> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՆԻ ԴԵՌ ՊՐԵՍԿՈՏԻՆ ՔԵՌԻ ԵՆՔ ԱՍՈՒՄ

ՔԱՆԻ ԴԵՌ ՊՐԵՍԿՈՏԻՆ ՔԵՌԻ ԵՆՔ ԱՍՈՒՄ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների հայաստանյան արձագանքները ցույց են տալիս, որ մենք դեռեւս չենք հաղթահարել մտածողության այն խութերը, որ մեզ ուղեկցել են անհիշելի ժամանակներից։ Նաեւ` մեր հանրության շրջանում որոշակի խնդիրներ կան մեզ շրջապատող օբյեկտիվ իրականության ընկալման իմաստով։ Մասնավորապես, ակնհայտ է, որ մեր հանրության մի հսկայական մասը այդպես էլ չի կարողանում ինքն իր համար պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանին օգուտ կտար ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը, ի վերջո պատժամիջոցի կիրառման հայաստանյան որոշակի շրջանակների ցանկությունը հայրենասիրությա՞ն դրսեւորում է, թե՞ հայրենադավության։ Հարցին պատասխանելու համար նախ հարկավոր է ընկալել մեր եւ ԵԽ հարաբերությունները` ամբողջության մեջ։ Հայաստանը ոչ միայն ցանկացել է, այլեւ տիտանական ջանքեր է գործադրել ԵԽ անդամ դառնալու ճանապարհին։ Ի սկզբանե սա նշանակել է, որ ՀՀ-ն հստակ որոշել է լինել եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր եւ ԵԽ-ին ինչ-որ իմաստով վերապահել է այս ընտրության երաշխավորի դեր։ Այսինքն` Հայաստանը, ԵԽ-ին անդամագրվելով, խնդրել է հետեւել իր ներքին զարգացումներին, որպեսզի եթե այդ զարգացումներում շեղումներ լինեն ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, մարդու իրավունքները ոտնահարվեն, ահա այս պարագայում ԵԽԽՎ-ն միջոցներ ձեռնարկի մեզ սթափեցնելու համար։ Եթե այս տեսակետից ենք նայում խնդրին, ակնհայտ է դառնում, որ անդամագրման պահից ԵԽ-ն եւ նրա Խորհրդարանական վեհաժողովը չեն կատարել մեր երկրի նկատմամբ ունեցած եւ ոչ մի խոշոր պարտավորություն։ Հիշենք վերջին մի քանի տարիներին Հայաստանում տեղի ունեցած այն իրադարձությունները, որ կարող էին առնչվել մեր երկրի նկատմամբ այդ կառույցի ունեցած պարտավորությունների հետ. «Ա1+» հեռուստաընկերության փակում, 2003 թվականի նախագահական ընտրությունների կեղծում, հեռուստատեսային եթերի մոնոպոլիզացիա, ընտրական համակարգի այլասերում, ընտրակեղծիքների համակարգված մեքենայի ձեւավորում, 2003, 2007 թվականների խորհրդարանական ընտրությունների արդյունքների կանխորոշվածություն, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծում, ի վերջո` 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծում։ Այս ողջ ընթացքում ԵԽԽՎ-ն Հայաստանում միայն առաջընթաց է գրանցել` այդպիսով, ըստ էության, դառնալով բոլոր բացասական երեւույթների համապատասխանատուն։ Եվրոպական նման քաղաքականության պատճառը եղել է այն, որ նրանք, նաեւ` ՀՀ իշխանությունների վարած քարոզչության արդյունքում, մեր երկիրը ընկալել են որպես պապուասների արեալ, որտեղ եթե ընտրությունները անց են կացվում առանց մարդակերության դեպքերի, դա արդեն կարելի է համարել մեծ արդյունք։ Այս ամենի հետեւանքը եղավ մարտի 1-ը, եւ սա ի ցույց էր դնում, որ ութ տարի Հայաստանում առաջընթաց նկատելով` ԵԽ-ն ընդամենը հասունացրել է աղետը։ ԵԽԽՎ-ն Հայաստանում առաջընթաց էր համարում այն, ինչ եվրոպական երկրներում կհամարվեր հանցագործություն եւ աղետ։ Մինչդեռ, Հայաստանը ԵԽԽՎ-ին անդամագրվել էր` հույս ունենալով, որ այդ կառույցը ոչ միայն չի նպաստի, այլեւ լրջորեն կխոչընդոտի աղետալի սցենարների զարգացմանը։ Եւ եթե արձանագրենք փաստերը, ստիպված կլինենք խոստովանել, որ ժողովրդավարության վիճակը Հայաստանում շատ ավելի լավ էր ԵԽ-ին մեր երկրի անդամագրվելուց առաջ։ Իսկ երբ դեկտեմբերին եվրոպական այդ կառույցում Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը կոշտացավ, հույս կար, թե նրանք էլ հասկացել են, որ խնդիր ունեն, հասկացել են, որ եթե մեկին շատ երկար պապուասի տեղ ես դնում, նա արդյունքում դառնում է պապուաս։ Բայց այս իմաստով կարեւոր է ոչ այնքան մեր երկրի եվրոպական ընկալումը, որքան հենց հայաստանցիների ընկալումը Հայաստանի տիպաբանության վերաբերյալ։ Եւ ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր համարում էին, որ Հայաստանի նկատմամբ պետք չէ պատժամիջոցներ կիրառել, ըստ էության ընդունում են, որ մենք թերզարգացած, մտավոր եւ հոգեւոր սահմանափակ կարողություններով սուբյեկտ ենք, եւ մեզ պետք է վերաբերվել այնպես, ինչպես դեբիլին են վերաբերվում. եթե վերջինս, բնական կարիքները ճաշասենյակում հոգալու փոխարեն, ֆայմում է, որ այդ գործը պետք է անել զուգարանում, դա համարվում է մեծ առաջընթաց, քաղաքական կամքի ակնհայտ դրսեւորում, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Իսկ նրանք, ովքեր կարծում էին, որ Հայաստանի նկատմամբ պետք է պատժամիջոց կիրառել` Սերժ Սարգսյանի պատվիրակությանը ձայնից զրկելու տեսքով, ընդամենը արձանագրում էին, որ մենք ԵԽ-ի «հիվանդախնամության» կարիքը չունենք եւ հոգնել ենք, որ այդ կառույցը մեր երկրին վերաբերվի որպես դեբիլ երեխայի` այսպիսով խրախուսելով դեբիլացման ներհայաստանյան գործընթացները։ Հենց այսպիսին է վերը նշված երկու դիրքորոշումների տարբերությունը` դրանք տարբերություններ են, որ բխում են ՀՀ տարբեր քաղաքացիների` Հայաստանի ընկալման տարբերությունից։ Եւ այս դրությունը չեն փոխում անգամ հայրենասիրական ձեւակերպումները, թե իբր` տեսեք, Ադրբեջանը ուզում էր, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկեն, ուրեմն` բոլոր այդպես ցանկացողները ադրբեջանցի են։ Այսպես պնդողները մոռանում են, որ ադրբեջանցիները նման բաներ խոսելու առիթ ոչ թե իրենց սեփական գործողությունների, այլ Հայաստանի նժդեհակրոն իշխանության գործունեության արդյունքում են ստացել, ու երբ W Աղվանն ու իր շքախումբը ՀՀ քաղաքացիների վրա գործեր են թխում, իսկ մացոյատիպ դատավորները այդ մեղադրանքներից վճիռ են սարքում, այդ ժամանակ է պետք մտածել ադրբեջանցիների բերանը փակելու մասին։ Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին` իր վերջին որոշումներով այդ կառույցն ընդամենը ցույց տվեց, որ Հայաստանին վերաբերվում է որպես ցածր մակարդակի պետության, որը ի վիճակի չէ բավարարել բարձր մակարդակի պահանջներ, անընկալունակ է բարձր արժեքների նկատմամբ եւ ուրեմն` կարող է մանրադրամի պես խարջվել բարձր մակարդակի բազարներում։ Իսկ քաղաքական պատժամիջոց կիրառում են նրանց նկատմամբ, ում լուրջ են վերաբերվում. Հայաստանին ինչո՞ւ պատժեն` հենա Աստված պատժել է, էլի։ Այսուհանդերձ, արձանագրենք հետագայի համար, որ 2000 թվականից ի վեր ԵԽԽՎ-ն դարձել է հայաստանյան զանազան հանցագործությունների կոծկման ծխածածկույթ եւ այսօր էլ աջակցում է Հայաստանի ժողովրդի կամքը կոտրելուն ուղղված գործողություններին։ Սա, ինչ խոսք, անհեռանկար գործ է, բայց վաղվա Հայաստանը պետք է գտնի այս գործառույթի մեջ անձամբ ներգրավված եվրոյոնջաներին պատասխանատվության ենթարկելու ձեւը։ Հայաստանի քաղաքացուն դեբիլի տեղ դնողը պետք է կամ պատժվի, կամ էլ` խոստովանի սեփական դեբիլությունը։ Գրավոր։ Բայց մեր արժանապատվությունը պաշտպանելու այսօրինակ հնարավորություն ունենալու համար մենք դեռ պետք է վաստակենք այդ իրավունքը։ Թե չէ` ստիպված ենք լինելու Պրեսկոտի եւ Կոլոմբիեի պես համազեկուցողներին քեռի ասել։ Ինչպես դա արեց ԱԺ նախագահ կոչվածը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. @ntercox
    Փետրվար 5th, 2009 at 11:28 | #1

    Da arec naeu Levon Zurabyan@. Voch pakas vogevorutyamb er hasel Evropa, vor qerinerin hamozi, en el chstacvec. Apsoooos

  2. Փետրվար 5th, 2009 at 14:08 | #2

    Ete h1-i texekatvakan@ dzez hamozel e-mnaceq ayd karciqi.

  3. Սուրեն
    Փետրվար 7th, 2009 at 12:31 | #3

    Իշխանություններին թվում է, թե հզոր խաղաքարտ են ձեռք բերել, երբ Լևոն Զուրաբյանը գնաց Եվրոպա: Ամբողջ օրը տարբեր տրամաչապի գործիչներ ակնարկում են դա: Բայց թող չմոռանան, որ երբ նույն բանն ես անընդհատ կրկնում, նախ ստացվում է, որ այլ բան չունես ասելու, դրա համար ես նույնը կրկնում, երկրորդն էլ` նույնից մարդիկ շուտ հոգնում են:

  4. GAGS
    Փետրվար 23rd, 2009 at 23:21 | #4

    NIKOL JAN Qez vonc em sirum. Cavd tanem. Ni-kol, Ni-kol, Nikol jan havata haxtlu enq , hastat haxtelu enq.

  1. No trackbacks yet.