> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ПЕТРОС МКРТЧЯН-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ПЕТРОС МКРТЧЯН-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Петрос Мкртчян-ից

Уважаемый Никол я живу в России и весь этот предвыборный период наблюдал что за безобразие творится в нашей стране. Вы как участник как вы думайте скоро все это закончится. С уважением Петрос.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Պետրոս. քանի որ ժամկետների հետ կապված հարցին մի քանի անգամ արդեն պատասխանել եմ, պատեհ եմ համարում ձեր հարցին ի պատասխան անդրադառնալ այսօր Հայաստանում առկա խնդիրների ռուսական կողմին, քանի որ դուք Ռուսաստանում եք բնակվում: Ինչպես հայտնի է` Ռուսաստանի իշխանությունները գոնե առայժմ թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր միջոցներով աջակցել են քոչարյանասերժական ռեժիմին: Ընդ որում, հարցը ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ կողմ: Օբյեկտիվ կողմն այն է, որ որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պետք է մշտապես լինի Հայաստանի, ասել է, թե Հայաստանի իշխանությունների կողքին: Այս մոտեցումը միանգամայն ճիշտ է, որովհետեւ զուտ տեսականորեն, իշխանություն` նշանակում է ժողովուրդ, ժողովրդի ներկայացուցիչ: Բայց հենց ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում իշխանություն ոչ միայն չի նշանակում ժողովուրդ, այլեւ ուղիղ հակառակ իմաստն ունի, եւ այս պայմաններում վերը նշված հասկանալի քաղաքական, ռազմավարական մոտեցումը ճաքեր է տալիս: Հայաստանի հանցագործ վարչախումբը ռուսական աջակցությունը ապահովելու համար ընթացիկ քաղաքական շրջափուլում էլ շրջանառության մեջ է դնում այն վարկածը, իբր 2008 թվականի հայաստանյան իրադարձությունները այսպես ասած` գունավոր հեղափոխությունների սցենարի հերթական իրականացման փորձ են, ցնդաբանություն, որ բնության մեջ չի կարող ունենալ որեւէ հիմնավորում: Միայն մի փաստ. այսօր Հայաստանում գործող ընդդիմության ղեկավարը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մասին մեծ պայմանագրի եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ճարտարապետներից մեկն է: Տեր-Պետրոսյանի նախագահությունից հետո հայ-ռուսական համագործակցությունը ոչ մի նոր մեխանիզմով չի հարստացել. այն բազան, որի վրա հիմնված է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ստեղծվել է հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Չնայած սրան, Ռուսաստանում կարծես ոմանք հնարավոր են համարում ռուս-վրացական հարաբերությունների սցենարի կրկնությունը Հայաստանում, եւ ըստ այդմ որոշել են աջակցել Հայաստանում ազատությունների ճնշման պրոցեսներին, իբր, եթե նոր իշխանություն Հաստատվի Հայաստանում, կգործի Սահակաշվիլիի սցենարով: Ամբողջ աբսուրդն այն է, սակայն, որ Հայստանում` իբր վրացական սցենարի կանխմանն ուղղված այս գործողությունները, որ ձեռնարկում է ռուսական կողմը, ահա արդեն տասը տարի լրիվ հակառակ ֆոն են ստեղծում: Ի վերջո Ռուսաստանի նկատմամբ Սահակաշվիլիի վերաբերմունքը օդից չընկավ. փաստն այն է, որ Վրաստանի բնակչության 90 տոկոսը բնույթով հակառուս է, հակառուս էր Սահակաշվիլիի իշխանության գալու պահին եւ հենց այս տրամադրությունների վրա էին հիմնված ռուս-վրացական հարաբերություններում առաջացող խութերը: Հայաստանում նման վիճակ ստեղծելու համար պետք է շատ չարչարվել, եւ մեր մեջ ասած` հենց Ռուսաստանն է, փաստորեն, չարչարվում այս ուղղությամբ, որովհետեւ հանցագործ վարչախմբերին աջակցություն ցուցաբերելով, հանրության լայն շերտերին դանդաղ բայց հաստատուն քայլերով տրամադրում է իր դեմ: 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ` Հայաստանում տեղի ունեցած երթի մասնակիցները սուլեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտով անցնելիս, որովհետեւ ՌԴ նախագահը դեռ ընտրությունների արդյունքները չամփոփված շնորհավորեց իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ դրանից հետո տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանը որոշել է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից: Կարծում եմ` սա անհեռանկար քաղաքականություն է: Այդ քաղաքականությունը, իհարկե, կարող է անուղղելի հարվածներ հասցնել Հայաստանին, բայց Ռուսաստանի համար ցանկալի արդյունքների չի հանգեցնի, եւ կստացվի, որ ՌԴ-ն ակամա ոչնչացրեց իր ռազմավարական գործընկերոջը, փոխերանը չստանալով ոչինչ: Եթե այսօր հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը որեւէ բան սպառնում է, դա Ռուսաստանի` շատ դեպքերում ակնհայտ արհամարհական վերաբերմունքն է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Եթե Ռուսաստանը վերանայի իր այս վերաբերմունքը, հայ-ռուսական իսկապես անկեղծ ռազմավարական գործընկերությանը բացարձակապես ոչինչ չի սպառնա առնվազն առաջիկա հարյուրամյակում: Ասացի արդեն, որ այս թնջուկի հիմքում կա նաեւ սուբյեկտիվ գործոն. Դա այն է, որ ռուսական մի շարք պաշտոնյաներ կոռուպցիոն կապերով կապված են Հայաստանի պաշտոնյաների եւ օլիգարխների հետ: Երբեմն տպավորություն է, թե հայ-ռուսական արդի հարաբերությունները ավելի շատ պայմանավորված են սուբյեկտիվ եւ ոչ թե օբյեկտիվ գործոններով:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.