> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՇԱԿԱԼՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՇԱԿԱԼՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Դեռեւս տարիներ առաջ, Քոչարյան-Սարգսյան զույգի իշխանավարության եւ դրա մեթոդների մասին խոսելիս` Ավետիս Հարությունյանը օգտագործեց «Շակալների խրախճանք» ձեւակերպումը։ Այսպիսով բնորոշվում էր ՀՀ-ում հաստատված իշխանական աշխարհընկալումը, հոգեբանությունը, մտածողությունը։ Մեր իրականությունը այս ձեւակերպման մասին խոսելու առիթներ հաճախ է տալիս, բայց փետրվարի 6-ին Երեւանի Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածը ուղղակի ինքն է վազում-մտնում այսպիսի վերնագրի տակ։ Այդ օրը Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը նիստ էր արել եւ խորհրդի նախագահի պաշտոնում ընտրել ԱԺ նախագահ Հովիկ Մուկ-Աբրահամյանին` մինչ այդ, իհարկե, պաշտոնանկ անելով խորհրդի գործող նախագահ Տիգրան Թորոսյանին։ Սա կարելի էր համարել ուշադրության ոչ ենթակա իրադարձություն, եթե չլիներ մի փոքրիկ հանգամանք։ Բուհի կառավարման խորհուրդը, որ ընդամենը մեկ տարի առաջ նույն միաձայնությամբ ղեկավար էր ընտրել Տիգրան Թորոսյանին, նույնպիսի միաձայնությամբ տապալեց նրան` հարկ չհամարելով անգամ կառավարման խորհրդի գործող նախագահ Թորոսյանին տեղյակ պահել նիստի մասին։ Ինչպես ԱԺ նախագահի պաշտոնից իր մոտալուտ հեռանալու մասին, այնպես էլ Տնտեսագիտական համալսարանի պաշտոնից զրկվելու լուրը Թորոսյանը իմացավ մամուլից։ Հենց սա է, որ կոչվում է շակալների խրախճանք. քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքում պաշտոնանկություններ լինում են, բայց շակալների խրախճանքի առանձնահատկությունն այն է, որ ոհմակի անկյալ անդամին ոչ թե ճանապարհում են կամ լքում, այլ դարանակալ, անպայման դարանակալ հարձակվում նրա վրա եւ հոշոտում։ Շակալների ոհմակի յուրաքանչյուր անդամ փորձում է մի կտոր փախցնել ոհմակի հոշոտված անդամի դիակից, միեւնույն ժամանակ` առավել փութաջանորեն կատարել ոհմակի վաժակի հրահանգը։ Հովիկ Մուկ-Աբրահամյանը հերթական անգամ սխալվել է, երբ մտածել է, թե սափրագլուխներ ասելով` նկատի են առնվում գլխին մազեր չունեցող մարդիկ։ ԱԺ գործող նախագահը, եթե անգամ երկար հյուսեր ունենա կամ էլ գլխին կոս անի, չի դադարելու սափրագլուխ լինելուց, եւ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամները, ինչպիսի տիտղոսներ էլ ունենան, ընդամենը սովորական սափրագլուխներ են, շակալների ոհմակի ողորմելի լեշակերներ, որովհետեւ չի գտնվել որեւէ մեկը, որ դեմ քվեարկի այդ քստմնելի հեռակա դավադրությանը, չի եղել մեկը, որ անկյալ սպիկերի աչքերի մեջ նայելու ուժ եւ բարոյականություն ունենա։ Խնդիրը ամենեւին էլ Տիգրան Թորոսյանը չէ, խնդիրն ամենեւին էլ այն չէ, թե նա որքանով է արժանի կամ որքանով արժանի չէ նման վերաբերմունքի։ Խնդիրն այն է, որ շակալների դավադիր քրքջոցները էլ ավելի են թանձրացնում Հայաստանում հաստատված եղկելի մթնոլորտը, որ շակալի կերպարի մեջ տեղավորվելը այլեւս անհնար չեն համարում ոչ միայն այս երկրի շարքային ընտրակեղծարարները, այլեւ դոկտորներ, պրոֆեսորներ, դրամատուրգներ, գրողներ, դերասաններ, երգիչներ, անգամ` եպիսկոպոսներ ու ավելի բարձր։ Սրանում է ողբերգությունը, ողբերգությունն այն է, որ երկրի իշխանական էլիտան այնքան է ախտահարված, որ չի կարող տրվել որեւէ թերապեւտիկ բուժման, բուժումը կարող է լինել միայն վիրահատական։ Սա տեղի ունեցածի բարոյական ասպեկտն է, բայց կա նաեւ քաղաքական խնդիր, եւ Տիգրան Թորոսյանի շուրջ տեղի ունեցողը կարող է տեղավորվել ներքաղաքական պրոցեսների համատեքստում։ Երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» հորջորջվող կուսակցության միջոցով ուզում է իշխանական լծակներ ձեռք գցել։ Այս համատեքստում շոշափվում էր նաեւ Տիգրան Թորոսյանի անունը։ Ենթադրվում էր, որ Թորոսյանը նույնպես պետք է լինի Քոչարյանի ենթադրյալ վերադարձի դավադրության մասնակից։ Մամուլը գրեց, որ այդ անակնկալ-դավադրության իրականացման մեկնարկը տրվելու է ԲՀԿ սպասվող համագումարում։ ԲՀԿ-ն այս լուրերին որեւէ կերպ չէր արձագանքում, եւ պաշտոնական հերքումների տարափը սկսվեց նույն այդ օրը, երբ Տիգրան Թորոսյանին զրկում էին հերթական պաշտոնից։ Եթե Թորոսյանը քոչարյանական դավադրության մասնակից է, սա ցուցադրական ակցիա պետք է լիներ ոչ միայն ընդդեմ նրա անձի, այլեւ այդ դավադրության բոլոր մասնակիցների համար։ Մյուս կողմից` այս համատեքստում ակամա հարցեր է հարուցում Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը, որը, ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանի թիմի կադրերից էր։ Պատահակա՞ն է արդյոք, որ այս սպանությունը, ինչպես նաեւ Տ. Թորոսյանի հերթական պաշտոնանկությունը, տեղի է ունենում քոչարյանական դավադրության սպասման կուլմինացիոն պահին։ Այս հարցին դժվար է պատասխանել, որովհետեւ դրա ճշգրիտ պատասխանը հայտնի է այդ խաղում անձամբ ներգրավված անձանց միայն։ Այս պահին ակնհայտ է սակայն, որ շակալների խրախճանքը ծավալվում է, եւ շակալների քրքիջն է այն հիմնական լեզուն, որով միմյանց հետ շփվում են ավազակապետության տարբեր թեւերը։ Եւ միայն քաղաքացու միասնական ձայնն է, որ երկիրը կարող է ազատել այս արյունաբարո կլանչոցներից։

Հ.Գ. Քոչարյանի վերադարձի թեման շոշափելիս` շատերը հաճախ հարցին նայում են հետեւյալ տեսակետից, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ քաղաքական տարաձայնություններ կան։ Սա հարցը ընկալելու բացարձակ սխալ մեկնակետ է։ Հարցին պետք է մոտենալ շակալների խրախճանքի տրամաբանությամբ։ Իսկ այս տրամաբանությունն ասում է, որ ոհմակի մեջ չի կարող երկու վաժակ լինել, ոհմակը միայն մեկ վաժակ է ունենում։ Եւ եթե որեւէ մեկը վաժակ լինելու հայտ է ներկայացնում, կոմպրոմիս լինել չի կարող` կամ էսկողմ, կամ էնկողմ։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Սուրեն
    Փետրվար 12th, 2009 at 19:42 | #1

    Երբ Թորոսյանը “Կենտրոնով” Պետրոսի հյուրն էր, ասաց, իբր նա դուրս եկավ ՀՀԿ-ից, քանի որ տեսավ, որ իր և կուսակիցների միջև անհաղթահարելի տարաձայնություններ կան:
    Հոկտեմբերի 27-ից հետո, փաստորեն, տարաձայնություններ չկային: Մարտի 1-ից հետո չկային: Միայն երբ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից “գցեցին”, տարաձայնություններ առաջացան:
    ՇԱՏ ԼԱՎ, ՇԱՏ ԼԱՎ:

  2. Արթուր
    Փետրվար 12th, 2009 at 22:18 | #2

    CHarji ed tzrukin andradarnal, inqn tox chmtaci te prcela , inqn el piti kangni datarani araj u patasxan ta shat u shat harceri , sksac sahmanadrutyan hanraqveic minchev patgamavornerin WAxvani dzer@ tal@…
    dra nman putanka strkamitnern ein vor anmnacord carajecin shakalnerin ….

  3. Edgar
    Փետրվար 13th, 2009 at 00:59 | #3

    HZH-um mi lav xosq er asvum nra masin, srbxechi ul ein anvanum Tigran Torosyanin, bnakanabar shakalnery petq e matax anein ulikin ailapes el inch shakal, ankexc asac groshi arjeq chuni ir kokordilosi ardiunqnery, minchev pashtonankutyun el pndum er vor nman ban chka, isk heto anhaxtahareli taradzainutyunner… Nmannerin misht ogtagorcum en heto shprtum. Andranik Margaryany iren misht dimum er Tikoy-ov (inchqan yes em nerka exel erbeq azganunov chi dimel kam Tigran-ov), inqy Tikoyin er arjani u minchev verj el etenc TIKO el mnac!

  1. No trackbacks yet.