> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹՈՐՔԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՉԻ ՄՆՈՒՄ ԹՈՐՔ

ԹՈՐՔԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՉԻ ՄՆՈՒՄ ԹՈՐՔ

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, Շվեյցարիայում իր հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո, Անկարա վերադառնալու փոխարեն մեկնում է Բաքու` Նալբանդյանի հետ իր ունեցած հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին պատմելու։ Չեմ կարծում, թե Բաբաջանը ինչ-որ աշխարհացունց բան ուներ ադրբեջանցիներին պատմելու։ Բաքու կատարած նրա այցի իմաստը բոլորովին այլ է, բոլորովին ցուցադրական. ի ցույց դնել, որ ահա, Թուրքիան հաջողությամբ խցկվել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի մեջ եւ «կառուցողական դեր է ստանձնել»։ Բաբաջանի գործելակերպը, ի դեպ, շատ է նման միջնորդի դերակատարում ստանձնած դիվանագետների գործելակերպին. հանդիպում հայկական կողմը ներկայացնող ԱԳ նախարարի հետ, հետո` քաղաքավարական հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, հետո` մեկնում ուղիղ Բաքու, հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հետո` հանդիպում ադրբեջանական արտգործնախարարության ընդարձակ ներկայացուցչական կազմի հետ։ Բաբաջանը, ի դեպ, այսպես գործելու լեգիտիմ իրավունք ունի, որովհետեւ ոչ ոք չի էլ հերքում, որ Թուրքիան կարեւոր դերակատարում է ստանձնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Ավելին` նման միջնորդության գաղափարը հենց Սերժ Սարգսյանինն է, որն անձամբ է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւանում խնդրել միջնորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Գյուլը, թերեւս, այդ պահին չի հավատացել սեփական ականջներին ու երջանկությանը, թե չէ Երեւանից միանգամից Բաքու կթռչեր։ Բայց քանի որ երջանկությունը շատ հանկարծահաս էր, Երեւանից նախ մեկնեց Անկարա, Բաբաջանին էլ թողեց Երեւանում, որպեսզի վերջինս Նալբանդյանից ճշտի, թե արդյո՞ք ինքը ճիշտ է հասկացել Սերժ Սարգսյան անունով այդ հոգնած եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խփած գոլերից երջանկության ակնհայտ նշաններ ցույց տվող մարդուն։ Բաբաջանը խաբարը տարավ, թե ամեն ինչ շատ ճիշտ է հասկացված, եւ Գյուլը մեկնեց Բաքու։ Հետո Գյուլի ու Բաբաջանի փաստացի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց չվստահել իր երկու զինակիցներին եւ կասկածի տակ էր առնում, թե Գյուլն ու Բաբաջանը ճիշտ են հասկացել Սերժ Սարգսյան անունով այդ հոգնած մարդուն, որը ֆուտբոլային մազոխիզմի նշաններ էր ցուցադրում։ Ախր` ինչպես կարող է խելքը չթռցրած հայաստանցի որեւէ ներկայացուցիչ նման առաջարկ անել Թուրքիայի որեւէ ներկայացուցչի։ Գյուլն ու Բաբաջանն էլ նեղվեցին Էրդողանի վրա` չե՞ս հավատում` ինքդ հանդիպիր Սերժ Սարգսյան անունով այդ տխուր մարդուն եւ տես, որ մենք նրա բոլոր ասածները շատ լավ ենք հասկացել։ Էրդողանը, ահա, Դավոսում հանդիպեց Սերժ Սարգսյան անունով այդ հյուծված մարդուն եւ տեսավ, որ Գյուլն ու Բաբաջանը ճիշտ են` կլիենտ նաշ։ Ու հիմա Թուրքիան ակտիվ միջնորդական գործունեություն է ծավալում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` դառնալով ԼՂ հարցով բանակցային գործընթացի փաստացի մասնակից։ Այն աստիճան, որ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը կազմակերպող ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարում է, որ Թուրքիան դրական դերակատարում կարող է ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործում։ Այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյան անունով հոգնած մարդը ընդունում է Բակո Սահակյան անունով չկողմնորոշված մարդուն, իբր` տեսեք, ես էլ Ղարաբաղի նախագահին եմ տեղյակ պահում Ղարաբաղի հարցում տեղի ունեցող գործընթացների մասին։

Հա, բայց պրոբլեմը այն է, որ Ղարաբաղի նախագահի կարծիքը ոչ ոք չի հարցնում` ոչ Ադրբեջանը, ոչ ԵԱՀԿ համանախագահողները, ոչ Թուրքիան։ Ավելին, վերջինս ավելի ու ավելի բարձր է խոսում, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Իսկ Հայաստանի պատվիրակները` ԱԳ նախարար համարվող Էձիկ Նալբանդյանը եւ Սերժ Սարգսյան անունով ֆուտբոլային դիվանագետը, այդպես էլ ոչ մի անգամ չբարձրաձայնեցին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ` որպես պրոցեսի լիարժեք մասնակից։ Ու մեր զույգ կիսապաշտպաններին թվում է` իրենց այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, այս առումով ինչ-որ բան փոխում է։ Պատկերացրեք մի այնպիսի վիճակ, երբ մեր ավագ եղբայր Ռուսաստանը սկսում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ վարել Ղարաբաղի հարցով, Հայաստանին դուրս է թողնում այդ գործընթացից եւ տարակույսներին ի պատասխան` ասում, թե Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց հայ ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը հաշվի առնելու։ Փաստորեն, սա ընդունելի դիրքորոշո՞ւմ կլինի Հայաստանի համար։ Ալիեւը, ի դեպ, դեռ տարիներ առաջ, երբ Հայաստանը հռչակվեց Ռուսաստանի ֆորպոստ, հրապարակային հայտարարեց` դեռ պետք է մտածել` Ղարաբաղի հարցով ում հետ բանակցել` ֆորպոստի՞, թե ֆորպոստատիրոջ։ Եւ ահա քեզ արդյունքը` Մեդվեդեւի քավորությամբ ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը, որը հեռակա բարեւներ է հղում բանակցային գործընթացի երբեմնի մասնակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Իսկապես, ցանկության դեպքում անգամ շատ դժվար է հասկանալ Սերժ Սարգսյան անունով մարդուն. կամ այս անձնավորությունը Քիսինջերի մակարդակի դիվանագետ է, Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ, կամ էլ ուղիղ այնպիսին է, ինչպիսին իր դեմքի արտահայտությունից կարելի է եզրակացնել։ Իմ անձնական կարծիքը ոչ մեկի վզին չեմ փաթաթում. մտածեք, համադրեք փաստերը եւ ինքներդ եզրակացություն արեք։ Իսկ Բարաք Օբամայի` Բաքվում հայտնված մենեջերը ԱՄՆ նոր նախագահին կբացատրի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ նախագահի կողմից բացասաբար կազդի այն շինիչ մթնոլորտի վրա, որ հաստատվել է հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի համատեքստում։ Շառլ Ազնավուրը էսքանը հաստատ գլխի է ընկել, դրա համար էլ մերժել է պաշտոն ստանալու` Սերժ Սարգսյանի առաջարկը։ Ֆրանսիայի հայ համայնքը, որը ամենաօրթոդոքսն է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, այսպիսով իր առաջին բոյկոտը ցուցադրեց Սերժ Սարգսյան անունով աջ եզրային կիսապաշտպանին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 13, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. հայ
    Փետրվար 13th, 2009 at 03:14 | #1

    Ազնավուրը միտքը փոխել է, համաձայնել է դառնալ դեսպան:

    Ես վաղուց եմ նկատել, որ Ազնավուրի համար ռեժիմ ասածը չկա. իր համար գոյություն ունի միայն ՀԱՅԱՍՏԱՆ, եւ վերջ: Ինքը Հայաստանին նայում է մոտավորապես մի երկու հարյուր տարի հետոյի աչքերով…

    Մեծ մարդ ու Մեծ արվեստագետ է: Նաեւ Մեծ դեսպան կլինի, երեւի:

  2. Նարեկ
    Մայիս 29th, 2009 at 05:26 | #2

    Նիկոլ, բայց դու դեմք ես, լուրջ եմ ասում, քեզ կարդալուց շատ եմ ծիծաղում՝ լիաթոք…

  1. No trackbacks yet.