ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANUSHIK-ԻՆ
Հարց Anushik-ից
Բարև Ձեզ Նիկոլ: Ձեզ գրում է մի հայ կին: Ուզւմ եմ անկեղծ հիացմունքս արտահայտել ձեր գիտելիքների, մասնավորապես այն չքնաղ հայերենի համար, որով դուք համոզված եմ հազարավոր հայ մարդկանց պահպանում եք որպես հայ: Լեզուն որպես հայ լինելու առաջին գրավական: Շնորհակալություն իմ և համոզված եմ շատ ու շատ մարդկանց անունից: Ամեն անգամ կարդալիս ձեր հոդվածները հիանում եմ. այդքան հայությու՞ն: Այդքան երաժշտությու՞ն այն բառերի մեջ որով ներկայացնում եք թեման: Կրկին անգամ շնորհակալություն մեր ոսկեղենիկ հայերենը այդքան գեղեցիկ ներկայացնելու համար: Եղեք առողջ, երջանիկ և երջանկացրեք բոլորիս լինելով մեր կողքին:
Լավագույն մաղթանքներով,
Ա
Նիկոլի պատասխանը - Թանկագին Անուշիկ, իհարկե, շնորհակալ եմ գովասանքի համար, բայց անկեղծ ասած հայերենի առաջ ինձ երբեմն նաեւ մեղավոր եմ զգում, որովհետեւ իմ տեքստերում շատ հաճախ կարելի է հանդիպել այնպիսի բառերի ինչպիսիք են «ֆուտլյար», «բեսպրեդել», «զբրոդ» երբեմն լինում են գռեհկաբանություններ: Այս բառերը, իհարկե, օգտագործում եմ ոչ թե հայերենի նկատմամբ ունեցած անուշադրության պատճառով, այլ իրավիճակները բնականին ավելի մոտ ներկայացնելու մղումով, որովհետեւ շատ դեպքերում այդ օտար բառերը ճիշտ է հայերեն թարգմանություն ունեն, բայց իրենց մայր լեզվում ուրիշ իմաստ ունեն, իսկ հայերեն փոխադրվելիս ստանում են լրիվ ուրիշ, բացառապես հայաստանյան իմաստ, որ արտահայտված չէ նաեւ դրանց հայերեն տարբերակում: Չնայած, առաջին նախագահը վերջերս «բեսպրեդել»-ի փոխարեն օգտագործում է «սահմանազանցություն» բառը: Հաջող փոխադրում է, եւ իմ կարծիքով կյանք կունենա: Ամեն դեպքում, իսկապես հայերենը չքնաղ լեզու է, եւ իսկապես նրա մեջ երաժշտություն կա, եւ ուրախ եմ, որ դուք այն լսում եք: Շնորհակալ եմ: Լավագույն մաղթանքներս:













