> ԵԼՈՒՅԹՆԵՐ > ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԵԿ ՄԱՐԴՈՒՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԵԿ ՄԱՐԴՈՒՑ

Նիկոլ Փաշինյանը «Այլընտրանքի» Մեծ հավաքում. փետրվարի 3, 2007 թ.««Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հավաքի սիրելի մասնակիցներ, հարգելի հյուրեր։ Մեր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, որի քաղաքացին ենք մենք, գտնվում է վտանգավոր հանգրվանում։ Երկրում հաստատվել է քրեածին փողի քրեական իշխանություն, որը պատրաստվում է պետական լծակների մի այնպիսի բռնազավթման, որի արդյունքները վերաքննության ենթակա չլինեն տեսանելի ապագայում։ Այս է պատճառը, որ փողի իշխանությունը, որի իրական բնորոշումը քրեական օլիգարխիան է, չի բավարարվում եւ չի բավարարվելու ֆորմալ իշխանության լծակներ ձեռք բերելով, այլ փորձում է այնպես անել, որ երկրում չմնա այդ բռնազավթումը վիճարկող, դրա դեմ պայքարող եւ ոչ մի բջիջ։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել չակերտավոր մտավորականների ու ազնիվ քաղաքական գործիչների խրձերի առքուվաճառքը, որ իրականում սկսվել էր դեռ երկար տարիներ առաջ։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել կարտոֆիլի եւ տուկի թելի բաժանման, հասարակության դոդացման, ռոբացման եւ սերժանտացման գործընթացը։ Մոլորված են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այս ամենը օլիգարխիան անում է ընտրությունների ընթացքում ձայների արժանանալու համար։ Նրանց ամենեւին պետք չեն մեր քաղաքացիների ձայները. թանաքն էլ, գրիչն էլ, ինչպես ասում են, իրենց ձեռքում են։ Իրականում այս ամենը արվում է հասարակությանը եւ նրա առանձին անդամներին կաշկանդելու համար, որպեսզի մենք այլեւս բարոյական ուժ չունենանք բարձրաձայնելու մեր տեսածի մասին, դիմադրելու այս աննախադեպ անկմանը։ Նրանք ուզում են մեզ բոլորիս իրենց բռնազավթման, իրենց պղծության մասնակիցը դարձնել` այդ ընթացքում փորձելով ստանալ եթե ոչ մեր գործակցությունը, ապա գոնե լուռ համաձայնությունը կամ պարտադրված լռությունը։ Նրանք ընտրակաշառք չէ, որ բաժանում են, այլ փորձում են մեզնից յուրաքանչյուրի գրպանը խոթել այն 30 արծաթը, որով մենք պիտի վաճառենք մեր երեխաների ապագան` նրանց դատապարտելով սափրագլուխների սպասարկուի մշտական կարգավիճակին։ Եւ ուրեմն, ինչո՞ւ ենք մենք այստեղ հավաքվել. մենք հավաքվել ենք` իրար եւ մեր երեխաներին խոստում տալու, որ դիտորդի նման չենք հետեւելու այս անկմանը, Հայաստան երկրի սոդոմացմանը։ Եւ ավելին` մեզնից կախված ամեն ինչ անելու ենք` մեր երազած երկիրը մեր երեխաներին ժառանգելու համար։ Մենք հավաքվել ենք խոստում տալու, որ չենք խնայելու ինչպես ինքներս մեզ, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր կկանգնեն մեր ճանապարհին եւ կփորձեն մեր ձեռքերից վերցնել մեր երեխաների ապագան։ Մենք հավաքվել ենք խոստում տալու, որ հաղթելու ենք եւ հաղթանակի ենք բերելու մեր գաղափարները, սա է մեր այլընտրանքը, եւ այս այլընտրանքը այլընտրանք չունի։

Թանկագին բարեկամներ.

Այսօր մենք պետք է ազդարարենք, բարձր եւ վստահ ազդարարենք քաղաքական նոր հոսանքի ծնունդը, հոսանք, որի հիմնական նպատակը, քաղաքական նպատակը երկրում իշխող մտածողության, եւ այսպիսով` իշխող համակարգի փոփոխությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը, որում հայտնվել ենք, ընդամենը հետեւանք է այն մտածողության, որի կրողն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այսինքն` մենք։ Եւ քաղաքական փոփոխությունները, որոնք մենք փափագում ենք, անիմաստ կդառնան առանց մտածողության փոփոխության, առանց մտածողական որոշակի կաղապարներից հրաժարումի։ Սա վերաբերում է ոչ միայն ներհասարակական, այլեւ արտաքին հարաբերություններին, եւ մենք պետք է կարողանանք հրաժարվել աշխարհի եւ մեզ շրջապատող իրականության ավանդական ընկալումից։ Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանը պետք է հրաժարվի հույզերի եւ գաղափարախոսական կանխադրույթների սպասարկումից եւ դառնա ռացիոնալ քաղաքականությանը, ինչը ենթադրում է, որ արտաքին քաղաքական ամեն քայլ պետք է ունենա իր հստակ նպատակը եւ երկրի ընթացիկ ու ռազմավարական շահերին բերի շատ կոնկրետ արդյունքներ, այնպիսի արդյունքներ, որոնք լինեն հաշվելի, չափելի, շոշափելի։ Ընդ որում, արտաքին քաղաքական յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա իր հստակ «նախահաշիվը», որտեղ մանրամասնորեն վերլուծված կլինեն բոլոր հնարավոր ռիսկերն ու հարակից էֆեկտները։ Կոմպլեմենտարիզմի արդյունքում արտաքին քաղաքականությունը Հայաստանում դարձել է անտեսանելի եւ լղոզված մի բան, որը հնարավոր չէ գծագրել, որի արդյունքները հնարավոր չէ ստուգել։ Սա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին հանրությանը ցույց են տվել միայն դիվանագիտական հաջողություններ, որովհետեւ պարտավորված չեն եղել հաշվետու լինել, թե դրանք ինչպիսի՞ օգուտներ են բերել մեր երկրի ընթացիկ եւ ռազմավարական շահերին։ Լեռնային Ղարաբաղի հարցում հաղթողական քաղաքականություն որդեգրած ավանդական մտածողությունը շարունակում է հաղթական տեղապտույտը. այս ընթացքում իշխանական քարոզչությունը, հանրությանը մատուցելով էժանագին կեղծ հայրենասիրական լոզունգներ, թաքցնում է բուն ճշմարտությունը այն մասին, որ իրենց վարած քաղաքականության արդյունքում տարածաշրջանի երկրները որդեգրել են Հայաստանին չնկատելու մարտավարություն, եւ որ սարսափելի է` հաջողությամբ իրականացնում են դա։ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը այս շղթայի վերջին օղակն է, ինչը տարածաշրջանի երկրներին հնարավորություն կտա գործել այնպես, կարծես Հայաստան պետություն գոյություն չունի անգամ։ Մենք չենք կարող հարմարվել այս իրադրության հետ, բայց իրադրության փոփոխությունը հնարավոր չէ առանց իշխանության փոփոխության, որովհետեւ քրեական օլիգարխիայի վերածված այս իշխանությունը ի վիճակի չէ կանխել Հայաստանի հարաճուն մեկուսացումը, այն դուրս բերել հարաբերությունների նոր մակարդակ, ետ պտտել ֆորպոստացման անիվը։ Բայց իշխանության փոփոխությունը անիմաստ է առանց մտածողության փոփոխության։ Մենք պետք է ձեւավորենք նոր մտածողություն, մենք պետք է ձեւավորենք նոր գիտակցություն, մենք պետք է ձեւավորենք նոր իշխանություն, որը կկերտի նոր Հայաստան, որը կկարողանա ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը եւ ստանձնել ոչ միայն ազգային, այլեւ տարածաշրջանային առաքելություն։

Թանկագին բարեկամներ.

Հայաստանը կորցրել է իր ուղենիշները, իր երազանքը, եւ սրա կարեւորագույն ցուցիչներից մեկը ապագայի նկատմամբ մեր երկրի քաղաքացիների անվստահությունն է, ապագայի անորոշությունը։ Քաղաքական թատերաբեմում չկան երկրի ապագայի մոդելներ, չկա երկրի ապագայի մասին բանավեճ, այս է պատճառը, որ առկա բանավեճերի թեման ոչ թե երկրի ապագան է, այլ անցյալը, քննարկման նյութը ոչ թե քաղաքական գործիչների գաղափարներն են, այլ նրանց սրամտությունները, դեմքի արտահայտությունը, ձայնի տեմբրը կամ մուսկուլների հաստությունը։ Առաջիկա ընտրություններում էլ ընտրությունը ոչ թե երկրի ապագայի մոդելների մեջ է կատարվելու, այլ դեմքի տարբեր արտահայտությունների, սանրվածքների կամ ավտոմեքենաների պետհամարանիշների։ Եւ ահա, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության գործունեությունը հիմնված է ոչ միայն այսօրվա իրողությունների եւ արատների քննադատության, այլեւ ապագայի նախագծման վրա։ Մենք մեր գործունեության հիմքում դրել ենք Հայաստանի Հանրապետության ապագայի շատ կոնկրետ մոդել, որում փորձ ենք անում ուրվագծել մեր երազած երկիրը, այն, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում։ Հենց այդ ապագայի հայրենիքի ուրվագիծն է, որ մենք արել ենք մեր հրատարակած հայեցակարգային փաստաթղթում։ Հենց այս նախագիծն է, որ միավորել է «Այլընտրանքում» գործունեություն ծավալելու պատրաստակամություն հայտնած մարդկանց` դառնալով նրանց գործունեության գաղափարական հենքը։ Եւ ուրեմն, ո՞րն է մեր պատկերացրած վաղվա Հայաստանը, ինչպիսի՞ երկիր ենք մենք ուզում։ Մենք ուզում ենք մի այնպիսի հայրենիք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի սոցիալական եւ հասարակական դիրքին արժանանում է իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ։ Այսինքն, Հայաստանը պետք է դառնա մի այնպիսի պետություն, որը յուրաքանչյուր քաղաքացու ինքնարտահայտվելու, սեփական հնարավորությունները լիարժեք օգտագործելու հնարավորություն է տալիս։ Իսկ նման բան հնարավոր է միայն խաղաղության, օրինականության, սահմանադրական իշխանության, ժողովրդավարության, տնտեսական եւ քաղաքական ազատության պայմաններում։

Բոլոր, այդ թվում` մարդկային ռեսուրսներով աղքատ Հայաստանի համար մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ազգային անվտանգության խնդիր է։ Այդ ռեսուրսը արդյունավետ հնարավոր է օգտագործել միայն այն պարագայում, եթե յուրաքանչյուր ոք իր ընդունակությունները դրսեւորելու հնարավորություն ունենա։ Սա այսօր առավել քան հրատապ խնդիր է, եւ սա հասկանալու համար հարկավոր է ընդամենը մի հայացք ձգել մեր երկրի կառավարությանն ու խորհրդարանին։ Երկրի կառավարման ղեկին են հայտնվել մարդիկ, ում օբյեկտիվ ընդունակությունների իրացումը նրանց պիտի տաներ կա՛մ ուղղիչ աշխատանքային հիմնարկներ, կա՛մ էլ կիլոմետրերով հեռու պահեր պետական կառավարման համակարգից։ Օբյեկտիվ ընդունակությունների իրացման դաշտ այսօր չկա հասարակական-քաղաքական կյանքի ոչ մի ոլորտում, եւ սա մեր երկրի առաջ կանգնած ամենակարեւոր խնդիրն է։ Խոսենք օրինակներով. մեծագույն ցանկության դեպքում անգամ որեւէ մեկը մեր երկրում չի կարող զբաղվել, ասենք, բենզինի, շաքարավազի ներկրմամբ կամ զբաղվել բիզնեսի շահութաբեր ոլորտներում, եթե չունենա իշխանության դաբրոն։

Մոնոպոլիան եւ հովանավորչությունը, կոռուպցիան եւ կաշառակերությունը օբյեկտիվ ընդունակությունների իրացման ոխերիմ թշնամիներն են, եւ երկրում պետք է ձեւավորվի այնպիսի իշխանություն, որ կստանձնի այս հարցերի լուծման պատասխանատվությունը, որը բիզնեսը իշխանությունից տարանջատելու, այսինքն` օլիգարխիայի վերջը դնելու կամք կունենա։ Հենց օբյեկտիվ ընդունակությունների իրացման դաշտում ենք մենք տեսնում սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծումը. այսօր մեր երկրում շատերը աղքատ են այն պատճառով, որ զրկված են ինքնադրսեւորվելու, իրենց ընդունակությունները իրացնելու հնարավորությունից։ Սրան հակառակ, երկրում ձեւավորվել է մի խավ, որի ներկայացուցիչները մոնոպոլիզացրել են քաղաքական, տնտեսական, կառավարման, կրթական համակարգերը, եւ այստեղ ինքնադրսեւորվելու հնարավորություն չունի նա, ով չի ճանաչել քրեական օլիգարխիայի գերակայությունը, չի անցել նրա թրի տակով։ Այդ օլիգարխիան է, որ ըստ էության դուրս գտնվելով հարկային դաշտից` երկրի պետական բյուջեի բեռի առյուծի բաժինը դրել է միջին եւ մանր բիզնեսի վրա` նրան պահելով շնչահեղձության եզրին։ Իսկ սա նշանակում է, որ այն «Համերները», որ շրջում են մեր փողոցներում, սափրագլուխների ապօրինի զինված խմբավորումները ձեւավորվում են ուսուցիչների աշխատավարձերից, ծերերի եւ հաշմանդամների թոշակից, աղքատության նպաստներից գողացած միջոցների հաշվին, այն միջոցներով, որ պետությանը չեն վճարվում որպես պարտադիր սոցիալական վճար, որպես մաքսատուրք, շահութահարկ կամ եկամտահարկ։ Հենց այս միջոցներով են ոմանք այսօր աջուձախ չակերտավոր բարեգործություն անում, եւ մենք պետք է Հայաստանի Հանրապետության` կարտոֆիլային գայթակղությանը տրված քաղաքացիներին բացատրենք, որ ամենեւին էլ իրենց կաշկանդված չզգան մի քանի կիլոգրամ կարտոֆիլ կամ բրինձ վերցնելով, որովհետեւ նրանց վերադարձնում են իրենցից գողացվածի մեկ հազարերորդական մասը։ Ժողովուրդը պետք է հաղթահարի խեղճությունը եւ պետք է կարողանա ամբողջ գողացվածի պահանջատերը լինել, եւ «Այլընտրանքը» գալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս վստահությունը եւ հաստատակամությունը հաղորդելու։

Հարգելի բարեկամներ.

Երկրում առկա ախտերի մասին բարձրաձայնող հասարակական կամ քաղաքական ամեն միավոր, որպես կանոն, շատ արագ մեղադրվում է նեգատիվիզմի մեջ։ «Մի՞թե մեր երկրում ոչ մի լավ բան չի կատարվում»,- հարցնում են նրանք, ում վերջին տարիներին ընդունված է անվանել պետականամետ։ Սա օրվա կարեւորագույն հարցերից մեկն է, որ սպասում է համակարգված պատասխանի։ Եւ ուրեմն, ի՞նչ նկատի ունեն նրանք. օլիգարխիայի իշխանությունը հպարտությամբ է հիշատակում Երեւանում սկիզբ առած շինարարական բումը, որը կազմում է վարչակազմի քարոզած տնտեսական աճի առյուծի բաժինը։ Իսկ ի՞նչ է թաքնված շինարարական այդ բումի ետեւում. առաջին հերթին իշխանություն կոչվող խմբի հակասահմանադրական, հակաօրինական գործունեություն, մի բան, որ հաստատված է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Բայց հակասահմանադրական որոշում ասվածը սոսկ արտահայտություն չէ, այլ տասնյակ հարյուրավոր` իրենց տներից քշված ընտանիքներ` կանայք, ծերեր, երեխաներ։ Եւ խնդիրը այն չէ, որ արդեն հանրահայտ Բուզանդի եւ այսօրինակ ճակատագրի արժանացած այլ փողոցների բնակիչներին տնտեսապես ոչ շահավետ գործարք են պարտադրել։ Խնդիրն այն է, որ չի կարող «լավ բան» համարվել սեփական երկրի քաղաքացիների նվաստացումը, նրանց արժանապատվության եւ իրավունքների ոտնահարումը, ինչքան էլ այն բոնբոներկայի կամ որեւէ այլ փայլուն բանի տեսք ունենա։ Չի կարող որեւէ դրական բան տեղի ունենալ այնտեղ, որտեղ իշխում է ապօրինությունը, բեսպրեդելն ու ամենաթողությունը։ Մեզ պետք չէ, այսպես կոչված, էլիտար Հայաստան, մեզ հարկավոր է Հայաստան, որը հավասարապես հասանելի է բոլոր քաղաքացիներին, եւ նրանցից յուրաքանչյուրը երկրում օգտվում է հավասար հնարավորություններից։ Կայունությունն է վարչախմբի հաջորդ խաղաքարտը, որ ոմանք փորձում են դարձնել համազգային նոր իդեա։ Բայց ինչպե՞ս է ապահովվում այդ գովական կայունությունը, մի՞թե հանրային լայն համաձայնության եւ այն բանի շնորհիվ, որ իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը կամ էլ երկիրը որեւէ հանգրվանի հասցնելու մանդատ է ստացել ժողովրդից։ Ո՛չ ամենեւին, եւ այն, ինչ իշխանական քարոզիչները կայունություն են անվանում, ավելին չէ, քան վախի եւ սպառնալիքների վրա հիմնված աննպատակ լճացում, որի պահպանումը ձեռնտու է մեր իրականության միայն մեկ սուբյեկտի` օլիգարխիային, քանի որ միլիոնների եկամուտներ է բերում նրան։ Եւ մյուս կողմից` ի՞նչ է իր տակ թաքցնում այդ փառաբանված կայունությունը. դարձյալ ու կրկին բազմաթիվ ապօրինություններ եւ հանցագործություններ։ Հիշենք թեկուզ տասնյակ հարյուրավոր ապօրինի ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները, «Ա1+» հեռուստաընկերության ապօրինի եւ լկտի փակումը, եւ որպես արդյունք հանրության` երկրում տեղի ունեցողի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալուց զրկված լինելը։ Այդ կայունությունն է, որ վարչակազմին երկիրը անարգել թալանելու հնարավորություն է տալիս։ Այդ կայունությունն է, որ երկրի գլխավոր դատախազ կոչվածին բոստանչի եւ պարբաշի է դարձրել, եւ այդ կայունությունն է պատճառը, որ ոչ ոք փողոց դուրս չեկավ` պատասխան պահանջելու խանութում գնումներ անելիս հանցավոր ռազբորկայի զոհ դարձած ՀՀ քաղաքացու սպանության համար։ Այդ կայունությունն է պատճառը, որ ոչ ոք մինչեւ այժմ էլ պատասխան չի պահանջում այս եւ տասնյակ այլ հանցագործությունների չբացահայտման համար, ինչը տրամաբանորեն հանգեցնում է, որ կայուն եւ զարգացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կուզեկուզ պետք է քայլի սեփական երկրի փողոցներում` հրոսակախմբերի ռազբորկայի պատահական զոհ չդառնալու համար։

Սիրելի բարեկամներ.

«Այլընտրանք» նախաձեռնության հավաք, 03.02.2007Այսուհանդերձ, մեր հավաքը մի սովորական ցերեկույթ կդառնա, եթե մենք մեր խնդիրը դարձնենք գործող օլիգարխիկ վարչախմբին, նրա սպասարկուներին, վաճառված եւ վաճառվող, այսպես կոչված, մտավորականներին եւ չակերտավոր քաղաքական գործիչներին անարգանքի սյունին գամելը։ Մենք համոզված ենք, որ լուծումներ այդպես էլ չեն գտնվի, եթե մենք ինքնաքննադատության ուժ եւ կարողություն չունենանք։ Եկեք չմեղադրենք ուրիշներին, եկեք մեղադրենք ինքներս մեզ։ Մենք խոսում ենք երկրում ծայր առած թալանի մասին, որը արդեն անթաքույց դրսեւորումներ է ստանում։ Մենք խոսում ենք պետական ունեցվածքի փոշիացման մասին, ասում ենք, որ մեր երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնել են ուրիշներին։ Բայց ինչո՞վ ենք զբաղված եղել մենք այդ ընթացքում. զբաղված ենք եղել այդ ամենը դիտելով եւ հանդուրժելով, ինչը ընդամենը լայնացրել է պետության ունեցվածքը փոշիացնողների ասպարեզը։ Ի՞նչ կանեինք մենք, եթե ինչ-որ մարդիկ մտնեին մեր տուն եւ փորձեին դուրս տանել մեր ունեցվածքը, մեր սեղան-աթոռը, մեր բազմոցը կամ սառնարանը։ Իհարկե, թույլ չէինք տա դա անել` անգամ մեր ու մեր երեխաների կյանքի գնով։ Բայց ինչո՞ւ մենք նույնկերպ չվարվեցինք, երբ տանում էին մեր Կոնյակի գործարանը, մեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մեր «Արարատցեմենտը»։ Պատասխանը պարզ է, որովհետեւ մենք չենք սովորել մեր երկրին, մեր հայրենիքին, մեր Հայաստանի Հանրապետության պետությանը վերաբերվել մեր տան պես, եւ սա է պատճառը, որ այն դարձել է հրոսակախմբերի բազմացման թատերաբեմ։ Եւ Բուզանդի փողոցի օրինակը ցույց տվեց, որ ապօրինությունը չի բավարարվելու մեր անտառներն ու բացատները, մեր զբոսայգիներն ու պուրակները գրավելով, նա մտադիր է մտնել մեր տուն, նա ուզում է գալ մեր ետեւից, մեզնից յուրաքանչյուրի ետեւից, եւ մենք հավաքվել ենք այստեղ ցույց տալու համար, որ թույլ չենք տալու դա եւ ոչնչացնելու ենք ապօրինություն եւ բեսպրեդել կոչվող այդ գազանին` հանուն մեր երեխաների ապագայի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ արտաքին գազանին հաղթելու համար նախ հարկավոր է ոչնչացնել ներքին գազանին, նրան, որ բույն է դրել մեզնից յուրաքանչյուրի մեջ։ Մենք խոսում ենք երկրում ծայր առած կոռուպցիայի, կաշառակերության, ստորաքարշության մասին։ Բայց ովքե՞ր են կաշառակերները, թալանչիները, ստորաքարշները եւ ծախու մտավորականները։ Եկեք խոստովանենք, որ այդ մարդիկ երկնքից չեն ընկել եւ դրսից չեն ներմուծվել։ Դրանք մեր ընկերներն են, մեր հարեւանները, մեր բարեկամները, մեր ընտանիքի անդամները։ Առնվազն մենք այն միջավայրն ենք, որում ձեւավորվում են այդ մարդիկ, որում տեղի են ունենում այդ իրադարձությունները։ Եւ եթե մենք չենք խրախուսում թալանով ու ստորաքարշությամբ իրենց բարեկեցությունը կամ մի կտոր հացը ապահովող մեր մերձավորներին, չենք էլ դատապարտում նրանց։ Մեր սեղաններին մենք մեծարում ենք նրանց, խմում նրանց կենացները, ընդունում նրանց բերած նվերները, հատուկ հարգանքի եւ մեծարանքի արժանացնում։ Եւ նրանք տեսնում են, որ այն, ինչ իրենք անում են, այսինքն` կաշառակերությունը, թալանը, գողությունը, ստորաքարշությունը ոչ միայն չի դատապարտվում, այլեւ արժանանում է հարգանքի, այսինքն` ապրելու եւ գործելու այդ կերպը ընդունելի է բոլորիս համար։ Հենց այսպես է Հայաստանում հաստատվել փողի իշխանություն։ Այդ իշխանությունը նախ հաստատվել է մեր գիտակցության մեջ, երբ փողը դարձել է մարդու արժեւորման միակ չափանիշ, եւ ուրեմն փողի ձեռքբերման ցանկացած միջոց ընդունելի է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ենք այս իրականության ստեղծողը, այն մեզ վրա է հենված, եւ եթե մենք փափագում ենք դրա փլուզումը, նախ եւ առաջ պարտավոր ենք հրաժարվել կրել այն իրականությունը, իրականություն, որ հենված է մեր մտածողության, մեր հոգեբանության, մեր վախկոտության, գոռոզության ու հարմարվողականության վրա։ Եւ այդ իրականությանը չծառայելու առաջին քայլը այն է, երբ մեզանից յուրաքանչյուրը իրականության փոփոխությունը սկսի ինքն իր փոփոխությունից։

Տիկնայք եւ պարոնայք.

Եկեք խոստովանենք, որ մենք արժանի ենք այն հայրենիքին, որ ունենք, եւ հասկանանք, որ ավելի լավ հայրենիք ունենալու համար նախ պետք է արժանանանք ավելի լավ հայրենիք ունենալուն։ Եւ ուրեմն, մենք փնտրում ենք ոչ թե քաղաքական կամ քաղաքացիական սրբերի կամ հրեշտակների, այլ մարդկանց, ովքեր գիտակցում են սեփական մեղքը, փոխվելու անհրաժեշտությունը, պատրաստ են փոխվել, փոխել իրենց մտածողությունը, պատրաստ են մաքրվել, պատրաստ են հերոսանալ, պատրաստ են վեհանալ հանուն մեր երեխաների ապագայի։ Սա է մեր այլընտրանքը, եւ այսպիսի այլընտրանք մենք պետք է դառնանք։ Մեր հանդիպումների ընթացքում հանրահայտ փաստեր շարադրելով, իրենց հիասթափությունը արտահայտելով` մարդիկ հարց են տալիս. ինչքա՞ն է շարունակվելու այս անկումը։ Մեր պատասխանը հետեւյալն է. անկումը շարունակվելու է այնքան, քանի դեռ մենք ինքներս չենք դադարել ընկնել։ Այդ պրոցեսը շարունակվելու է այնքան, քանի դեռ չի ձեւավորվել այն ուժը` Քաղաքացին, որ պատրաստ է անգամ անձնական զրկանքների գնով կրկին իրեն վերադարձնել երկրի տիրոջ իրավունքը։ Եկեք լուծումներ չփնտրենք մեզնից դուրս, լուծումները մեր մեջ են, մեզնից յուրաքանչյուրի մեջ։ Քաղաքական գործիչների մեջ մի փնտրեք փրկիչների, որովհետեւ փրկիչը ձեր մեջ է, փրկիչը ձեզնից յուրաքանչյուրի մեջ է, եւ երկրի փրկությունն էլ կախված է նրանից, թե ինչքանով մեզնից յուրաքանչյուրը ի վիճակի կլինի իր մեջ փնտրել, գտնել եւ արթնացնել քնած փրկիչին։ Թող ամեն մարդ հենց հիմա, հենց այստեղ ինքն իր համար կրկնի, անընդհատ կրկնի հետեւյալ բանաձեւը. «Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ»։

Այսօր խոսելով քաղաքական հնարավոր պրոցեսների մասին` ոմանք ասում են, թե մարդիկ դուրս չեն գա պայքարի։ Եկեք չխոսենք ուրիշների անունից, որովհետեւ դա երբեմն մեր թուլությունը թաքցնելու միջոց է։ Յուրաքանչյուրն իր անունից թող խոսի եւ ասի` արդյոք անձամբ ինքը պատրա՞ստ է քայլ անել հանուն իր երեխաների ապագայի։

Եւ այս մոտեցումը ցույց կտա, թե ով ով է։ Այս մոտեցումը պարզ եւ ակնհայտ է դարձնում մեզնից յուրաքանչյուրի անելիքը։ Հենց այդպիսի մի մոտեցման արդյունք է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը։ Երբ ձեւավորվեց «Այլընտրանքի» առաջին նախաձեռնող խումբը, շատերը նրան կասկածով վերաբերվեցին։ Շատերի համար սա քաղաքական լիդերության հերթական մի մրցավազք էր, առաջինը լինելու համար մղվող պայքար։ Սակայն մարդիկ այստեղ հավաքվեցին ոչ այն պատճառով, որ գործունեության հարթակ էին փնտրում, այլ այն պատճառով, որ հասկացել ու որոշել էին, որ չեն ուզում համակերպվել երկրում ստեղծված հուսահատ վիճակի հետ եւ իրենցից կախված ամեն ինչ պետք է անեն` ցանկալի փոփոխությունները հնարավոր դարձնելու համար։ Եւ «Այլընտրանքի» հիմքում դրվեց մի սկզբունք, որ աննախադեպ էր Հայաստանի ներքաղաքական կյանքի համար։ Մեր համախոհները նրանք են, ովքեր պատրաստ են քաղաքական գործունեության ընթացքում առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ։ Սա նշանակում է, որ մենք ոչ թե մեր անձերի հաղթանակ ենք փնտրում, այլ գաղափարների։ Սա նշանակում է, որ մենք մեր անձնական ամբիցիաների համակարգը փոխարինել ենք վերանձնական ամբիցիաների համակարգով, եւ մեզ համար կարեւոր է ոչ թե այն, թե այս քաղաքական պրոցեսի արդյունքում ինչպիսի կարգավիճակ կստանանք մենք, այլ այն, թե ինչպիսի կարգավիճակ կստանան մեր գաղափարները։ Եւ եթե անհրաժեշտ լինի, որ հանուն գաղափարների հաղթանակի մենք զրկանքներ կրենք, մենք գնում ենք դրան։ Մենք չենք ասում` մենք փրկիչներ ենք. մենք ասում ենք, որ մեզնից կախվածը անելու ենք` Հայաստանը ռազմավարական զարգացման նոր հանգրվանի հասցնելու համար։ Բայց սա վերը բերված սկզբունքի միակ կարեւոր կիրառումը չէ։ Ի սկզբանե մենք հասկանում էինք, որ «Այլընտրանքի» գաղափարները կհաղթեն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի քաղաքականություն բերել նոր դեմքեր, իրականություն դարձնել մի մեծ սերնդափոխություն քաղաքականության մեջ։ Սերնդափոխությունը, սակայն, առաջին սերնդի քաղաքականության եւ քաղաքական գործիչների մերժումը կամ ինքնանպատակ քննադատությունը չէ։ Նոր սերնդի քաղաքական գործիչները չեն կարող հաջողություն ունենալ, եթե տեր չեն կանգնում մեր պետության հիմնադիր հայրերի փորձին, սխալներին, ձեռքբերումներին, հաղթանակներին եւ իդեալներին։ «Այլընտրանքը» այն միջավայրն է, որտեղ պետք է տեղի ունենա քաղաքական եւ գաղափարական մեծ ժառանգության փոխանցումը, մի բան, որ պետք է իրականանա փորձված եւ նոր սերնդի քաղաքական գործիչների համատեղ քաղաքական պայքարի ընթացքում։ Համատեղ պայքար, որտեղ յուրաքանչյուրի համար սեփական օբյեկտիվ ընդունակությունները դրսեւորվելու դաշտ է ձեւավորված։ Սրա վկայությունն է այն, որ այս ընթացքում ձեւավորվել են «Այլընտրանքի» մի քանի նախաձեռնող խմբեր, որոնք իրար հետ գտնվում են զուգահեռ հարաբերությունների մեջ, եւ նրանցից յուրաքանչյուրը ազատ է ղեկավարել այս պրոցեսը, այն հարստացնել սեփական իդեաներով, գաղափարներով եւ կենսունակությամբ։ Այդ նախաձեռնող խմբերից ոչ մեկը ղեկավար տիտղոսի հավակնություն չունի, բայց եւ չի կարող պրոցեսը թողնել առանց ղեկավարման։

Սիրելի բարեկամներ.

Մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ մեր հայտարարած նպատակների իրագործումը հնարավոր է հաշվարկված, հետեւողական պայքարի արդյունքում։ Սակայն այսօր Հայաստանում հրատապ է ոչ միայն ապագայի իշխանության, այլեւ ապագայի քաղաքացու կամ քաղաքացիության ձեւավորումը։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանական լկտիությունն ու ամենաթողությունը ի վերջո հետեւանք են հասարակական թողտվության։ Մարդը, առավել եւս իշխանավորը, լկտիանալու հատկություն ունի, եւ մենք պետք է հասկանանք, որ երկրի շահերին ու ժողովրդին ծառայող իշխանություն կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ ի վիճակի լինենք չհանդուրժել հակառակը։ Ժողովրդավարական պետության քաղաքացին մտոք եւ հոգեբանորեն հրապարակից տուն գնալու իրավունք չունի։ Նա պետք է իր մտածողությամբ մշտապես գտնվի հրապարակում, որպեսզի իշխանությունը իր ծոծրակին զգա նրա շունչը։ Մարդկանց վերստին հրապարակ վերադարձնելը այսօրվա Հայաստանի քաղաքական թիվ մեկ խնդիրն է, իսկ թիվ երկրորդ խնդիրը գիտակցության ներդրումն է, որ ՀՀ քաղաքացին այլեւս երբեք հրապարակից չպետք է վերադառնա տուն, եւ այս մոտեցումն է երկրում գործուն եւ ծառայունակ իշխանություն ունենալու գրավականը։ Եւ ուրեմն արձանագրենք. մենք քաղաքական հրապարակ ենք իջնում Հայաստանի ապագայի մասին ունեցած հստակ պատկերացումներով։ Սա մեզ համար նաեւ վճռականության եւ հաղթանակի բանաձեւ է։ Որովհետեւ մենք կարծում ենք, որ արդեն հնացել է այն բանաձեւը, ըստ որի` անհրաժեշտ է սրանց, այսինքն` այս իշխանություններին հեռացնել, հետո կերեւա։ Մենք մերժում ենք այս մոտեցումը եւ առաջարկում ենք քաղաքական պլանավորման հակադարձ մեթոդը։ Այսինքն, նախ երեւացնել այն, ինչ անհրաժեշտ է անել, հետո միայն մտածել իշխանափոխության մասին։ Եւ ահա, մենք հրապարակային քաղաքական պայքարի ենք դուրս գալիս` հանրությանը ներկայացնելով Հայաստանի ապագայի մեր մոդելը, մեր նախագիծը։ Մենք համոզված ենք, որ այս մոդելը շատ արագ հասկանալի եւ ընդունելի կդառնա ՀՀ քաղաքացուն, եւ նա չի կանգնի ոչնչի առաջ եւ կգտնվի վճռական ու հաստատակամ, եւ այդ ապագան ունենալու իր կամքը կկարողանա պարտադրել ցանկացած ուժի։ Ասել է, հենց ապագայի մոդելի մեջ է թաքնված այդքան սպասված իշխանափոխության գաղտնիքը։ Մեր շատ ու շատ քաղաքական ուժեր ընդամենը շատ մեծ ծառայություն են մատուցել քրեական օլիգարխիայի իշխանությանը, երբ հանրահայտ փաստեր արձանագրելով ու այս իրականությունը քլնգելով` այդպես էլ չեն ասել, թե ինչ են առաջարկում` որպես այլընտրանք։ Եւ ՀՀ քաղաքացուն այլ բան չի մնացել, քան տապակվել սեփական յուղի մեջ, որովհետեւ եթե քաղաքացին պետք է ընտրություն կատարի միեւնույն երեւույթի տարբեր դրսեւորումների հետ, նա զրկվում է գործելու մոտիվացիայից։

Ապագայի մոդելը, սակայն, բավարար չէ բարեփոխումների ճանապարհին վճռական քայլը` իշխանափոխությունը իրականացնելու համար։ Մարդկանց հարկավոր է ցույց տալ ոչ միայն նախագիծ, այլեւ այդ նախագիծը իրագործելու իմաստով վստահություն ներշնչող թիմ։ Իշխանափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ հանրությունը հրապարակի վրա տեսնի այլընտրանքային մի թիմ, որ ի վիճակի է ստանձնել երկրի կառավարումը։ Այսպիսի թիմի ձեւավորումը մեր հաջորդ կարեւորագույն խնդիրներից է, եւ մենք պետք է քաղաքական եւ քաղաքացիական անելիքի զգացողություն, կրթություն եւ ընդունակություններ ունեցող երիտասարդությանը համախմբենք այս գաղափարների շուրջ։ Այս պոտենցիալ թիմի անդամները, սակայն, պետք է անցնեն սկզբունքայնության, գաղափարներին նվիրվածության լուրջ փորձություն, եւ այդ փորձություններից կարեւորագույնը թերեւս այն պայքարն է, որ պետք է սկիզբ առնի փետրվարի 20-ին «Այլընտրանքի» հրավիրած հանրահավաքով։

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հավաքի սիրելի մասնակիցներ, հարգելի հյուրեր. մեր պայքարը գաղափարների եւ ոչ երբեք անձերի պայքար է։ Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի նվիրվածությունը նվիրվածություն է գաղափարներին եւ ոչ երբեք անձերին։ Մեր պայքարը գաղափարների պայքար է, եւ նա, ով գաղափարական այս պայքարում անձնական վայելքներ է փնտրում, նա դավաճան է։ Մեր պայքարը գաղափարների պայքար է, եւ մենք մեզնից կախված ամենը անելու ենք` այդ գաղափարների հաղթանակին հասնելու համար։ Պատրաստեք ձեզ նվիրումի եւ պատասխանատվության եւ մի մոռացեք հաղթանակի մասին։ Ապրեցրեք ձեր մեջ հաղթանակը, մտածեք հաղթանակի մասին, շոշափեցեք հաղթանակը, որովհետեւ մեր գաղափարների հաղթանակը այլընտրանք չունի։ Որովհետեւ մեր հաղթանակը ապագայի հաղթանակն է, Ազատության հաղթանակը։ Եւ ուրեմն, շատերը հարց են տալիս, թե ինչ անենք եւ ինչ ենք անելու։ Դարձեք գաղափարի կրողներ եւ «Այլընտրանքի» գաղափարները տարածեք ձեր աշխատավայրում, ձեր բնակավայրում, ամենուր։ Ավետեք Հայաստանի Հանրապետության ապագայով մտահոգ քաղաքացիներին, որ ձեւավորվել է քաղաքական մի հոսանք, որի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել ե՛ւ լիդեր, ե՛ւ փրկիչ, ե՛ւ մարտիկ։ Ձեւավորվել է քաղաքական մի հոսանք, որ կանգ չի առնելու, քանի դեռ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն երկրի տեր չի զգում։ Ձեւավորվել է մի հոսանք, որ վերջ է դնելու օլիգարխիային եւ իշխանությունը վերադարձնելու է ժողովրդին, որ ժողովրդին է վերադարձնելու օլիգարխիայի կողմից թալանվածը։ Եթե ձեզ հարցնեն, թե ով է այդ հոսանքի լիդերը, ասեք, որ լիդերը նա է, ով ամենամեծ ծառայությունն է մատուցում գաղափարին, նա է, ով պատրաստ է զրկանքների, նա, ով չի նահանջելու թեկուզ սեփական կյանքի գնով։ Ասեք, որ ձեւավորվել է քաղաքական մի հոսանք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հրավիրում է լիդերության, հրավիրում է լինել առաջինը։ Գնացեք եւ դարձեք ձեր միջավայրի քաղաքական լիդերը եւ փետրվարի 20-ին` ժամը 14-ին, Ազատության հրապարակ եկեք` ձեզ հետ բերելով եւս տասը հոգի։ Ազատության ընտրությունը պետք է տեղի ունենա Ազատության հրապարակում, եւ մենք պետք է ազատությունը դարձնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրություն։ Մեր վճռականությունը կկանխորոշի մեր քաղաքական պայքարի ելքը։ Մեր հաղթանակը կանխորոշված է։ Բոլորս դեպի Ազատության հրապարակ»։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.