> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԿԱՆ ՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԱԳՆ Է

ՄԿԱՆ ՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԱԳՆ Է

«Կատվի վազքը մինչեւ մարագն է» հայտնի ասացվածքը հերթական հաստատումը ստացավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ, չնայած վիճակի պարադոքսն այն է, որ տվյալ դեպքում ասացվածքը կյանքի կոչեց Մուկը։ Ի հեճուկս այն բանի, որ իշխանական պատգամավորները խրոխտ հայտարարում էին, թե չեն տրվի ԵԽ ճնշումներին, չեն զիջի «երկրի ինքնիշխանությունը», ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի նիստի նախօրեին, ոչ աշխատանքային շաբաթ օրով, Մուկը որոշում ստորագրեց ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ նախապատրաստող խորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծելու մասին` այսպիսով ԵԽԽՎ-ին աղերսելով պատժամիջոց չկիրառել։ Այս պահին մի կողմ թողնենք 225 եւ 300 հոդվածների շուրջ տեղի ունեցող պրոցեսի բովանդակային մասը եւ արձանագրելով, որ դա Պրեսկոտ-Կոլոմբիե զույգի պահանջների կատարմանն ուղղված քայլ է, հարց տանք մեր իշխանավորներին. բա ի՞նչ եղան ձեր սկզբունքայնությունը, ձեր ինքնավստահությունը, ձեր հոխորտանքները։ Մի՞թե դուք որոշել եք երկրի ինքնիշխանությունը զիջել, մի՞թե որոշել եք տրվել արտաքին ճնշումների։ Չէ՞ որ հենց արտաքին ճնշումների չտրվելու, «երկրի ինքնիշխանությունը չզիջելու» հաստատակամությամբ էիք բացատրում քաղբանտարկյալներին ազատ չարձակելը։ Հիմա մեծ հաշվով էական չէ, թե ինչպիսի կոնկրետ արդյունքների կհանգեցնի ՔՕ փոփոխություններին ուղղված վերը հիշատակված գործընթացը, էականն այն է, որ Հայաստանի իշխանությունները մեկամսյա խրոխտ հայտարարություններից հետո ի վերջո կատու դարձան Եվրախորհրդի առաջ, եւ Մկան ստորագրած որոշումը ոչ այլ ինչ է, քան ներման խնդրագիր։ Իհարկե, սերժանտական իշխանությունը, ներում ստանալուց հետո, էլի նույն գործելակերպը կշարունակի, բայց էականն այն է, որ նա ԵԽԽՎ-ին ցուցադրում է սեփական հնազանդությունը, բայց դա անում է այնպես, որ ինչքան հնարավոր է` քաղբանտարկյալներին երկար պահի բանտերում։ Ու ինչպես ներքաղաքական կյանքում քաղբանտարկյալներին ազատ չարձակելը բացատրում են օտար ուժերի ճնշումներին չտրվելու անհրաժեշտությամբ, այնպես էլ ԵԽԽՎ-ին համոզում են, որ քաղբանտարկյալներին պահում են ոչ թե Եվրոպայի նկատմամբ ունեցած անհարգալից վերաբերմունքի, այլ ՀՀ-ում «իրավիճակը ապակայունացնող» ուժերի ճնշումներին չտրվելու համար։ Այսինքն` հրապարակայնորեն կռանում են ԵԽ առաջ, միայն թե սեփական ժողովրդին չզիջեն։ Սա մի վիճակ է, որ ինչպես նշել ենք, ձեռնտու է եվրոչինովնիկներին։ Քաղբանտարկյալների առկայությունը առաջին հերթին Արեւմուտքին է պետք, որովհետեւ դա Հայաստանի իշխանությունների քթին տալու մշտական առիթ է ստեղծում։ Քաղբանտարկյալների առկայությունը միայն Հայաստանի շահերին է հարվածում, Հայաստանի պետականության շահերին։ Չկա որեւէ արտաքին ուժ, որ վնասվի մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունից։ Եւ ուրեմն` իր պահվածքով Հայաստանի սերժանտական իշխանությունը սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ բոլորովին ուրիշ շահեր։ Իհարկե, նախեւառաջ սեփական, այսինքն` ավազակապետական շահերը։ Բայց ստեղծվել է մի վիճակ, երբ ավազակապետության եւ արտաքին ուժերի շահերը համընկնում են, եւ ստացվում է, որ Սերժի եւ նրա արեւմտառուսական սպոնսորների ընդհանրական շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, որը արդեն հայտնվել է իզգոյ երկրների շարքում։ Բայց սա չենք ասում ընդամենը արձանագրելու համար։ Այս ամենը եւ ընդհանրապես` վերջին մեկ տարվա պրոցեսները գալիս են լրիվ հակառակ ուղղությամբ շրջելու այն մեղադրանքները, որ «նժդեհական» իշխանությունը ուղղում էր Հայ ազգային կոնգրեսին։ Մեզ մեղադրում էին թրքամետության մեջ, բայց Սերժը փաստացի ապացուցեց իր թրքամետությունը, մեզ մեղադրում էին Ղարաբաղը վաճառելու մտադրության մեջ, բայց Սերժը փաստացի վաճառքի հանեց Ղարաբաղը. ղարաբաղցիները լռում են, որովհետեւ Երեւանի Կենտրոնը արդեն իրենցն է, այսինքն` ղարաբաղյան շարժումը իրենց ակնկալած արդյունքը տվել է, իրենք ապրելու տեղ արդեն ունեն։ Մեզ մեղադրում էին դրսից կառավարվելու, արտաքին շահեր սպասարկելու մեջ, Սերժը Արեւմուտքի առաջ կատու է դարձել, Ռուսաստանի համար անձնական օգտագործման «նախագահ», նախագահական բուտաֆորիա։ Մեզ մեղադրում էին պետությունը քանդելու մեջ, իրենք քանդեցին ողջ դատական համակարգը` դատավորներին դարձնելով չոլի պուտանկա։ Խորհրդարանը դարձրեցին կնոպկա սեղմող անգրագետների կլուբ, կառավարությունը` մասխարա, ոստիկանությունը, իրավապահ համակարգը` մի մեծ հանցավոր խմբավորում։ Մեզ մեղադրում էին ազգային հարստությունը փոշիացնելու մեջ, իրենք արտաքին պահուստները մսխում են ամեն օր։ Կարճ ասած, մեզ ուղղված ցանկացած մեղադրանք նրանք իրագործում են առանց ավելորդ բարդույթի եւ սա անվանում են պետական շինարարություն, բարեշրջում, եսիմ ինչ։ Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, Համաժողովրդական շարժմանը` մեր անելիքները այս ընթացքում դույզն-ինչ չեն փոխվում` պայքար, պայքար մինչեւ վերջ։ Հայաստանի ապագայի գործը Հայաստանի քաղաքացիների գործն է։

Հ.Գ. Ֆուտբոլային դիվանագիտության մեծ մասնագետը կարող էր գոնե ուսումնասիրել եվրոպական ֆուտբոլային էթիկան։ Եթե դա աներ, կարձանագրեր, որ եթե, ասենք, եվրոպական երկու ակումբների նախագահներ համատեղ են դիտում իրենց թիմերի հանդիպումը, նրանք ոչ մի նկատելի ռեակցիա չեն տալիս իրենց թիմի կողմից գոլ խփելուն: Իսկ հակառակորդի խփած գոլին ծափահարելը ընդհանրապես ցանցառություն է, սովորական շաշություն։ Սա ասում եմ Հայաստանի-Թուրքիա երեւանյան հանդիպման ժամանակ թուրքերի գոլերին ծափահարելու` Սերժ Սարգսյանի արարքի կապակցությամբ։ Չնայած պետք է շնորհակալ լինել, որ թուրքերի խփած գնդակներին ծափահարելու ընթացքում նա չզասեց Գյուլին:

Հ.Գ.-2. ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից առաջ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներում շնորհել Նաիրի եւ Կարեն Հունանյաններին` ի կատարումն ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.