> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻՆ

Հարց Հայկից

Նիկոլ ջան, բարևներ: Ներողություն եմ հայցում նախկին հարցում առանց պատճառի պատասխան ակնկալելու դիմաց արված ենթադրություններիս համար: Այս անգամ հարցս թերևս լինի ուղղակի: Նախևառաջ կցանկանայի ասել, որ աշխատանքի բերումով շփվում եմ շատերի հետ, իշխանամետ, նաև ընդիմադիր հայացքներ ու կեցվածքներ ունեցող ահնատների: Դիտարկման արդյունքում կարելի է գալ եզրակացության, որ իշխանություն ունեցողները, նկատի ունեմ այսօր, հաստատ ինքնակամ հեռանալու մտադրություն էլ չունեն, դեռ մի բան էլ ավելին` ամեն գնով այն պատրաստ են պահելու: ՍՍ-ն էլ հաստատ ինքը ոչ հրաժարական կտա, ոչ առավել ևս արտահերթ նախագահական ասենք, թե խոհրդարանական ընտրություններ չի անցկացնի: Ասածս այն է, որ սրանք պատրաստ են 10-ը չէ 1000 հոգու էլ սպանեն, միայն թե մնան իշխանության: Հիմա հարցս:

Հեղափոխությունից հետո ի՞նչ է լինելու ասենք Ալեքսան Հարությունյանի, Նաիր Հունանյանի և մյուսների, Հարություն Հարությունյանի հետ, որը տարբեր շրջապատներում ամենավերջին հայհոյանքներն է շռայլում առաջին Նախագահի հասցեին ու հետևից էլ ավելացնում է, որը ինքը և Խաչատուր Սուքիասյանը մանկության ընկերներ են ու կան: Շնորհակալություն պատասխանի համար:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. նախ չեմ կարծում, թե ընթացիկ քաղաքական շրջափուլում կարեւորը իշխանության մտադրությունն է: Կարեւորը մեր մտադրությունն է, եւ մենք մտադիր ենք իշխանության մտադրությունները խափանել, եւ իրականացնել մեր մտադրությունները: Եկեք ելնենք հենց այս իրողությունից: Ինչ վերաբերում է ձեր հարցին. նախ ասեմ, որ որեւէ մեկին հայհոյելը ինքնին հանցանք չէ: Քաղաքականությունը այդպիսի բան է, եւ առանձնապես անբնական չէ, երբ թեժ քաղաքական իրավիճակներում իրենց սեղանների շուրջ քաղաքական թիմերի ներկայացուցիչները հայհոյանքներ են հղում իրենց քաղաքական հակառակորդների հասցեին: Համոզված եմ, մեր թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց զրույցներում ոչ պակաս հայհոյանքներով են պատասխանում հակառակ ճամբարի ներկայացուցիչներին:

Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանին. նրա նկատմամբ կա արդեն կայացված դատավճիռ: Այսինքն` այս մասով հարցը փակված է, որովհետեւ Հունանյանը ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող բարձրագույն պատիժ է ստացել: Ինչ վերաբերում է Ալեքսան Հարությունյանին եւ Հարություն Հարությունյանին, թե նախաքննության մարմինը, թե հանրությունը հոկտեմբերի 27-ին նրանց առնչության վերաբերյալ կասկածներ ունեցել է, այդ կասկածները այսօր էլ կան` եւ Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քրեական գործը ապօրինի ձեւով է կարճվել: Այդ գործը, ինչ խոսք, ավազակապետության տապալումից հետո պետք է վերաբացվի: Բայց ուզում եմ ընդգծել, որ դա չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի միջոց: ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում եւ Ա. Հարությունյանը, Հ. Հարությունյանը, բոլորը` պետք է օրենքով պաշտպանված եւ օրենքի առաջ պատասխանատու լինեն հավասարապես: Եթե նախաքննության մարմինը, դատարանը գտնի, որ որեւէ անձ որեւէ գործով մեղավոր է, այդ վճիռը պետք է փաստերով հիմնավորված լինի եւ հանրության շրջանում վստահություն վայելի, իսկ եթե դատարանը, կամ նախաքննության մարմինը գտնի որ տվյալ անձը անմեղ է, այդ վճիռը նույնպես պետք է վստահելի լինի հանրության համար: Թե ինչ եմ ես անձամբ մտածում Ալ. Հարությունյանի մասին, իրավական հարթության մեջ բացարձակապես էական չէ, էականն այն է, թե ինչի մասին են վկայում փաստերը: Մենք կարող ենք բազմաթիվ քաղաքական գործիչների չսիրել, նրանց քաղաքական մեղադրանքներ ներկայացնել, բայց դա չի նշանակում, թե իշխանության հասնելով պետք է ինքնամոռաց այդ մարդկանց բանտերը լցնենք: Չի էլ նշանակում, թե պիտի աչք փակենք նրանց կատարած հանցանքների վրա` եթե այդպիսիք առկա են: Մենք պարտավոր ենք ստեղծել իրոք անկախ եւ վստահելի դատական համակարգ, որը կդադարի լինել քաղաքական հաշվեհարդարի մեքենա, անկախ նրանից, թե ով է տվյալ պահի իշխանությունը: Արեւմտյան իրավունքում գոյություն ունի մի այսպիսի սկզբունք. ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Կարծում եմ այս սկզբունքը ընդունելի է նաեւ մեզ համար, եւ մեղավորությունը ապացուցող փաստերի բացակայության դեպքում մարդը պետք է համարվի անմեղ: Ըստ ՀՀ Սահմանադրության, որեւէ քաղաքացի պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, եւ նրան մեղադրող անձինք, մարմինները պետք է ապացուցեն նրա անմեղությունը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.