ՄԻԱՅՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ
«Օրինաց երկիր» կուսակցության վերջին գործողությունները որոշակի մտածումների տեղիք են տալիս: Երեկ ՕԵԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը չի բացառել, որ իրենք մինչեւ փետրվարի 19-ը կմիանան Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը: ՕԵԿ-ը փետրվարի 3-ին կայանալիք հանրահավաքի թռուցիկում օգտագործել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարգախոսը` «Հաղթելու ենք միասին», եւ այս կապակցությամբ տվել այնպիսի պարզաբանում, որը լրացնում է Հեղինե Բիշարյանի վերը նշված հայտարարությունը: Փորձագետների մի մասն այս պրոցեսը շատ դրական է գնահատում` ասելով, թե սա կարող է դառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման համալրման նոր պրոցեսի սկիզբ: Քիչ չեն, սակայն, նրանք, ովքեր զգուշավորությամբ են վերաբերվում այս ամենին եւ սրա համար գուցե թե հիմքեր ունեն: Երբ մամուլը, ասուլիսային հայտարարությունները քաղաքական ենթադրվող պրոցեսներից առաջ են ընկնում, դա արդեն ինքնին կասկածելի է, եւ այսօրինակ գործընթացները ոչնչով չեն ավարտվում: Եւ հետո, ՕԵԿ-ն առաջիկա կիրակի հանրահավաք ունի, իսկ այսօր ինքնաբուխ հանրահավաքների մասնակցող ամենամեծ լսարանը ապահովում են Տեր-Պետրոսյանի համախոհները: Ուստի, որոշ հոռետես վերլուծաբաններ կարծում են, որ միավորման մասին ՕԵԿ-ից եկող մեսիջները առաջիկա հանրահավաքում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ներկայությունն ապահովելու խնդրի լուծմանն են ուղղված: Ինչ խոսք, վերը նշված վարկածը կարող է եւ սին դուրս գալ, բայց դա կերեւա միայն ժամանակի ընթացքում, իրադարձությունների զարգացմանը զուգընթաց: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր համագործակցությանը կամ երկու թիմերի միավորմանը, այստեղ ամեն ինչ առայժմ սահմանափակվում է ասուլիսային ակնարկներով եւ կարգախոսի փոխառմամբ: Սա գուցե թե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
31.01.2008













