> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ

«տվեք ինձ հենման կետ, եւ ես կբարձրացնեմ երկիրը»

Ն. ՓաշինյանԻլհամ Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ դավոսյան հանդիպման մեկնեց «Նաբուկո» գազատարի նախագծի վերաբերյալ Բուդապեշտում տեղի ունեցած գագաթնաժողովից։ ԵՄ-ն ռուսական գազային խողովակաշարերին այլընտրանք է փնտրում, եւ այդպիսի հույսը հենց «Նաբուկոն» է, որն, ըստ գաղափարի, միջինասիական, ադրբեջանական, հնարավոր է` նաեւ իրանական գազը պետք է հասցնի ԵՄ` Ռուսաստանը շրջանցող նոր կառուցվելիք խողովակաշարով։ Ադրբեջանը այս նախագծում առանցքային երկիր է եւ հայտնվել է գազային խաչմերուկի վիճակում` ոչ միայն որպես տարանցման երկիր, այլեւ որպես գազային պաշարների կրող։ Իհարկե, գազային այս նախագծի իրագործման հեռանկարները հստակեցված չեն, բայց այս անորոշությունը շատ ավելի լավ է Ադրբեջանի համար, որովհետեւ հարցը գտնվում է քաղաքական կոնսուլտացիաների փուլում, եւ որքան ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ցանկանում են, որ «Նաբուկո»-ն իրականություն դառնա, նույնքան Ռուսաստանը հակառակվում է դրան, որովհետեւ չի ուզում կորցնել ԵՄ-ի նկատմամբ ունեցած գազային շանտաժի մահակը։ Իր հերթին, ԵՄ-ն չի ուզում, որ իր գլխին նման մահակ լինի կախված։ Եւ հիմա, բնականաբար, ԵՄ-ն եւ Ռուսաստանը փորձում են Ադրբեջանին համոզել, բացատրել, վախեցնել, որ ճիշտը այս կամ այն տարբերակն է։ Այսինքն` ԵՄ-ն համոզում է, որ Ադրբեջանը դառնա «Նաբուկոյի» երդվյալ դաշնակիցը, իսկ ՌԴ-ն, ընդհակառակը, համոզում է, որ Ադրբեջանը հրաժարվի «Նաբուկոյի» գաղափարից։ Կողմերից յուրաքանչյուրը, բնականաբար, Ադրբեջանի նկատմամբ փորձում է կիրառել մտրակի եւ թխվածքաբլիթի քաղաքականությունը։

Թխվածքաբլիթը այն հատուկ ուշադրությունն է, որ ՌԴ-ն եւ ԵՄ-ն հատկացնում են Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Իսկ մտրակը, կռահեք ինքներդ, իհարկե` Հայաստանն է, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանը։ Հենց նույն օրերին, երբ Բուդապեշտում տեղի էր ունենում «Նաբուկոյի» գագաթնաժողովը, ԵԽԽՎ-ում քննարկվում էր Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը։ Եւ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ մենք ականատես եղանք մի տարօրինակ պատկերի` Ռուսաստանը պաշտպանում էր իշխանական պատվիրակության ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում, իսկ եվրոչինովնիկները Ռուսաստանից ետ չէին մնում այս հարցում։ Այսինքն` Սերժ Սարգսյանը հայտնվել էր խաչաձեւ պաշտպանության տակ։ Առաջին հայացքից` այս տարօրինակ իրավիճակը շատ պարզ բացատրություն ունի. Արեւմուտքը փորձում է ապացուցել, որ Սերժ Սարգսյան կոչվող հատուկ միջոցը իր ձեռքերում է, իսկ Ռուսաստանը փորձում է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը իր ձեռքի մահակն է, եւ այդ մահակով ինքը կարող է տալ Ադրբեջանի կոկոշին։ Բայց կարող է նաեւ այդ մահակը վերափոխել բլիթի, ինչպես դա արեց Մոսկվայում` Սերժ Սարգսյանին ստորագրել տալով Մայնդորֆյան հռչակագիրը, ասել է թե` Բաքվին ապացուցեց, որ ինքը ավելի լավ է տիրապետում իրավիճակին։ Արեւմուտքը փորձեց Մայնդորֆին հակադարձել Հելսինկիով, բայց չստացվեց, եւ Ռուսաստանը խափանեց ԼՂ հարցով հռչակագրի ստորագրումը Ֆինլանդիայի մայրաքաղաքում։

Հետո եկավ Դավոսի հերթը, իսկ ընդհանուր առմամբ` ընթացիկ քաղաքական շրջափուլը ակնհայտ ցուցադրումն է այն բանի, թե ինչպես են ՌԴ-ն եւ ԵՄ-ն Ադրբեջանի առաջ ձեռնածություններ անում Սերժ Սարգսյանով, եւ վերջինս հայտնվել է ձեռնածուի գնդակի կարգավիճակում։ Ուզում եմ ընդգծել` խնդիրը այս պարագայում նրա անձի մեջ չէ, այլ այն ճանապարհի, այն եղանակի, որով նա հասել է իշխանության։ Եթե անգամ Սերժ Սարգսյանը ուժեղ դիվանագետ լիներ, չէր կարողանալու խաղալ` խաղաթղթերի բացակայության պատճառով, որովհետեւ Հայաստանում նրա ունեցած իշխանության խաղաթղթերը գտնվում են կամ Արեւմուտքի ձեռքին, կամ` Ռուսաստանի։ Արեւմուտքի ձեռքին քաղբանտարկյալների խաղաքարտն է, իսկ Ռուսաստանի ձեռքին` ճշմարտությունը մարտի 1-ի մասին։ Եւ հետո` զանազան բանկերի խորհրդի նախագահներ, որ տարեկան 9 միլիոն դոլար աշխատավարձ են ստանում եւ ահավոր նման են Սերժ Սարգսյանին։ Սա է վիճակը Սերժ Սարգսյանի եւ այսպիսով նաեւ` Հայաստանի վիճակը։ Չնայած, եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի իշխանություն չլիներ կամ էլ գոնե լեգիտիմության որոշակի պաշար ունենար, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։

Ֆուտբոլային դիվանագիտությունն, ի դեպ, նույնպես տեղավորվում է «Ձեռնածություն Սերժ Սարգսյանով» սխեմայի մեջ։ Մայնդորֆում Ռուսաստանը Ադրբեջանին ապացուցելու բան ուներ եւ ապացուցեց։ Ֆուտբոլային դիվանագիտության պարագայում Ռուսաստանը ապացուցելու բան ուներ Թուրքիային եւ ուրեմն` ապացուցեց. Սերժ Սարգսյանը հենց Մոսկվայից հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չէ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, ապա եւ Գյուլին հրավիրեց ֆուտբոլային դիվանագիտելու։ Ամերիկաեվրոպական ուժերը պրոցեսում ներգրավվելու նույն լծակը օգտագործեցին` հուլիսին եւ հոկտեմբերին Հայաստանը էլի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները կատարելու ժամկետային հետաձգում ստացավ։ ԵԽԽՎ-ում Հայաստանը հետաձգում ստացավ ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ, Մայնդորֆից առաջ, Դավոսից առաջ։
Իսկ Հելսինկիից հետո ստացավ ձայնից զրկվելու սպառնալիք եւ կոշտ գնահատականներ` նաեւ Մեթյու Բրայզայի բերանով։ Այսինքն` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը իրականում տեղավորվում է նույն ցիկլի մեջ, եւ պրոբլեմը ոչ թե ցիկլը ինքն է, այլ այն, որ Սերժ Սարգսյանը արդեն վերջնականորեն դադարել է օբյեկտ լինել եւ վերածվել է մանրադրամի` Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում։

Իհարկե, այստեղ ուրախանալու ոչ մի բան չկա` անկախ նրանից` իշխանամե՞տ ես, թե՞ ընդդիմադիր, որովհետեւ, ի վերջո, օբյեկտի, խաղալիքի վերածվել է Հայաստանը։ Եւ այն, որ իշխող կոալիցիան ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի ունեցածից տոնախմբություն է ուզում սարքել, հիմք է տալիս մտածել, որ սրանք իսկի գլխի չեն ընկնում, թե ինչ է կատարվում իրենց շուրջ։ Անձնական առումով, իհարկե, քաղբանտարկյալների առկայությունը երջանկացնում է Սերժ Սարգսյանին` դա նրան օգնում է ինչ-որ չափով իրեն նախագահ զգալ։ Բայց դե այդ զգացողության հերն անիծվում է, երբ մեկ Ռուսաստանն է ասում, թե ինչ պետք է անել, ու դու չես կարող ասել` ոչ, մեկ ԵՄ-ն է ասում` ինչ պետք է անել, ու դու չես կարող ասել` ոչ, մեկ ԱՄՆ-ն է ասում` ինչ պետք է անել, եւ դու չես կարող ասել` ոչ։ Ինքնիշխանություն կոչվածը, մեծ հաշվով, հենց «ոչ» ասելու կարողությունն է։ Իհարկե, դիվանագիտության մեջ «ոչ»-ը այնքան էլ ընդունված ձեւ չէ եւ օգտագործվում է միայն ծայրահեղ դեպքերում։ Բայց հարաբերությունների կառուցման հոգեբանության տեսակետից շատ կարեւոր է կողմերի ներքին ինքնագնահատականը. կողմը լրիվ ուրիշ դիրքորոշում եւ դիրք է ունենում, երբ գիտի, որ անհրաժեշտ պահին ինքը կարող է ասել «ոչ» եւ կարող է տեր լինել իր այդ «ոչ»-ին։

Սերժ Սարգսյանի իշխանությունը ինտուիտիվ հենց այս հոգեբանական նշաձողն էր փորձում հաղթահարել այս ողջ ընթացքում, բայց այդ բարդույթը հաղթահարելու գործիք էր փորձում դարձնել քաղբանտարկյալների հարցը։ Խնդիրն այն չէ, որ իշխանությունը այդպես էլ չկարողացավ ասել «ոչ» եւ չի կարողանալու` փոխարենը փորձելով զանազան վայրիվերումներ անել, հարցը շրջանցել։ Ուղղակի` չի կարելի երկրի ինքնիշխանությունը պաշտպանել երկրի քաղաքացիների ինքնիշխանությունը ոչնչացնելու ճանապարհով, որովհետեւ ինքնիշխանության աղբյուրը հենց նույն ժողովուրդն է, նույն հասարակությունը։ Այսինքն` հնարավոր չէ երկրի ինքնիշխանությունը պաշտպանել սեփական քաղաքացիներից, որովհետեւ այն, ինչ սեփական քաղաքացիներից պաշտպանվելու կարիք է զգում, կարող է լինել ամեն ինչ, բացի ինքնիշխանությունից։ Այնպես որ, ամենեւին էլ չափազանցություն չկա այն պնդման մեջ, թե երկրի առջեւ առկա արտաքին քաղաքական, գլոբալ քաղաքական հարցերի լուծումը պետք է սկսել ներսից, որովհետեւ առանց այն էլ Հայաստանի առջեւ ծառացած հարցերը գերազանցում են նրա անհատական քաշը, էլ ուր մնաց, թե մեր երկիրը դրանց դիմակայի կես մարդ դարձած, անգամ` իր փոքրիկ քաշի մեծ մասը կորցրած։

Առանց այն էլ` Հայաստանի` փոքր երկիր լինելը բարդույթավորում է բոլորիս, եւ մեր խնդիրը իսկապես մեր քաշի համար աննկարագրելի ծանր բեռներ բարձրացնելն է։ Ոմանք արդեն իսկ համակերպվել են այս խնդրի լուծման անհնարինության մտքի հետ։ Բայց Արքիմեդը դեռեւս Ք.ծ.ա. 3-րդ դարում տվել է անհնարինը հնարավոր դարձնելու ճշգրիտ բանաձեւը, որը կասկածի տակ չի դրվում անգամ տեխնոլոգիաների զարգացման 21-րդ դարում. «Տվեք ինձ հենման կետ, եւ ես կբարձրացնեմ երկիրը»,- ասել է նա։ Այնպես որ, եթե Հայաստանի իշխանությունը ուզում է բարձրացնել Հայաստանի ազգային շահերի պաշտպանության ծանր բեռը, պետք է հենման կետ ունենա։ Իսկ Հայաստանի շահերի սպասարկման հենման կետը կարող է լինել միայն Հայաստանի հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը, որովհետեւ Հայաստանի շահ` նշանակում է Հայաստանի ժողովրդի շահ, նշանակում է` հենց Հայաստանի ժողովուրդն է այդ շահի աղբյուրը, նշանակում է` հնարավոր չէ պաշտպանել Հայաստանի ժողովրդի շահը` նրա վրա հենված չլինելով։ Ասել է թե` որեւէ իշխանություն, որ չի ձեւավորվել Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում, լեգիտիմ չէ, չի կարող պաշտպանել Հայաստանի շահը։ Սա շատ կարեւոր նրբություն է, որովհետեւ իշխանության հնարավոր է հասնել եւ այդ իշխանությունը պահպանել ժողովրդին ահաբեկելով, վախեցնելով, բարոյազրկելով, սպանելով, կաշառելով, մոլորեցնելով։ Այսպես իշխանությունը պահել հնարավոր է, բայց հնարավոր չէ ունենալ հենման կետ, որովհետեւ հենման կետ կարող է լինել միայն այն ժողովուրդը, որը ինքնակամ է քեզ տվել այդ իշխանությունը, ինքնակամ է համաձայնում այդ իշխանությունը քո ձեռքում թողնել, իրենն է համարում այդ իշխանությունը։ Ահա սա է ամբողջ խնդիրը, ավելի ճիշտ` բոլոր խնդիրների լուծումը։

Երբ Հայ ազգային կոնգրեսը ասում է, որ իրավիճակից ելքը կարող են լինել միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, շատերը դա մեկնաբանում են որպես իշխանության մոլուցք։ Իրականում` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը ոչ մի կապ չունի իշխանության մոլուցքի հետ, որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ ընտրություններում կհաղթի Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունները ավտոմատ նշանակում են Տեր-Պետրոսյանի հաղթանակ, ուրեմն` պրոբլեմը շատ ավելի մեծ է, եւ գործող իշխանության ոչ լեգիտիմ բնույթը` անհերքելի կերպով ընդգծված։
Բայց արտահերթ ընտրությունները, անկախ անձերից, շատ ավելի խոշոր խնդիր ունեն լուծելու` ժողովրդի համար իշխանություն եւ իշխանության համար հենման կետ ստեղծելը, այսինքն` իշխանությունը աշխատող մեխանիզմի, Հայաստանի քաշից ծանր բեռներ բարձրացնելու ընդունակ լծակի վերածելը։ Ի վերջո, այսօր մենք գործ ունենք քաղաքական իրողության հետ, եւ այդ իրողությունն այն է, որ գործող իշխանությունը չունի լեգիտիմության եւ վստահության ոչ մի ռեսուրս, չունի հենարան Հայաստանի հասարակության շրջանում, ձեւավորվել է ի հեճուկս նրա կամքի։
Կան, իհարկե, մարդիկ, ովքեր պատրաստ են համակերպվել այս իրողության առկայության փաստի հետ, բայց խոսքը ոչ թե համակերպվելու, այլ հենման կետ դառնալու մասին է։ Սերժ Սարգսյանը չունի եւ չի ունենալու հենման կետ, եւ սա ամենեւին էլ այն բանից չէ, որ նրա անունը Սերժ Սարգսյան է։ Խնդիրը իշխանության հասնելու եղանակի, մեթոդի, ճանապարհի մեջ է, եւ այդ ճանապարհը այլեւս հնարավոր չէ փոխել, որովհետեւ դա արդեն կայացած փաստ է։ Իսկ սա նշանակում է, որ ամեն ինչ անհրաժեշտ է սկսել նոր էջից, եթե իհարկե, մենք ուզում ենք ունենալ հենման կետ, եթե մենք ցանկանում ենք բարձրացնել Երկիրը։ Իսկ եթե չենք ուզում, էլի խնդիր չկա` մի երեք հազար տարի յոլա ենք գնացել երկրի վրա, մի երեք հազար տարի էլ յոլա կգնանք` այդպես էլ երբեք գործիքից գործոն չդառնալով։ Բայց մարտի 1-ին մենք ապացուցեցինք, որ ոչ միայն հոգնել ենք գործիք լինելուց, այլեւ վճռել ենք գործոն լինել։ Եւ լինելու ենք։ Արտահերթ ընտրությունները այլընտրանք չունեն։

Հ.Գ. Կարող է հարց հնչել` արդյո՞ք Իլհամ Ալիեւը ունի հենման կետ` ի դեմս սեփական ժողովրդի։ Իհարկե` չունի, բայց փոխարենը ունի նավթ եւ գազ, խողովակաշարեր, որ կարողանում է օգտագործել որպես խաղաքարտ։ Սերժ Սարգսյանի նախորդ Ռոբերտ Քոչարյանը որպես խաղաքարտ օգտագործեց Հայաստանի ողջ ռազմավարական ունեցվածքը, անգամ բջջային կապի շուկան խարջեց մինչեւ վերջ։ Այնպես որ, Սերժ Սարգսյանը խոշոր խաղում խարջելու շատ բան չունի, թերեւս միայն` Ազատագրված տարածքները։ Ահա նաեւ այս է պատճառը, որ Հայաստանի համար օրախնդիր է խարջման քաղաքականությունից հրաժարումը` երբ նյութական արժեքները սպառված են, անհրաժեշտ է հենվել քաղաքական արժեքների վրա, այնպիսի արժեքների, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը եւ մարդկանց հավատը սեփական ուժերի նկատմամբ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունվար 31, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Հունվար 31st, 2009 at 18:06 | #1

    Hargeli Nikol!Verjapes liakatar meknabaneciq iravicak@,shtap petq e taracel ayn!!!Qchern en internetic ogtvum.

  2. Հունվար 31st, 2009 at 19:58 | #2

    Հարգելի Նանո, Նիկոլի բոլոր հոդվածները, տպագրվում են իր իսկ հիմնադրածն, մեր սիրելի «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» օրաթերթում…

  3. Հունվար 31st, 2009 at 19:59 | #3

    Հա, մոռացա ասեմ, նաեւ` Հայաստանում ամենամեծ տպաքանակը ունեցող թերթում

  4. Զոյա
    Փետրվար 1st, 2009 at 13:38 | #4

    Շնորհակալություն, սիրելի Նիկոլ: Քո գրած սքանչելի հոդվածները դարձել են հոգևոր սնունդ: Դու այն հենման կետն ես, որը կօգնի մեզ երկիրը բարձրացնելու: Մեր ազգը հարատևելու իրավունք ունի, քանի որ հայոց մայրերից Նիկոլ Փաշինյաններ են ծնվում: Համբուրում եմ քեզ հրաշք երիտասարդ:

  5. gor
    Փետրվար 2nd, 2009 at 18:36 | #5

    barev Nikol.Sirun hotvacner es grum,bayc ches asum inch piti arvi.Karcum em jamanakn e inch vor gorcoxutyun anelu ,inchqan piti spasenq,vor ayspes kochvac naxagah@ inch vor hanadzaynagir storagri u nor elnel u asel vor davachan e,Ter Petrosyan@ vaxenum e inq@ luci karavaxyan harc@?????????????????na vor ekav asec vor uzum e linel gorciq ays avazakapetutyunic.Hima chi uzum linel gorciq??

  1. No trackbacks yet.