ԱՌԱՋ ԷՐ ՊԵՏՔ ՄՏԱԾԵԼ
Արտաշատի դեպքերն իսկապես վկայում են իշխանական խուճապի մասին: Երբ ետին թվով վերլուծում ես կատարվածը, դա ավելի ակնհայտ է դառնում: Ճիշտն ասած, տեղից եկած այն ինֆորմացիան, թե միջադեպի ամենաակտիվ գործող անձը եղել է Մխչյանի Մկան եղբոր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդին, կասկածելի էր թվում: Բայց հիմա, երբ ինֆորմացիան հաստատվել է, կարելի է եզրակացնել, որ ավազակապետական համակարգն այն աստիճանի է թուլացել, որ այլեւս մարդ չունի անգամ պրովոկացիաներ կազմակերպելու համար եւ ստիպված է գործի դնել սեփական ժառանգներին: Եւ ի դեպ, եթե Տեր-Պետրոսյանի թիմակիցները ծայրահեղ զգոն չլինեին, նախօրեին Արտաշատում կարող էին զոհեր լիներ, եւ այդ զոհերը մեծ հավանականությամբ լինելու էին հենց հարձակվողները: Սա չէին կարող չհասկանալ թե՛ Ջոնիկ Աբրահամյանը, թե՛ Մխչյանի Մուկ նրա եղբայրը: Եւ ուրեմն, սրանք պատրաստ են իրենց երեխաներին խուլիգանության ուղարկել, վարի տալ` հանուն «Հայլուրով» ռեպորտաժ սարքելու, հանուն Սերժ Սարգսյանի իշխանության: Սա արդեն աննկարագրելի բարոյական անկում է, սա արդեն մարդկային ուրիշ տեսակ է: Ինչ վերաբերում է այն փաստարկներին, թե Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին վիրավորանքներ են տեղացել. այդ երբվանի՞ց է Մխչյանի Մուկ ձեւակերպումը Հովիկ Աբրահամյանի համար վիրավորանք դարձել: Եթե որեւէ մեկն իր մականունից վիրավորվում է, դրանից առաջ` իր կյանքի ընթացքում, պիտի մտածի այն ձեռք չբերելու մասին: Իսկ երբ ձեռք ես բերել, կույս ձեւանալը ծիծաղելի է:













