> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՉՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

ԻՆՉՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Նիկոլ Փաշինյան. մարտի 1, 20082008 թվականի փետրվարի 20-ին Մատենադարանի մոտ հավաքված հարյուր հազարավոր մարդիկ տրամադիր էին, պահանջում էին գրոհով վերցնել իշխանությունը. գնալ եւ գրավել նախագահի նստավայրը:

Նույն թվի փետրվարի 26-ին, երբ Ազատության հրապարակում հավաքվել էր հայոց պատմության մեջ աննախադեպ բազմություն, ահա այդ մարդիկ էլ տրամադիր էին եւ պահանջում էին գրոհով վերցնել իշխանությունը, գնալ եւ գրավել նախագահի նստավայրը եւ վերջ դնել հանցավոր իշխանությանը: 2008 թվականի մարտի 1-ին մարդիկ նույն կերպ էին տրամադրված:

Մենք մարդկանց գրոհի չտարանք, չնայած ակնհայտ էր, որ առնվազն վերջին երկու դեպքերում գրոհի հաջողությունը ռեալ ու շոշափելի էր: Այսօր շատերն են հարց տալիս, թե ինչու տեղի չունեցավ ակնկալված գրոհը, եւ ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը այդպիսով չվերցրեց իշխանությունը: Այս հարցադրումը ինքնին տրամաբանական է, որովհետեւ ցանկացած քաղաքական պայքար պայքար է իշխանության համար, եւ սա բնական, ընդունված, հասկանալի եւ նորմալ երեւույթ է: Եւ ուրեմն, ցանկացած քաղաքական ուժ պետք է կարողանա իշխանությունը վերցնելու պատեհ առիթը օգտագործել: Եթե այս տեսակետից ենք նայում, գուցե, իրոք, գրոհների չգնալը լուրջ սխալի տպավորություն է թողնում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ քաղաքականության մեջ գալիս են պահեր, որ ի սկզբանե դրված պարզ ու հստակ խնդիրը հընթացս որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Ավելի ճիշտ, ոչ թե փոփոխությունների է ենթարկվում, այլ որոշակի խորք ու լուրջ ենթատեքստ է ստանում: Թող ինձ ներվի անհամեստությունս, բայց միտքս ավելի պարզ ու հասկանալի, ոչ թե տեսական, այլ պրակտիկ արտահայտելու համար պետք է իմ անունից եւ օրինակով խոսեմ` տարընթերցումների տեղիք չտալու եւ ուրիշների վրա անպատեհ օրինակներ ցույց չտալու համար: Երբ նոր սկսում էի զբաղվել քաղաքականությամբ, ինձ հաշիվ էի տալիս, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է իշխանության գալու խնդիր ունենա: Մտածում էի այսպես. մենք մեր ծրագրերը, գաղափարները կներկայացնենք հանրությանը, ու քանի որ այդ ծրագրերը լավը կլինեն, մենք հանրությունից կստանանք աջակցություն, մի ինչ-որ պահի ընտրական կամ հեղափոխական ճանապարհով կհասնենք իշխանության եւ կսկսենք իրագործել այդ ծրագրերը:

Ճշգրիտ, հասկանալի եւ միջազգայնորեն ընդունված սխեմա է: Երբ սկսվեց բուն քաղաքական գործընթացը, եւ 2007 թվականի գարնանը տեղի ունեցան առաջին բազմամարդ հանրահավաքները (այդ ժամանակ, ի դեպ, ոչ ոք չէր հավատում, որ նման բազմամարդ հանրահավաքներ հնարավոր է անել, չնայած դրանք 2007 թվականի աշնան եւ 2008-ի ձմեռվա հանրահավաքների համեմատ փոքր էին, բայց տվյալ հուսահատ ժամանակների համար աննախադեպ), ահա այդ ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ ամեն ինչ չէ, որ կորսված է, սկսեցի մտածել, որ զուտ տեսականորեն իսկապես հնարավոր է, որ որոշ ժամանակ անց հայտնվեմ որեւէ իշխանական կաբինետում: Քաղաքական գործունեություն սկսելուց առաջ արդեն 15 տարի զբաղվել էի լրագրողական գործունեությամբ եւ ըստ այդմ եղել եմ իշխանական բազմաթիվ աշխատասենյակներում: Եւ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ իր աշխատասենյակում ունեցած հանդիպումից հետո երկար, երկար մտածել եմ «բարձրաստիճան պաշտոնյայի աշխատասենյակ» կոչվող երեւույթի մասին:

Դա իսկապես երեւույթ է: Աշխատասենյակ ասելով` ես նկատի ունեմ զուտ աշխատասենյակը, անկախ նրանից, թե ով է տվյալ պահին այնտեղ գտնվող պաշտոնյան: Եւ գիտե՞ք ինձ ամենաշատը ինչն է զարմացրել. այդ աշխատասենյակներում բոլորովին ուրիշ իրականություն է, որը կապ չունի այն ամենի հետ, ինչ տվյալ պահին տեղի է ունենում դրսում, պատուհանից այնկողմ:

Եղել են դեպքեր, երբ մի քանի ժամ գտնվել եմ նախարարների կամ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակում: Եւ չնայած դրանցում գտնվել եմ հյուրի, այցելուի կարգավիճակում, մեկ ժամ անց արձանագրել եմ, որ լրիվ կորցրել եմ իրականության զգացումը, որ չեմ պատկերացնում, թե ինչ է կատարվում դրսում, ոչ միայն հեռավոր, այլեւ մոտակա տեղերում. հենց կողքի փողոցում: Եւ եղել են դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած զրույցում ինձ համար զարմանալի կերպով կորցրել եմ փաստարկներս, հետո` դուրս գալով, ինքս ինձ վրա զարմացել եմ, թե ինչպես էր, որ ես նրա ասածներին չհակադրեցի այս, այս, այս ակնհայտ փաստերն ու փաստարկները, ինչպես կարող էի ես մոռանալ այդ ակնհայտ փաստերի ու փաստարկների մասին: Բայց նման մտքեր ունեցել եմ միայն կաբինետը լքելուց ու փողոցում հայտնվելուց հետո: Այդ հետո, շատ հետո` անձամբ քաղաքականությամբ զբաղվելուց հետո եմ հասկացել, որ փաստարկները կորցնելուս պատճառը եղել է այն, որ նա` այդ պաշտոնյան, խոսել է ուրիշ իրականության մասին, կաբինետային, իշխանական իրականության մասին, որը ոչ մի աղերս չունի դրսի իրականության հետ: Ու քանի որ ես մի իրականությունից մեկ ուրիշ իրականության մեջ եմ հայտնվել, իմ փաստարկները այդ` կաբինետային իրականության մեջ հօդս են ցնդել, դադարել են գոյություն ունենալ: Չէ՞ որ դրանք ամեն կենդանի բանի նման գոյություն ունեն, եթե հող ունեն իրենց տակ` արմատներ ձգելու համար: Իսկ իշխանական կաբինետներում հող չկա, այնտեղ բոլորովին ուրիշ սուբստանցիաներ են տիրում, որի վրա կարող են աճել ու կառուցվել բոլորովին ուրիշ կառույցներ: Սա հասկացանք: Բայց ծնվում է հաջորդ հարցը. ինչո՞ւ է այդպես: Առաջին պատասխանը, որ գալիս է մտքիդ, հետեւյալն է. Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, որ հայտնվել են այդ կաբինետում, տականք են, ուրիշ աշխարհի ներկայացուցիչներ, դրա համար էլ իրենք ստեղծել են իրենց հարմար իրականություն: Այս փաստարկը շատ երկար ժամանակ խիստ հիմնավոր է թվում, ու թվում է, որ եթե Պողոսի փոխարեն Մարտիրոսը կամ, ասենք, անձամբ դու հայտնվես այդ կաբինետում, դու կքանդես այդ իրականությունը, որովհետեւ դու այնպիսին չես, ինչպես նրանք: Այս փաստարկը շատ կենսունակ է, մանավանդ երբ որոշ պաշտոնյաների, որ հանդիպել ես իրենց կաբինետներում, մեկ էլ հանդիպում ես այլ պայմաններում` պաշտոնանկ եղած վիճակում, ու տեսնում ես, որ նա իրոք ինչպես եղել, այնպես էլ մնացել է տականք: Բայց լինում են դեպքեր, եւ այդ դեպքերն էլ քիչ չեն, երբ կաբինետում, պաշտոնյա եղած ժամանակ քո ճանաչած մարդու հետ պաշտոնանկությունից հետո շփվելիս հասկանում ես, որ նա վատը չէ, նա համարյա քեզ նման է կամ քեզնից ավելի լավը, շատ ավելի լավը: Բայց դա հասկանում ես միայն այդ մարդու պաշտոնանկությունից հետո: Հասկանում ես, որ իշխանություն ունենալուց առաջ էլ նա նույնքան լավն է եղել, բայց ահա պաշտոնավարման ընթացքը խոց է նրա ողջ կյանքին ու մարդկային կերպարին: Ահա այստեղ գլխի ես ընկնում, որ պրոբլեմը շատ ավելի լուրջ է, քան լավ ու վատ մարդու պրիմիտիվ ընկալումը, որ պրոբլեմը համակարգային է: Հասկանում ես, որ ինքդ էլ, տվյալ կաբինետում հայտնվելով, կարող ես դառնալ նույնպիսին. համենայնդեպս, երաշխավորված չես դրանից: Հասկանում ես, որ լավ մարդկանցից կազմված իշխանության մասին երազը մի կատարյալ հիմարություն է: Հասկանում ես, որ լավ ու վատ, ազնիվ ու անազնիվ հասկացությունները հարաբերական են: Բայց ինչ. ուրեմն համակերպվե՞լ այս վիճակի հետ: Երբեք. համակերպվելը հանցագործություն է:

Ի՞նչ լուծում ենք առաջարկում, ուրեմն: Այս մտածումների մեջ ես ինքս հայտնվեցի փակուղում: Բայց էլի եմ ասում` այդ փակուղին զգալու համար պետք էր, որ անձամբ զբաղվեի քաղաքականությամբ, մի գործ, որի նախասահմանված իմաստը իշխանության ձգտելն է: Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ դու պետք է հայտնվես կոնկրետ իրավիճակում, զգաս իրավիճակը` այն ամբողջության մեջ հասկանալու, սեփական մաշկի վրա զգալու համար: Կրկնեմ, ուրեմն, այս համատեքստում հասկացա, որ ինքս ապահովագրված չեմ իմ կողմից ատելի պաշտոնյայի վիճակում հայտնվելու, նրա նմանը դառնալու վտանգից: Կամ, ենթադրենք, ես ինքս կամ դու ինքդ կամ նա ինքը երաշխավորված է ու հաստատ չի դառնա այդպիսին: Բայց իշխանությունը մի հոգի չէ, իշխանությունը հազարավոր մարդիկ են, եւ եթե կարելի է համոզված պնդել, որ ահա դու, նա, ես չենք դառնա այդպիսին, ոչ ոք չի կարող երաշխավորել հազարների համար, ոչ ոք: Եւ ուրեմն, ի՞նչ անել, ինչպե՞ս լուծել այս թնջուկը: Լուծումը կարծես ակնհայտ է. անհրաժեշտ է քանդել իշխանական կաբինետները իրականությունից բաժանող պարիսպները: Բայց ինչպե՞ս եւ ո՞վ պետք է անի այդ գործը:

Իշխանությո՞ւնը: Թեկուզ օրինական, թեկուզ ազատ եւ արդար ընտրություններով ձեւավորված իշխանությունը միայն մի բան է ուզում. հանգիստ աշխատել: Եւ ահա, այս հանգիստ աշխատելու մղումից էլ սկսվում է ամեն ինչ: Ով չի թողնում, որ դու հանգիստ աշխատես, նա դառնում է թշնամի…

2007 թվականի խորհրդարանական ընտրություններում, որին մենք մասնակցում էինք «Իմպիչմենտ» դաշինքով, ահա այս հարցերը ահագնանում էին մեր մեջ: Եւ այդ շրջանի գործունեության ամենակարեւոր արդյունքը այն էր, որ մենք գոնե մեզ համար գտանք վերը նշված հարցերի եւ պրոբլեմների պատասխանը եւ այդ պատասխանը ներկայացրինք հանրությանը: Եւ այդ իմաստով ինձ համար ամենակարեւորը Վանաձոր քաղաքում ունեցած մի ելույթ է, որտեղ ես մի քանի շատ տարօրինակ հայտարարություն արեցի, ավելի ճիշտ` այդ տարօրինակ հայտարարությամբ ավարտեցի ելույթս, որի տարբեր կետեր մինչ այդ արդեն հնչեցրել էի:

March 1, 2008, Yerevan, ArmeniaԽոսքը վերաբերում էր հանրության եւ իշխանության հարաբերություններին: Իսկ ասածս մոտավորապես հետեւյալն էր. քաղաքապետը լկտիացե՞լ է` մենք ենք մեղավոր, որ լկտիացել է, նախարարը լկտիացե՞լ է` մենք ենք մեղավոր, որ լկտիացել է, մենք թույլ ենք տվել, որ լկտիացել է: Հետո արդեն եկավ տարօրինակ հայտարարությունը, որը բառացի չեմ հիշում եւ կներկայացնեմ ընդհանուր գծերով, բայց ուղղակի խոսքի տեսքով. «Արդյո՞ք մենք հավակնում ենք իշխանության: Այս պայմաններում, երբ հանրությունը պաշտոնյաներին թույլ է տալիս անարգել լկտիանալ, մենք չենք ուզում հավակնել իշխանության, որովհետեւ չենք ուզում դառնալ այս իշխանությունների նման: Այս պայմաններում ես չեմ հավակնի իշխանության, որովհետեւ չեմ ուզում դառնալ Սերժ Սարգսյան: Հայտնվելով իշխանության` ես, իհարկե, ամեն ինչ կանեմ, որ չդառնամ այդպիսին: Բայց ուզում եմ երաշխիք ունենալ, որ եթե անգամ ինքս փորձեմ դառնալ այդպիսին, հանրությունը թույլ չի տա, որ ես դառնամ Սերժ Սարգսյան: Մարդը մեղսագործ է, եւ խնդրում եմ` երբեւէ ինձ թույլ չտաք դառնալ Սերժ Սարգսյան, մեզ թույլ չտաք դառնալ այնպիսին, ինչպիսին են այսօրվա իշխանավորները»: Ահա սա է այդ տարօրինակ հայտարարությունը, եւ ես հավատում եմ նրան, հավատում եմ միայն այդ բանաձեւին: Որովհետեւ չի կարելի իշխանության հանցավոր լինելը բացատրել նրանով, որ նրանք վատն են, որովհետեւ հենց այսօր իշխանության մեջ կան բազմաթիվ լավ մարդիկ: Կամ ընդհանրապես, ի՞նչ ասել է լավ եւ վատ: Ուրիշների տեսանկյունից ես նույնքան վատն եմ, ինչքան ուրիշները իմ տեսանկյունից, այնպես որ` միայն անձնական ինչ-ինչ հատկություններ վերլուծելը եւ միայն դրանցով գլոբալ պրոցեսները բացատրելը բավարար չէ:

Հիմա, ի՞նչ կապ ունի այս ամենը նախագահական ընտրություններին նախորդած ու հաջորդած գործընթացների հետ: Իսկ կապը ուղղակի է, որովհետեւ Հայաստանի ընթացիկ քաղաքական խնդիրը ոչ միայն իշխանության, այլեւ հասարակության փոփոխության մեջ է:

Մեզ հարկավոր է ոչ միայն նոր իշխանություն, այլեւ նոր հանրություն, որը ոչ թե հավատում է իր ձայնով եւ աջակցությամբ իշխանության եկած անձանց (ի դեպ, ժողովրդի քվեով, աջակցությամբ իշխանության գալը պարտադիր եւ անառարկելի պայման է նորմալ իշխանություն ունենալու համար, ու այս հարցի քննարկումը նույնիսկ ավելորդ է), այլեւ ինքը` հանրությունը, գիտակցում է, որ պատասխանատու է այդ իշխանության վարքի համար եւ պետք է դառնա երաշխավորը, որ այդ նույն իշխանությունը կլինի այնպիսին, ինչպիսին նախատեսված է երկրի Սահմանադրությամբ: Մեզ պետք է այնպիսի հանրություն, որ գիտակցում է, որ անհրաժեշտ պահին պետք է դուրս գա եւ իշխանության վզակոթին տալով քշի նրան իր կաբինետներից: Հիմա դուք կասեք, որ ահա` փետրվարի 26-ը կամ մարտի 1-ը հենց դրա պահն էր: Այստեղ է, որ ես համաձայն չեմ, որովհետեւ այդ եւ հետագա օրերին մարդկանց մղում էր ամեն ինչ արագ ավարտելու եւ տուն գնալու ձգտումը: Այո, հանրությունը պատրաստ էր Քոչարյանի իշխանությանը քշելու, իսկ արդյոք ամսի 26-ից հետո այդ նույն հանրությունը պատրա՞ստ էր մեր վզակոթին տալով մեզ քշել իշխանությունից, թե՞ հնարավոր հիասթափության դեպքում պիտի ասեր` ով էլ գա, նույնն է լինելու, եւ էլի ընկնելու էր խորը դեպրեսիայի մեջ: Այո, ով էլ գա, նույնն է լինելու, այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը չի հասկացել, որ, մեծ հաշվով, ինքն է կանխորոշում իշխանության վարքն ու գործելակերպը: Եւ ի դեպ, եթե հանրության մեջ այս գիտակցությունն արմատացած լինի, ոչ մեկի վզակոթին տալու կարիք չի լինի, եւ իշխանությունը իրեն կպահի այնպես, ինչպես անհրաժեշտ է: Եթե հանրությունը ըստ արժանվույն արձագանքեր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Պողոս Պողոսյանի սպանությանը, կոռուպցիայի ու չարաշահումների ակնհայտ դեպքերին (ի դեպ, ովքեր ուզում են, կարող են այս շարքին ավելացնել նաեւ 1995, 96 թվականի իրադարձություններ. նաեւ ուրիշ իրադարձություններ` յուրաքանչյուրն իր մտածածով), մենք չէինք ունենա այն, ինչ այսօր ունենք, եւ բոլորիս աչքի առաջ իշխանական կաբինետներում չէր կառուցվի մի զուգահեռ աշխարհ ու իրականություն: Բայց հանրությունը ոչ մի դեպքում համարժեք արձագանք չտվեց, որովհետեւ ինքը` հանրությունը, չգիտեր, լավ չէր պատկերացնում, որ դա իր սրբազան, կենսական պարտականությունն է, պարտականություն, որը պետք է լինի ամենօրյա, ամենօրյա եւ կապված չլինի տվյալ պահի ոգեւորության, բռնկման, մի լավ ելույթի կամ վատ ելույթի հետ: Ըստ էության, այդ պարտականության իրագործումը կայացած հասարակության մեջ ոչ թե գործողություն է, այլ կեցվածք, բնավորություն:

Այդ իմաստով, ինձ համար շատ ավելի արժեքավոր է այն պրոցեսը, որ տեղի է ունեցել մարտի 1-ից հետո: Փետրվարի տասը օրերին կարեւոր էր լինել Ազատության հրապարակում: Այդ տասը օրերը, ըստ էության, կարող էին բավարար լինել` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու համար, բայց չէին կարող բավարար լինել` իմ, քո, մյուսի քաղաքացի դառնալու համար. դա անհրաժեշտ էր, բայց ոչ բավարար: Մովսեսը 40 տարի իր ժողովրդին տարավ անապատով եւ դարձրեց ժողովուրդ…

Քավ լիցի, տպավորություն չստեղծվի, թե փետրվարին ընդդիմության ղեկավարությունը որոշել էր ժողովրդին տանել հյուծիչ պայքարի: Նման բան հասկանալիորեն չի եղել: Բայց Մովսեսն ինքն էլ նման որոշում չէր կայացրել, եւ նրա փոխարեն այդպես որոշեց Աստված: 40 տարի Մովսեսի ժողովուրդը քավության ճանապարհ անցավ, եւ նրա հետ քավության ճանապարհ անցան նաեւ առաջնորդները նույն այդ ժողովրդի: Այդ ճանապարհին շատերն ուրացան, իսկ Մովսեսն ինքը ոտք անգամ չդրեց Ավետյաց երկիր, բայց նա համարվում է իր ժողովրդի ամենամեծ մարգարեն: Այսօր, այո, մենք էլ` բոլորս առանց բացառության, քավության ճանապարհ ենք անցնում, եւ Աստված մեզ ուժ տա անցնել այդ ճանապարհը: Խնդիրը ամենեւին էլ մեր մեջ չէ, մեր անձնական քավության մեջ չէ. պարզապես մեր Ավետյաց երկիրը գտնվում է այդ ճանապարհի վերջում, ու եթե մենք չանցնենք այս ճանապարհը, ոչ թե մեր անձը կկորցնենք, այլ Ավետյաց երկիր հասնելու հնարավորությունը:

Ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.