> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Արեւիկից

Նիկոլ ջան, ողջույն: Սրտանց շնորհավորում եմ Նոր տարիդ եւ Սուրբ ծնունդդ: Մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ՝ դիմակայելու այս ամենին: Ես քեզ հետ եմ ու միշտ աղոթում եմ քեզ համար:

Ի՞նչ ակնկալիքներ ունես մարտի 1-ի հանրահավաքից: Չե՞ս կարծում արդյոք, որ պետք է վերսկսել հանրահավաքները: Նախօրոք շնորհակալություն : ՊԱՅՔԱ՜Ր-ՊԱՅՔԱ՛Ր ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ: Նմանապես` ես էլ ձեր անցած տոներն եմ շնորհավորում: Հանրահավաքների վերսկսում ասելով` նկատի ունեք, թերեւս, շուրջօրյա հանրահավաքները: Շուրջօրյա հանրահավաքները պետք է դառնան մեր պայքարի եզրափակիչ մասը. թե կոնկրետ ե՞րբ դա տեղի կունենա, կախված է հանգամանքներից, իրավիճակից: Իսկ հանրահավաքները այսօր էլ սկսված են` ի դեմս 7-ի դատավարությանը զուգահեռ ընթացող ակցիաների: Ինչ վերաբերում է մարտի 1-ին սպասվող հանրահավաքին, այս պահին պարզ չէ, թե արյդոք այն կդառնա շուրջօրյա: Բայց ընդհանրապես, շատերը մեկանգամյա հանրահավաքներին վերաբերվում են մի տեսակ քամահրանքով, եւ ասում են` ի՞նչ իմաստ ունի դրանց մասնակցելը: Սա բացարձակապես անհիմն մոտեցում է, որովհետեւ հենց 2007-ի աշնան մեկանգամյա հանրահավաքների արդյունքում հնարավոր դարձան 2008-ի շուրջօրյա հանրահավաքները: Իսկ քաղաքական ընթացիկ շրջափուլում աշխատանքի տրամաբանությունը հետեւյալն է. ասենք` Հայ ազգային կոնգրեսը մարդկանց, քաղաքացիներին հրավիրում է հանրահավաքի: Հնչում են ելույթներ, տեղի է ունենում երթ: Եւ ահա, երբ հանրահավաքը հաջող է ընթանում, քաղաքացիները պատշաճ մակարդակով մասնակցում են այդ մեկանգամյա հանրահավաքներին, հանրահավաքից-հանրահավաք ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսը այդ հանրահավաքը, դրան քաղաքացիների մասնակցության ակտիվությունը վեր են ածում կոնկրետ քաղաքական արդյունքների, որոնք առաջին հայացքից կարող են տեսանելի չլինել կամ տեսանելի դառնալ ավելի ուշ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 20.02.2008 հանրահավաքումԵս ուզում եմ որ մենք բոլորս մի բան արձանագրենք. Տեր-Պետրոսյանը հզոր քաղաքական գործիչ է, Հայ ազգային կոնգրեսը` հզոր քաղաքական միավորում, բայց այդ հզորությունը արդյունք կտա այն պարագայում, երբ ավազակապետության տապալման կողմնակից քաղաքացիները չզլանան մասնակցել ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքներին, չզլանան բոլոր հնարավոր միջոցներով իրենց աջակցությունը ցուցաբերել ՀԱԿ-ին: Հանրահավաքի գնացող կամ հանրահավաքի գնալուց հրաժարվող ամեն քաղաքացի փոխում է ներքաղաքական իրավիճակը: Սրանում չափազանցություն չկա` այն պահին, երբ մարդը, անհատը որոշում է գնալ կամ չգնալ հանրահավաքի, ինքը քաղաքական իրավիճակ է փոխում երկրում: Այս է պատճառը, որ իշխանությունը իր հայլուրիկներով, ուժային կառույցներով, սափրագլուխներով ամեն ինչ անում է, որ մարդը որոշի տանը մնալ, տնից դուրս չգալ: Այնպես որ, որեւէ հանրահավաքի պետք է վերաբերվել հենց այս տեսակետից: Այնպես որ` մարտի 1-ի հանրահավաքը չափազանց կարեւոր է, բայց ոչ ավելի, քան նախկինում տեղի ունեցածներից որեւէ մեկը, ոչ ավելի, քան ապագայում տեղի ունենալիքներից որեւէ մեկը: Ցանկացած հանրահավաք կարող է դառնալ ավազակապետությանը հասցված վերջին հարվածը: Բայց եւ ցանկացած հանրահավաք կարող է ի վիճակի չլինել կատարելու այդ դերակատարումը մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու բացակայության պատճառով: Եւ այդ մեկը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը: Սա, ճիշտ հասկացեք, ճոռոմաբանություն չէ, սա կոնկրետ քաղաքական գործոն է, ռեալ քաղաքական գործոն, ամենահզոր քաղաքական գործոնը, եւ այս գործոնն է որոշում քաղաքական կյանքի ընթացքը, պայքարի ելքը: Թանկագին Արեւիկ, մարդկանց, շրջապատին, բոլորին, ովքեր թերթ չեն կարդում, ինտերնետից չեն օգտվում եւ ինֆորմացիայի պակաս ունեն, բացատրեք այս բաները. անպայման բացատրեք եւ այս հարցում եղեք հետեւողական: Իրականում հարցի լուծման բանալին այստեղ է թաքնված, միմիայն այստեղ: Աստված մեզ օգնական:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.