> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ

ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ

Քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելը պետության թիվ մեկ պարտավորությունն է։ Պետությունը հենց այսպիսով է իմաստ ստանում սեփական քաղաքացիների համար, երբ նրանք այն դիտում են որպես սեփական անվտանգության եւ բարեկեցության ապահովման ամենահարմար գործիք, ամենահարմար տարբերակ։ Երբեմն փորձ է արվում որոշ հակադրություն դնել պետական այս գործառույթի ազգային եւ քաղաքացիական ընկալումների միջեւ։ Սրա իմաստն այն է, որ օրինակ` Հայաստանի Հանրապետությունը հայ ազգի, հայ ժողովրդի լինելիության գրավականն է, եւ այն պետք է ապահովի հայ ազգի անվտանգությունն ու բարեկեցությունը` ընդհանուր առմամբ։ Եւ այս համատեքստում կարծիք է արտահայտվում, թե էական չէ` որքանով է պետությունը ապահովում առանձին քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը, էականն այն է, որ այն ապահովի ազգի եւ ժողովրդի լինելիությունը` ընդհանուր առմամբ։ Պետական գործառույթի տրոհումը` ազգայինը քաղաքացիականից տարբերակելու եղանակով, ըստ էության արհեստական է եւ նպատակ ունի արդարացնել բռնապետության, ապօրինությունների, օլիգարխիայի, ամենաթողության գոյությունը։ Բայց առավել կարեւոր է այն, որ այս փիլիսոփայությունը ուղղակի կործանարար է պետության եւ ժողովրդի, ազգային պետության համար։ Ի վերջո, պետության ուժեղությունը կախված է մի պարզ գործոնից. որքանով է որեւէ երկրի քաղաքացի երկրում հաստատված կարգը համարում իրենը, որքանով է այդ կարգը հարազատ ու ձեռնտու համարում իր համար։ Պետականության ազգային եւ քաղաքացիական ընկալման տարբերակումը, մեծ հաշվով, նորություն չէ հայ ժողովրդի համար։ Հետաքրքիր փաստ. օտարերկրյա պատմագիտության մեջ Հայաստանի օկուպացիան եւ պետականության անկումները մի շարք դեպքերում ներկայացվում են որպես ազատագրական` հայ ժողովրդի համար։ Այսինքն` օտարները եկել եւ թեթեւացրել են հայ ժողովրդի հալածանքները, որոնք նա կրել է սեփական իշխաններից։ Ամեն դեպքում` հանրահայտ է, որ օտարամոլությունը միշտ էլ զգալի տեղ է ունեցել հայ ժողովրդի գիտակցության մեջ, եւ շատ հաճախ այն հատել է դավաճանության սահմանագիծը։ Եթե մի պահ վերանանք այս երեւույթի դավաճան-հայրենասեր հարթությունից եւ փորձենք հասկանալ խնդրի հոգեբանական, պատճառահետեւանքային կողմը, պիտի արձանագրենք, որ սրա խորքային դրդիչը այն է, որ Հայաստանը շատ հաճախ, բառիս իսկական իմաստով, հայրենիք չի եղել շարքային մարդու համար, իսկ շարքային մարդն էլ քաղաքացի չի եղել, այլ միայն` հպատակ։

Իսկ հպատակի համար, մեծ հաշվով, էական էլ չէ, թե նա ում հպատակն է, մանավանդ` եթե տեղացի իշխանները այնքան են լկտիացել, որ օտարները դառնում են ավելի սիրելի։ Ու եթե այս երեւույթը ֆեոդալիզմի ժամանակներում ինչ-որ տեղ հասկանալի եւ ընկալելի կարող է լինել, 21-րդ դարում կործանման, անխուսափելի կործանման ճանապարհ է, մանավանդ` գաղթի նկատմամբ գենետիկ հակում ունեցող հայ ժողովրդի պարագայում, մանավանդ` մի դարաշրջանում, երբ սկսում են նույնանալ «ազգություն» եւ «քաղաքացիություն» տերմինները։ Իսկ այս իրավիճակը ենթադրում է, որ Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, որ մագնիսի նման ձգի իր քաղաքացիներին, հայերին` ընդհանրապես։ Հակառակ դեպքում` ոչինչ չի ստացվելու, մենք կորցնելու ենք պետությունը։ Հայաստանի ստրատեգիական խնդիրը առաջիկա 20 տարում բնակչության թվի եռապատկումն է, նպատակ, որ հնարավոր է լուծել միայն զանգվածային ներգաղթի միջոցով։ Բայց այս խնդիրը երբեք չի լուծվի հայրենասիրական ճոռոմաբանության միջոցով, ինչը արդեն եղկելի է դարձել` մաշվածության պատճառով։

Հայրենասիրական ճառաբանությունները Սերժի, Մկի, մկնիկների կատարմամբ հնչում են որպես հիմարաբանություն, որովհետեւ չի կարող հայրենիք ընկալվել այն տարածքը, որտեղ սպանում, նվաստացնում, հարստահարում, հալածում են սեփական քաղաքացիներին։ Եւ Հայաստանը հայրենիք կդառնա միայն այն պարագայում, եթե յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ ինքը մյուսների հետ հավասարաբար պաշտպանված է օրենքով եւ պատասխանատու է օրենքի առաջ։ Սրանից դուրս ցանկացած հայրենասիրական ճառ նույնքան է վստահելի, որքան գնչուի երդումները` մաքուր ձեռքերի մասին։ Այնուամենայնիվ, երբ փորձում ենք ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի քաղաքացիների անհատական անվտանգության արդի համակարգը, շատ հետաքրքիր պատկերի առաջ ենք կանգնում։ Դե յուրե, Հայաստանի անհատ քաղաքացու պաշտպանվածության հարցը պետք է լուծվի նրա, այսինքն` այդ քաղաքացու եւ օրենքի ունեցած հարաբերություններով։ Այսինքն` եթե մարդը օրենք չի խախտել, պետք է պաշտպանված լինի աներկբա, երբ օրենք է խախտել, պետք է պատասխանատվության կանչվի` աներկբա։ Սա` դե յուրե, այսինքն` այսպես նախատեսված է մեր օրենսդրությամբ։ Ասել է թե` պաշտպանված լինելու համար մարդուն հարկավոր է ունենալ միայն մեկ կարգավիճակ` օրինապահ քաղաքացու։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, եւ օրինապահ քաղաքացի բառակապակցությունը հայաստանյան իրականության մեջ փուչ արտահայտություն է, դատարկ տեղ, ոչինչ չնշանակող կարգավիճակ։ Մարդու պաշտպանվածության մակարդակը Հայաստանում որոշվում է ոչ թե ըստ նրա, թե նա ինչ հարաբերությունների մեջ է օրենքի հետ, այլ թե ինչ հարաբերությունների մեջ է իշխանաօլիգարխիկ համակարգի եւ նրա առանձին ներկայացուցիչների հետ։ «Օրինապահ քաղաքացի» արտահայտությունը զրո է, ոչինչ։ Մինչդեռ «Դոդի ախրաննիկ» բառակապակցությունը բոլորովին ուրիշ իմաստ է ստանում։ Սա նշանակում է, որ այդ կարգավիճակը կրող մարդը դուրս է երկրի օրենսդրության հասանելիության գոտուց։ Նույն կերպ` «Նեմեցի մորքուրի տղա», նույն կերպ եւ` «Սաշիկի տղա», «Միշիկի ընգեր», «Աղվանի մասաժիստ», «Մկի մազերի շիթիլ դնող», «Լֆիկի ջահել»։

Այսինքն` վերլուծելով Հայաստանի քաղաքացու անհատական անվտանգության համակարգը, կարող ենք ասել, որ մարդը իրեն պաշտպանված է զգում ոչ թե օրենքի, այլ Սերժիկի, Մկի, Դոդի, Լֆիկի, Միշիկի հետ իր ունեցած հարաբերությունների համատեքստում։ Եթե պրոբլեմ չունես Սերժիկի հետ, պրոբլեմ չունես նաեւ օրենքի հետ։ Եթե պրոբլեմ ունես Սերժիկի հետ, պրոբլեմ ունես օրենքի հետ էլ, կյանքի հետ էլ, հայրենիքի հետ էլ, ազգի հետ էլ։ Սա է իրականությունը, եւ այս իրականությունն է, որ Հայաստան անունը անպատեհ է դարձնում մեր երկրի համար։ Ավելի հարմար է Մկստան տարբերակը, կամ` Միշիկաբադ, Դոդլանդիա… Ընտրեք` յուրաքանչյուրդ ձեր ճաշակով։ Եւ ահա, քաղաքական թիվ մեկ խնդիրը, որ այսօր առկա է երկրում, հետեւյալն է. այնպես անել, որ «օրինապահ քաղաքացի» բառակապակցությունը ոչ միայն ինչ-որ բան նշանակի, այլեւ վեր լինի ամեն ինչից։ Եթե մարդը օրինապահ քաղաքացի է, էական չլինի, թե նա ինչ հարաբերություններ ունի Մկի հետ, եւ Մկի հետ նրա ունեցած հարաբերությունները չխանգարեն օրենքի հետ ունեցած նրա հարաբերություններին` ինչպես իրավունքների, այնպես էլ պարտավորությունների իմաստով։

13.01.2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հունվար 13th, 2009 at 16:01 | #1

    Sireli Nikol,ajs petutyun@ orenq e hnarum ev @ndunum iren hamar, zoxovrdin vonc uzum ajnpes el ogtagorcum en.Mincev 60%-xelq@ mtni, vor trtnjalov harc chi lucvi,menk der erkar kdopenk texum.

  2. Հունվար 14th, 2009 at 14:42 | #2

    Ամբողջությամբ համաձայն լինելով թե’ ասվածին, և թե’ դրանից բխող եզրակացությանը` կուզեի ընդամենը մի հարց պարզել, թե քանի մարդ կա Հայաստանում, որ ցանկանում է պաշտպանված լինել օրենքով: Եվ երկրորդ, քանի մարդ կա Հայաստանում, որ հասկանում և ընդունում է նման պաշտպանության համար պայքարելու և անհրաժեշտության դեպքում Գավրոշի ճակատագրին արժանանալու այլընտրանքը: Կարծում եմ, որ դա Ադիբեկի համար հետաքրքիր ուսումնասիրության նյութ կլինի, եթե իհարկե ցանկություն ունենա պարզելու հարցեր, որ սկզբունքորեն չեն կարող ֆինանսավորվել իշխանությունների կողմից:

  3. HIMA!
    Հունվար 16th, 2009 at 14:21 | #3

    իսկ ինչի հայերն աննորմալ ե՞ն: ինչի ամբողջ աշխարհում մարդիկ ուզում են պաշտպանված լինեն, իսկ հայերը չեն ուզու՞մ: Ինչի որ գնում են ամերիկաներ ու եվրոպաներ, իրանց վա՞տ են զգում..

  4. ՔԱՎՈՐ ՊԵՏՐՈՍ
    Հունվար 23rd, 2009 at 16:32 | #4

    վայ վախեցածներ…վայ ծեր հալին …մեղքեք

  5. Ապրիլ 9th, 2009 at 13:44 | #5

    Hargeli Nikol, yes Dzez shat em sirum..hatkapes ayn sarkazm@, vorov ardaracioren andradarnum eq mer txrahr4ak ishxanavornerin.. Mkstani masin hodvac@ uxxaki spanum e.. mek el haytni filmi Cancari demqi artahaytutyan asocacum@ Sargsyani demqi het…

  1. No trackbacks yet.