> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

Հարց Վահագն Ղուկասյանից

Ողջույն եղբայր ջան: Նիկոլ ջան, հարցս մի փոքր նախաբանով եմ ուզում շարադրել. Հիշում ե՞ս, երբ 2004թ.-ի աշնանը զանգահարեցի ու հայտնեցի որ ինձ քաղաքական ապաստարան տվեցին: Ասացի նաեւ, որ այդպիսով ինձ հնարավորություն է ընձեռնվել ֆրանսիական քաղաքացիություն ստանալու (ապաստարան տալու որոշումից մեկ տարի հետո ցանկացած պահի հնարավորություն ունեմ դիմելու), բայց չեմ պատրաստվում ու երբեւէ նման ցանկությամբ չեմ էլ դիմի: Հիմա միայն ավելացնեմ, որ այս պահի դրությամբ, Փարիզում` «Լրագրողների տանը» բնակված հետապնդված ու քաղաքական ապաստարան ստացած լրագրողներից միակն եմ, որ քաղաքացիություն ստանալու համար դիմում չեմ տվել… Ինտերնետային ֆորումներից մեկում, մի օր մեկը ինձ կշտամբում էր, թե քաղաքական ապաստարանի համար դիմելով, ես էստ էության Հայաստանի Հանրապետության դեմ եմ դուրս եկել: Ես այդ կարծիքին չեմ եղել, որովհետեւ ես ռոբոտացած սերժանտներին եմ դեմ դուրս եկել, իմ համար էլ Սեռժն ու Ռոբը, Աղվանն ու «Կրակեմ Հրաչը» Հայաստանի Հանրապետություն չեն եղել ու չեն էլ լինի: Ես քաղաքական ապաստարան ստանալով, ըստ էության իմ անձով ապացուցեցի որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ են կատարվում… Այժմ Նիկոլ ջան հարցս հետեւյալն է ` ի՞նչ ես կարծում Բերեզովսկին ապաստարան ստանալով ավելի արդյունավետ պայքարեց պուտինյան ռեժիմի դեմ, թե՞ ավելի արդյունավետ կլիներ, եթե նա Լոնդոնի փոխարեն հայտնվեր ռուսական կալանավայրերից մեկում… (Նիկոլ ջան, ցավտ տանեմ, խնդրում եմ պատասխանելուց առաջ խորը վերլուծես:)

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագ. ենթադրում եմ, որ նման հարց-տրամադրության պատճառը իմ մի քանի պատասխաններն են` կապված ընդհատակյա վիճակի շարունակելիության կամ Հայաստանից արտագաղթելու մասին հարցի հետ: Ընդհանուր առմամբ իրոք կարծում եմ, որ գաղթելու նկատմամբ մեր ժողովուրդը հատուկ հակումներ ունի, ու չնայած դրա համար մի շարք օբյեկտիվ պատճառներ կան, մենք պետք է մտահոգվենք այս հարցով: Ինչ վերաբերում է քաղաքական ապաստանին կամ ինչ-ինչ պատճառներով այլ երկրում ժամանակավոր ապաստան գտնելուն. ես չեմ դատապարտում այն մարդկանց, ովքեր քաղաքական ապաստանը համարում են հանցագործ վարչախմբից իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանելու միակ միջոց: Կամ ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում իրենց ընտանիքի հացը հոգալու համար: Ես ասում եմ, որ մենք բոլորս, անկախ մեր գտնվելու վայրից` Հայաստանի հարցերի լուծումը պետք է համարենք մեր անձնական գործը: Մի օրինակ բերեմ` լոսանջելեսահայության շնորհիվ այսօր քաղբանտարկյալների ընտանիքները որոշակի օգնություն են ստանում: Լոս Անջելեսի հայության գործունեությունը միայն խոնարհումի է արժանի: Խոսքը այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ Հայաստանը մեր հայրենիքն է, մենք չունենք ուրիշ հայրենիք եւ չպետք է ունենանք, եւ ուրեմն չպետք է փախչենք մեր հայրենիքի առաջ ծառացած խնդիրներին դեմհանդիման կանգնելուց: Դա չի ենթադրում, որ այս ընթացքում չի կարելի Հայաստանից հեռանալ: Մի պատմական օրինակ բերեմ. Շառլ դը Գոլը տեսնելով, որ Ֆրանսիայի ֆաշիստական օկուպացիան անխուսափելի է, անգլիացիների աջակցությամբ հեռացավ Ֆրանսիայից, ընդ որում, լինելով զինվորական, նա կատարեց հանցանք, չենթարկվեց իր զինվորական ղեկավարության հրամանին, որը հաշտություն էր կնքում Հիտլերի հետ: Հրամանին չենթարկվելու համար ռազմադաշտային դատարանը կարող էր դը Գոլին գնդակահարության դատապարտել: Դե թող մեկը ասի, որ դը Գոլը սխալ է վարվել, որ հեռացել է Ֆրանսիայից ու ապաստան ստացել անգլիական կառավարությունից: Չի՛ կարող լինել նման մեկնաբանություն ու չկա: Բայց ամեն իրավիճակ ունի նրբություններ. Դը Գոլի օրինակը չի նշանակում, թե հեռանալը միշտ ճիշտ է, չի էլ նշանակում, թե մնալը միշտ սխալ է: Այնպես որ, ամեն դեպք ունի իր նրբությունները, եւ էստեղ կարծում եմ քննարկելու շատ բան չկա էլ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր տեղում անի առավելագույնը, բառիս իսկական իմաստով, հայրենիքի կայացման համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Sirik
    Հունվար 28th, 2009 at 15:55 | #1

    Nikol jan, cavd tanem!!! Du shaaaaaaaaaat skzbunqayin mard es!!! Menq qeznic liq@ lav baner enq sovorel. Aroxj exir!!!

  2. Hasmik
    Հունվար 29th, 2009 at 02:07 | #2

    Հարգելի պարոն Ղուկասյան: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ մարտիմեկյան մղձավանջային օրերին հաջորդած լրատվական շրջափակումը ճեղքելու հարցում: Անձամբ ես Ձեր կայքի միջոցով էի ինֆորմացիա ստանում եվ փոխանցում մյուսներին: Ամբողջովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ. կարեվորը կատարված աշխատանքն է (լինի դա լրատվության տարածում, ֆինանսական աջակցություն քաղբանտարկյալների ընտանիքներին,մասնակցություն դատական պրոցեսին, եվ տարրական բացատրական աշխատանք անտարբերների եւ հայլուրի գիպնոզի տակ գտնվողների շրջանում): Մենք երբեք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ:
    Ուրեմն, ինչպես կասեր Նիկոլը. «Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի»:

  1. No trackbacks yet.