> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ PHILOSOPHER-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ PHILOSOPHER-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Philosopher (f5blog.com)-ից

Բարև Ձեզ պ-ն Փաշինյան: Նախ առողջություն եմ մաղթում Ձեզ և ուղարկում ամենայն հարգանքներս: Այժմ բուն հարցի մասին: Բազմիցս հանդիպել եմ Ձեր այն մտքին, որ իշխանության գալը ինքնանպատակ չէ, և առաջին հերթին անհրաժեշտ է փոխել հասարակությունը: Բնական է, որ իշխանության գալը չի կարող ինքնանպատակ լինել գաղափարական մարդկանց համար, սակայն, վստահ եմ, նաև` գիտեք, որ հասարակության վերափոխման և վերաիմաստավորման համար նախևառաջ հույժ անհրաժեշտ է քարոզչություն, իսկ տվյալ դեպքում հեռուստատեսային պրոպոգանդա: Սակայն ՀԱԿ-ը չունի եթեր, այլ միայն մի քանի թերթ, որոնք հասանելի են առավելագույնը 30-35.000 մարդու: Կարո՞ղ եք պատասխանել, թե ինչպե՞ս եք պատրաստվում փոխել հասարակությունը առանց քարոզչության և առանց որեւէ միջոցի, երբ հեռուստատեսությամբ տարածվում է աղբ` սերիալներ, անմակարդակություններ` դեգրադացնելով հասարակությանը. ստեղծելով այնպիսի հասարակություն, որին ավելի դյուրին լինի ոչխարի հոտի պես քշել այս ու այն կողմ` “գյադեք էս յան, գյադեք` էն յան” սկզբունքով:

Նիկոլի պատասխանը - Հարգելի բարեկամ. այո, Հայ ազգային կոնգրեսը չունի հեռուստատեսային եթեր, եւ այս իշխանության օրոք չի էլ ունենա: Բայց սա չի նշանակում, որ պետք է ասենք` դե լավ, որ հեռուստատեսային եթեր չունենք, ուրեմն եկեք «գնանք տուն»: Այն, որ այսօր 35 հազար մարդու հասանելի է ժողովրդավարական մամուլը, շատ լավ է, որովհետեւ երկու տարի առաջ այդ նույն մամուլը հասանելի էր կիսով չափ պակաս թվով մարդկանց: Բացի այս` վերջին մեկուկես տարվա ընթացքում ահռելի տպաքանակներով DVD սկավառակներ են թողարկվել, որոնք եւ՛ գաղափարներ, եւ՛ տեղեկություններ տարածելու միջոց են դարձել: Բայց գլոբալ առումով գաղափարների տարածման հարցի լուծումը նույնպես տեսնում եմ «1+»-ի մեջ, որովհետեւ ձեր նշած 30-35 հազար մարդը իր հերթին ինֆորմացիայի, այսպիսով նաեւ գաղափարի կրող է եւ պետք է փորձի իր ուժերի ներածի չափով դառնալ նաեւ այդ տեղեկատվության եւ գաղափարի տարածողը: Կարդացածը փոխանցի ուրիշին, դիտած սկավառակը փոխանցի ուրիշին, այս ուրիշն էլ ուրիշին եւ այդպես շարունակ: «1+»-ի իմաստներից մեկն էլ հենց սա է, որպեսզի մենք ոչ թե նստենք մտածենք, թե ՀԱԿ կենտրոնական գրասենյակը ինչ կձեռնարկի, այլ ինքներս ձեռնարկենք այն, ինչ տվյալ պահին հասու է մեզ: Դառնալ տեղեկատվության կրող եւ տարածող` ինտերնետում, առօրյա շփումներում, աշխատանքի վայրում, ամենուր: Ի վերջո, այս հուժկու շարժումը հենց հեռուստատեսային եթերի բացակայության պայմաններում է ձեւավորվել, սա նշանակում է, որ կարող է զարգանալ նույն պայմաններում: Ուղղակի անհրաժեշտ է հետեւողականություն, նվիրում, կամք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.