> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Հայրապետից

Հարգելի Նիկոլ, ամենայն հաջողություն եմ մաղթում ձեր պայքարին: Ես էլ շարժման համակիր եմ, սակայն կցանկանայի մի քանի հարցի պատասխան լսել ձեզանից:

1. Իմ տպավորությամբ, որեվէ անձի հանդեպ ձեր վերաբերմունքը պայամանավորված է Լեվոն Տեր-Պետրոսյանի և այդ անձի հարաբերություններով: Մի օրինակ. անցած տարիներին, որքան էլ ձեր թերթը քննադատեր նախորդ ընդդիմությանը, որոշ գործիչների, այնուամենայնիվ, խնայում էր: Վազգեն Մանուկյանի հետ դուք զրուցում էիք շատ հարգալից, նրա անունը, Վարդան Օսկանյանի անվան կողքին, առաջարկում էիք որպես իշխանություն-ընդդիմության երկխոսության պատշաճ հավակնորդներ, իսկ այն պահից սկսած, ինչ Վազգենը Լեվոնին չմիացավ, պարզվեց, որ նա մի սարսափելի դեվ է, եվ տպվեց նրա “96-ին իշխանության գալու ծրագիրը “, որը տպվել էր 96-ին 02-ում, 2000-ին` ԱՌԱՎՈՏ-ում, այսինքն` անհայտ բան չէր, թեման արծածվել էր, եվ պարզաբանումները հնչել էին: Եթե դուք հավատում եք, որ դա նրա ձեռքի գործն է, ապա չէ՞ որ այդ փաստաթուղթը հայտնի էր նաեվ նախորդ տարիներին:

2. Դուք արդարացիորեն բնութագրում եք սադոյաններին որպես հաճախորդներ: Իսկ ՀԱԿ-ի անդամներից ոմանք Քոչարյանի տարիներին իշխանություն են եղել: Մոդայիկ է Մանվելի կամ Ջհանգիրյանի անունը տալ, ես էլ ուզում եմ հարցնել Արարատ Մկրտչյանի մասին ձեր կարծիքը, Քոչարյանի օրոք` 4 տարվա նախարար, որին այն ժամանակ ընդդիմադիր մամուլը հռչակել էր “մամուլի թշնամի”:

3. Ինչպես կբնութագրեիք այն 5 կամ 7 պատգամավորներին, ովքեր իբրեվ թե միացան շարժմանը, իսկ հետո հրաժարվեցին իրենց ստորագրություններից:

Նիկոլի պատասխանները - Հարգելի Հայրապետ, եթե Շարժման համակիր եք, ուրեմն հաջողություն պետք է մաղթեք մեր ընդհանուր պայքարին: Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին. իմ կարծիքով հարգանքը ստատիկ արժեք չէ: Շատ են դեպքերը, երբ որեւէ հարգելի մարդ իր անվայել կամ կասկածելի պահվածքի պատճառով զրկվում է այդ հարգանքից, եւ ընդհակառակը` սասանված հեղինակություն ունեցող մարդը արժանավայել պահվածքի, բարոյական եւ խիզախ քայլերի արդյունքում վերանվաճում է այդ հարգանքը: Անկեղծ ասած, չեմ կարծում, թե Վազգեն Մանուկյանի վերջին տարիների քաղաքական գործունությունը արժանի է հարգանքի: Ինչ վերաբերում է ձեր հիշատակած հրապարակմանը, դրա լույս ընծայումից հետո արել եմ առաջարկ` թերթին տրամադրել Վազգեն Մանուկյանի ձեռագրի նմուշ, եւ մենք նույն չափով կողք-կողքի կտպագրենք թե՛ Մանուկյանի տրամադրած նմուշը, թե՛ խնդրո առարկա փաստաթղթից մի կտոր, եւ վերջնականապես պարզ կլինի դա նրա ձեռագի՞րն է, թե՞ ոչ: Իմ այս առաջարկը մերժվել է:

Անկեղծ ասած հենց այսօր էլ չեմ կարծում, թե պարոն Մանուկյանը շատ է տարբերվում ձեզ հայտնի սերժանտական հաճախորդներից, եւ սա միայն ցավալի է ինձ համար: Դուք մտածում եք, որ մարդկանց նկատմամբ իմ վերաբերմունքը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի վերաբերմունքով, բայց հարցի մեջ իսկ արդեն տվել եք պատասխանը: Այն ժամանակ, երբ ես Մանուկյանի հետ որոշակի հույսեր կապում էի, ահա այդ ժամանակվանից Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը նրա նկատմամբ չի փոխվել: Ու ոչ էլ իմ վերաբերմունքն է փոխվել Տեր-Պետրոսյանի նկատմամբ, առնվազն ձեր նշած ժամանակահատվածում: Մի ժամանակ ես այո, հույս ունեի, որ այն դերակատարումը, որ ստանձնեց Տեր-Պետրոսյանը, կարող է Վազգեն Մանուկյանը ստանձնել: Բայց ես սխալվել եմ այս հարցում: Այո, ես նրան կոչեր հղել եմ, իսկ ինչ է ձեռնարկել Մանուկյանը այդ կոչերի համատեքստում, կամ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի համախմբման համար: Ոչինչ, բացարձակապես ոչինչ: Նա միայն մի նախապայման է ունեցել, որ ինքը պետք է լինի լիդեր, եւ մշտապես դարձել քաղաքական դաշտի համախմբման խոչընդոտ` անուրանալի ծառայություններ մատուցելով քոչարյանասարգսյանական ռեժիմին: Հիմա կարող եք ասել, որ Տեր-Պետրոսյանն էլ երրորդ դեմքի կարգավիճակում հանդես չի եկել: Այո, բայց տարբերությունն այն է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը Տեր-Պետրոսյանի լիդերությունը ընդունել է, Վազգեն Մանուկյանինը` ոչ: Եւ դա ոչ Տեր-Պետրոսյանի մեղքն է, ոչ էլ` առավելեւս իմ, ոչ էլ որեւէ այլ ընդդիմադիր գործչի:

Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, ուրեմն` 2007 թվականին մենք շրջանառության մեջ դրեցինք «քաղաքական Զատիկ» հասկացությունը: Դրա իմաստն այն էր, որ մեզնից յուրաքանչյուրը` անկախ նրանից պաշտոնյա է, լրագրող, ներկա կամ նախկին նախարար, նախագահ, թե ուղղակի շարքայի քաղաքացի, ահա մեզանից յուրաքանչյուրը իր չափով մեղավոր է երկրում ստեղծված վիճակի համար: Այդ մեղքը այնքան տարածված է, մեղավորների թիվը այնքան մեծ, որ այս վիճակը հնարավոր է հաղթահարել, եթե մեղավորներից յուրաքանչյուրը ինքը փորձի զատվել իր մեղքից, եւ փորձի գործով քավել այդ մեղքը, մեր հայրենիքի առաջ ունեցած մեղքը: Քավել` նվիրվելով Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարին: Եւ այսպիսի զատման հնարավորություն պետք է ունենա ամեն ոք, եւ այսօր էլ ունի: Այսօր իմ կարծիքով մենք քավարանի միջով ենք անցնում, եւ մենք իրավունք չունենք մերժել որեւէ մեկին, ով ուզում է մեզ հետ անցնել այս քավարանով, ով ընդունում է հայրենիքի առաջ ունեցած իր մեղքը: Գագիկ Ջհանգիրյանը կարող էր դեռ տասը տարի էլ մնալ իր պաշտոնին, բայց նա եկավ Ազատության հրապարակ: Եւ ծեծի ու խոշտանգումների ենթարկվելով այսօր իրեն դրսեւորում է որպես արժանապատիվ քաղաքացի: Ես չեմ ասի, թե Ջհանգիրյանը մեղքեր չունի, ինքս ինձ համար չեմ ասի նման բան, եւ եթե ինձ հարցնեք, իմ մեղքերը ավելի շատ են, քան Ջհանգիրյանինը, կամ որեւէ ուրիշ մեկինը: Եւ ես ուզում եմ քավել իմ մեղքերը, քավարանում եմ հիմա, եւ իմ եղբայրն եմ համարում այս քավարանով անցնելու պատրաստ յուրաքանչյուրի, որովհետեւ մենք երկիր չենք ունենալու` մինչեւ մեր վրայից չթոթափենք մեր երկրի առաջ ունեցած մեղքը: Եւ այդ մեղքը անհատական է, մեզնից յուրաքանչյուրինն է, կոնկրետ է: Որովհետեւ ասում ենք, որ երկրում կան թալանչիներ, կոռուպցիոներներ, ընտրակեղծարարներ, օլիգարխներ, բայց չենք ուզում պարզել, թե ովքեր են այդ մարդիկ: Օդի՞ց են ընկել, թե՞ այլ երկրներից են ներմուծվել: Իհարկե` ոչ: Դրանք մեր ընկերներն են, հարեւանները, բարեկամները, մեր հարազատները նույնիսկ, եւ մենք ենք ծնել այդ մարդկանց: Մենք ենք այն միջավայրը, այն պարարտ հողը, որում նրանք ծիլ են տվել, աճել են: Դուք տեսե՞լ եք, որ ասենք որեւէ խնջույքի, ընտանեկան միջոցառման ժամանակ, կամ ուղղակի որեւէ շփման մեջ որեւէ մեկը ամոթանք տա իր բարեկամ պետավտոտեսուչին, ասի` հարամ է էն հացը, որ ուտում ես: Իհարկե, չեք տեսել, ընդհակառակը մենք հպարտանում ենք մեր բարեկամ «գաիշնիկներով», հաճույքով նրանցից նվերներ ենք ընդունում, չնայած գիտենք, հաստատ գիտենք, որ այդ նվերը հարամ փողով է ձեռքբերվել: Մենք ասում ենք օլիգարխներ, օլիգարխներ, բայց նրանց տեսնելիս քծնում ենք, քսմսվում, նրանց ձեռքին նայում, հույս ունենալով մի թուլաբաժին ստանալ: Մենք հայհոյում ենք իշխանավորներին, բայց իշխանավորի անձամբ հանդիպելիս չքմեղանում ենք, սկսում քծնել, մի օգուտ ստանալու հույսով: Մենք հույս ունենք, մեր բալեքի համար էլ այդպիսին դառնալու ուղիներ գտնել: Այսինքն` տականքներին հայհոյելով, երազում ենք, որ մեր բալեքն էլ տականք դառնան, որովհետեւ մեր պրոբլեմը ոչ թե տականքի ու տականքության հետ է, այլ այն բանի, որ մենք ինքներս զրկված ենք այդպիսի հզոր տականք լինելու հնարավորությունից: Մեզ ոչ թե բռնությունն ու բեսպրեդելն է հուզում, այլ այն, որ այդ բռնության հնարավորությունը մերը չէ: Մենք ասում ենք այսինչ նախարարը, վարչապետըւ թալանչի է. բայց Հայաստանում քանի մարդ կա, որ նույն վիճակում հայտնվելով նույն բանը չի անի: Ահա այսպիսին են մեր խնդիրները, դրանք խորքային են, եւ դրանց լուծումը ես տեսնում եմ հասարակական-քաղաքական Զատիկի մեջ: Մեզնից յուրաքանչյուրը այս վիճակում պետք է փնտրի ոչ միայն ուրիշի, այլ առաջին հերթին ինքն իր մեղքը, եւ այդ մեղքը քավելու կամք ունենա: Այդ մեղքը քավելու ճանապարհը մեկն է. այլեւս չհամակերպվել այս իրականության, արատավոր իրականության հետ եւ ամեն ինչ, մեզնից կախված ամեն ինչ անել այդ իրականության փոփոխության համար: Եւ այս իրավունքը ունի ՀՀ ցանկացած քաղաքացի, անկախ նրանից իշխանության մեջ եղել է, թե ոչ: Որովհետեւ մեկը իշխանության մեջ լինելով է երկրին վնաս տվել, իսկ մյուսը` այդ նույն ընթացքում եղել է լրագրող եւ ձայն չի հանել կատարվողի մասին, երրորդը եղել է շարքային քաղաքացի եւ առաջնորդվել է «շառից փորձանքից հեռու» սկզբունքով: Ու երկիրը հասել է այս վիճակին, ու եթե Զատիկը, քաղաքական, քաղաքացիական Զատիկը տեղի չունենա, ոչինչ չի փոխվելու: Ինչ վերաբերում է երրորդ հարցին, կարծում եմ այսպիսով պատասխանեցի նաեւ նրան: Շնորհակալ եմ: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.