ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՌԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԷ
Ամեն անգամ, երբ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը հայտնվում է համաժողովրդական ընդվզման հանրահավաքների հարթակին, ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու է նա այդպես վարվում: Ի՞նչն է այս հզոր արվեստագետին ստիպում «իջնել» իր բոհեմական բարձրությունից եւ հանդես գալ որպես «շարքային» ընդդիմադիր: Գրելուս առիթն այն է, որ գտել եմ այս հարցի պատասխանը, եւ դա տեղի ունեցավ «Ստաս Նամինի մշակութային կենտրոնի» կողմից նկարահանված «Խորը զգացմունքների մասնագիտություն. Օհան Դուրյան» ֆիլմի դիտումից հետո: Այս մարդու կենսագրությունը մեզ բոլորիս պետք է հասկացնի մի բան. հայրենիքը առանց ազատության հայրենիք չէ: Սփյուռքահայ Դուրյանն իր գործունեության սկզբից ի վեր մղվել է դեպի հայրենիք` Խորհրդային Հայաստան: Եւ ահա, այս վերադարձը նրան, ըստ էության, պետք է զրկեր գլխապտույտ դիրիժորական կարիերայից, որովհետեւ Խորհրդային Հայաստան մուտք գործելը հեշտ էր, իսկ դուրս գալը` դժվար: Մինչ աշխարհի լավագույն նվագախմբերը Դուրյանին հրավիրում էին աշխատանքի, փառքի, վերելքի, նա հնարավորություն չուներ այդ հրավերներն ընդունել, եւ այդ հրավերներն ընդունելու միակ ճանապարհը փախուստն էր: Խնդիրը, իհարկե, կարիերան չէ, այլ այն, որ ի վերջո հայրենիքը իր զավակին պետք է սիրի այնքան, ինչքան զավակն է սիրում հայրենիքը: Այսինքն` հայրենիքը զավակին չպետք է զրկի իր հետ ապրելու հնարավորությունից, պետք է հարգի նրա հոգեւոր, բարոյական, քաղաքացիական պահանջմունքները: Հայրենիքն առանց ազատության հայրենիք չէ, եւ ո՞վ, եթե ոչ Դուրյանը, պետք է զգար, որ ազատության ոչնչացումը որպես արժեք խզում է ստեղծում հայրենիքի եւ նրա քաղաքացու միջեւ, էլ ո՞վ, եթե ոչ Դուրյանը, պետք է պայքարեր հանուն ազատության, որովհետեւ ինքը գիտի, որ բազմաթիվ դուրյաններ մինչեւ իրենց կյանքի վերջը մնալու են ճորտի կարգավիճակում եւ այդպես էլ զրկվելու են հայրենիքի սերը վայելելու հնարավորությունից: Նաեւ ունեմ այն հարցի պատասխանը, թե ինչու բազմաթիվ մտավորական պիտակավորվածներ այդպես էլ չեն հայտնվում Օ. Դուրյանի կողքին: Պատճառը պարզ է` նրանք իրականությունը ընկալում են իրենց մասշտաբի չափով: Սերժին կամ որեւէ պաշտոնյայի բարեւ տալը նրանց համար գագաթնակետ է, օլիգարխներին քծնելն ու հարյուր դոլար մուրալը` գնահատվածության նշան, «Հայլուրի» եթերում երեւալը` երեւակայության գագաթնակետ: Նրանց հարկավոր չէ ազատություն, որովհետեւ այդ ազատությունն ընդամենը բացահայտելու է նրանց պուճուր, ահավոր պուճուր էությունը: Նրանց պետք չէ ազատություն, որովհետեւ թութակի իրենց վանդակը եւ տիրոջ ուսին նստած նրան զվարճացնելն առավելագույնն է, ինչի նրանք ընդունակ են:
29.01.2008














խորին ցավ եմ ապրում հայրենիքիս համար այդ ձեր թվարկած պատճառներով մենք հիմա երկրում չենք… ցավոք… իսկ Օհան Դուրյանի պես մեծանուն մարդու հիշատակի առջև խոնարհվում ենք…