> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ

Նիկոլ ՓաշինյանԵւ այսպես, խնդիրը պարզ է եւ հստակ. հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ Հայաստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Այսօր շատերը հարց են տալիս. ինչպե՞ս ենք դա անելու: Որպես կանոն, ընդդիմությունը այս հարցին տալիս է ընդհանուր պատասխան: Նման պահվածքը հասկանալի է: Կան քայլեր, որոնց գաղտնի մնալը ցանկալի է, եւ բնականաբար, ընդդիմությունը չի ցանկանում նախապես բացել իր խաղաքարտերը: Նման պահվածքը, սակայն, իրականում ունի մի մեծ թերություն. ՀՀ քաղաքացիները, տեղյակ չլինելով, թե կոնկրետ ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու, անորոշության զգացողություն են ունենում, ինչն իր հերթին բերում է որոշ հոգեբանական բարդությունների: Ասենք, ակտիվիստները, որոնք անմիջականորեն ներգրավված չեն կազմակերպչական աշխատանքների մեջ, լավ չեն պատկերացնում իրենց անելիքը, եւ նրանց շրջանում որոշակի վակուում է առաջանում: Այս հրապարակման մեջ ուզում եմ ներկայացնել այն հնարավոր քայլերը, որոնց իրագործումը, իմ անձնական կարծիքով, անխուսափելի է դարձնելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իհարկե, այդ քայլերի բարձրաձայնումը որոշակի ինֆորմացիա եւ մտորելու առիթ է տալիս նաեւ իշխանություններին, բայց հիմա, երբ գործում է տոտալ գաղտնալսումների, կենդանի ժուչոկների համակարգը, եւ բացի այդ, սկսվում է գործընթաց, որում պետք է ներգրավվեն հարյուր հազարավոր մարդիկ, ահա այս պայմաններում արդեն գաղտնապահությունը մի տեսակ ինքնանպատակ է դառնում: Տվյալ պահին շատ ավելի կարեւոր է, որ հանրահավաքի եկող յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, թե ինչի համար է ինքը գալիս հրապարակ, եւ ինչ քայլերով է ինքը հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին: Ընդ որում, այսպիսի պարզությունը յուրաքանչյուր մարդու հնարավորություն կտա այսօրվանից պլանավորել իր անելիքը եւ գործել հանուն այդ ընդհանուր նպատակի:

ի՞նչ անել

Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու գործընթացը ունի երկու մաս` տեսական եւ գործնական: Տեսականորեն` հրաժարականի համար անհրաժեշտ նախապայման է, որպեսզի այս պահանջը պաշտպանի հանրության վճռորոշ մեծամասնությունը: Հայ ազգային կոնգրեսը, Սարգսյանի հրաժարականը պահանջելով, անշուշտ, հիմնվել է հենց այս համոզմունքի վրա եւ վստահ է եղել, որ պահանջի ետեւում կանգնած է մեր հանրության մեծագույն մասը: Իշխանությունը այս տեսակետը չի կիսում. ինչ խոսք, իշխանական ուժերն էլ գիտեն, թե ինչպիսի զզվանք կա իրենց նկատմամբ հանրության շրջանում, բայց իշխանության մնալը արդարացնելու համար` իրենք պետք է չնկատելու տան այդ զզվանքը եւ ասեն, որ նման բան գոյություն չունի, եւ որ հանրության վճռորոշ մեծամասնությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Այս պայմաններում ընդդիմությունը պետք է հակառակն ապացուցի, այսինքն` ցուցադրի, որ, իրոք, հանրության վճռորոշ մեծամասնությունը պաշտպանում է հրաժարականի պահանջը: Նման բան ցուցադրելու եղանակը հանրահավաքն է: Ընդ որում, այնպիսի հանրահավաքը, որտեղ ներկա գտնվի առնվազն 700 հազար մարդ եւ վանկարկի «հը-րա-ժա-րա-կան»:

Անգամ ամենաիդեալական պայմաններում, սակայն, նման հանրահավաք անելը հեշտ չէ, որովհետեւ դրա համար լինում են տեխնիկական, հոգեբանական, քաղաքական բարդություններ: Որեւէ պայմաններում հնարավոր չէ բռնել եւ միանգամից 700 հազար մասնակցով հանրահավաք անել: Նման հանրահավաքը հանրահավաք չէ, այլ երեւույթ, իրադարձություն, եւ այդ իրադարձությունը պետք է հասունացնել: Այդպիսի հասունացում մենք արդեն իրագործել ենք, եւ այդ մեթոդը կոչվում է շուրջօրյա հանրահավաք: Չի կարելի բացառել, իհարկե, որ 700 հազարանոց, մեկ միլիոնանոց հանրահավաք հասունացնելու համար այլ մեթոդներ նույնպես կան, բայց այս պահին ամենահարմար եղանակը հենց շուրջօրյա հանրահավաքներն են: Այսինքն` Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհին առաջին քայլը հանրահավաքների շուրջօրյա լինելն է: Ընդ որում, էական չէ, թե առաջին օրվա հանրահավաքին քանի մարդ ներկա կլինի` երեսո՞ւն, յոթանասո՞ւն, թե՞ հարյուր հազար մարդ: Էականն այն է, որ հրապարակում գիշերողների թիվը չպետք է պակաս լինի 10 հազարից:

Եւ ուրեմն, Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետի ետադարձ հաշվարկը կարելի է սկսված համարել այն պահից, երբ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները դառնան շուրջօրյա: Բայց այս իրավիճակում շուրջօրյա հանրահավաքի խնդիրը, անելիքը մի փոքր ուրիշ է: Այն պետք է ծառայի ցերեկային հանրահավաքների մասնակիցների թվի ավելացմանը: Այսինքն` շուրջօրյա հանրահավաքը պետք է իր առաջ խնդիր դնի հասնել հրաժարականի պահանջը պաշտպանող քաղաքացիների առավելագույն մոբիլիզացիայի: Այդ թվի նվազագույն շեմը սահմանենք 700 հազարը: Բայց նման մոբիլիզացիա ապահովելու համար` գիշերը հրապարակում չմնացող քաղաքացիները հաջորդ օրը իրենց հետ պետք է բերեն նոր ցուցարարների: Այսինքն` շուրջօրյա հանրահավաքը, ըստ էության, աշխատանքի բաժանում է. 10 հազար մարդ պահում են հրապարակը, այսինքն` հանրահավաքի շունչը, մնացածը բուն հանրահավաքի ավարտից հետո գնում են` հաջորդ օրը ավելի մեծ խմբով վերադառնալու համար: Այսպիսով, շուրջօրյա հանրահավաքի առաջին փուլի խնդիրը կուլմինացիա ձեւավորելն է, որին մեծապես կնպաստեն նաեւ ամենօրյա երթերը, որոնք ընդամենը կունենան մեկ նպատակ. բարձրաձայնել հրաժարականի պահանջը, ցույց տալ կամք եւ վճռականություն եւ նորանոր քաղաքացիների բերել հրապարակ:

Ենթադրենք` նման կուլմինացիա ձեւավորելու համար պահանջվում է երեք օր. այդ ընթացքում տեղի են ունենում հանրահավաքներ, որոնց պահանջը նույնն է` հրաժարական: Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալիս, եւ մենք արդեն հասած ենք լինում կուլմինացիայի: Այդ ժամանակ արդեն 700 հազարանոց կամ մեկ միլիոնանոց հանրահավաքը վերջնագիր է ներկայացնում Սերժ Սարգսյանին եւ նրանից պահանջում 24 կամ 48 ժամվա ընթացքում հրաժարական տալ: Ժամկետի ընտրությունը պայմանավորված է ընդհանուր քաղաքական վիճակից, միջազգային արձագանքից եւ այլն: Մանրամասները էական չեն: Ենթադրենք` այդ ժամկետում Սերժ Սարգսյանը էլի հրաժարական չի տալիս: Այս դեպքում արդեն վերջնագրի ժամկետի ավարտից հետո ընդդիմությունը պետք է պատրաստ լինի դիմել ավելի վճռական գործողությունների: Որո՞նք են այդ գործողությունները: Դրանցից արժե նշել մի քանիսը.

- բուհերի հնարավորինս լայնածավալ դասադուլ,

- տոնավաճառների հնարավորինս լայն գործադուլ,

- հասարակական տրանսպորտի հնարավորինս լայն գործադուլ,

- այլ հիմնարկությունների հնարավորինս լայն գործադուլներ,

- ավտոերթեր:

Վերջին ակցիայի նկատմամբ ուզում եմ հատկապես ուշադրություն հրավիրել` դրանց էությունը պարզաբանելու համար: Ընդդիմության հարյուր հազարավոր կողմնակիցները, բնականաբար, կունենան, ասենք, հազար ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաները կարող են բաժանվել երկու խմբի եւ կուռ շարքերով, շատ կուռ շարքերով օրվա մեջ դանդաղ ընթացքի ավտոերթ իրականացնել Երեւանի բոլոր փողոցներով. դե, հասկանալի է, դրոշներով, բարձրախոսներով եւ այլն:
Եթե հանկարծ չստացվի ուսանողական ամբողջական դասադուլների հասնել, հետիոտն երթերը պետք է լինեն երկու բնույթի` սովորական եւ ուսանողական: Սովորականը պետք է տեղի ունենա սովորական երթուղիով, իսկ ուսանողական երթերի նպատակակետերը պետք է դառնան բուհերը:

Այս ընթացքում, իհարկե, տեղի կունենան զանազան այլ ակցիաներ, եւ այդ ամենի արդյունքում կստեղծվի մի վիճակ, երբ երկիրը, հանրությունը չի կառավարվում իշխանությունների կողմից եւ հրաժարվում է նրան ենթարկվել: Այսպիսի մեկ շաբաթը, առավելագույնը մեկ շաբաթը բավարար է` Սերժ Սարգսյանի հրաժարականը անխուսափելի դարձնելու համար: Ինչ խոսք, վերը շարադրվածը ընդամենը ծրագիր է, որը դեռ պետք է իրագործել: Բայց դրա իրագործումը կախված է ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ստեփան Դեմիրճյանից, Արամ Սարգսյանից, Արարատ Զուրաբյանից եւ մյուսներից, այլեւ մեզնից յուրաքանչյուրից: Մենք այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիր ունենք, եւ այդ խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է այնքանով, որքանով որ այդ պահանջը արդարացի համարող յուրաքանչյուր քաղաքացունը: Եւ ամեն քաղաքացի պետք է ուրիշներին, նորանոր մարդկանց վարակի հավատով եւ վճռականությամբ, որ դա լինելու է, անպայման լինելու է եւ լինելու է հի-մա, հի-մա, հի-մա:

իշխանական հակաքայլեր

Իշխանությունը ունի մի հակաքայլ` ապօրինի ուժի կիրառում, ահաբեկում, հետապնդումներ: Ուժի կիրառումը մարտիմեկյան սցենարով բացառում եմ, որովհետեւ մարտի 1-ին իշխանությունը հասկացավ, որ Հայաստանում այլեւս փախչող հանրություն չկա, եւ եթե իշխանությունը կրկին փորձի ուժ կիրառել, կկանգնի արդեն իսկ բոլորովին ուրիշ իրավիճակի առաջ: Բայց եթե ընդդիմությանը հաջողվի վերը նշված բնույթի գործողությունները իրագործել եւ վճռական գործողությունների մեկշաբաթյա պարբերականություն ապահովել, Սերժ Սարգսյանի հեռացումը կլինի հստակորեն եւ աներկբա իրականություն դարձած փաստ, եւ իշխանությունը սրան հակազդելու ոչ մի միջոց չի ունենա: Եւ վերջին հարցը. ո՞րն է հանրահավաքները շուրջօրյա դարձնելու կոնկրետ ամսաթիվը. այս բանը գաղտնի պահելու իրավունքը իսկապես եկեք վերապահենք քաղաքական ղեկավարությանը:

Հ.Գ. Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ վերը նշված բոլոր քայլերը սահմանադրական եւ օրինական են:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.