> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՒՐԵՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՒՐԵՆԻՆ

Հարց Սուրենից

Նիկոլ ջան, բայց շատ հետաքրքիր է մտածում մեր ժողովուրդը: Անցյալ տարվա ձմռան հանրահավաքներին պատրաստ էին մասնակցել հարյուր հազարներով, իսկ հիմա շատերն ասում են, որ հուսահատվել են: Այնինչ անցյալ տարվա ձմռանը իրավիճակը շատ ավելի բարդ էր: Այսօր հերիք է միայն ներկա լինել նույն վայրում նույն ժամին` մի քանի հարյուր հազար հոգով, և այս վարչախմբի վերջը կգա: Այսօր իշխանագողերը ուժ կիրառելուց առաջ մի լավ պիտի մտածեն` հիշելով, որ Մարտի 1-ին ուժ կիրառելը մարդկանց չվախեցրեց: Ավելին` վարչախումբը մինչև հիմա չի կարողանում Մարտի 1-ի տակից դուրս գալ: Հիմա, երբ ճանապարհի ամենաերկար ու ամենաբարդ հատվածն անցել ենք, ինչպե՞ս կարելի է հուսահատվել: Շատերն ասում են. “Վայ, մենակ Քոչարյանը նորից չգա”: Ինչ է, Քոչարյանի օրոք չե՞նք ապրել 10 տարի, Քոչարյանի օրոք չե՞նք պայքարել շուրջօրյա հանրահավաքներով և նույն Մարտի 1-ին: Նիկոլ ջան, ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Իսկ որոշ հարցերում արդեն հաղթել ենք: Եթե 2 տարի առաջ պայքարն անիմաստ էր թվում բնակչության ճնշող մեծամասնությանը (ինձ էլ), ապա այսօր բոլորը կարող են արդեն տեսնել պայքարի արդյունքները: Առողջություն բոլոր պայքարողներին և քաղբանտարկյալներին:

Հ.Գ. Այն մի քանի “ագՌեսիվ” հարցերին որ դու բարեհամբույր պատասխաններ ես տվել` դրանով մի քանի բան ես ցույց տվել: Նախ` որ այս կայքը իսկապես դեմոկրատական կայք է, և այստեղից չեն հեռացվում այլ կարծիք ունեցողների նամակները: Երկրորդ` որ դու չես խուսափում ոչ մի հարցից, և ունես ցանկացած հարցի պատասխան: Եվ երրորդ` որ դու շատ քաղաքակիրթ և դաստիարակված մարդ ես` ի տարբերություն շատերի: Այդ հարցերը տվողները, եթե մի քիչ նամուս ունեն, պիտի անհարմար զգաին քո բարեհամբույր պատասխաններից հետո: Չնայած կարծում եմ, որ դրանք այն պրիմիտիվ սադրանքներն են, որ մեր խղճուկ իշխանությունները փորձում են իրականացնել ցանկացած նման ֆորումներում: Եվ այդ խղճուկ մեթոդները տեսնելիս ես ավելի եմ համոզվում, որ նման պրիմիտիվ հակառակորդին մենք անպայման ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սուրեն. համաձայն լինելով ձեր դիտարկումների հետ, չեմ կարծում, թե «մեկ հանրահավաքի» տրամաբանությունն ու տրամադրությունը ճիշտ է: Դա մոտավորապես նույնն է, թե որեւէ մեկը փորձի շախմատի չեմպիոն դառնալ միքայլանոց կոմբինացիաների վրա հույս դնելով: Ճիշտ է, ամեն քայլի մեջ հաղթանակի մղում պետք է դրվի, պետք է ամեն քայլ հաղթական դարձնելու փորձ անել, բայց եւ եկեք հասկանանք, որ գոյություն չունեն, չեն կարող գոյություն ունենալ հարյուր տոկոսով հաշվարկված եւ երաշխավորված պարտիաներ: Եթե այդպես լիներ, բուն խաղը կզրկվեր որեւէ իմաստից եւ կողմերը իրենց հաշվարկները ներկայացնելով կորոշեին պարտիայի արդյունքը: Մի անգամ արդեն ասել եմ` եթե հաղթանակը հարյուր տոկոսով երաշխավորված լինի, ով ասես կպայքարի, ով ասես կհաղթի: Բայց իրական կյանքում հաղթում է նա, ով հաղթելու կամք է ունենում, ով ոչ թե երկնքից ընկած հաղթանակ է ակնկալում, այլ փորձում է վաստակել այն: Մեզ համար պետք է կարեւոր լինի ոչ թե այն, թե ինչ են անում ուրիշները, այլ ինչ ենք անում ինքներս: Հաղթանակի ընդհանրական կամքը պահպանելու համար, մեզնից յուրաքանչյուրը նախ պետք է պահպանի ինքն իր կամքը, ընդհանրական նվիրվածությունը պահպանելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է պահպանի իր իսկ նվիրվածությունը, հավատը: Հավատացեք` կամքը, հետեւողականությունը, նվիրվածությունը գրավիչ են եւ ձգողական մեծ ուժ ունեն, եւ եթե մենք հոգ ենք տանում մեր իսկ հավատի մասին, դրանով կարողանում ենք օժտել նաեւ մյուսներին: Ինչ վերաբերում է այլ գործոններին` Ռոբերտ Քոչարյանը կակտիվանա, չի ակտիվանա, դա իշխանության ներքին խնդիրն է: Քոչարյանի ակտիվացումը ընդամենը ակտիվացնում է ներիշխանական գզվռտոցը, եւ այս պրոցեսը անգամ օգտակար է մեզ համար: Բայց մեր անելիքը մեր գաղափարների ակտիվ պաշտպանությունն է, եւ այս գործելակերպը այլընտրանք չունի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Սուրեն
    Փետրվար 7th, 2009 at 16:41 | #1

    Նիկոլ ջան, շնորհակալ եմ պատասխանի համար: Այո, համաձայն եմ շախմատի հետ արած համեմատության հետ: Մանավանդ, որ շախմատում կա ֆիքսված 64 վանդակ, իսկ քաղաքականության մեջ նույնիսկ վանդակների քանակն է փոփոխական:
    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

  1. No trackbacks yet.