> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՓՆՏՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆ

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆ

Տասը զոհերի քառասունքի օրը, Մյասնիկյանի արձանի մոտ«Մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի հետ կապված նամակագրությունը, ըստ էության ոչ մի նոր կամ մինչ օրս անհայտ տեղեկատվություն ի հայտ չբերեց։ Ու չնայած նիստի ընթացքում «հայտնի դարձած» հանգամանքները բազմիցս քննարկվել են մամուլում, հանձնաժողովում տեղի ունեցածը հերթական ապացույցը դարձավ այն պարզ իրողության, որ ի դեմս «Մարտի 1-ի գործով» նախաքննության եւ «Մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի` գործ ունենք պարտակող մարմինների հետ։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հերթական անգամ փոխեց իր կարծիքը եւ ընդունեց այն, ինչ հայտնի էր ի սկզբանե. Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արման Ֆարմանյանը մարտի 1-ին ոչ թե պատահաբար են զոհվել, այլ նրանց վրա կրակել են` հստակ գիտակցելով, որ դա կարող է մահվան պատճառ դառնալ, եւ այս իրավիճակը բացարձակապես կապ չունի այդ հատուկ միջոցի ժամկետանց լինել-չլինելու հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ վերը նշված քաղաքացիները զոհվել են «Կարաբին» հրացանից կրակված «Չերյոմուխա-7» գազաբեր փամփուշտներից ստացած վերքերից։ Ոստիկանության ներկայացուցիչները, որոնց ինքնությունը դեռեւս պարզված չէ, ուղիղ նշանառությամբ կրակել են նրանց վրա, չնայած «Չերյոմուխա-7»-ի տեխնիկական բնութագրում հստակ գրված է, որ չի կարելի այդպես վարվել, եւ այդպես վարվելը կարող է հանգեցնել խոցված անձի մահվան։ Ըստ տեխնիկական բնութագրի, «Չերյոմուխա-7»-ի թիրախ կարող է լինել ինչ-որ բարձրադիր պատ, քար, որին զարկվելով` գազային փամփուշտը պետք է բացվի եւ գազային ամպ առաջացնի։ Եւ ուրեմն` ինչու այս պարզ, էլի եմ ասում` ըստ էության մամուլում եւ ընդդիմության կողմից բազմիցս բարձրաձայնված, «ճ» կարգի ամեն փորձագետի հասու ակնհայտ ճշմարտությունը այդքան անհասանելի էր մինչեւ հիմա` ոչ միայն Հատուկ քննչական ծառայության, այլեւ Նիկոյանական մի ուրիշ ձեւի անկախ հանձնաժողովի համար։ Սրա պատճառը շատ պարզ է. դեռեւս ետմարտիմեկյան առաջին օրերին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե զոհերի առկայության պատճառներից մեկը, մասնավորապես, հնացած հատուկ միջոցներն են։ Ո՞րն էր նման հայտարարության նպատակը։ Քոչարյանը ուզում էր հանրությանը համոզել, թե քանի որ այդ հատուկ միջոցները օգտագործած ոստիկանները կամ սափրագլուխները չէին կարող իմանալ դրանց ժամկետանց լինելու մասին, ուրեմն չեն կարող պատասխանատվություն կրել Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի, Արման Ֆարմանյանի մահվան համար։ Եթե հիշում եք, անգամ ասվում էր, որ «Չերյոմուխա-7»-ը նվազագույն արգելքի հանդիպելու դեպքում պետք է «բացվի», այսինքն` գազ արձակի, եւ որեւէ կերպ չպետք է խոցի մարդու մարմինը։ Այսինքն` եթե անգամ «Չերյոմուխա-7» օգտագործած ոստիկանները նշան են բռնել մարդու գլխին, չէին կարող իմանալ, թե դա կարող է նրանց վնասել, որովհետեւ չէին կարող իմանալ իրենց օգտագործած հատուկ միջոցի ժամկետանց լինելու մասին։ Բայց հիմա արդեն պարզ է, որ եթե անգամ նշված հատուկ միջոցները ժամկետանց չլինեին, դա ոչնչով չէր փոխի իրավիճակը. ի վերջո, եթե մեկը շամպայնի շշով մարդ է սպանում, անհեթեթ է պատճառաբանել, թե այդ շշի մեջ եղած շամպայնի ժամկետանց լինելն է հանգեցրել մարդու մահվան։ Իհարկե, ի սկզբանե էլ հասկանալի էր, որ Ռ. Քոչարյանի առաջ քաշած վարկածը կատարյալ անհեթեթություն է, ու հիմա, երբ հետահայաց նայում ենք իրադարձություններին, հասկանալի է դառնում, որ թե՛ Հատուկ քննչական ծառայությունը, թե՛ Աժ նիկոյանական հանձնաժողովը փորձել են կոծկել իրականությունը, փորձել են լուծված-փակված համարել այս հարցը, մամուլի հրապարակումներն էլ համարել դեղին մամուլի հերթական ցնդաբանություն։ Եւ կոծկման փաստի վկայությունն է այն, որ միայն դեկտեմբեր ամսին է ՀՔԾ-ն համապատասխան գրություն ուղարկել Ռուսաստան։ Մյուս կողմից` ի՞նչ կարիք կար Ռուսաստան գրություն ուղարկելու. եթե Հայաստանում կա «Չերյոմուխա-7», ուրեմն պետք է լինեն նաեւ դրա տեխնիկական բնութագրիչներին վերաբերող փաստաթղթեր։ Բայց այդ փաստաթղթերը ՀՔԾ-ն Հայաստանում չի փնտրել, այլ դիմել է Մոսկվա` միայն այն բանից հետո, երբ իմացել է, որ Արամ Կարապետյանը համապատասխան բովանդակությամբ գրություն է տարել ՌԴ մայրաքաղաք։ Ու հիմա էլ ՀՔԾ-ն հերթական խնդիրն է ուզում լուծել` այնպես անել, որ «Չերյոմուխա-7»-ի քաղաքացիների մահվան պատճառ դարձած բեկորների նույնականացում չկատարվի, այսինքն` չպարզվի, թե ովքեր են եղել մահաբեր կրակոցների հեղինակները։ Այս պատմությունը արդեն բավարար է` քննչական խմբին բացարկ հայտնելու եւ ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու համար։

Բայց այստեղ կա ուրիշ, շատ ավելի կարեւոր ու մեծ խնդիր։ Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի, Արման Ֆարմանյանի սպանությունների մեջ, ըստ էության, արդեն մեղադրվում են կոնկրետ մարդիկ` ի դեմս «7-ի գործով» քաղբանտարկյալների։ Խաչատրյանի, Քլոյանի, Ֆարմանյանի հարազատները տուժող են ճանաչված այս գործով, եւ ահա պաշտոնական մակարդակում տեղի է ունենում իրադրության փոփոխություն։ Պաշտոնական մարմինները ուղղակի ստիպված են ընդունել փաստերը, որ ՀՀ նշված քաղաքացիները սպանվել են ոստիկանության գիտակցված-դիտավորյալ գործողությունների արդյունքում։ Եւ այս պայմաններում հարց է առաջանում. ինչպես է շարունակվելու «7-ի գործով» դատավարությունը։ Չէ՞ որ արդեն կա կոնկրետ փաստ, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել, չէ՞ որ այս իրավիճակում առնվազն պահանջվում է, որ «7-ի գործը» ուղարկվի լրացուցիչ նախաքննության, չէ՞ որ ակնհայտ է, որ գոնե այս երեք անձանց սպանության մասով սխալ մեղադրանք է առաջադրված քաղբանտարկյալներին։ Մնացած մասով էլ ակնհայտ է, բայց գոնե այս երեքի մասով այդ փաստը չի կարող չնկատել անգամ Պերճ Զեյթունցյանը, որը իրականում պետք է լիներ «7-ի գործով» ամբաստանյալի կարգավիճակում եւ «Ոտքի, դատարանն է գալիս» արտահայտությանը արձագանքեր ամենայն երջանկությամբ։ Դուք կհարցնեք, թե ինչ կապ ունի Պերճ Զեյթունցյանը սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների, պետական իշխանության յուրացման հետ։ Բա Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյա՞նը ինչ կապ ունեն այդ մեղադրանքի հետ։ Նույնքանով էլ Պերճ Զեյթունցյանը կապ ունի, եւ որքան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կապ չունեն, նույնքանով էլ Զեյթունցյանը կապ չունի։ Սա չափազանցություն չէ, սա ճշմարտություն է, որովհետեւ ավազակապետական իշխանությունը մարդկանց սպանելու որոշումները թեթեւությամբ է կայացնում` հստակ գիտակցելով, որ այսպես կոչված մտավորականությունը պատրաստ է թուլափայի դիմաց արդարացնել իշխանական ցանկացած ոճիր։ Այդ նույն մտավորականության կարկառուն ներկայացուցիչների աչքի առաջ Ռ. Քոչարյանի թիկնազորը ծեծելով սպանեց Պողոս Պողոսյանին, իսկ ազգիս «էլիտան» անվրդով սուրճ էր խմում` հընթացս քննարկելով, թե ինչ վայրենաբարո ազգ են թուրքերը։

Հ.Գ. «Չերյոմուխա-7»-ով սպանություններ իրականացրած ոստիկաններին հայտնաբերելու հարցը շատ զգայուն է։ Բնականաբար, այդ անձինք սպանությունների պատասխանատվությունը չեն վերցնելու իրենց վրա եւ ասելու են, որ հրաման են կատարել։ Ո՞ւմ հրամանը. այսինչի։ Այսինչն էլ չի վերցնելու պատասխանատվությունը, եւ այդպիսով պրոցեսը վեր է բարձրանալու հրաման տվողների սանդղակով։ Ու հիմա իշխանությանը պետք են ոստիկաններ, որ ողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա։ Եթե այսպիսիք չգտնվեն, ՀՔԾ-ն ստիպված է լինելու շարունակել հարցը կոծկելու գործելակերպը։ Ի դեպ, չի կարելի բացառել, որ այս սպանությունների հեղինակները ոչ թե ոստիկաններ են, այլ օլիգարխիական սափրագլուխներ։ Բայց այս վարկածի պատասխանը կարող է տալ միայն օբյեկտիվ քննությունը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

29.01.2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հունվար 29th, 2009 at 18:17 | #1

    Չնայած այս բաժինը նախատեսված է կոնկրետ հոդվածի կապակցությամբ մեկնաբանություններ թողնելու համար, բայց ես որոշեցի խախտել, եւ ընթերցողներին առաջարկել` քննարկել հոդվածները…

    Այսպես, ես կոզենաի անրադառնաի հոդվածի հետգրությանը: Մասնավորապես` հրաման տվողների սանդղակին: Եթե առանձին ենք դիտարկում այս սանդղակը, ապա ստանում ենք` հրաման տվող, հրաման տվողներ, հրաման կատարողներ, հրաման կատարող…
    Մեր Նախագահը, այս սանդղակը լավագույնն ձեւով է բնորոշել` հանցագործ բուրգ.
    Այո, իհարկե հրամանը անմիջական կատարողներից սկսած մինչեվ հրամանը ստացող ու փոխանցող ամենավերին հատվածները, փորձելու են պատասխանատվությունից խուսափել, նշելով որ իրենք հրամանն են կատարել, բայց դա արդար քննության ու դատավարության դեպքում նրանց չի փրկի պատասխանատվությունից, որովհետեւ ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չկա գրված, որ ենթական պարտավոր է կատարել վերադասի ցանկացած հրամանը, այդ թվում նաեւ` անօրինական: Այսինքն ստացվեց որ բոլոր դեպքերում նրանց արարքը հանցագործություն է` «Մարտի 1»-ի դեպքում` ծանր հանցագործություն` ընդեմ ժողովրդի… Ես կարծում եմ, որ եթե անօրինական հրաման կատարողներ չլինեն, հետեւաբար չեն լինի նաեւ հրաման տվողները: Եթե մարդու տեսքով փորձեմ պատկերել, ապա ստացվում է գլխավոր սերժանտը` գլուխն է, մյուսները` ոտքերը, ձեռքերը, քամակն ու մյուս մարմնամասերը… Մեր խնդիրը այդ գլուխը մարմնամասերից կտրելն է, բայց գլուխը բուրգի ամենավերին մասում է եւ նրան հասնելը հեշտ չի, ավելին բավականին դժվար է: Այսպես ասեմ` «նիզակիս» հզորությունը թույլ է, «նետը» բուրգի գագաթին չի հասնում: Օբեկտիվ պատճառնելով էլ, ավելի հզոր նիզակ չեմ կարողանում ձեռք բերել, բայց նիզակս բուրգի ստորին մասերին հասնող է, չէ՞: Եվ հենց այդ ստորին մասերն են չէ՞, հանցագործ բուրգի սյուները` անօրինական հրաման կատարողները` կարմիր բերատավորները, ռոբերտ մելքոնյանները, շոթա կամ ժորա վարդանյանները, մացոները. Կարժ ասեմ` ստորին ու միջին դասի սերժանտները…

    ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է նրանց ստիպում մնալ հանցագործ բուրգի ստորին հատվածներում, ինչու՞, ի՞նչ պատճառներով նրանք անօրինական հրամաններ կատարելուց չեն հրաժարվում

  2. Վիշապ
    Հունվար 29th, 2009 at 19:44 | #2

    Վահագն, նույնն է, թե հարցնես՝ ինչու՞ վարձու մարդասպանները չեն մեղանչում ու չեն զբաղվում հողագործությամբ։ Հայաստանում շատեր կան, որ սիրում են «միլիցու» գործը՝ օրվա մեծ մասը թափառում են արևածաղիկ չրթելով կամ ֆռֆռում են «միգալկեքը» միացրած, իսկ շաբաթվա մեջ մի քանի անգամ բռնացնում են մեկին, քարշ են տալիս վարչություն ու մի քանի հոգով հաճույքով ծեծում ու ստորացնում են։ Իսկ շատ ձկնիկների հետ էլ բազար են անում ու կիսվում ավարով, մասնավորապես փողոցային մարմնավաճառները իրենց կլիենտներն են։ Երբեմն էլ խոշոր ձկներ են ռաստ գալիս։ Եթե այս ամենի միջից հանենք մարդկությունն ու բարոյականությունը, ապա բավականին հետաքրքիր, ռոմանտիկ գործ է, եթե նրանց բոլորին ստիպես միայն օրենքով աշխատել, ապա ողջ «ինտերեսը» կորչում է։ 300 դոլարի համար պետություն ու պետականություն պաշտպանելը անհետաքրքիր գաղափար է, դրա համար թերևս գոնե մարդուն պետք է կերակրել կույր հավատով, իսկ Քրիստոնեությունը հանդուրժողական կրոն է:) Օրինավոր մենթ ու սպեց սարքելու համար պետք է կարգին բարձրացնել բոլորի աշխատավարձները ու խրել օրենքով, հակառակ դեպքում նրանք միշտ էլ կլինեն իրենց ազատություն տվող տերերի ծառան և ոչ թե օրենքի, ու միշտ էլ կգործեն ըստ «ինտերեսի»։ Այ, իշխանափոխության համար եթե նրանց մի արտակարգ «ինտերես» առաջարկվեր, ես մի գրամ չեմ կասկածում, նրանք իրենց տերերին կծախեին, այլ հարց է, որ նման ձևով գնված իշխանության նպատակը ոչ էլ կփոխվեր։

  3. Билл
    Հունվար 31st, 2009 at 20:19 | #3

    Amenakarvor ev indz huzogh HARC: marti 1-n (2009) SKSUMENQ???!

  4. Հունվար 31st, 2009 at 21:13 | #4

    Չէ, չէ, իմ հարցս դա չի: Ես չեմ հարցնում թե մենթերը ինչ այլանդակություններ են անում: Ու ոչ էլ հարցս կոնկրետ մենթերին էր վերաբերվում, այլ ընդհանրապես` գործող ռեժիմի, Նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքով` հանցագործ բուրգի ամենաներքեւի շարքերում գտնվողների մասին է հարց:

    Հիմա կրկնեմ` Ըստ ձեզ, Գործող ռեժիմից ի՞նչ տեսակի կախվածություն ունեն ռեժիմի կամակատարը դառձածները: Խոսքը հանցագործ բուրգի ամենաներքեւի մի քանի շարքերի մասին է .

    Եկեք թվարկենք դրանք:

    1. Կաշառք վերցնելնու հնարավորությամբ:
    2.
    Նախկինում կատարած հանցանքների համար պատասխանատվության չենթարկվլը.

    (Դուք շարունակեք, հա՞…)

  5. Վիշապ
    Փետրվար 3rd, 2009 at 10:17 | #5

    Վահագն, ամենաներքևի շարքերում գտնվողների մեծ մասը հույս ունի վաղ թե ուշ հայտնվել մի փոքր վերևի շարքերում, ու օգտվել այն քաղցր պտուղներից, որը իրենց համար դեռևս անհասանելի է։ Այ սա էլ կախվածություն է, ոչ մեկ բուրգի ներքևում չի հայտնվում 100–300$ աշխատավարձի համար, իհարկե ճարահատյալ հայտնվողներն էլ գուցե քիչ չեն, սակայն նրանց հոգեբանությունը չեմ կարծում, որ օրինավոր քաղաքացու հոգեբանություն է, հայաստանի հասարակությունը հիվանդ է, մի շատ ծանր ու խրոնիկական հիվանդությամբ, որը կոչվում է «եղունգունեսգլուխդքորիդոզ», կամ լատիներեն ասած՝ respublica pupulus:

  1. No trackbacks yet.