ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-Ի ՈՒՂԱՐԿԱԾ ՀՈԴՎԱԾԻՆ
Հարց Armen-ից
Սիրելի Նիկոլ, Երբևիցե հոդված գրած չկամ, բայց քո և հարազատներիս խորհրդով որոշեցի գրել և ուղարկել քեզ: Եթե կգտնես որ պետք է, կտպես ՀԺ-ում, եթե ոչ, ես չեմ նեղանա : Կարող ես կրճատել, փոփոխել, ինչը որ կուզես: Ես քեզ վստահում եմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն. կարդացի ձեր հոդվածը եւ կարծում եմ սկզբի համար վատ չէ: Ես, իհարկե, կարող եմ այն կրճատել, խմբագրել, բայց ճիշտ կլինի, որ ինքներդ մի քիչ աշխատեք հոդվածի վրա` իմ օգնությամբ: Նախ կարծում եմ, որ հոդվածը առնվազն կիսով չափ պետք է կրճատվի: Սա ձեզ հնարավորություն կտա ազատվել ավելորդություններից, երկրորդական շեշտադրումներից: Հոդված գրելիս շատ կարեւոր է տարբերակել հիմնականը երկրորդականից, կարեւորը անկարեւորից, կամ ամենակարեւորը` պակաս կարեւորից եւ գրվածքում թողնել միայն ամենակարեւոր շեշտադրումները, որպեսզի հոդվածի ընթերցանությունը չձանձրացնի ընթերցողին, որպեսզի ասելիքը չկորցնի հստակությունը: Ի վերջո հոդվածը գրվում է նախեւառաջ ընթերցողի համար: Եւ եթե դուք կարողանաք այս սկզբունքով կրճատել հոդվածը եւ նոր տարբերակը ուղարկել ինձ, ես հոգ կտանեմ, որ այն տպագրվի թերթում: Կամ էլ, եթե կրկին թերություններ կլինեն, կխնդրեմ շտկել դրանք, եթե, իհարկե, դուք համաձայն եք նման աշխատանք անել: Իսկ ձեր ուղարկած տարբերակի թերությունն այն է, որ հիմնական ասելիքը նյութում ծանրաբեռնված է բազմաթիվ ոչ էական դետալներով եւ մանրամասներով, նույն բանը երբեմն ասվում է մի քանի անգամ, եւ ընդգծվում է ձեր անձնական վերաբերմունքը: Փորձեք այդ ամենին նայել կողքից, դա հնարավորություն կտա որ դուք ընթերցողին ներկայացնեք ոչ թե ձեր անձնական վերաբերմունքը, այլ ուղղակի դիտարկումներ: Այսպիսով, յուրաքանչյուր ընթերցողի հնարավորություն կտաք ինքնուրույն գնահատել այն դիտարկումները, որ դուք եք արել: Շնորհակալություն:













