> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Սերգեյից

Նիկոլ ջան դու գիտես թե ինչքան է ժողովուրդը քեզ սիրում և հարգում: Իմ հարցը հետեւյալն է, խնդրում եմ որքան հնարավոր է անկեղծ պատասխանիր. մի՞թե քո կարծիքով ճիշտ էր հանրահավաքային այս դադարը, ճիշտ է դու մի քանի անգամ բացատրել ես, բայց նայենք դրա մյուս կողմը: Հավատա, ժողովրդի մեծ մասը շատ մեծ հիասթափություն է ապրել, մի՞թե դու կարծում ես, որ երբ հայտարարվի հանրահավաքների նոր սկիզբ ժողովուրդը նորից կմիախմբվի, ինչպես որ եղավ փետրվարյան հանրահավաքններին, այդ սուրբ օրերին, երբ որ ոչ ոք չէր կասկածում, որ հաղթելու է, երբ որ բոլորը հավատքով կանգնած էին, երբ բոլորը վճռական էին…
Հավատա իմ բոլոր հարազատները իմ ընկերները, որոնք շատ հզոր տղերք են, իմ ծանոթները այլեւս չեն պատրաստվում մասնակցել որևէ հանրահավաքի: Մարտի մեկից հետո երբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, անձամբ ես շատ հիասթափվեցի և որոշեցի այլևս չմասնակցել, բայց ես գնում էի նրա համար որ այս ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐԸ պատասխան տան այդ 10 զոհերի համար: Բայց այլևս ոչ մի հույս չունեմ :

Խնդրում եմ Նիկոլ ջան պատասխանիր որքան հնարավոր է անկեղծ:
Հարգանքով
Սերգեյ

Պատասխան - Հարգելի Սերգեյ. հանրահավաքային դադարի վերաբերյալ ես իմ դիրքորոշումները արտահայտել եմ մի քանի հոդվածներով: Վերջինը` «Տեր-Պետրոսյանի ստրատեգիական տրիմուֆը» հոդվածն է, որ տեղադրված է նաեւ այս էջ կայքում: Այսուհանդերձ, մի քանի հավելյալ մեկնաբանություն անեմ: Ինքս այդ որոշման ջատագովը չեմ եւ չեմ եղել: Բայց ժամանակը հստակ ցույց տվեց, որ դա ոչ միայն ճիշտ որոշում էր, այլեւ ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկված քայլ: Տեսեք, թե ինչ վիճակ էր ստեղծվել հանրահավաքային դադար հայտարարելու նախօրեին: Արտաքին ուժերը եւ սերժանտական իշխանությունները իրար հետ խաղ էին սկսել: Թե դրսի ուժերը, թե սերժանտական իշխանությունը մտադիր էին իրար դեմ օգտագործել մեր հանրահավաքային շարժման խաղաքարտը: Մեզ համար դրա արդյունքը լինելու էր այն, որ դառնալու էինք բուֆեր այդ երկու մարմինների բախման արանքում, եւ այդ երկու մարմինները մեզ օգտագործելու էին իրենց ուղղված հարվածները թուլացնելու համար: Այսինքն` թե այն կողմի, թե այս կողմի հարվածները մենք էինք ուտելու` կոպիտ ասած: Կներեք, ես կայքի առանձնահատկությունը հաշվի առնելով ինձ թույլ եմ տալիս զրույցի ոճով խոսել, ոչինչ չէ՞: Ահա, ուրեմն, Տեր-Պետրոսյանը մեզ բոլորիս հանեց այս երկու ուժերի բախման կիզակետից, ու հիմա նրանք իրենց գլուխները իրար են զարկում: Թող զարկեն: Եւ եկեք խոստովանենք, որ Հայ ազգային կոնգրեսը այս դադարի ժամանակաշրջանում հսկայական գործ արեց, գործ, որի արդյունքները արդեն իսկ նկատելի են: Մի բան ասեմ` չզարմանաք. չնայած մենք հեռուստաեթերից զրկված ենք, բայց քարոզչական պայքարում հաղթում ենք շատ մեծ առավելությամբ: Ընդ որում, սեպտեմբերին պարտվում էինք, հոկտեմբերին էլ էինք պարտվում: Եւ այն, ինչ չէր հաջողվել, կամ վատ էր հաջողվել մարտից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հաջողվեց նոյեմբերին եւ նրանից հետո: Իհարկե, սրա համար նախորդ ամիսներին բազա էր ստեղծվել, բայց դե փաստը մնում է փաստ: Սա նաեւ այդ դադարի արդյունքն է: Դուք տեսեք, թե ինչ արդյունք է տալիս ստվերային կառավարության ձեւավորումը. այլընտրանքային ասելիք այսօր միայն Հայ ազգային կոնգրեսը ունի: Ավելի ճիշտ, ասելիք միայն Հայ ազգային կոնգրեսը ունի: Դադարի այդ ժամանակահատվածում շրջանառության մեջ դրվեց Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ելույթի DVD-ն «7-ի գործի» մասին: Եթե չեք դիտել, դիտեք անպայման: Այդ ելույթով Ջհանգիրյանը սերժանտական «իրավապահ համակարգից» ավերակների կույտ է թողել:

Հարգելի Սերգեյ. հիմա անդրադառնամ ձեր այն դիտարկմանը, թե հիասթափված եք, չեք գնա հանրահավաքի եւ այլն: Ճիշտն ասած, այսօրինակ ձեւակերպումները, պնդումները ինձ համար հասկանալի չեն, երբեք հասկանալի չեն եղել: Հարգելի Սերգեյ, թույլ տվեք հարցնել. ումի՞ց եք հիասթափված, ինչի՞ց եք հիասթափված: Ախր հիանալ, կամ հիասթափվել կարող է հանդիսատեսը, դուք ի՞նչ է, ձեզ հանդիսատե՞ս եք համարում: Եթե այո, էլ ինչ ենք քննարկում: Թանկագին Սերգեյ, այս պայքարը Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը չէ, Ստեփան Դեմիրճյանի պայքարը չէ, Մյասնիկ Մալխասյանի կամ Ալեքսանդր Արզումանյանի պայքարը չէ: Սա մեզնից յուրաքանչյուրի պայքարն է: Մեր գերնպատակը այն չէ, որ Տեր-Պետրոսյանը կրկին դառնա նախագահ, մենք պայքարում ենք, որ դառնանք քաղաքացի, որ հայրենիք ստեղծենք մեր երեխաների համար: Ժողովուրդը պայքարում է, որ լինի ժողովուրդ: Ու հիմա դուք ասում եք հիասթափվել եք, այսինքն` հանձնվել ե՞ք, այսինքն, չե՞ք ուզում լինել քաղաքացի: Այսինքն` համակերպվել եք Մկան ճորտի կարգավիճակի՞ն: Այսինքն` ձեր թոռները Մկան ու Դոդի թոռների վասա՞լն են լինելու: Եւ նրանց համար շատ համոզիչ փաստարկ է դառնալու այն, որ իրենց պապիկը հիասթափվել էր, դրա համար էլ էսպես ստացվեց…

Դուք ասում եք հիասթափվե՞լ եք: Հիմա բանտում գտնվող մեր ընկերները կարող են ասել հիասթափվել ենք, ու գնան իրենց տներում նստե՞ն: Սերգեյ, թանկագին բարեկամ, դուք այն ՄՅՈՒՍՆ եք, որի մասին դատախազությունը գրել է 7-ի գործի մեջ, ու ոչ թե պետք է ասեք հիասթափվել եմ, այլ պետք է գնաք Շենգավիթի առաջին ատյանի դատարանի շենքի մոտ կանգնեք ու Սասուն Միքայելյանին ու Հակոբ Հակոբյանին զուգահեռ երգեք «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ` ձեր մայրերը ձեզ ղուրբան…»: Պայքարի մարտիկը երբեք չի հիասթափվում, այլ միայն պայքարում է մինչեւ հաղթանակ, եւ տվյալ պահին հանուն հաղթանակի անում է իրենից կախված ամեն ինչ: «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը 20 տարվա պատմություն ունի, բայց այսօր էլ արդիական է եւ պոպուլյար: Ինչու՞. որովհետեւ այն չի ճանաչում ո՛չ ոգեւորություն, ո՛չ հուսահատություն, ո՛չ հիասթափություն, ո՛չ հիացմունք: Հայրենիք կառուցելը աշխատանք է, որ մեր նախնիները, ցավոք, զլացել են պատշաճ կերպով իրականացնել, որովհետեւ ոգեւորության պահին մտածել են թե հեսա, մեկ-երկու, եւ վերջ: Հետո էլ հիասթափվել են, որովհետեւ պարզվել է, որ պիտի չարչարվեն, զրկանք կրեն, նվաստացվեն, զոհվեն ի վերջո: Ու որոշել են զրկանքն ու նվաստացումը թողնել սերունդների ճակատին, որպես հավերժական խարան: Հիմա ես ասում եմ վերջ` հայի այս տեսակը մեր մեջ գոյություն չունի այլեւս, այլ գոյություն ունի հայի նոր տեսակ, որ իր սկսած գործը մինչեւ վերջ տանելու է, անհրաժեշտության դեպքում` «չերեզ նեմագու»: Ու հիմա մեզնից յուրաքանչյուրը ընտրության առաջ է, ինքը հայի ո՞ր տեսակից է`հի՞ն, որ միայն անցյալ ունի, թե՞ նոր, որ անցյալի հետ ունի նաեւ ապագա, սեփական ձեռքերով է ստեղծում այդ ապագան:

Հույս ունեմ, իմ պատասխանը սուր չեք համարի: Ես ուղղակի, Ձեր հորդորին հավատարիմ, հարցին պատասխանեցի ամենայն անկեղծությամբ: Շնորհավոր Ձեր եւ Ձեր ընտանիքի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մեր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Մենք էլ ենք ապրելու Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.