> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Հարցեր ՀՀ Ազատ Քաղաքացուց

Բարև Նիկոլ ջան: Ո՞նց ես: Թեև ես կողմ եմ իշխանությունը ցանկացած տիպի հեղափոխությամբ վերցնելուն, սակայն հաշվի առնելով ՀԱԿ-ի գործունեությունը, ստիպված եմ մտածել խաղաղ ճանապարհներով որևէ տարբերակի մասին: Ակնհայտ է, որ այդ ամենը պետք է տեղի ունենա փողոցում: Փողոցում հավաքվելու համար, կրիտիկական զանգված հավաքելու համար, այս տարի ես տեսնում եմ 3 շարժառիթ: 1. Ղարաբաղի հարցը, 2. Տնտեսական ճգնաժամը, 3. Երևանի քաղաքապետի ընտրությունները: Անկեղծ ասած, ղարաբաղյան հարցում, չեմ կարծում, որ այս տարի հանգուցալուծման հասնենք: Որպես տնտեսագետ, կարող եմ հաստատ պնդել, որ տնտեսական ճգնաժամը հետևանքով երկիրը կանգնելու է կործանման եզրին և այս առիթը բաց թողնել չի կարելի: Ճգնաժամի գագաթնակետը լինելու ապրիլ-մայիսին: Այդ պահից պետք է ամեն օր լինել ժողովրդի կողքին: Այս թեմայով կարելի է երկար զրուցել, եթե կհետաքրքրի: Սակայն հարցս վերաբերվում է 3-րդ տարբերակին, որը կարող է համատեղվել 2-րդ հետ: Քաղաքապետի ընտրություններին ի՞նչ մասնակցություն պետք է ունենա ՀԱԿ-ը: Ո՞վ է գլխավորելու համամասնական ցուցակը: Ես առաջարկում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Առաջին հայացքից անհեթեթություն է, սակայն դրանով հզոր քայլ կկատարի նախագահը` հերթական անգամ համախմբելով ժողովրդին: Նաև ունեմ մտավախություն այլ մարդու կողմից գլխավորելու պարագայում, այդ տեղի շուրջ ՀԱԿ-ում պառակտման վերաբերյալ: Դա նաև կցնցի իշխանությանը: Նրանք նույն ձևով չէին սպասում նախագահի վերադարձին 2007-ի ամռանը: Խնդրում եմ ներկայացնես քո տեսակետը այս ամենի շուրջ: Նախապես շնորհակալ եմ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. համոզված եղեք` Լեւոն Տեր-Պետրոսյանը կանի բոլոր այն պրագմատիկ քայլերը, որ կօգնեն մեր պայքարին եւ մեզ կբերեն հաղթանակի: Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, էլի եմ ասում` մենք պետք է խուսափենք սոցիալական բունտից, եւ այդ էներգիան ուղղորդենք դեպի քաղաքացիական պայքարի հուն, որովհետեւ սոցիալական ապահովությունը մարդու նույնպիսի իրավունք է, ինչպիսին, ասենք` խոսքի ազատությունը: Մեր պայաքրում, ի դեպ, շատ կարեւոր տեղ ենք հատկացնում տնտեսական եւ սոցիալական իրավունքներին: Ինչպիսին է օրինակ մեր պատկերացումը մարդկանց սոցիալական հարցերի կարգավորման վերաբերյալ, ինչպես պետք է մեր կարծիքով երկիրը ապահովի մարդկանց սոցիալական մինիմումը: Պատասխանը շատ հստակ է. պետությունը առաջին հերթին պետք է պայմաններ ստեղծի, որ ամեն մարդ ինքն իր ընտանիքի սոցիալական պահանջները բավարարելու հնարավորություն ունենա: Հայերս գործարար ազգ ենք, ու եթե ազատ տնտեսվարության պայմաններ լինեն, համոզված եղեք` հայաստանցիների մեծամասնությունը կգտնի իր ընտանիքի հացը Հայաստանում վաստակելու ձեւը: Բայց այսօր ի՞նչ է կատարվում` օլիգարխները անարգել, պետական աջակցությամբ մաքսանենգությամբ են զբաղվում, իսկ իր ընտանիքի մուրաբայի համար ասենք մի պարկ շաքարավազ բերողը այնպիսի մաքսատուրքեր է վճարում, որ հաջորդ անգամ նախընտրում է շաքարավազ գնել Հայաստանից: Սա աբսուրդ է: Մեր շարժումը գտնում է, որ Հայաստանը պետք է դառնա մի այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուր ոք իր սոցիալական, հասարակական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ: Այսինքն` մարդը պետք է հնարավորություն ունենա իրացնել իր օբյեկտիվ ընդունակությունները, եւ այդ ընդունակությունների իրացման ընթացքում օրենքի նկատմամբ պետք է ունենա համահավասար հարաբերություններ երկրի մնացած բոլոր քաղաքացիների հետ: Այսինքն` եթե մարդը հանցագործ է, պետք է բանտում լինի, իսկ եթե տաղանդավոր գիտնական է կամ գրող, պետք է հնարավորություն ունենա իր այդ ընդունակությունները իրացնել, եւ դա վերածել նյութական եւ հոգեւոր արդյունքի: Հայաստանի պրոբլեմը հենց նման հնարավորության բացակայությունն է. հանցագործները դառնում են պատգամավոր, նախարար, նախագահ, քաղաքական գործիչները բանտվում են, ժուլիկները դառնում են միլիոնատեր, անտաղանդները գրական մրցանակներ են ստանում, տաղանդավորները դուրս են մղվում ասպարեզից, գործարարները խեղդվում են պետության ու մաֆիայի ահագնացող ճնշումներից: Համոզված եմ, որ եթե ՀՀ քաղաքացին իր օբյեկտիվ ընդունակությունները իրացնելու համահավասար հնարավորություն ունենա, սոցիալական խնդիրները կկրճատվեն: Իհարկե, կլինեն մարդիկ, որ այս պայմաններում էլ չեն կարողանա ապահովել իրենց ընտանիքի սոցիալական մինիմումը, որովհետեւ ի վերուստ իրենց տրված չի լինի համապատասխան ընդունակություն, բայց այս մարդկանց սոցիալական հոգսը հոգալը կդառնա հանրության մնացած մասի խնդիրը, պարտականությունը: Այսպիսի վիճակ Հայաստանում հնարավոր է ստեղծել միայն քաղաքական փոփոխության արդյունքում, միայն որակապես նոր քաղաքական համակարգի ներդրման արդյունքում, եւ այս վիճակը ստեղծելն է մեր խնդիրը, ոչ թե մարդկանց սոցիալական ծանր վիճակը շահարկելը: Բայց սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդը պետք է ոչ թե հաց պահանջի, այլ իրավունք, հնարավորություն, օրինականություն եւ մենք այդ պայքարը պետք է այսկերպ ուղղորդենք: Որովհետեւ, այսօրվա սոցիալական ահավոր բեւեռացման պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ ուղղակի զրկված են իրենք իրենց սոցիալական կարիքները հոգալու նվազագույն շանսից` մոնոպոլիաների, հակամրցակցային տնտեսական համակարգի, կոռուպցիայի եւ կաշառակերության պատճառով: Արդյունքում, մեր երկրում ոմանք հարուստ են համաշխարհային չափանիշներով, իսկ ոմանք աղքատ են անգամ Զիմբաբվեի չափանիշներով:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.