> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԻԿՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԻԿՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Հովհաննեսից

Պարոն Նիկոլ Փաշինյան, ի՞նչ կարծիքի եք հայ ժողովրդի միասնութան գաղափարի մասին:

Հ. ԴԻԿՅԱՆ ՍԱՆ-ՊՈԼՏԵՆ ԱՎՍՏՐԻԱ

Նիկոլի պատասխանը - Հարգելի պարոն Դիկյան. կարծում եմ` որեւէ հայ չի կարող հայ ժողովրդի միասնության մասին ունենալ երկրորդ, այսինքն` Չարենցի ասածից  տարբերվող կարծիք. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ու չնայած այս հարցում տարակարծության բացակայությանը, հայ ժողովրդի միասնությունը առայժմ կայացած փաստ չէ: Ինչու՞. այդ միասնությունն ապահովելու մեխանիզմների ձեւավորման փոխարեն` մենք ականատես ենք լինում միայն դատարկ ճոռոմաբանության: Իմ կարծիքը հետեւյալն է. հայ ժողովրդի միասնության առանցքը, ողնաշարը Հայաստանի Հանրապետությունն է: Բայց որպեսզի Հայաստանը կարողանա կատարել այդ դերը, անհրաժեշտ է միասնություն, համերաշխություն նրա ներսում: Քանի դեռ Հայաստանում քաղաքացիական համերաշխություն չկա, հայ ժողովրդի միասնության մասին երազանքը կմնա երազանք, ընդ որում` անիրագործելի: Իսկ ինչու՞ Հայաստանի ներսում չկա միասնություն, համերաշխություն: Որովհետեւ չի կարող համերաշխություն լինել իրավազուրկի եւ արտոնյալի միջեւ: Չի կարող համերաշխություն լինել ստորացնողի եւ ստորացվողի միջեւ, չի կարող համերաշխություն լինել թալանողի եւ թալանվողի միջեւ: Հայաստանում միասնություն ապահովելու մի եղանակ կա` ՀՀ քաղաքացիների հարաբերությունների հիմքում պետք է լինեն ընդհանուր արժեքներ, ՀՀ բոլոր քաղաքացիների համար պետք է գործեն խաղի միեւնույն կանոնները: Եւ ուրեմն, ո՞րն է այն արժեքը, եւ կանոնը, որ կարող է Հայաստանի ժողովրդի միասնությունն ապահովել: Իմ պատասխանը միանշանակ է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նրանում նախատեսված իրավունքների եւ պարտավորությունների աներկբա, անսակարկելի կիրառումը բոլոր, առանց բացառության բոլոր քաղաքացիների նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ասենք Ջորջ Բուշը եւ Բարաք Օբաման միմյանց նկատմամբ ավելի լավ անձնական վերաբերմունք չունեն, քան Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց նրանց հակակրանքը, երբեմն նաեւ ատելությունը չի վերաճում ազգային պառակտման: Ինչու՞. որովհետեւ թե՛ Բուշի եւ թե՛ Օբամայի, թե՛ նրանց համախոհների համար գործում են խաղի միեւնույն կանոնները, օրենքի առաջ նրանք պարտասխանատու են հավասարապես: Օրենքով պաշտպանված են հավասարապես: Եթե երկու քաղաքական գործիչ թեժ բանավեճի են բռնված իրար հետ, նրանք կարող են բացարձակապես համաձայն չլինել միմյանց հետ, նրանց բանավեճը կարող է տաքանալ փոխադարձ վիրավորանքների մակարդակի: Այսպիսով, սակայն, նրանց միասնականությունը, որպես ընդհանուր հայրենիքի քաղաքացի, չի վտանգվի: Այդ միասնությունը կվտանգվի կամ ավելի ճիշտ հօդս կցնդի, երբ գործիչներից մեկը սափրագլուխների բանդա ունենա, ու այդ սափրագլուխների բանդան հաշվեհարդար տեսնի իր շեֆի քաղաքական հակառակորդի հետ` այդպես էլ մնալով անպատիժ: Ազգային միասնություն` չի նշանակում ազգի բոլոր ներկայացուցիչների ուղեղների, ճաշակների, հայացքների, համոզմունքների նույնականացում: Ազգային համաձայնություն նշանակում է բոլոր քաղաքացիների իրավունքների, ազատությունների, արժանապատվության, անվտանգության հարգում, բոլորի համար միեւնույն իրավունքների եւ պարտականությունների սահմանում եւ գործնական կիրառում, այդպիսի գործնական կիրառման գործուն մեխանիզմների ձեւավորում: Չկա՛ ազգային միասնության ուրիշ մեխանիզմ: 1998 թվականին Հայաստանում իշխանության գալով` Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղի օրինակով գիտի միասնական հանրություն ստեղծելու ձեւը: Լեռնային Ղարաբաղում այդ միասնությունը ապահովվում էր «սյամոյական» բեսպրեդելի միջոցով, այսինքն` բոլորը միասնաբար կռանում էին շեյխի քմահաճույքների առաջ: Բայց Քոչարյանի իշխանության տարիների տխուր ժառանգությունը վերջնականապես ի ցույց դրեց«միասնության» այդօրինակ կոնցեպցիայի խորթությունը Հայաստանի համար: Դա կարող է գործել Ադրբեջանում, բայց Հայաստանում, հայ ժողովրդի պարագայում` երբեք: Շատ երկար տարիներ Հայ հեղափոխական դաշնակցությունը փորձում էր այդ մեթոդներով միասնություն հաստատել սփյուռքահայության շրջանում, արդյունքում` դաշնակ-հնչակ-ռամկավար` իրար ատում են ավելի, քան իրար կարող են ատել շատ այլազգիներ: Հայ ժողովրդի ապագան նրա միասնության մեջ է, հայ ժողովրդի միասնության միակ գործուն մեխանիզմ կարող է դառնալ սահմանադրական, իրավական, ժողովրդավարական, արդար Հայաստանը: Ուրիշ տարբերակ լինել չի կարող ի բնե: Շնորհակալ եմ հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.