> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ISHXAN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ISHXAN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Ishxan-ից

Մարտի 1, 2008Voxjuyn Hargeli Nikol! Es kardalov harc patasxaner@ nkateci vor duq mejberumner eq anum nor ktakaranic, ev dzer mtacoxutyan cirum ka Astco fakt@! Indz da andzamb uraxacnum e! bayc kuzenai dzer karciq@ imanal Qaxaqakanutyun@ ev havatq@ irar het karox en goyatevel, te irar hakasox baner en!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Իշխան. «Երկրի հակառակ կողմում» հերոսներից մեկը նկատում է, որ Նոր կտակարանից մեջբերումներ սիրում են անել անգամ սերիական մարդասպանները: :) Այնպես որ, չեմ կարծում, թե Աստվածաշնչից մեջբերումներ անելը որակի էական նշան է: Ինչ վերաբերում է քաղաքականության եւ Հավատի առնչություններին, այս մասին իմ պատկերացումները ամբողջացրել եմ 2006 թվականին գրված մի խմբագրական-հոդվածում, որը վերնագրված է «ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն»: Խնդրում եմ ընթերցեք այս հոդվածը եւ կստանաք ձեր հարցի պատասխանը: Մինչ այդ ասեմ, որ որեւէ հանրություն, իմ կարծիքով չի կարող ուժեղ եւ սիրելի հայրենիք ունենալ, եթե այդ հանրության անհատ անդամներին բացի քաղաքական արժեքից` ի դեմս Սահմանադրության, չի միավորում հոգեւոր արժեքը` Հավատը առ Աստված: Ես երկար մտածում էի` ինչո՞ւ որեւէ պաշտոնյա պետք է հրաժարվի կաշառք վերցնելուց, ապօրինություն թույլ տալուց: Սկզբից գալիս են իրավական, քաղաքական փաստարկները: Օրինակ, պաշտոնյան չպետք է կաշառք վերցնի` վախենալով, որ կբռնվի ու կպատժվի: Բայց կարելի է նաեւ վերցնել ու չբռնվել, կարելի է խուսափել պատասխանատվությունից` անգամ ամենաուժեղ դատաիրավական համակարգ ունեցող, ժողովրդավարական երկրում կարելի է թաքցնել հանցանքը: Միակ «ինստանցիան», որից ոչինչ հնարավոր չէ թաքցնել, Աստված է, եւ միայն նրա նկատմամբ ունեցած հավատը, եւ Աստվածավախությունը մարդուն կարող են օգնել հաղթահարել զանազան երկրային գայթակղություններ, որոնք կարող են արգելված լինել օրենքով, կամ էլ` արգելված չլինել: Իմ կարծիքով առ Աստված հավատը, վճռորոշ նշանակություն ունի որեւէ ժողովրդի եւ հանրության ճակատագրի համար: Եւ կարծում եմ, որ մեր դժբախտությունների մի մեծ մասը բխում է նրանից, որ մենք Քրիստոնյա ժողովուրդ լինելով բացարձակապես անհաղորդ ենք քրիստոնեական արժեքներին: Ապագա Հայաստանը իմ մտքում պատկերվում է ոչ միայն սահմանադրական-քաղաքական, այլեւ հոգեւոր արժեքների գործնական ներդրմամբ: Սահմանադրական կարգի վերականգնում հնարավոր չէ առանց քաղաքական իշխանափոխության, իսկ Հոգեւոր կարգի հաստատումը անհնար է առանց Հայ առաքելական եկեղեցու բարեփոխումների: Հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա մեր ժողովրդի թեւերը, մեր ժողովրդի վեհության հենարանը: Եւ ի դեպ, այսօրվա հոգեւոր բարձրագույն իշխանությունը լրիվ համապատասխանում է քաղաքական իշխանության ոգուն: Այս է պատճառը, որ ես Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հոտի անդամ լինելով չեմ խորշել Հայ առաքելական եկեղեցու ղեկավարին անվանել վեհափառ ավազակապետ: Եւ ինչպես մարտի մեկի երեկոյան Մյասնիկյանի արձանի ամբիոնից հայտարարել եմ, ուզում եմ նորից ասել` մեր պայքարը նաեւ Հոգեւոր Հայաստանի համար է, մեր պայքարը նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու համար է, մեր պայքարը նաեւ նրա համար է, որ Աստված բարի աչքով նայի Հայաստանին եւ հայ ժողովրդին: Շնորհակալություն հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.