ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ
Երբ ուշադիր հետեւում ես վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրարշավին, հասկանում ես, որ դրա իմաստը ոչ թե տվյալ թեկնածուին, այսինքն` Սերժ Սարգսյանին գովազդելն է, այլ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին ճնշելն ու ստորացնելը: Բռնի կերպով մարդկանց հանրահավաքների տանելը ոչ մի բանով չի բարձրացնում Սերժ Սարգսյանի վարկանիշը, այլ ընդհակառակը` կարող է միայն իջեցնել, որովհետեւ բռնության ենթարկված մարդիկ կարող են միայն հայհոյել նրան:
Բայց գործող վարչապետի համար կարեւոր է ոչ թե իր վարկանիշը, այլ այն, որ մարդն իրեն մարդ չզգա, այլ զգա առարկա, ուրիշի սեփականություն: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ միայն այս պարագայում է հնարավոր իր հայտնվելը երկրի նախագահի պաշտոնում: Համենայնդեպս, տասը տարի քոչարյանասարգսյանական զույգը հենց այսպես է մնացել իշխանության եւ այս բանաձեւը փոխելու անհրաժեշտություն չունի: Այս է պատճառը, որ իր հանդիպումների ընթացքում Սերժ Սարգսյանը երբեմն բացահայտ ձեռ է առնում ներկաներին: Մասնավորապես, երեկվա երեւանյան հանդիպումներից մեկի մի մասնակից ուղղակի շշմել էր գործող վարչապետի ցինիզմից: Բանն այն է, որ հանրահավաքների տարված մարդիկ, բնականաբար, ոչ մի կերպ չեն արձագանքում Սերժ Սարգսյանի ասածներին: Այս հարցը լուծվում է ձայնագրված ծափեր եւ վանկարկումներ միացնելով: Այս ամենը պարզ է եւ հասկանալի. բայց զարմանալին այն է, որ ամեն անգամ, երբ ծափերի եւ վանկարկումների ձայնագրությունը վերջանում է, Սերժ Սարգսյանը ներկաներին շնորհակալություն է հայտնում օվացիաների համար: Սա այլ կերպ, քան ներկաներին ձեռ առնել, դժվար է անվանել: Ու քիչ չի` մարդկանց բռնությամբ քշում են հանդիպումների, վերջում մի հատ էլ ձեռ են առնում: Բայց ոչինչ, փետրվարի 19-ին Սերժի հանդիպումների քշվածները իրենց հերթին ձեռ են առնելու իրենց ձեռ առնողներին:
02.02.2008













