> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՄԵՆԱԱՆՄԱՏՉԵԼԻ ՍԵՅՖԵՐԻՑ

ԱՄԵՆԱԱՆՄԱՏՉԵԼԻ ՍԵՅՖԵՐԻՑ

2008-02-09_meghrin-poxanakelu-dokumentic-hatvatsՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը վերջին շրջանում ստանում է բազմաթիվ տեղեկություններ, որոնք վկայում են իշխանական բուրգի խարխլման մասին։ Տարբեր մարմինների միջին, հաճախ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ միայն քաջալերական մեսիջներ են գալիս, այլ նաեւ գործնական օժանդակություններ։ Հանրապետության ոստիկանությունից, ԱԱԾ-ից, թաղապետարաններից, նույնիսկ Նախագահի աշխատակազմից ստացվել է բազմազան տեղեկատվություն։ Օրինակ՝ այն մեխանիզմների նկարագրությունը, որով հանցավոր վարչախումբը փորձելու է կեղծել ընտրությունները։ Եւ ոչ միայն դա, այլ նաեւ խորհուրդներ են տրվում, թե ինչպես դրանք կարելի է կանխարգելել։ Երեւանի մեծ մասի եւ մարզերի մի մասի համար արդեն շտաբի ձեռքի տակ կան այն մարդկանց ցուցակները, որոնց միջոցով պետք է կատարվի ընտրակաշառքների բաժանումը։ Ընդ որում՝ տեղեկությունների հաղորդողները նաեւ արձանագրում են, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, շատ-շատերը հրաժարվում են կատարել ընտրակաշառք բաժանողի դերը նույնիսկ այն դեպքում, երբ բաժանելիք փողից նրանց զգալի տոկոս է առաջարկվում` որպես վարձատրություն։ Պատճառն այն է, որ նրանք չեն հավատում Սերժ Սարգսյանի հաղթանակին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում գիտեն, որ կանգնելու են դատական պատասխանատվության առջեւ։ Եւ նրանց մտահոգությունը տեղին է։ Մենք չենք շտապում հրապարակել այդ ցուցակներից որեւէ մեկը, քանի դեռ այդ մարդկանց կողմից տվյալ հանցանքը չի կատարվել։ Տեր-Պետրոսյանի շտաբը ստացել է նաեւ շատ ավելի կարեւոր ու լուրջ փաստաթղթեր, որոնք պահվում են եզակի օրինակներով երկրի բարձրագույն իշխանավորների ամենաանմատչելի սեյֆերում։ Դրանցից մեկի մասին տասը տարի անընդհատ խոսվել է, իսկ վարչախումբը հետեւողականորեն դա ժխտել է։ Խոսքը վերաբերում է Քոչարյանի առաջարկության հիման վրա համանախագահների կազմած կարգավորման այն ծրագրին, որի համաձայն` Մեղրիի շրջանը պետք է զիջվեր Ադրբեջանին՝ Լաչինի փոխարեն։ Դա 1999 թվականի աշնան էր։ Երբ նա դա ներկայացրել էր Անվտանգության խորհրդում, Քոչարյանին կտրուկ ու կոպիտ դեմ էին արտահայտվել Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը՝ դուրս գալով եւ դուռը խփելով նրա երեսին։ Իսկ մի քանի շաբաթ հետո կատարվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Որոշ վերլուծաբաններ այս երկու փաստերի մեջ պատճառահետեւանքային կապ էին տեսնում։ Վարչախումբը ժխտում էր նման փաստաթղթի գոյությունը։ Մեղրին հանձնելու մասին փաստաթուղթն այսօր մեր ձեռքում է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.