> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ KAREN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ KAREN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց karen-ից

Զույգ տղա` 1+1+kartzum es hangist gnalu en srank? inch kuzenayir henz ays pahin??? hargeli nicol chek kartzum vor ays angam el ishxanutyun tenchazogner@ kmtnen hegapoxakanneri mej??????

Նիկոլի պատասխանը - Սիրելի Կարեն. այս պահին իրականացնում եմ իմ ցանկությունը, պատասխանում եմ ձեր հարցին եւ շատ եմ ցանկանում, որ իմ պատասխանները ձեզ բավարարեն: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը` սրանք, իհարկե, հանգիստ չեն գնալու, բայց մենք էլ չենք հանգստանալու մինչեւ սրանց չուղարկենք: Սա միանշանակ: Ինչ վերաբերում է «իշխանություն տենչացողներին», ուզում եմ ընդգծել, որ քաղաքականությունը ի բնե պայքար է իշխանության համար, եւ իշխանության համար պայքարին չպետք է վերաբերվել որպես արտառոց կամ աղետալի ինչ-որ բանի: Ընդհակառակը` պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանության համար պայքարի ավելի լայն դաշտ ձեւավորվի: Այլ բան, որ այդ պայքարը պետք է հիմնված լինի որոշակի սկզբունքների, իդեալների, գաղափարների վրա: «Իշխանություն տենչացողներ» ասելով դուք, թերեւս, նկատի ունեք անսկզբունք մարդկանց, ովքեր որեւէ պայքարի մեջ մտնում են ոչ թե իրենց սկզբունքներից, գաղափարներից ելնելով, այլ հաշվարկով, թե այս ճանապարհով կարելի է իշխանության հասնել եւ հետագայում օգտվել իշխանության ընձեռած հնարավորություններից` նեղ անձնական նկատառումներով:

Սիրելի Կարեն, մեր Շարժումը հարյուր հազարավոր մարդկանց է ընդգրկում, եւ ոչ ոք երբեք չի կարող բացառել այսօրինակ դրդապատճառներ ունեցող մարդկանց առկայությունը մեր շարքերում: Ընդհակառակը, շատ մեծ է հավանականությունը, որ այդպիսի ներքին մոտիվացիաներ ունեցող մարդիկ կան: Բայց նախկինում մի քանի անգամ ասել եմ, որ լավ իշխանության երաշխիքը ոչ թե քաղաքական վերնախավն է, այլ ակտիվ քաղաքացիական հանրությունը, որը ոչ մի պայմանով չի հանդուրժի որեւէ իշխանական անձի որեւէ ապօրինություն: Եթե մեր շարքերում կան մարդիկ, ովքեր իշխանության են ձգտում թալանով ու ապօրինությամբ զբաղվելու համար, այդ մարդիկ հեռանկար չունեն, որովհետեւ երբ որ նրանք իշխանության մեջ լինեն ու փորձեն իրագործել իրենց սեւ մտադրությունը` մենք, ՀՀ քաղաքացիներս, ես ու դուք այդ մարդու վզակոթին տալով դուրս կանենք իշխանական կաբինետներից, եթե իհարկե, գործող քաղաքական, պետական, դատական, իրավապահ համակարգը ինքը այդ անձին դուրս չվռնդի սեփական շարքերից, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Եւ մեր խնդիրը պետք է լինի ոչ թե «ազնիվ անձանցից» կազմված իշխանություն ձեւավորելը, այլ այնպիսի համակարգի ստեղծումը, որը գոյատեւման ոչ մի շանս չի տալիս անազնիվ իշխանությանը: Այդպիսի թիվ մեկ համակարգը ազատ ընտրության հնարավորությունն է, ազատ մամուլի, անկախ դատական համակարգի գոյությունը, իսկ այս ամենի գոյության երաշխիքը` ինքնիշխան, ազատ եւ քաղաքացիական գիտակցություն ունեցող ժողովուրդը: «Գյուղ չկա, որ շուն չլինի». ասում է ժողովրդական ասացվածքը, բայց եթե գյուղի բնակչությունը փայտը ձեռքին է պահում, շունը անում է միայն այն, ինչ հարկավոր է անել փայտով գլխին չստանալու համար: Ո՛րեւէ իշխանություն, ո՛րեւէ իշխանություն, անգամ Հայ ազգային կոնգրեսի լիդերներից կազմված իշխանությունը պետք է շան պես վախենա սեփական ժողովրդից, եւ շան պես հավատարիմ պետք է լինի իր ժողովրդին: Իսկ նման վիճակ ունենալու համար ժողովուրդը պետք է հույսը դնի ոչ թե իշխանավորի ազնվության, այլ սեփական քաղաքացիական ինքնագիտակցության, սեփական իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ընդունակության վրա: Այս պարագայում ազնիվ լինելու մղումը ոչ թե իշխանության կողմից ժողովրդին արված լավություն կլինի, այլ ինքնապաշտպանական ռեֆլեքս: Եւ մեր խնդիրը այս ռեֆլեքսը անշրջելիորեն իշխանական կաբինետների պատերին ծեփելն է: Լավ եղեք, սիրելի Կարեն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.