> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAIK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAIK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Haik-ից

Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանի հետ` զորավարժությունների հետեւելիսNax uzum em dzez voxcuhnel. Es hpart em vor unem nman qaxaqaci inchpisin duq eq Paron Pashinyan. Dzer karciqov erb e es Xarabaxi harc@ noric bardzranalu jri eres?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. Ղարաբաղի հարցը, ինչպես տեսնում եք, ընթացիկ շրջանում էլ ակտիվ քննարկումների փուլում է, եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հոկտեմբերի 17-ի ելույթում ընդգծեց, որ միջազգային հանրությունը մտադիր է բոլոր ջանքերը գործադրել ընթացիկ շրջափուլում այդ հարցի կարգավորմանը հասնելու համար: Այն ժամանակ շատերը պնդում էին, որ նման հայտարարության հիմքեր չկան, բայց դրանից երկու շաբաթ անց ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը: ԼՂ հարցի շուրջ այսպիսի ակտիվության պատճառը ոչ միայն Հարավային Օսեթիայում ծավալված իրադարձություններն են, այլեւ Հայաստանում սերժանտական տիպի իշխանության հաստատումը: Արեւմուտքը հասկացավ, որ Սերժ Սարգսյանը սիրով գործարքների կգնա, միայն միջազգային հանրությունը չնկատելու տա քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում եւ շարունակվող ռեպրեսիաները: Եւ ահա, Սերժ Սարգսյանը Մայնդորֆյան հռչակագրով պաշտոնապես ընդունեց Մադրիդյան սկզբունքները, որոնցով հստակ նախատեսվում է ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ Ղարաբաղ, Շուշի, որից հետո` անորոշ ապագայում Ղարաբաղում պետք է տեղի ունենա կարգավիճակի հարցով հանրաքվե: Թե այդ անորոշ ապագայում ինչպիսի ժողովրդագրական վիճակ կլինի Ղարաբաղում, միայն Աստծուն է հայտնի: Էլ չեմ ասում, որ ադրբեջանցիները հիմա արդեն Ղարաբաղից տեղահանված իրենց ազգակիցների առասպելական թվեր են շրջանառության մեջ դնում: Էլ չեմ ասում, որ Ղարաբաղ վերադարձած ադրբեջանցիները իրենց հերթին կարող են պահանջել ինքնորոշման իրավունք, իրենց զբաղեցրած տարածքներով: Ահա այսպիսի հեռանկարներ ու վտանգներ ունեն Մադրիդյան սկզբունքները, եւ ի դեպ, նշենք, որ սա հակամարտության կարգավորման պատմության մեջ առաջին անգամն է, երբ հայկական կողմը կարգավորման որեւէ առաջարկ ընդունում է` այդ վերաբերմունքը ամրագրելով ստորագրությամբ:

Այստեղ կանգ առնենք, եւ ետ դառնանք 1998 թվական. այն ժամանակ Սերժ Սարգսյանը երկրում հեղաշրջում իրականացրած թիմի մեջ էր, նրա հիմնական հենասյունը, եւ նրանք նախագահ Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ԼՂ հարցում «ապազգային» եւ «պարտվողական» մոտեցման մեջ, քանի որ Տեր-Պետրոսյանը հնարավոր էր համարում ինչ-որ տարածքների վերադարձ, եւ համաձայն էր գնալ հարցի փուլային կարգավորման: Իշխանության հասնելուց հետո Սերժ Սարգսյանը ստորագրություն դրեց մի այնպիսի փաստաթղթի տակ (Մայնդորֆյան հռչակագիր), որով նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել «գրավյալ» համարվող բոլոր տարածքները, եւ այն մտավորականությունը, որը ժամանակին վայնասուն էր բարձրացնում փոխզիջման մասին Տեր-Պետրոսյանի ամեն խոսքի կապակցությամբ, այսօր բերանները ջուր են առել: Հիմա փորձենք հասկանալ, թե իրենից ինչ էր ներկայացնում այն տարբերակը, որ Տեր-Պետրոսյանը 1997 թվականին համարում էր ընդունելի: Այդ տարբերակի իմաստը հետեւյալն էր. Ղարաբաղի հարցը կարգավորվում է փուլային տարբերակով, այսինքն` ԼՂ հարցի վերաբերյալ կողմերը, հակամարտության կողմերը ոչ թե մեկ, այլ մի քանի պայմանագրեր են կնքում, հնարավոր է` մեկ տասնյակից ավելի պայմանագրեր: Ի դեպ, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմ էր, եւ բոլոր բանակցություններին մասնակցում էր Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչը նույնպես: Ղարաբաղին բանակցային սեղանից հեռացրեց Ռոբերտ Քոչարյանը, Արեւմուտքին այդպես վճարելով Հայաստանում իշխանությունը զավթելու գործում ցուցաբերած աջակցության համար, իսկ Սերժ Սարգսյանը կրկին Մայնդորֆյան հռչակագրով այդ փաստին տվեց վավերական տեսք: Ինչ վերաբերում է փուլային տարբերակին, Տեր-Պետրոսյանի մոտեցումը այդ հարցում հետեւյալն էր. առաջինը կնքվում է խաղաղության պայմանագիր առ այն, որ կողմերը` ՀՀ-ն, ԼՂ-ն եւ Ադրբեջանը պարտավորվում են հրաժարվել ԼՂ հարցը զենքի ուժով լուծելու մտադրությունից: Սա միանշանակ ձեռնտու էր Հայաստանին, որովհետեւ պատերազմի ընթացքում մենք հասել էինք այն առավելագույնին, որին հնարավոր էր հասնել: Եթե Ադրբեջանը հարցը զենքով լուծելուց հրաժարվելու պարտավորություն էր ստանձնում, գործնականում անհնար էր դառնում Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ, եւ ԼՂՀ անկախության ճանաչումը դառնում էր ընդամենը տեխնիկայի եւ ժամանակի խնդիր: Կարգավորման հետագա փուլերը լինելու էին այսպիսին. ասենք` հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Աղդամի շրջանի մի մասը, այն Աղդամի, որ ըստ Սերժ Սարգսյանի երկու տարի առաջ արած հայտարարության` մեր հայրենիքը չէ: Ահա հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Աղդամի մի մասը, փոխարենը Ադրբեջանը պայմանագրով ճանաչում է ԼՂՀ ՏԻՄ մարմինները, որպես օրինական իշխանության մարմիններ: Այսինքն` Ադրբեջանը ընդունում է, որ Ղարաբաղի քաղաքապետերը, գյուղապետերը լրիվ օրինական իշխանություն են: Հետո Ադրբեջանին է վերադարձվում Աղդամի մյուս մասը` այն բանից հետո, երբ Ադրբեջանը պայմանագրով ճանաչում է ԼՂՀ խորհրդարանը, որպես լրիվ օրինական մարմին: Ապա` ճանաչում է ԼՂՀ զինված ուժերը, ոստիկանությունը, դատարանները, կառավարությունը եւ նախագահին: Ահա այսպես, Ադրբեջանը բոլորի համար աննկատ ճանաչում էր ԼՂՀ անկախությունը, որովհետեւ, եթե դու ընդունում ես որեւէ իշխանության օրինականությունը, պիտի ընդունես նաեւ այդ իշխանության որոշումների օրինականությունը` երկրի ապագայի վերաբերյալ: Ընդ որում, փուլային տարբերակի ամեն քայլ փաստացի դառնում է անշրջելի: Եւ քանի որ առաջին քայլը խաղաղության պայմանագիրն էր լինելու, եւ Ադրբեջանը զրկվելու էր պատերազմ սկսելու հնարավորությունից, հայկական կողմը ըստ էության հնարավորություն էր ստանում ամբողջ պրոցեսը տանել իր ուզած հունով, ի վերջո բացառելով ադրբեջանցի փախստականների վերադարձը, բացառելով ԼՂ վերադարձը Ադրբեջանի կազմ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ադրբեջանցիներին վերադարձնել Ղարաբաղ, նշանակում է դանդաղ գործողության ռումբ դնել Ղարաբաղի տակ: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը այն տեսակետի կրողն էր, թե ԼՂ հարցը պետք է կարգավորվի փաթեթային եղանակով, այսինքն` նախ Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը: Բայց հիմա ինքը Սերժ Սարգսյանը միանշանակ ընդունել է հարցի կարգավորման փուլային տարբերակը` ի դեմս Մադրիդյան սկզբունքների: Ընդ որում, հիմա Հայաստանի դիրքերը շատ ավելի թույլ են ԼՂ հարցի կարգավորման տեսակետից: Հայաստանը Ադրբեջանից ետ է մնացել տնտեսապես, երկրի միջազգային հեղինակությունը զրոյացված է, Ղարաբաղը դուրս է մղված բանակցային գործընթացից, շատ ավելի վտանգավոր է այն, որ փոխվել է Հայաստանցիների վերաբերմունքը Ղարաբաղի հարցի նկատմամբ: Այն հնարավորությունները, որ մենք ունեինք 1997 թվականին, այսօր` ցավոք չունենք: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցի շուտափույթ կարգավորման կողմնակից էր, որովհետեւ տեսնում էր, որ Հայաստանը ավելի ուժեղ է, քան Ադրբեջանը: Պատերազմից հետո այդ երկիրը շոկի մեջ էր, եւ հնարավոր էր նրանից ստանալ առավելագույն զիջումներ: Հայաստանը կդառնար տրանզիտային երկիր` էներգակիրների համար: Այս հնարավորությունները մենք արդեն բաց ենք թողել, եւ ԼՂ հարցի համատեքստում տեղի ունեցող գործընթացները մեզ ոչ մի լավ բան չեն խոստանում, որովհետեւ, համաձայնեք, թուլացած երկիրը չի կարող իր շահերը պաշտպանել պատշաճ կերպով: Իսկ այսօր Հայաստանը առավել թույլ է, քան երբեւէ եղել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային ողջ գործընթացի ընթացքում: 1998-ին քոչարյանասերժական կլանը ԼՂ հարցը օգտագործեց իշխանությունը բռնազավթելու համար, այսօր էլ փորձում է օգտագործել այդ իշխանությունը խորտակումից փրկելու համար: Իսկ Հայ ազգային կոնգրեսի դիրքրոշումը ԼՂ հարցում հետեւյալն է. մեզ համար ընդունելի է հարցի կարգավորման ցանկացած տարբերակ, որ ընդունելի կլինի Ղարաբաղի ժողովրդի համար: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Համլետ
    Հունվար 22nd, 2009 at 04:23 | #1

    Այո,ցավոք սրտի,սա է իրականությունը:
    Մենք,հայաստանցիներս,ամեն ինչ արեցինք Արցախի փաստացի անկախացման համար:
    Դրան ի պատասխան նրանցից ստացանք անարգանք,վիրավորանք,կտտում,գողություն,բոզություն,թալան,սպանություն…
    Միգուցէ ճի՞շտ էր ժամանակին թևածող ,,Թուրքերը պետք է մեզանից շնորհակալ լինեն իրենց դրանցից (ղարաբաղցիներից) պրծացնելու համար,, արտահայտությունը…
    Չգիտեմ…

  2. Tatevik Nikolakan:-)
    Հունվար 22nd, 2009 at 19:44 | #2

    NKAR@ BAVAKANIN TPAVORICH E…

  1. No trackbacks yet.