> ԵԼՈՒՅԹՆԵՐ > 1+. ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

1+. ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

«1+»-ը հիմա արդեն Հայաստանում բավականին հայտնի բանաձեւ է: Ոմանք այն համարում են ուղղակի հաջողված տեխնոլոգիական հնարք, ոմանք դրան վերաբերվում են որպես հեշտ հիշվող ձեւակերպման:
«1+»-ի իմ ընկալումը, սակայն, ամենեւին չի տեղավորվում վերը նկարագրված շրջանակում, եւ այն ինձ համար շատ ավելի կարեւոր եւ շատ ավելի ընդգրկուն իմաստներ է պարունակում: Կարելի է ասել, որ «1+»-ը քաղաքացիական պայքարի խորհրդանիշ է: Բայց շատ հաճախ քաղաքացիական պայքարի սուբյեկտ համարվում են հասարակական կազմակերպությունները եւ նրանց գործունեությունը:

«1+»-ի սուբյեկտը, սակայն, կազմակերպությունները չեն` լինեն դրանք հասարակական, թե քաղաքական: «1+»-ի սուբյեկտ է համարվում քաղաքացին, միայն ու միայն անհատ քաղաքացին, առանձին վերցրած քաղաքացին: Այստեղից էլ բխում են վերը նշված բանաձեւը բացահայտող ձեւակերպումները, կարգախոսները. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես»:

Ոմանք այս ձեւակերպման տակ այլաբանական իմաստ են փորձում փնտրել, փորձում են այն հասկանալ այլաբանական իմաստով: Բայց տվյալ դեպքում ոչ մի այլաբանություն չկա, եւ ասվածը պետք է հասկանալ բառիս ամենաուղղակի իմաստով:

Խնդիրն այն է, որ այսօր մեզնից յուրաքանչյուրը կարող է ճշգրիտ վերլուծել, կանխատեսել Հայաստանի ապագան, եթե ինքն իրեն ճշգրիտ եւ ամբողջովին վերլուծելու փորձ անի: Ոչ թե ուրիշների, այլ ինքն իր համար:

Եւ մեզնից յուրաքանչյուրի օբյեկտիվ ինքնավերլուծությունը հասկանալի կդարձնի, որ այսօրվա Հայաստանի մոդելը, մանրակերտը գտնվում է մեզնից յուրաքանչյուրի ներսում: Այդ մանրակերտի գաղափարական հենքը այն կանխավարկածն է, երբ մենք հանրային, պետական որեւէ խնդրի լուծում փնտրում ենք մեզնից դուրս, այդ խնդիրների լուծումը փորձում ենք տեղավորել ուրիշների անելիքի օրակարգում: Տվյալ դեպքում էական չէ, թե ով է այդ ուրիշը. դա կարող է լինել պետությունը, դա կարող է լինել իշխանությունը, ընդդիմությունը, նրա լիդերները:

«1+»-ը մերժում է այս մոտեցումը, եւ յուրաքանչյուր անհատի կոչ է անում իրեն հուզող ցանկացած հարց դիտել իր անելիքի օրակարգում: «Իսկ ինչ կարող եմ ես անել». չակերտների մեջ բերված այս հարցը մեր շատ համաքաղաքացիների, համախոհների կողմից հնչում է որպես հռետորական, այսինքն` պատասխան չենթադրող, այսինքն` որպես ապացույց այն բանի, որ անհատը, մեկ անձը որեւէ բան անել չի կարող: «1+»-ը այս հարցը մաքրում, ազատում է հռետորականությունից եւ այն դարձնում գործնական, բացառապես գործնական շեշտադրում, ինչը ենթադրում է, որ նրան պարտադիր կերպով պետք է հնչի պատասխան` պայմանով, որ այդ պատասխանը չի կարող լինել. «Ես ոչինչ անել չեմ կարող»-ը: «1+»-ը ենթադրում է, որ այդ հարցը մեզնից յուրաքանչյուրը պետք է հնչեցնի ոչ թե ոչինչ չանելը հիմնավորելու, այլ իսկապես որեւէ բան անելու, այդ անելիքը գտնելու եւ այդ անելիքը իրագործելու համար:

Այսօր Հայաստանում հաստատված է հանցագործ համակարգ, հանցագործ իշխանություն` կրիմինալ բեսպրեդելի գաղափարախոսությամբ, եւ եթե որեւէ մեկը համաձայն չէ դրա հետ, անպայման կգտնի իր անհամաձայնությունը բարձրաձայն արտահայտելու ձեւը: Եթե որեւէ մեկը համաձայն չէ երկրում քաղբանտարկյալների առկայության հետ,  նա կգտնի իր պայքարի ձեւը`  առանց իր գործողությունները ուրիշների արածներով եւ ուրիշների չարածներով պայմանավորելու:

Եթե որեւէ մեկը չի ուզում, որ Հայաստանը լինի այնպիսին, ինչպիսին կա, եթե ուզում է, որ այն ազատ լինի եւ երջանիկ` կպայքարի, կպայքարի առանց դադարի` պայքարի առաջամարտիկ, հետեւորդ համարելով ինքն իրեն, բացառապես ինքն իրեն: Ինքը կգտնի իր պայքարի մեթոդը, եւ այդ պայքարը կմղի, ասենք, դատախազության առաջ` մի պաստառ բռնած, թեկուզ մեն-մենակ կանգնելով, երգ ու բանաստեղծություն գրելով, մարդկանց համար անմատչելի տեղեկությունները նրանց հասցնելով, ինչ-որ մի թռուցիկ գրելով եւ ինչ-որ տեղ այն փակցնելով, ինքն իր մեջ պայքարի նորանոր ռեսուրսներ փնտրելով, ինքն իր մեջ պայքարի ոգի ու հաստատակամություն դաստիարակելով:

Չհամակերպվել, չհամակերպվել, չհամակերպվել: Չտրվել ձեռքերը լվանալու պիղատոսյան գործելակերպին, որովհետեւ դա ավելի մեծ, շատ ավելի մեծ հանցանք է, քան մոլորության կամ ապատեղեկացվածության ազդեցության տակ լինելը:

Պայքարել, պայքարել, պայքարել` չմտածելով հաղթանակի կամ պարտության մասին: Որովհետեւ պայքարը ոչ թե հաղթանակի մեջ է, այլ հաղթանակն է պայքարի մեջ: Չի կարող լինել հաղթանակ` առանց պայքարի, բայց պայքարը բացարձակապես կախվածության մեջ չէ հաղթանակից: Հաղթանակից հետո էլ անհրաժեշտ է լինելու պայքարել, եւ գուցե թե այդ պայքարը շատ ավելի դժվար է լինելու եւ շատ ավելի ծանր:

Սիրելի ժողովուրդ, Հայ ազգային կոնգրեսի սիրելի անդամներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ:

Այսօր ես ձեզ եմ դիմում «1+»-ի կոչով: Ես ձեզ կոչ եմ անում չընկրկել, չերկմտել` պայքարի, ընդվզման, անհամաձայնության արտահայտման նորանոր ձեւեր գտնել, լինել ավելի նախաձեռնող` սեփական միջավայրում, բնակության վայրում, շփումների մեջ` ամենուր: Ես կոչ եմ անում լինել ավելի նախաձեռնող Հայ ազգային կոնգրեսի աշխատանքներում, փնտրել եւ գտնել նորանոր համախոհներ, եւ գումարվել, գումարվել, անընդհատ գումարվել: Կոնգրեսը հարստացնել նորանոր իդեաներով, հանդես գալ քաղաքացիական ակցիաների, միջոցառումների նախաձեռնություններով:
Մարդկանց պատմել, բացատրել, հավատ ու վստահություն ներշնչել, որ չի լինելու Հայաստանը այսպիսին, չի մնալու Հայաստանը այսպիսին, որովհետեւ մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը անմռունչ կրելու է «1+»-ի իր խաչը եւ սեփական ձեռքերով է կերտելու իր երազանքների հայրենիքը: Հրավիրեք մարդկանց գումարվել, բացատրեք մարդկանց, բոլորին, որ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդու դերում մեզնից յուրաքանչյուրն է:

Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է զանգվածային հրապարակային միջոցառումների դադար. բայց հանրահավաքների դադարը չի նշանակում ամենեւին պայքարի դադար: Իսկ պայքարը անընդհատ դրսեւորվելու, ինքը իրեն ցուցադրելու, մարդկանց, հանրությանը բոլորին տեսանելի լինելու կարիք է զգում: Եւ ուրեմն, մենք պետք է ցուցադրենք մեր պայքարը, մենք պետք է ցուցադրենք մեր կամքը, մենք պետք է ցուցադրենք մեր հաստատակամությունը` առնվազն «1+»-ի մակարդակում, այն մակարդակում, որտեղ մեզնից յուրաքանչյուրը ինքը, միայն ինքն է կրում սեփական պահվածքի, սեփական դիրքորոշման, սեփական աչքերի արտահայտության պատասխանատվությունը:

Մեր շարժումը անկասելի, մեր հաղթանակը անխուսափելի է, ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ, մինչեւ Հայաստանի ազատագրումը սերժիկառոբիկական հանցավոր համակարգից, մինչեւ Հայաստանում քաղաքացու, միայն քաղաքացու, բացառապես քաղաքացու իշխանության հաստատումը: Պայքար, պայքար ամենուր` բանտում, ընդհատակում, աշխատավայրում, երթուղային տաքսիում, փողոցներում, օրը ցերեկով, մթության քողի տակ, դատարանների դահլիճներում, դատարանների մոտակայքում:

Հանցավոր իշխանության յուրաքանչյուր հանցավոր ներկայացուցիչ իր թիկունքին, իր շրջապատում, իր երազում անգամ պետք է զգա մեր շունչը, մեր վճռականության, մեր հաղթանակի, մեր անկասելի պայքարի ու մեր երազած Հայաստանի շունչը:

Այսօր, մեզնից յուրաքանչյուրը կանխորոշում է այն, թե ինչպիսին է լինելու Հայաստանի վաղվա օրը: Եթե մենք որեւէ բան անում ենք` ընտրություն ենք կատարում, եթե մենք որեւէ բան չենք անում` էլի ընտրություն ենք կատարում: Այսօր մեզնից յուրաքանչյուրը կարող է ճշգրիտ կանխատեսել, թե ինչպիսին է լինելու վաղվա Հայաստանը, եւ դրա համար հարկավոր է, որ մեզնից յուրաքանչյուրը նայի ինքն իր աչքերի մեջ: Եթե որեւէ մեկը տխուր է տեսնում Հայաստանի վաղվա օրը, եթե որեւէ մեկը չի ուզում, որ վաղվա Հայաստանը այսօրվա Հայաստանի կրկնությունը լինի, ուրեմն նա նախ պետք է փոխի սեփական աչքերի արտահայտությունը:

Մեր աչքերի մեջ է այսօր կառուցվում վաղվա Հայաստանը. ազատություն պետք է լինի մեր աչքերում, հպարտություն պետք է լինի մեր աչքերում, վճռականություն պետք է լինի մեր աչքերում, հաղթանակ պետք է լինի մեր աչքերում: Ազատ եւ երջանիկ Հայաստան պետք է լինի մեր աչքերում: Եւ հավատ, հավատ, հավատ: Եւ եթե մեր աչքերը չեն արտահայտում այդ ամենը, եթե մենք ինքներս չենք արտահայտում այդ ամենը, ուրեմն մենք նախեւառաջ պիտի պայքարենք մեր դեմ, պիտի պայքարենք մեր աչքերի արտահայտության դեմ, եւ ավազակապետության նկատմամբ մեր հաղթարշավը սկսենք ինքներս մեր նկատմամբ տարած հաղթանակից:

«1+»-ը առաջին հերթին ինքդ քո նկատմամբ տարած հաղթանակի բանաձեւն է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
1+

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.