> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՆՏ Չ.-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՆՏ Չ.-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Hrant Ch.-ից

Barev Nikol jan vonces chavt tanem. Ko nman duxov txerk vor stex linen mi erku hat lav kline. Nikol jan erbenk prtsnelu es martakerneric? huys unenam vor 2009 nor tarva gicher@ el dra mrut@ chem tenalu, zzvumem anunnel tam dra.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հրանտ. արդեն ասել եմ, որ գարնանը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեալ հնարավորություն կա: Այդ հնարավորությունը օր-օրի ավելի շոշափելի է դառնում: Սերժը այսօր փակուղու մեջ է, նաեւ միջազգային մեկուսացման մեջ, արհամարհվածի կարգավիճակում: Նրա համար միջազգային շփում ապահովում են երկու հարցեր` քաղբանտարկյալների հարցը եւ Ղարաբաղի հարցը: Երկուսն էլ դանդաղ գործողության ռումբ են` դրված ավազակապետության տակ: Հայ-թուրքական հարաբերություններում էլ տեսնում եք ինչ է կատարվում. թուրքերը Սերժին օգտագործում են որպես խաղաքարտ` երրորդ երկրներում իրենց ունեցած պրոբլեմները կարգավորելու համար: Իսկ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշումը անփոփոխ է, եւ սահմանի բացումը նրանք կապում են Ղարաբաղի հարցի հետ: Ռուսաստանի համար Սերժ Սարգսյանը դարձել է անձնական օգտագործման «նախագահ»: Եթե մի միջոցառում են անում, ուրիշ գնացող չի լինում, Սերժի օձիքից բռնած տանում նստեցնում են, որ ասեն` տեսեք, առաջին դեմք էլ է մասնակցում մեր միջոցառմանը: Այսինքն` ավազակապետությունը ըստ էության բարակ թելերից կախված խամաճիկի կարգավիճակում է: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ Հայ ազգային կոնգրեսի ստրատեգիական նպատակը ոչ միայն իշխանափոխությունն է, այլեւ իշխանափոխությունից հետո լուրջ արդյունքների հասնելը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր հաղթանակը չդառնա Պյուռոսյան: Պատկերացնու՞մ եք, ի՛նչ ողբերգություն կլինի, եթե ավազակապետության տապալումը եւ Հայ ազգային կոնգրեսի իշխանության գալը տեղի ունենա մի այնպիսի իրավիճակում, որ պարզվի` առաջիկա հինգ տարիներին ամբողջ էներգիան պետք է ծախսել միայն երկրի գահավիժումը մի կերպ կանգնեցնելու վրա: Հայ ազգային կոնգրեսը իշխանության գալով պետք է շատ արագ վերականգնի մարդկանց հույսն ու հավատը երկրի ապագայի նկատմամբ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ ողբերգություն կլինի, եթե հերթական իշխանափոխությունը մարդկանց կրկին հիասաթափություն պատճառի: Սա կլինի մեծ հարված Հայաստանի համար: Ավազակապետությունը օկուպանտի կարգավիճակում է եւ նահանջելիս ամեն ինչ ավերելու ընդունակ է, բայց հետո մենք ենք այս երկրում ապրելու, սա մեր տունն է: Դրա համար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրում է գուցե մի փոքր դանդաղ, բայց համակարգված առաջանալու մարտավարությունը: Այն, որ իշխանափոխությունը, ավազակապետության փլուզումը ժամանակի հարց է, դրանում ոչ մի խոսք: Հայ ազգային կոնգրեսը ունի անհրաժեշտ քաղաքացիական աջակցություն, ունի անհրաժեշտ ինտելեկտուալ ռեսուրս, ունի անհրաժեշտ դուխ, ունի ուժեղ լիդեր, ունի երկրի ապագայի ռազմավարություն, ունի անհրաժեշտ ճկունություն: Եւ ուրեմն` չի կարող իրեն թույլ տալ «քառակուսի» լինելու ճոխություն, որովհետեւ անկյուն քշված ավազակապետությունը իր վտանգավորությունը չի սպառել, դեռ շարունակում է վտանգավոր լինել Հայաստանի եւ նրա քաղաքացու համար: Ուրեմն` նրա հարցերը լուծելիս չի կարելի միայն մի տարբերակի վրա հույս դնել, չի կարելի բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ դնել: Ահա թե ինչու մենք առաջ ենք գնում գուցե ոչ այնքան արագ, բայց մեր քայլերը հաստատուն են: Ես ասում եմ. հանրության խնդիրը այս պահին մեկն է` կանգնել, շարունակել կանգնած մնալ: Փետրվարի 21-ին Տեր-Պետրոսյանի եւ ժողովրդի միջեւ կնքված պայմանագիրը ուժի մեջ է. «Կանգնած ե՞ք», «Այո~», «Մինչեւ վե՞րջ», «Այո~», «Ես է՛լ եմ կանգնած, մինչեւ վե՛րջ»: Հիմա խնդիրը հետեւյալն է` կողմերից յուրաքանչյուրը որքանով է հավատարիմ կնքված պայմանագրին: Տեր-Պետրոսյանը ապացուցեց, որ իր խոսքի տերն է: Մնում է Ազատության հրապարակի ժողովուրդը նույնպես շարունակի մնալ իր խոսքի տերը: Այդ թվում եւ դուք, սիրելի Հրանտ: Կասկած չունեմ, որ Ազատության հրապարակում մեր կնքած ուխտը անբեկանելի է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.