> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՉ ՉԻ ԽՈՍՈՒՄ ԵԹԵՐԸ

ԻՆՉ ՉԻ ԽՈՍՈՒՄ ԵԹԵՐԸ

Օրերս ինձ վիճակվեց մի դրվագ դիտել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող մի հաղորդումից, որ վարում են «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը եւ լավատես Կարեն Քոչարյանը։ Հաղորդումը, որքան հասկացա, կոչվում է «Ինչ չեն գրում թերթերը»։ Իմ դիտած կտորի հիմքում դրված էր բավականին սրամիտ մի գաղափար։ Հաղորդավարները հեռուստադիտողին առաջարկում էին պատկերացնել, որ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմը 0։5 հաշվով պարտվել է Տաշքենդի «Պախտակորին», եւ պատրաստել էին մեջբերումներ այն հրապարակումներից, որոնցով «Արարատի» այդ երեւակայական պարտությունը կլուսաբանեին «Հայոց աշխարհ», «Գոլոս Արմենիի» եւ «Հայկական ժամանակ» թերթերը։ Ինձ, օրինակ, դուր եկավ «Հայկական ժամանակի» վրա արված պարոդիան. իսկապես սրամիտ էր, հաջողված (սա ասում եմ ամենայն լրջությամբ)։ Սակայն դառնացա` տեսնելով, որ վերը նշված հարգելի մարդիկ այդպես էլ փորձ չէին արել պարզել, թե ինչպես «Արարատի»` «Պախտակորից» կրած 0։5 հաշվով պարտությունը կլուսաբաներ «Առավոտ» օրաթերթը, ինչպիսի հարցազրույցներ կաներ այս կապակցությամբ «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանը, կամ ինչ կգրեր Կարեն Քոչարյանը։ Եւ հիմա, շատ հավանած լինելով նշված հարգելի անձանց գաղափարը, կփորձեմ լրացնել այդ բացը։ Եւ այսպես, սիրելի ընթերցող, պատկերացրեք, որ նախօրեին Երեւանում տեղի է ունեցել «Արարատ»-«Պախտակոր» ֆուտբոլային հանդիպումը, որը ավարտվել է «Արարատի» պարտությամբ. հայկական թիմը պարտվել է 0։5 հաշվով։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչպիսի անդրադարձներ կունենար այդ իրադարձությունը «Առավոտ» օրաթերթում եւ «Ուրվագիծ» հաղորդաշարում։ Եւ ինչ կգրվեր այդ կապակցությամբ «Լավատեսի անկյունում»։

1. «Առավոտ» օրաթերթի խմբագրական

Արդյո՞ք պարտություն է կրել Երեւանի «Արարատը» Տաշքենդի «Պախտակորի» հետ հանդիպման ընթացքում։ Բնականաբար` ընդդիմադիրները հայտարարում են, որ այս փաստը կասկածի տեղիք տալ չի կարող։ Ավելին, ըստ ընդդիմադիրների` «Արարատը» պարտվել է խոշոր հաշվով։ Նման պնդումները զարմանալի չեն, որովհետեւ, ցավոք, Հայաստանում ընդդիմադիր լինել, նշանակում է լինել ծայրահեղական եւ ունենալ ռադիկալ մոտեցումներ։ Ու չնայած ընդդիմության շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ եւ բոլոր ընտրություններում, այդ թվում եւ` Արաբկիրի թաղապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, չեմ կարող չնկատել, որ «Արարատի» պարտության մասին հայտարարությունները արվում են, քանի որ դրանք հաճելի են ամբոխին, այսպես ասած` պլեբեյներին։ Բայց ընդդիմությունը մշտապես մոռանում է, որ երկրում կան նաեւ տողերիս հեղինակի նման կրթված, Բախի լյա մաժոր Բրանդենբուրգյան թիվ 2 կոնցերտը լսած մարդիկ, ովքեր ուզում են ավելի օբյեկտիվ կարծիքներ լսել «Արարատ» - «Պախտակոր» հանդիպման մասին։ Իշխանություններն էլ, ցավոք, չեն փոխում իրենց գործելակերպը եւ փորձում են կոծկել հայկական ֆուտբոլում առկա պրոբլեմները, որոնց մասին մենք կնախընտրենք լռել, որովհետեւ մեր սկզբունքը օբյեկտիվությունն է։ Իսկ օբյեկտիվ իրականությունն այն է, որ հնարավոր չէ միանշանակ ասել` պարտվե՞լ է «Արարատը», թե՞ հաղթել, որովհետեւ հարցը պատասխան կստանա միայն երկարաժամկետ կտրվածքով։ Եթե նայենք առաջ, կտեսնենք, որ 2020 թվականին «Արարատը» «Պախտակորին» պարտվելու է 0։12 հաշվով, եւ ահա այս ֆոնին գուցե ամենեւին էլ անհիմն չթվան այն պնդումները, թե 0։5 հաշիվը հաղթական է «Արարատի» համար։ Միեւնույն է, «Արարատը» երբեք չի հաղթելու, միեւնույն է, միշտ հաղթելու է Սերժ Սարգսյանը, չնայած ես միշտ քվեարկել եմ ու միշտ քվեարկելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Կարող եմ անգամ տեղեկանք բերել տեղամասային ընտրական հանձնաժողովից։

2. «Ուրվագիծ» Պետրոս Ղազարյանի հետ

Պետրոս Ղազարյան - Բարեւ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Ինչպես գիտեք, նախօրեին Երեւանի «Արարատը» պարտություն կրեց Տաշքենդի «Պախտակորից»։ Հայ ֆուտբոլասերը, բնականաբար, դժգոհ է, հայ ֆուտբոլասերը հաղթանակ է ուզում, եւ ես հիմա գտնվում եմ ՀՖՖ նախագահ Ռուբեն Ռաֆիկովիչի շքեղ առանձնատանը` նրան մի քանի հարց ուղղելու նպատակով։ Բարեւ ձեզ, Ռուբեն Ռաֆիկովիչ։

Ռուբեն Ռաֆիկովիչ - Բարեւ։

Պետրոս Ղազարյան - Ռուբեն Ռաֆիկովիչ, քանի որ Գագիկ Նիկոլաեւիչը զանգահարել է ինձ, թույլ տվեք, մինչ բուն հարցազրույցին անցնելը, պպզեմ վրայովս թռեք։

Ռուբեն Ռաֆիկովիչ - Մենք թռնող տղա չենք։

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն, անցնենք առաջ։ Ռուբեն Ռաֆիկովիչ, շատերը «Արարատի» կրած պարտության համար քննադատում են ձեզ, պահանջում ձեր հրաժարականը, պնդում, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ուղով չի զարգանում։ Բայց ո՞վ չգիտի, որ հայկական ֆուտբոլը վատ վիճակում է եղել դեռ ձեր` ՀՖՖ նախագահ դառնալուց առաջ։ Ո՞վ չգիտի, որ ՀՖՖ նախագահի պոստում դուք մեծ ջանքեր եք գործադրում` հայկական ֆուտբոլի անկումը, այն անկումը որ սկսվել է ձեր` ՀՖՖ նախագահ դառնալուց առաջ, ահա այդ անկումը կանխելու համար։ Եւ եթե դուք չլինեիք ՀՖՖ նախագահ, «Արարատը» կպարտվեր 0։6 հաշվով։ Ո՞վ չգիտի։ Կարծում եմ` բոլորն էլ շատ լավ գիտեն սա։ Եւ այս պարտությունը ոչ թե ձեր վարած սխալ քաղաքականության արդյունքն է, այլ` 1996 թվականի նախագահական ընտրությունների։ Ավելին, ես կասեի` 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների խայտառակ ընթացքի արդյունքը։ Կարծում եմ` սրանում ոչ ոք չի կասկածում։ Բայց ձեւակերպեմ, ի վերջո, իմ հարցը. դուք ավելացնելու որեւէ բան ունե՞ք։

Ռուբեն Ռաֆիկովիչ - Ոչ։

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը կշարունակենք գովազդային ընդմիջումից հետո։

Գովազդային ընդմիջումից հետո.

Պետրոս Ղազարյան - Սիրելի հեռուստադիտողներ, հիմա արդեն մենք գտնվում ենք «Ուրվագիծ» հաղորդաշարի ստուդիայում, եւ այսօր ուղիղ եթերում մեր զրուցակիցն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։ Պարոն Աբրահամյան, դուք գիտակցո՞ւմ եք ձեր պատասխանատվությունը «Արարատի» կրած խայտառակ պարտության համար, որը հերթական անգամ դեպրեսիայի մեջ է գցել ողջ հանրությանը։

Սուրեն Աբրահամյան - Նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար…

Պետրոս Ղազարյան - Ի՞նչ շնորհակալություն, ի՞նչ շնորհակալություն. դուք խուսափում եք իմ հարցին պատասխանելուց։ Հարցը շատ կոնկրետ է. ինչո՞ւ է «Արարատը» պարտություն կրել Տաշքենդի «Պախտակորից», ինքն էլ` 0։5 հաշվով։ Եւ հիմա մարդիկ արդարացիորեն ասում են` ահա Սուրեն Աբրահամյանը քանդեց հայոց ֆուտբոլը։ Ինչո՞ւ քանդեցիք հայոց ֆուտբոլը, պարոն Աբրահամյան, պատասխանեք, խնդրում եմ իմ կոնկրետ հարցին։ Ինչո՞ւ քանդեցիք, ինչո՞ւ։ Գիտակցո՞ւմ եք ձեր պատասխանատվությունը։

Սուրեն Աբրահամյան - Ինձ հայկական ֆուտբոլը քանդելու մեղադրանք ներկայացնելուց առաջ` եկեք գոնե արձանագրենք, որ 1975 թվականից ի վեր հայկական ֆուտբոլը ոչ մի լուրջ հաջողություն չի ունեցել, որովհետեւ…

Պետրոս Ղազարյան - Ի՞նչ որովհետեւ, ինչո՞ւ որովհետեւ։ Դուք իմ հարցին պատասխանեք։ Ինչ հարցնում եմ, ասում եք` որովհետեւ։ Բայց հիմա հարյուր հազարավոր մարդիկ էկրանների առաջ նստած սպասում են մեկ հարցի պատասխանի. ինչո՞ւ Սուրեն Աբրահամյանը քանդեց հայկական ֆուտբոլը։

Սուրեն Աբրահամյան - 1998 թվականին մենք սկսեցինք «Հանրապետական» մարզադաշտի վերականգնման, տանիքի կառուցման աշխատանքները…

Պետրոս Ղազարյան - Պարոն Աբրահամյան, դուք էլի խուսափում եք հարցից. իմ հարցը կառուցելու եւ վերակառուցելու մասին չէ։ Իմ հարցը քանդելու մասին է։ Բարի եղեք պատասխանել իմ հարցին. ինչո՞ւ քանդեցիք եւ ինչպե՞ս քանդեցիք։ 1996 թվականի նախագահական ընտրությունները ես լավ եմ հիշում. այդ օրերին տնից ընդհանրապես դուրս չեկա, որովհետեւ դեռեւս չունեի այնպիսի պահապան, ինչպիսին է Գագիկ Նիկոլաեւիչը։ Եւ հիմա դուք պնդում եք, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները ավելի լավ են անցել, քան Բարաք Օբամայի ընտրություննե՞րը։

Սուրեն Աբրահամյան - Պետրոս, ոչ ոք նման բան չի պնդում…

Պետրոս Ղազարյան - Սիրելի հեռուստադիտողներ, մեր ժամանակը սպառվում է։ Պարոն Աբրահամյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Համբերություն մաղթենք հայ ֆուտբոլասերներին եւ հույս ունենանք, որ մեր թիմերն էլ որոշ ժամանակ անց կաճեն-կհասնեն «Բարսելոնի» մակարդակին։ Իսկ մենք կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։

3. Լավատեսի անկյուն

Չնայած «Արարատը» պարտվեց` ես լավատես եմ եւ հավատում եմ, որ հաջորդ խաղի համար ավելի շատ տոմս կվաճառեմ։ Ես անուղղելի լավատես եմ։

***

Ահա այսպես, սիրելի ընթերցող, փորձեցի ամբողջացնել «Կենտրոն» հեռուստատեսության եւ մի խումբ հարգելի մարդկանց անկատար ստեղծագործական գաղափարը` ընդհատակյա շարժի ժանրում։ Հույս ունեմ` ինձ չեն մեղադրի գրագողության մեջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Գուրգեն
    Փետրվար 3rd, 2009 at 13:25 | #1

    Շատ դիպուկ էր ու տպավորիչ, այս «ճկուն» արդարամիտների սրամիտ հեգնող վարժանքները հենց ծառոյում է «անտարբեր սպառողներին» իրենց կենսակերպի փիլիսոփայության արդարացմանը:
    Ո՞վ ասեց որ իշխանությունները չունեն ինտելեկտուալ համախոհներ:
    Շնորհակալություն:
    Մի առաջարկ, պետք է առավելագույնս խուսափել ընդիմադիր կամ դիմադիր բառերի օգտագործումից, քանզի դրանք դրանք քաղաքական կատեգորիաներ են…

  2. Edgar
    Փետրվար 3rd, 2009 at 19:55 | #2

    Mortum a!!! hatkapes dali doli Arami xmbagrakanneri nman grvac nuity:)) Es ed terty el chem kardum klini mek amis, qani vor ete vichakagrakan imastov arnvazn amisy 3-5 angam dodi gago en reklam anum arajin ejum, edi arden xosum a shat bani masin, patkercsnum eq dody ancel a erabluri vra PR anelun u Aramy da reklam a anum, hamadzainveq te voch aravot-i nman pahvacqy evs npastum a hasarakutyan mej arjeqneri baroyazrkmany ev ailasermany (pox unem vonc uzem kanem…) ev inch vor imastov inqn el e npastum iren gorcuneutyamb vor tacn u chory xarnvi u galust sahakiannern u ESH-ery - Eduard Sarmazanov kam vor nuin e HHK-i Marish, azganuny bozikyan)nmannery sksen uxexner lvanal…Ankexc asac Aram Abrahamyanin namak em grel aid masin baic patasxan chem stacel.
    Nikol jan lav exir!!!

  3. Sirik
    Փետրվար 4th, 2009 at 01:42 | #3

    Nikol jan, inchpes misht qo ditoxakanutyun@ spanum a!!! Aveli dipuk, aveli chisht hnaravor el cher nerkayacnel ed mardkayin amenazzveli tesakin (en vor ham nalin en xpum, ham mexin)!!!

  4. Hovik
    Փետրվար 4th, 2009 at 14:24 | #4

    MOLODEC

  5. yervand
    Փետրվար 4th, 2009 at 20:34 | #5

    tenc me ke metyu brayzan che asum: en vor marti depqeric heto adrbegani u ahystani migev sarqac poxhradzgutyun arin aliyevn u serg@ vor tesek xeloq cheq mnum turq@ kataxuma, mi qani peshka zertva tvin, u heto voxch migazgayin hanrutyun@ qnnarkum er u porcum parzel ov e aragin@ sksel, brayzan asec:

    inchpes misht nman depqerum chshmartutyun@ gtnvum e megtexum!!!!!!

    spanuma che! megtexum!

    en depqum erb vor edtex erku tarberak menak akra lini kam hayern en sksel kam turqer@.. ay ed zzveli tesakna vor asum chshmartutyun chka ajl ka inch vor mi ban vor chsti u sxali megtexuma! iroq zzvelia! noxkali !

  6. Anahit
    Փետրվար 4th, 2009 at 23:23 | #6

    Lav er! Aavoti tarberak@ - HATKAPES :)))))))

    Hajoghutjun qez, Nikol jan!
    Mez boloris.

  7. ranger
    Փետրվար 5th, 2009 at 12:40 | #7

    JAN,JAN,JAN…..
    ARAVOTi txmar ‘chezoqutyun@’ lav a nerkayacrac…..
    isk te vonc a datark bochka Petrosy mardkanc demqin trnum ira annormal repliknerov u chi toxum xosen, da lriv gji kayfer a!!! (u misht but replikner linum en Sharjman mardkanc het zruyci jamanak)
    isk ed ankyuny….pornoyi mayr Violetov handerc kataryal tyurimacutyun a!!!

  8. Նարեկ
    Հունիս 2nd, 2009 at 03:48 | #8

    Հայերենում «ԴԻՄԱԴԻՐ» բառ գոյություն չունի, սա հիշեք մեկընդմիշտ, էղա՞վ։
    Մեկը մի բան բստրել ա, մնացածներն էլ կրկնում են…այ քեզ բաան…

  1. No trackbacks yet.