եւ ոչ մեկը չի լուծելու, չի լուծելու նաեւ տասը հազար, 20 հազար դրամը։ Իր քվեի դիմաց հինգ կամ չգիտեմ քանի հազար դրամ վերցնելով՝ նա ընդամենը հրաժարվում է պատասխանատվությունից, մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից։ Նույնպես եւ դատավորը, որ առանց նախագահականից ստացած զանգի վճիռ չի կայացնում, ընդամենը հրաժարվում է մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից, նույնպես եւ լրագրողը, որ առանց հրահանգի բառ չի արտասանում, հրաժարվում է մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից, նույնպես եւ Ռոբերտ Քոչարյանը, որ արդեն իսկ առավոտ ծեգին ամփոփում է այդ օրը կայանալիք ընտրությունների արդյունքները` հրաժարվում է մտածելու, հասկանալու, որոշում կայացնելու պատասխանատվությունից, որովհետեւ չունենալ իշխանություն, նշանակում է բաց լինել մեղադրանքների առջեւ, նշանակում է լինել պատասխանատու արածի ու չարածի համար։ Իսկ հրաժարվել պատասխանատվությունից, նշանակում է հրաժարվել քաղաքացի լինելուց, որովհետեւ քաղաքացիությունը իրավունքների եւ պարտականությունների ամբողջություն է։ Եւ շատերը մարդկանց կոչ են անում օգտվել իրենց իրավունքներից՝ մոռանալով, որ իրավունքներից օգտվել կարելի է այնքանով, որքանով կատարում ես պարտականություններդ, որքանով կրում ես պատասխանատվությունը քո երկրում այս կամ այն իրավունքի կիրառելիության աստիճանի համար։ Եւ ուրեմն, Հայաստանի այսօրվա ծանր իրավիճակի առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ մեզ` ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողներիս, միավորում է ոչ թե ընդհանուր քաղաքացիությունը, այլ համընդհանուր հրաժարումը քաղաքացիությունից։ Եւ մեր երկրի առաջ կանգնած թիվ մեկ խնդիրը իսկապես վերադարձն է դեպի քաղաքացիություն, դեպի քաղաքացիական գիտակցություն, ասել է թե՝ պատասխանատվության համընդհանուր զգացում, երբ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ ամեն ինչ կախված է հենց իրենից, իրականությունը ընկալելու եւ գնահատելու իր ընդունակությունից, վճռական պահին գործելու, զոհելու եւ զոհվելու իր պատրաստակամությունից եւ ընդունակությունից։ Սրա մեջ է Հայաստանի փրկությունը, միմիայն սրա մեջ։ Եւ հենց այստեղ էլ կուզենայինք ավարտել մեր միտքը, հերթական դադարը տալ` այդպես էլ բուն հարցին չպատասխանած։ Իսկ հիմնական հարցը հետեւյալն է. ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին։ Ուզում ենք առայժմ խուսափել այս հարցի պատասխանը հրապարակելու պատասխանատվությունից, բայց եւ հասկանում ենք, որ այլեւս այդպես վարվել չի կարելի, այլապես վերը շարադրվածը ամբողջությամբ անիմաստ կդառնա։ Եւ ուրեմն, ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին։ Այս հարցին պատասխանելու ամենատրիվյալ ճանապարհը վերը շարադրված տրամաբանությունը վերաշարադրելն է։ Այսինքն, ասել, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի պատասխանատու, կատարի իր պարտականությունները եւ օգտվի իր իրավունքներից։ Բայց սա շատ ընդհանուր եւ գործնական նշանակություն չունեցող բանաձեւ է։ Կարելի է ավելի կոնկրետացնել եւ ասել, որ ՀՀ քաղաքացին չպետք է կաշառք տա եւ չպետք է կաշառք վերցնի, չպետք է խուսափի հարկերից, պետք է իր երեխային դաստիարակի հանդուրժող եւ քաղաքավարի, պետք է խուսափի հոսանք կամ գազ գողանալուց, ընդհանրապես գողանալուց եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց սա էլ հարցի պատասխանը գտնելու ճիշտ ճանապարհ չէ, որովհետեւ նախ բոլոր դեպքերը չես նախատեսի, եւ հետո, եթե անգամ նախատեսես, ասածը լինելու է ընդամենը մի սովորական թերթի ասած, որին շատերը կարող են լուրջ չվերաբերվել, իսկ շատերին դա իրավացիորեն կզայրացնի։ «Ո՞վ եք դուք, որ մեզ փորձում եք բացատրել, թե մենք ինչ պետք է անենք»,- իրավացիորեն կասեն նրանք։ Ու նաեւ այս պատճառով, մենք պատասխանատվություն ենք զգում եւ «Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին» հարցին պատասխանում ենք կարճ` նա պետք է հավատա Աստծուն։ Նա պետք է հավատա Աստծուն, որովհետեւ միայն Աստծուն հավատացող մարդը կմտածի կաշառք վերցնելուց եւ անմեղին բանտ ուղարկելուց առաջ։ Միայն Աստծուն հավատացող մարդը կմտածի հոսանք ու գազ գողանալուց, հինգ հազար դրամով հոգին ու ձայնը վաճառելուց առաջ։ Միայն Աստված կարող է մարդուն ետ պահել ուրիշին ունեզրկելու, ուրիշին նվաստացնելու, ուրիշին ոչնչացնելու այսօր արդեն Հայաստանում առօրյա դարձած գայթակղությունից։ ՀՀ քաղաքացին պետք է վախենա Աստծուց, որովհետեւ միայն Սոդոմի եւ Գոմորի օրինակը նրան կարող է ետ պահել այն պղծությունից, որի մեջ մենք ապրում ենք ամեն օր, երբ ընտանիքը ընդամենը դառնում է այլընտրանքային, ավելի ճիշտ՝ ցուցադրական արժեք, երբ կինը ստրուկը չէ իր ամուսնու, եւ ամուսինը տերը չէ իր կնոջ։ ՀՀ քաղաքացին պետք է աղոթի ամեն օր եւ զորանա իր հավատի մեջ, որովհետեւ պետություն կառուցելու համար նավթ չէ հարկավոր, ոչ էլ ոսկի, ոչ էլ արծաթ, ոչ էլ խողովակաշար կամ երկաթուղի, այլ ընդամենը մանանեխի կես հատիկի չափ հավատ, հավատ առ Աստված։ ՀՀ քաղաքացին պետք է սիրի Աստծուն։ Եւ այս ամենը ՀՀ քաղաքացին պետք է անի առանց ցուցամոլության, այնպես, ինչպես ուսուցանում է Հիսուս Նազովրեցին։ ՀՀ քաղաքացին պետք է կարդա Նոր Կտակարան եւ Աստվածաշունչ եւ պետք է կարողանա վերցնել հասկանալու, մտածելու, որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ ՀՀ քաղաքացին պետք է սիրի Հայ առաքելական եկեղեցին եւ պետք է թույլ չտա, որ այն շարունակի ընկնել, որ այն շարունակի գլորվել դեպի անդունդը։ ՀՀ քաղաքացին պետք է իր հայրենիքը, իր եկեղեցին ու իր հոգին փրկի կործանումից։ Նա պետք է հասկանա, որ Փրկիչը քնած է իր մեջ, եւ որ ինքը պետք է արթնացնի իր մեջ քնած Փրկիչին։

«ՀԺ»

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.