> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԱՆԳՆՈՒՄ ԵՆՔ` ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԳԱՐՆԱՆԸ

ԿԱՆԳՆՈՒՄ ԵՆՔ` ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԳԱՐՆԱՆԸ

Ընթացակարգը մոտավորապես այսպիսին է. իշխանական ասուլիսային վերնախավը հրավիրվում է Սերժ Սարգսյանի մոտ։ Հրավիրյալները մուտք են գործում դահլիճ, նստում իրենց համար նախատեսված տեղերում։ Տեղավորվում են, եւ տիրում է համակ լռություն։ Մի ակնթարթ հետո ներս է մտնում Սերժ Սարգսյանը, թռուցիկ հայացք նետում դահլիճի վրա եւ հրապարակում իր վճիռը, որ մի քանի սենյակ այնկողմ գրել են մտքի տիտանները` Միշիկի շրջապատից։ Ահա, Սերժը արտաբերում է. «Եվրախորհուրդը Տիզբոն չէ»։ Այս վճիռը հրապարակելուց հետո նա շրջվում եւ անհետանում է նույն դռների ետեւում, որից մուտք էր գործել, եւ սա անում է այնքան արագ, որ ներկաները չեն հասցնում անգամ բուռն ծափահարել։ Փոխարենը` Գալուստ Սահակյանը պադնոշկա է անում Սամվել Նիկոյանին, Սամվել Նիկոյանը բռնում է Հեղինե Բիշարյանի ոտքից, ու ընթանում է պայքարը առ այն, թե ով առաջինը կհասնի որեւէ մամուլի ակումբ եւ ասուլիս կհրավիրի։Առաջինը մոտակա ակումբ հասածը հրավիրում է ասուլիսը եւ ազդարարում. «Եվրախորհուրդը Տիզբոն չէ»։ Լրատվամիջոցներով անցնում է առաջին ալիքը. «Եվրախորհուրդը Տիզբոն չէ», «Եվրախորհուրդը Տիզբոն չէ», «Եվրախորհուրդը Տիզբոն չէ»։ Հետո ասուլիս է հրավիրում Սամվել Նիկոյանը եւ ազդարարում. «Եվրախորհուրդը Տիզբոն չէ»։ Հեղինե Բիշարյանը, ինչպես միշտ, բորբոքված է, որովհետեւ երբեք չի հասցնում առաջինը ասուլիս հրավիրել, որովհետեւ Սերժի մոտից ստիպված է ոչ թե միանգամից որեւէ մամուլի ակումբ վազել, այլ նախ` Արթուրիկի մոտ, հետո նոր միայն մամուլի ակումբ` կուսակցական սուբորդինացիան պահելու համար։ Ահա այսպես` «Հայաստանում դատարանները անկախ են», «Մացոն պետք է որոշի», «Սոլնիշկը վիխոդիտ, լյուձյըմ ժարկը, ժարկը»։ Վերջին շրջանում հանրությանն է մատուցվում այս ընթացակարգի հերթական գլուխգործոցը. «Իշխանությունը չի կարող պարտվել»։ Այս անգամ Սամվել Նիկոյանը հաղթեց Գալուստ Սահակյանին ու առաջինը տեղ հասավ, բայց Գալուստ Սահակյանը սա ասաց մի ուրիշ շեշտադրումով` ետին թվով պահելով անդրանիկության իր իրավունքը։ Վերանանք, սակայն, ընթացակարգից եւ քննարկենք բովանդակությունը` «Իշխանությունը չի կարող պարտվել»։ Հետաքրքիրն այն է, որ չնայած այս նախադասությունը արտասանվում է ԵԽ-ում խմորվող իրադարձությունների կապակցությամբ, բայց մի տեսակ` ամեն ինչի կոնտեքստից դուրս։ Եւ եթե անկեղծ լինենք, սա սերժանտական իշխանության բստրած առայժմ միակ արժեքավոր նախադասությունն է, որովհետեւ բացահայտում է այն փիլիսոփայությունը, որով ահա արդեն երկար ժամանակ առաջնորդվում է այդ նույն իշխանությունը։ Հենց այս նախադասությունը պետք է դրվի մարտի 1-ի դեպքերի ցանկացած օբյեկտիվ ուսումնասիրության հիմքում։ Պատկերացնո՞ւմ եք, իշխանությունը չի կարող պարտվել։ Ամբողջ խնդիրը հենց սա է. այս կարգախոսն է դրված Հայաստանի քաղաքական համակարգի հիմքում, եւ այս փիլիսոփայությամբ էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտել են 2008 թվականի նախագահական ընտրությունների շրջափուլ։ Ահա եւ բոլոր հարցերի պատասխանը. իշխանությունը կարող է կեղծել, ահաբեկել, առեւանգել, խոշտանգել, սպանել, թալանել. ինչ ասես, միայն մի բան չի կարող անել` պարտվել։ Մի ծրագիր, որ իրականացվել է 2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին, քվեարկության եւ ձայների հաշվարկի ընթացքում, դրանից հետո։ Այդ դեպքում ո՞վ կարող է պարտվել. բնականաբար, բոլոր նրանք, ովքեր ուզում են իշխանության պարտությունը, այսինքն` ժողովուրդը։ Իշխանությունը չի կարող պարտվել ընտրություններում, իշխանությունը չի կարող պարտվել իշխանության համար պայքարում։ Այսինքն` իշխանությունը հավերժ մնալու է իշխանություն։ Ահա եւ ողջ փիլիսոփայությունը։ Եւ հենց այստեղ է խնդիրը. այն իշխանությունը, որ չի կարող պարտվել, ահա հենց այդ իշխանությունն էլ կոչվում է ավազակապետություն, բռնապետություն, խունտա։ Մի բան, որ պահանջվում էր ապացուցել, մի բան, որ իշխանությունը ապացուցում է ինքն իր բերանով։ Եւ ի՞նչ եզրակացություն այս ամենից. իսկ եզրակացությունը մեկն է` քանի դեռ պարտված չէ իշխանությունը, պարտված է մնալու Հայաստանը, ժողովուրդը, ապագան։ Այսինքն` իշխանության պարտությունը Հայաստանը կործանումից փրկելու իհարկե` ոչ բավարար, բայց պարտադիր պայման է։ Որովհետեւ այն իշխանությունը, որ իրեն չի պատկերացնում պարտվածի դերում, դեպի հավերժական պարտություն է քարշ տալիս երկիրը։ Այսպիսի իշխանություններ մարդկության պատմության մեջ հաճախ են եղել, եւ մինչեւ չի պարտվել իշխանությունը, երկիրը չի հաղթել։ Մեր մեջ ասած` նորմալ երկրներում իշխանությունը հենց պարտվելու համար է, իշխանությունը նրա համար է, որ ինքն իր վրա վերցնի պարտվողի դերակատարումը` այդպիսով երկիրն ապահովագրելով պարտվողի կարգավիճակից։ Ուրեմն` մեր ընտրանքը պարզ է` կամ մենք պարտության կմատնենք իշխանությանը եւ կձեւավորենք պարտվելու պատրաստ իշխանություն, կամ «անպարտելի» իշխանությունը կկործանի երկիրը։

հայ ֆիդայի~ներ,

ջան ֆիդայի~ներ

Այս համատեքստում զարմացնում են բոլոր նրանք, ովքեր զարմանում են, որ «7-ի գործով» դատավարության վերջին նիստից հետո իշխանությունը էլի բռնություն գործադրեց դատարանի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Իրականում զարմանալու ոչինչ չկա, իրականում ամեն ինչ տրամաբանական է։ Զարմանալին միայն զարմացողներն են, որովհետեւ համաձայնեք` չի կարելի բռնությունը զարմանալի համարել այն իշխանության կողմից, որը բռնազավթել է իշխանությունը, որը իրենից ավազակախումբ է ներկայացնում, որի առաջնորդի ամենապոպուլյար հիշատակումը երկրում «Սերժիկ մարդասպան»-ն է։ Ընդհակառակը, զարմանալի է, որ մարդասպանը մինչեւ այժմ մարտի 1-ի զոհերի թիվը չի ավելացրել։ Չեմ ուզում բայղուշի դերակատարում ստանձնել, բայց առաջիկայում սպասեք նոր սպանությունների, առեւանգումների, անհետացումների, որովհետեւ «իշխանությունը չի կարող պարտվել», իսկ Սերժիկի իշխանությունը վաղուց պարտված է, ու հիմա խնդիրը ոչ թե չպարտվելն է (պարտությունը կայացած փաստ է), այլ այդ պարտությունը պարտակելը, խլացնելը, թաքցնելը, թաղելը։ Ասել եմ, էլի եմ ասում` առաջիկայում Սերժ Սարգսյանը ահագնացնելու է բռնությունները։ Տասնամյա բռնությունները, որ կիրառել էր ավազակապետությունը, արդյունք չտվեցին, արդյունք չեն տալիս նաեւ մարտի 1-ից հետո ծավալված բռնությունները, ու Սերժիկը սրանից ավելի է կատաղում։ Եթե բռնությունները արդյունք չեն տալիս, ուրեմն իշխանությունը փլուզման շեմին է։

Ավազակապետությունը զգում է իր մոտալուտ պարտությունը եւ նոր կարգախոս է հնարել. «Իշխանությունը չի կարող պարտվել»։ Իսկ ավազակապետությունը բացի բռնությունից ուրիշ ոչ մի գործելակերպ չունի, չի ճանաչում, չունի պարտությունից խուսափելու որեւէ այլ ռեսուրս, բացի բռնությունը. ահա թե ինչու են Հայաստանում բռնությունները ծավալվելու նոր ուժով։

Համոզված եմ` իմ շատ գործընկերներ կտարակուսեն, թե ինչու եմ նման բաներ ասում։ Նրանք կմտածեն, թե ճիշտ չէ հրապարակային այսպիսի ճշմարտություններ ասել։ Բայց համաձայն չեմ սրա հետ եւ ուզում եմ, որ յուրաքանչյուրը հասկանա պահի լրջությունը։ «Ազատ եւ Երջանիկ Հայաստան» բառակապակցությունը շատ ուրախ եւ լուսավոր է հնչում, բայց այնտեղ հասնելու ճանապարհը փշոտ է, եւ մենք պետք է այդ ճանապարհը անցնենք, անցնելու ենք այդ ճանապարհը, բայց ոչ թե «խիզախության համար` 100 գրամ» խմածի տրամաբանությամբ, այլ սթափ, առողջ գիտակցությամբ ու տրամաբանությամբ, մաքրված բոլոր տեսակի ոգեւորություններից եւ բոլոր տեսակի հիասթափություններից։

Հիմա` բռնությունների թեմայի մասին։ Երկու մոտեցում կա. մի մոտեցման համաձայն` իշխանությունների սանձազերծած եւ սանձազերծելիք բռնությունները որակվում են որպես իշխանության վերջին ջղաձգություն, մյուս մոտեցման համաձայն` բռնապետությունը ուժեղացնելու գործուն եղանակ։ Հարց կարող է ծագել, թե այս վերլուծություններից որն է իրական։ Չնայած այդ մոտեցումները հակադարձ են, բայց երկուսն էլ ճիշտ են, ըստ հանգամանքների։ Այդ մեկնաբանություններից յուրաքանչյուրի կենսունակությունը կախված է հանրության, բոլորիս, ամեն մեկիս արձագանքից։

2009-01-22_kangnum-enq-haghtum-enq-garnanyԵթե հունվարի 16-ին ոստիկանից հարված ստացած, վնասվածք ստացած քաղաքացին հունվարի 30-ին եւ դրանից հետո կրկին գնում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, ուրեմն Սերժի նախաձեռնած բռնությունը հոգեւարք է։ Եթե իր համաքաղաքացու նկատմամբ իրականացված բռնության մասին իմանալով` հունվարի 16-ին դատարանի մոտ չեղած քաղաքացին հունվարի 30-ին գնում է դատարանի շենքի մոտ, ուրեմն Սերժի ձեռնարկած բռնությունը հոգեւարք է։ Չի կարելի բացառել, որ հունվարի 30-ին նույնպես բռնություն կգործադրվի։ Բայց տրամաբանությունը սրանից չի փոխվում։ Ընթացիկ քաղաքական շրջափուլի իմաստը հենց սրանում է։ Սերժը փորձելու է բռնությամբ ցաքուցրիվ անել ընդդիմությունը, ընդդիմադիր ժողովրդին։ Մեր խնդիրը տվյալ դեպքում, ուշադրություն դարձրեք, կանգնելն է, միմիայն կանգնելը, բացառապես կանգնելը, ուրիշ ոչինչ, ուրիշ ոչինչ, բացառապես կանգնելը` անկախ ամեն ինչից, անկախ բռնաճնշումների չափից, անկախ եվրոպաներից ու ռուսաստաններից։ Կանգնեցինք` հաղթում ենք։ Ու չնայած ասել եմ, որ ժամկետների մասին խոսելը քաղաքականության մեջ սխալ է, բայց այսօր վիճակն այնպիսին է, որ եթե կանգնեցինք, եթե պինդ կանգնեցինք, հաղթում ենք գարնանը։

Հ.Գ. Անհրաժեշտ պահին կլինեմ մեր երթի առաջին շարքում։ Պայքար, պայքար մինչեւ վերջ։ Քաղաքացին չի կարող պարտվել, ապագան չի կարող պարտվել, ժողովուրդը չի կարող պարտվել, Հայաստանը չի կարող պարտվել, Սահմանադրությունը չի կարող պարտվել։ Հաղթելո՛ւ ենք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Tatevik Nikolakan:-)
    Հունվար 22nd, 2009 at 13:56 | #1

    KANGNEL ENQ, KANGNA& ENQ U KANGNELU ENQ MICHEV VERJ!!!!!!!!!!!!!!!
    AMSI 16 IN ANDZAMB EGHEL EM DATARANI HARAKIC TARACQUM, EV SEBAKAN ACHQEROV TESEL AYD STOR, ANORINAKAN EV ANMARDKAYIN VERABERMUNQ@! BAYC CHEM VAXECEL, CHEM @NKRKRL EV MYUS DATIN GALU EM DER MI QANI HOGI AVEL @NKERNEROV!!!
    MENQ HAGHTEL ENQ EV TER ENQ KANGNELU MER HAGHTANAKIN!!!!!!!!!!!!
    NIKOL JAN CHKASKA&ES!!!!!!!!!!

  2. Հունվար 22nd, 2009 at 14:00 | #2

    Kangnac eink, kangnac enk u kkangnenq! Isk du xndrum enk zgush exir ev vogevorox hodvacner grir.

  3. Orion
    Հունվար 22nd, 2009 at 15:31 | #3

    Sireli p-rn Pashinyan, es dzer het liarjeq hamamit em, vor rejimi partutjuny shat mot e, dranum bolorovin chem kaskacum! Sakajn indz mot ajn tpavorutjunn e stexcvel, te mer ynddimutjuny hujs uni haxtel dasakan gandizmi exanakov,inchn im karciqov chisht che! Bacatrem te inch nkati unem. Ete Mahatma Gandin arajarkum er centarkvel angliacineri orinak (hipotetik)dzuk brnelu argelqin. Hindu azgic 10 hogi gnum ein dzuk brnelu. Angliacinery nranc bolorin dzerbakalum ein. Hajord ory 100 hindu gnum ein dzuk brnelu. Ishxanutjunnery 100-in el dzerbakalum er. 1000 hindu er gnum — nranc el nujn er spasum, ev vergapes 10000 hindu erb gnacin, angliacinery orenqy chexjal hamarecin!!!!

    Da ashxatum e ANGLIACINERI hamar! Isk mer chekistnery kdzerbakalen 20 hogu u minchev 15 tari kdaten, isk mnacacin voch. Petq e angleren asac “upgrade” anel ajd tarberaky, ajsinqn eli chentarkvel, sakajn voch dasakan gandizmi exanakov. Anchap eraxtapart klinei ete porceiq ajs teman qnnarkel Dzer arajika hodvacnerum!!!

    Harganqnerov`

    HAYASTANI QAXAQACI

  4. HIMA!
    Հունվար 22nd, 2009 at 21:42 | #4

    Orion :
    Sireli p-rn Pashinyan, es dzer het liarjeq hamamit em, vor rejimi partutjuny shat mot e, dranum bolorovin chem kaskacum! Sakajn indz mot ajn tpavorutjunn e stexcvel, te mer ynddimutjuny hujs uni haxtel dasakan gandizmi exanakov,inchn im karciqov chisht che! Bacatrem te inch nkati unem. Ete Mahatma Gandin arajarkum er centarkvel angliacineri orinak (hipotetik)dzuk brnelu argelqin. Hindu azgic 10 hogi gnum ein dzuk brnelu. Angliacinery nranc bolorin dzerbakalum ein. Hajord ory 100 hindu gnum ein dzuk brnelu. Ishxanutjunnery 100-in el dzerbakalum er. 1000 hindu er gnum — nranc el nujn er spasum, ev vergapes 10000 hindu erb gnacin, angliacinery orenqy chexjal hamarecin!!!!
    Da ashxatum e ANGLIACINERI hamar! Isk mer chekistnery kdzerbakalen 20 hogu u minchev 15 tari kdaten, isk mnacacin voch. Petq e angleren asac “upgrade” anel ajd tarberaky, ajsinqn eli chentarkvel, sakajn voch dasakan gandizmi exanakov. Anchap eraxtapart klinei ete porceiq ajs teman qnnarkel Dzer arajika hodvacnerum!!!

    Հարգելի Օրիոն, իսկ ո՞րն է այլընտրանքը: Դուք գանդիզմի փոխարեն ի՞նչ կառաջարկեիք: Գուցե պետք է զինվե՞լ: Գուցե պետք է սրանց պատասխանել հենց իրենց մեթոդներո՞վ:

    Ես սրա արդյունավետությանը, ռեալ արդյունավետությանը, պետության տեսակետից` օգուտին - չեմ հավատում: Ավելին, համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք նման եղանակով չի ցանկանա վերցնել իշխանությունը:

    Չեք կարծու՞մ:

  5. Aram
    Հունվար 23rd, 2009 at 00:37 | #5

    GNALU ENK !
    KANGNELU ENK !
    HAXTELU ENK !

  6. armen
    Հունվար 23rd, 2009 at 01:13 | #6

    mi hat mitq unem. stexcvum a naxkin vostikanneri hasarakakan kazmakerputjun, baregorcakan, kanonadrutjan mej henc tencel npatak a grvum, vor finansakan ajakcutjun a cujc talu naxkin vostikannerin, orinakan grancvum a, nviratvutjunneric fond a cevavorvum, u cankacac vostikan vor azatvum a pashtonic, asenq 3 amis, kam vec amis, inchvor gumari chapov ajakcutjun a stanum et kazmakerputjunic, bajc de et naxkin vostikannern el voroshaki aktiv gorcneutjamb en zbaxvum et kazmakerputjunum, mitq@ es a, bajc de detalner kareli a jshtel…

  7. Orion
    Հունվար 26th, 2009 at 15:09 | #7

    @HIMA!
    Hargeli HIMA,
    Es aravel qan vstah em vor ARAJIN NAXAGAHY chi gna ujayin lucman, kam zinvac yndharman. Avelin inqs da hamarum em amenasxal chanaparhy, kam aveli chisht da chanaparh che!!!!

    Sakajn, veradarnalov im hnchecrac harcin, es dem chem Gandii skzbunqin ajl arajarkum em ajn upgrade anel, te inchpes, da qnnarkman harce!
    Es inqs el unem voroshaki mtqer sakajn uzum el lsel hargeli Nikoli karciqy. Miguce veraimastavorvac pilisopajutjamb Gandizmn aveli ardjunavet gorci?

  8. Билл
    Հունվար 28th, 2009 at 01:39 | #8

    Ba pti kangnenq! el urish tjar chka.

  9. @ntercox
    Փետրվար 7th, 2009 at 17:13 | #9

    Կանգնեք-կանգնեք: Թող լաչառ նիկոլները ճղճղան, մի քանի հոգու գլուխ էլ կերեք ու դինջացեք: Հետո էլի իրանք կծլկեն, մեռնողը կմեռնի, դուք էլ անկապ կփչեք:

  1. No trackbacks yet.