> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԸՆԴԴԵՄ ԱՆՐԻԻ, ԿԱՄ` ՔՅԱՆԴՐԲԱԶ ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ

ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԸՆԴԴԵՄ ԱՆՐԻԻ, ԿԱՄ` ՔՅԱՆԴՐԲԱԶ ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ

Սերժանտական իշխանությունները պնդում են, որ եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկեն, աղետ չի լինի։ Ի՞նչ են նկատի ունենում նրանք` այս միտքը արտահայտելով։ Այդ մարդիկ իրավիճակը ընկալում են հետեւյալ կերպ. Հայաստանի` ձայնի իրավունքից զրկվելուց հետո իրենք հնարավորություն կունենա՞ն արդյոք «Հարսնաքար» ռեստորանում օրգիաներ կազմակերպել. իհարկե` կունենան։ «Բրաբուսները» եւ սափրագլուխներին իրենց ձեռքից խլելո՞ւ են. իհարկե` չեն խլելու։ Իրենք կարողանալո՞ւ են շարունակել սպանություններ, առեւանգումներ իրականացնել ու անպատիժ մնալ. իհարկե` կարողանալու են։ Քանի պախանը Բաղրամյան 26-ում է, իրանք պրոբլեմ չունեն, իսկ Եվրախորհուրդը, ինչպես ծուռբերանն է ասել, պոլիտբյուրո չէ, այսինքն` պախանին չի կարող գործից հանել։ Սա նշանակում է, որ իրենք վաբշե պրոբլեմ չունեն. չէթա՞նք Ծաղկաձոր, մի հատ կոֆե խմենք, գանք։ ԵԽԽՎ-ի հնարավոր որոշումից հետո իշխանական շեստյորկաներից ոչ ոքի, այդ թվում եւ` նիկոյանների, մացոների, դոլարների, ախքիկների, դհոլ-իդիոտների թուլաբաժինը չի պակասելու։ Ուրեմն` ինչո՞ւմն է պրոբլեմը։ Ուրեմն` պրոբլեմ չկա։ Ահա սա՛ է իշխանության դիրքորոշումը։ Իրականում այս դիրքորոշումը բլեֆ է, իրականում իշխանությունները լավ են հասկանում, թե ինչ վիճակում են իրենք հայտնվել, իրականում շատ կցանկանային կատարել ԵԽԽՎ պահանջները, բայց չեն կարող։ Ս. Սարգսյանի վարած «հմուտ» քաղաքականության արդյունքում հիմա արդեն քաղբանտարկյալների ազատ արձակել-չարձակելու հարցը վերաճել է իր իշխանության լինել-չլինելու հարցին։ Իրականում` ազատ արձակել քաղբանտարկյալներին` կնշանակի ստորագրել իշխանությունից սեփական հեռացման ուղեգրի տակ։ Բայց վիճակի բարդությունը այն է, որ քաղբանտարկյալներին ազատ չարձակելը նույնպես նշանակում է ստորագրել իշխանությունից սեփական հեռացման ուղեգրի տակ, որովհետեւ այն էֆեկտը, որին ուզում էր հասնել Սերժ Սարգսյանը` քաղբանտարկյալներին բանտերում պահելով, ապա նրանց մի մասին ազատ արձակելով, ակնհայտորեն չստացվեց։

Իսկ իշխանության ակնկալած էֆեկտը Հայ ազգային կոնգրեսի պառակտումն էր։ Ոչ միայն այս խնդիրը չլուծվեց, այլեւ Կոնգրեսը ուժեղացավ, ժողովեց ուժերը եւ դարձավ իշխանության ռեալ այլընտրանք։ Ավելին, բոլոր նրանք, ովքեր Կոնգրեսից պոկվելու միտումներ են փորձում ցուցաբերել, հայտնվում են խաղից դուրս վիճակում եւ զրկվում որեւէ քաղաքական հեռանկարից։ Սա աղետ է Սերժ Սարգսյանի համար, եւ հիմա նա մի խնդիր ունի. ցուցադրել հանրությանը, որ ինքը վստահ է իր ուժերին, տիրապետում է իրավիճակին եւ այս կարգի բաներ։ Իրականում, սակայն, սերժանտական իշխանությունը փակուղու մեջ է եւ հիմա ստիպված է մտածել այնպիսի քայլերի մասին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը ավտոմատ կերպով չնշանակի իշխանափոխություն։ Այսինքն` սա այնպես թե այնպես նշանակելու է իշխանափոխություն, նույնը նշանակելու է նաեւ նրանց բանտերում պահելը։ Այս իրավիճակում իշխանության վերնախավը ստիպված է նահանջի քայլեր պատրաստել հնարավոր ֆորս մաժորի համար։ Այդ քայլերից առաջինը, իհարկե, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունն է։ Այս քայլը Սերժ Սարգսյանը ունի որպես պահեստային տարբերակ։ Հովսեփյանի պաշտոնանկությունից հետո «Հայլուրը» հանրությանը կբացատրի, որ նա այնքան էլ պրոֆեսիոնալ չի գտնվել եւ միշտ չի ճիշտ տեղեկատվություն փոխանցել վերեւներին։ Սրան կհետեւի նաեւ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի հրաժարականը։ Եւ այլն, եւ այսպես շարունակ։ Նկատելի է, որ Սերժ Սարգսյանը շատ մոտ է այսօրինակ որոշումներ կայացնելուն, համենայնդեպս` մտածում է այդ մասին։ Նա առայժմ լավ չի պատկերացնում հաջորդ հարցի լուծումը. ինչ անել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո իրավիճակը ամբողջությամբ դուրս չգա իր վերահսկողությունից։ Այս խնդիրը լուծելու համար պիտի հիշի, թերեւս, երկխոսության մասին իր երբեմնի կոչերը։ Բայց դե` հիմա հեշտ չի լինի ընդդիմությանը երկխոսության հրավիրել, սրա համար լուրջ ջանքեր են հարկավոր։ Բայց թողնենք Սերժ Սարգսյանին իր մտքերի հետ եւ վերադառնանք ԵԽ` փորձելու հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ԵԽԽՎ հնարավոր պատժամիջոցները Հայաստանի վրա։ Ուղղակի ազդեցություն, իհարկե, չկա։ Բայց անուղղակի ազդեցությունները ուժեղ կլինեն` անսպասելիության չափ։ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելու էֆեկտը հասկանալու համար պատկերացրեք մի փողոց, որի բոլոր մուտքերի վրա փակցված է «Մուտքը արգելված է» ճանապարհային նշան։ Այդ փողոցի քուչի տղերքը շարունակում են «տիրել» այնտեղ, բայց հիմա արդեն այնտեղ մեքենաներ չեն մտնում, կրպակավարները մտածում են իրենց կրպակները փակելու մասին, իսկ կրպակ ու սրճարան բացելու ցանկություն ունեցողները որոշում են այդ գործը ձեռնարկել ուրիշ փողոցներում։ Ահա այսպիսի փողոցի վիճակում է հայտնվում Հայաստանը, եւ մեր մեջ ասած, եթե քաղբանտարկյալներին ազատ չարձակեն, դա դառնում է անխուսափելի։ Հիմա արդեն ԵԽ-ն իր փաստաթղթերում այնպիսի բաներ է ֆիքսել, որ չի կարող ետ նահանջել դրանից, ինչը նշանակում է, որ եթե ձմեռային նստաշրջանում Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից, դա կանեն գարնանը, գարնանը չանեն` կանեն ամռանը, ամռանը չանեն` կանեն աշնանը։ Ու այս վիճակը կտեւի այնքան, քանի դեռ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել։ Եւ ի դեպ, շատ կարեւոր է հասկանալ, որ այս ամենը ոչ միայն 2008 թվականի, այլեւ վերջին տասը տարվա իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակ է, եւ սա ամփոփ գնահատականն է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի իշխանությունների գործունեությանը։ Գործունեություն, որ Սերժ Սարգսյանը հույս ուներ գունազարդել «ֆուտբոլային դիվանագիտություն» տխմար տերմինով։ Ես զարմանում եմ, որ այս տերմինով ոգեւորվող հայաստանցիները չեն փորձել նկատել մի պարզ իրողություն. եթե այս պահին Հայաստանի հավաքականներում ո՛չ նորմալ ֆուտբոլիստ կա, ո՛չ նորմալ դիվանագետ, ի՞նչ է խոստանում մեզ ֆուտբոլային դիվանագիտությունը։ Պարտություն, միայն պարտություն։ Եւ մեր խնդիրն է` այնպես անել, որ այդ պարտությունը մնա սերժանտական իշխանության, եւ ոչ թե` Հայաստանի Հանրապետության ուսերին։ Մանավանդ որ` պարտվողն ու պարտության մեղավորը հենց այդ իշխանությունն է, որը պարազիտի, տզրուկի նման կպել է Հայաստանից եւ ուզում է ծծել-քամել նրա կենսական բոլոր հյութերը։

Հ.Գ. ԵԽ-ն, այնուամենայնիվ, ուղիներ է փնտրում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականության սկզբունքը պահելու համար։ Ադրբեջանական իշխանությունները սրա համար լավ առիթ տվեցին` իրենց երկրի տարածքում արգելելով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ «BBC» ռադիոկայանների հեռարձակումը։ Կարելի է կարծել, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում այս հարցի կապակցությամբ Ադրբեջանը լավ թուքումուր կուտի, մանավանդ որ` Ադրբեջանի հարցով զեկուցողը այս մասին արդեն ակնարկել է:

15.o1.2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.