> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է

ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է

Այսպիսով, ինչ-որ մարդիկ սպառնացել են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Սպառնալիքի բովանդակությունը, որ փոխանցվել է հեռախոսով, հետեւյալն է. «Եթե միանաս Լեւոնին, քեզ խփելու ենք»,- ասել է անհայտ զանգահարողը Արթուր Բաղդասարյանին: ՕԵԿ նախագահն արդեն հստակ ասել է, որ այս հայտարարությունը կապում է իշխանությունների հետ, եւ կարծում է, որ սպառնացողները եղել են հենց այս ճամբարից: Կարծում ենք, սակայն, որ Սերժ Սարգսյանին ու նրա թիմակիցներին էլ կարելի է հասկանալ. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միավորումը տեղի ունենա, Սերժ Սարգսյանին շատ ավելի վստահ կարելի է համարել թոշակառու: Սակայն տվյալ պահին էականը սա չէ, այլ այն, որ դատախազությունը պարտավոր է բացահայտել այս հանցագործությունը` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Որովհետեւ եթե նախագահի թեկնածուին սպառնում են, դա արդեն բոլորովին ուրիշ բան է նշանակում: Հետաքրքիրն այն է, որ «Հայլուրը» մեծ սիրով լուսաբանում էր, թե ինչպես է Արտաշես Գեղամյանը պնդում, թե իրեն սպառնացել են (մինչդեռ Արամ Զավենի Սարգսյանը Գառնիում ընդամենը ասել էր, որ դհոլը նրա համար է, որ երկու կողմից էլ խփեն), բայց Արթուր Բաղդասարյանի նկատմամբ եղած սպառնալիքի, առավել եւս դրա բովանդակության մասին նախընտրում է լռել: Այսուհանդերձ, ակնհայտ է, որ այս ամենը նպատակ ունի վիժեցնել ընդդիմության դաշտում հնարավոր համախմբման պրոցեսը, քանի որ այս պրոցեսի վիժեցման արդյունքում միայն Սերժ Սարգսյանը կարող է նախագահի պաշտոնին տիրելու թեկուզ չնչին հնարավորություններ ունենալ:

05.02.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.