> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԱՐԹՈՒՐԻ 4 ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԱՐԹՈՒՐԻ 4 ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Արթուրից

Նիկոլ ջան շատ հարցեր ունեմ քեզ տալու, բայց սկսեմ նրանցից, որոնք այս պահին մտքումս են:

1. Կոնգրեսը արդյո՞ք գրասենյակներ ունի արտերկրում, խոսքս ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մասին է, եթե այո խնդրում եմ հասցեները հրապարակեք:

2. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, դա ՀՀ քաղաքացին է, շատ գեղեցիկ է հնչում , դեռ ավելին. ես էլ եմ համամիտ այդ մտքին, բայց ո՞վ է ՀՀ քաղաքացին, որը ՀՀ-ն անձնագիր ունի, թե՞ նա, ով ……… (բազմակետի փոխարեն գրիր քո միտքը, ես դա կընդունեմ, որպես հարցի պատասխան):

3. Ի՞նչն է պատճառը , որ սփյուռքը միանշանակ չի գնահատում Հայաստանում տեղի ունեցածը, և այն, որ դեռ նոր պիտի տեղի ունենա: Եթե ԱՄՆ-ում հիմնականում յուրային (կներես, որ այս բառն եմ օգտագործեմ) են, ապա Ռուսաստանում սերժանտական են:

Կռահելով 3-րդ հարցիս պատասխանը` 4-րդ հարցը տամ լա՞վ:

4.Չե՞ս կարծում, որ Կոնգրեսը տեղեկատվական դաշտում լավ չի աշխատում, մի գուցե առաջարկեին` ինչ-որ բանում մենք օգնեինք, կամ սեփական կայք ստեղծեն, ախր մարտի մեկին մնաց մի ամիս: Նախապես շնորհակալ եմ Նիկոլ ջան: Էս տարի մարտի մեկին գարունա գալու…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր` ձեր հարցերին պատասխանեմ հերթով.

1. Հայ ազգային կոնգրեսը գործունեություն ծավալում է թե՛ Լոս Անջելեսում եւ թե՛ Մոսկվայում: Ցավոք այս պահին չեմ կարող նշել գրասենյակների կոնկրետ հասցեներ, փորձեք այդ տեղեկությունը ճշտել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից` 52-09-74 հեռախոսահամարով:

2. Քաղաքացիության հարցում անձնագիրը, ինչ խոսք, կարեւոր դերակատարում ունի, բայց` ոչ վճռական: Քաղաքացիությունը ավելի շատ զգացողության հարց է. կան մարդիկ, ովքեր ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց քաղաքացիության հետ ոչ մի առնչություն չունեն: Եւ կան մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացու անձնագիր չունեն, բայց Հայաստանի լիարժեք քաղաքացի են. օրինակ` Սարգիս Հացպանյանը, Ժիրայր Սեֆիլյանը: Քաղաքացիությունը առաջին հերթին գիտակցություն է, եւ ոչ փաստաթուղթ:

3. Սփյուռքի այն հատվածը, որ ըստ էության չի շփվում հայաստանյան առօրյայի հետ, մեր երկիրը համարում է Արարատի ֆոնին նկարվելու հարթակ, իսկ այստեղ ապրող մարդկանց` այդ հարթակը սպասարկող անձնակազմ: Իսկ նրանք, ովքեր ձգտում են, երազում են երբեւէ ապրել Հայաստանում, չեն կարող համակրանքով չվերաբերվել հանուն Ազատության եւ Օրինականության մղվող մեր շարժմանը, որովհետեւ այս պայքարը նրա համար է, որ Հայաստանը դառնա ապրելու եւ ոչ միայն հեռվից սիրելու համար պիտանի երկիր:

4. Տեղեկատվական դաշտում անելիքներ, իհարկե, կան: Որքան տեղյակ եմ, կոնգրեսի էջ-կայք է պատրաստվում: Հենց թեկուզ իմ այս էջ-կայքը նաեւ տեղեկատվական նկատառումներով է ստեղծվել: Դուք ինքներդ կարող եք աջակցել այդ գործին` տարբեր էջ-կայքերի, դրանց բովանդակության մասին տեղեկատվություն տարածելով:
Շնորհակալություն: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.