ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Տիգրանից
Հարգելի Նիկոլ, ցավում եմ, որ Հայաստանում չեք (չնայած “Երկրի հակառակ կողմը” կարդալիս այդքան էլ վատ դրության մեջ չեք ոնց-որ
ժամանակ առ ժամանակ նույնիսկ նախանձելի): Նախ շնորհակալություն, որ Ձեր հետևողականության շնորհիվ առաջացրեցիք, ավելի ճիշտ վերականգնեցիք քաղաքացիական գիտակցության ոգին (գոնե գիտակից երիտասարդության շրջանում): Իհարկե ցավում եմ, որ արդյունքները շատ ծանր նստեց, բայց գիտակցում ենք, որ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ… Հարգելի Նիկոլ, քավարանով մաքրվելուն դեմ չեմ իհարկե: Այսօր գոնե մեղադրել Պարոն Ջհանգիրյանին նախկինի համար, նույնիսկ անբարո եմ համարում (մարդը բացահայտում է իրենց իսկ ստեղծածի մեղմ ասած թերությունները), սակայն այսպիսի հարց եմ ուզում տալ, եթե ստացվեր այնպես, որ Շարժմանը միանային ասենք Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Գևորգյանը, Ռուբեն Հայրապետյանը և ազգիս նմանատիպ այլ “հերոսներ”, մի՞թե նրանց էլ քաղաքական Զատիկի տեղ պետք է ընդունեինք, համարեինք, որ իրենց Քավարանը անցել են, ախ շատ կասկածելի կթվար այդ ամենը: Դրա համար էլ առ այսօր կասկածելի է թվում Մանվել Գրիգորյանի, Արամ Կարապետյանի անմեղսունակությունը կամ ասենք վեջինիս “հաճախորդ” չլինելը:
Չգիտեմ, մեծ հավատ ունեմ Շարժման երիտասարդական թևի հետ, բայց նախկինները ախ շատ կասկածելի են, դժվար թե Քավարանը կարողանա օգնել:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան. որեւէ անձի արած որեւէ քայլ, ունի որոշակի նշանակություն, բայց մենք անձի պահվածքը, արարքը չենք կարող գնահատել «եթե»-ի հարթության վրա: Ձեր նշած անձինք, կամ առնվազն մի քանիսը ոչ միայն չեն միացել Շարժմանը, այլեւ հանցանքներ են գործել նրա կոնկրետ ակտիվիստների դեմ: Իսկ քաղաքական Զատիկը հանցանքի պատասխանատվությունից ազատող ինդուլգենցիա չէ, մենք այն դիտարկում ենք քաղաքական հարթության մեջ, դա վերաբերվում է քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումներին: Այսինքն` քաղաքական Զատիկ ասելով նկատի չունենք, որ դա մարդասպանին հնարավորություն է տալիս ազատվել իր հանցանքի պատասխանատվությունից: Ոչ ամենեւին. քաղաքական Զատիկը այն է, երբ մարդը գիտակցում է իր անձնական դիրքորոշման, պահվածքի, մտածելակերպի կապը ստեղծված տխուր եւ անհեռանկար իրավիճակի հետ, եւ հրաժարվում է իր նախկին պահվածքից, դիրքորոշումից, անտարբերությունից, իներտությունից, նաեւ ամեն ինչ անում է այդ քաղաքական, քաղաքացիական սխալները ուղղելու համար: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն հայտնի մարդկանց, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Այս գաղափարը ոչ մի կերպ չի առնչվում կատարված հանցանքներին եւ դրանց պատասխանատվությունից խուսափելուն: Հանցանքը եւ դրանից բխող պատասխանատվությունը բոլորովին ուրիշ ոլորտի են վերաբերվում: Բայց այս համատեքստում ուզում եմ մի շեշտադրում անել. կան հանցանքներ, որոնց հասցրած վնասը չափելի է, եւ ուրեմն վերականգնելի: Խոսքը հիմնականում տնտեսակայն եւ բացառապես գույքային վնաս հասցրած հանցանքների մասին է. այսինքն կան դեպքեր, երբ հստակ կարելի է որոշել, որ մարդը այսքան դրամի հարկ է թաքցրել, կամ չի վճարել: Նման դեպքերում հնարավոր եմ համարում, որ տվյալ հարկը իր տոկոսներով, տուգանքներով վերականգնվի, եւ արարքը գործած անձը ասենք` պայմանական պատժի ենթարկվի: Սա միայն այն դեպքում, կրկնում եմ, երբ կատարված հանցանքի հետեւանքները չափելի են եւ վերականգնելի: Բայց որեւէ մեկը չի կարող հույս ունենալ, թե այն հանցանքները, որոնց հասցրած վնասի չափը հաշվելի չէ, ահա այդ հանցանքների պատասխանատվությունից կարելի է խուսափել: Ոչ ոք չի կարող խուսափել արյան պատասխանատվությունից, ոչ ոք չի կարող խուսափել ծանր այն հանցանքների պատասխանատվությունից, որոնց հետեւանքները, որոնց հասցրած վնասները վերականգնելի չեն: Սա միանշանակ: Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ես նույնպես մեծ հույսեր եմ կապում մեր Շարժման` նոր սերունդը ներկայացնող գործիչների հետ, բայց գիտեմ, որ նրանց վերջնական ձեւավորման համար շատ կարեւոր է առաջին սերնդի հեղինակավոր, ինտելեկտուալ, խարիզմատիկ քաղաքական գործիչների աջակցությունը, նրանց փորձի եւ գործունեության ուսումնասիրությունը, համատեղ քաղաքական գործունեությունը` այլապես մենք կունենանք քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որը քաղաքական կյանք մտնելով կկրկնի նախորդ սերնդի գործիչների սխալները: Այս իմաստով ես շատ կարեւոր եմ համարում ժառանգականությունը` արժեքների, փորձի, ինչու ոչ` սխալներից արված հետեւությունների ժառանգականությունը, որովհետեւ ոչինչ չունի ավելի մեծ դաստիարակչական նշանակություն, քան սխալների վերլուծության արդյունքում արված հետեւությունը: Մարդը, քաղաքական թիմը, սերունդը, ժողովուրդը չունի ավելի մեծ ուսուցիչ, քան սեփական սխալները: Եւ նոր սերնդի քաղաքական գործիչը պետք է անձամբ իրենը համարի նախորդ սերնդի քաղաքական գործիչների փորձը, սխալները`դրանք չկրկնելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կարգախոսը` «Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա» նաեւ սա է խորհրդանշում: Շնորհակալություն հարցի համար:













